Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը համաճարակային շեմից 2,2 անգամ բարձր է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։ Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 2,2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։ Վերջին 4 շաբաթվա ընթացքում լաբորատոր հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։

Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ․ «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն անվճար են, կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով»,- նշում են գերատեսչությունից:

Մեկնաբանել