2022-ը՝ պոլիկլինիկաների վերազինման տարի․ ի՞նչ ծրագրեր ունի առողջապահության նախարարությունը

Արտակ Ջումայանը

Առողջապահության նախարարությունը ծրագրում է 2022-ը սահմանել որպես Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) զարգացման տարի։ Առողջապահության առաջնային պահպանման զարգացման, պոլիկլինիկաների խնդիրների և առողջապահական համակարգի թվայնացման մասին ՍիվիլՆեթը զրուցեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ։ Ներկայացնում ենք թեմայի շուրջ նախարարի տեղակալի հիմնական մտքերը և ծրագրերը։

Խնդիրները առողջության առաջնային պահպանման օղակում

Առաջնային պահպանման օղակը համարվում է առողջապահության ոլորտում ամենակարևորներից մեկը, քանի որ այստեղից է սկսվում ամեն ինչ։ Ցավոք, տարիներ շարունակ ԱԱՊ-ին որևէ լուրջ ուշադրություն չի դարձվել, և այս պահին ունենք մոտավոր հին խորհրդային մոդել և ինչ-որ փուլային փոփոխություններ, որոնք մինչև վերջ չեն տարվել։ Օրինակ, երբ մի քանի տարի առաջ որոշվեց, որ պետք է զարգանա ընտանեկան բժշկությունը, դա ավելի շատ գործարկվեց մարզային պոլիկլինիկաներում և համարյա չաշխատեց Երևանում, ինչը շատ ցավալի է։ Խնդիրներից մեկը կադրային մասն է։

Մենք ունենք բազմաթիվ խորհրդային պոլիկլինիկաներ, որոնք չեն վերազինվել կամ վերազինվել են մասամբ։ Շենքային պայմանների հետ կապված խնդիրներ ունենք և՛ մարզերում, և՛ Երևանում։

Ծրագրվող քայլերի մասին

Շենքային պայմանների բարելավում, վերանորոգում, սարքավորումների վերազինում։ Սա ֆիզիկական մասն է։ Եվ իհարկե կադրային մասը՝ ընտանեկան բժշկության ներդրում, ծառայությունների ավելացում, չափորոշիչների վերանայում, որպեսզի այն թյուրըմբռնումը բնակչության կողմից, որ պոլիկլինիկան անաշխատունակության թերթիկ կամ դեղատոմս տվող կազմակերպություն է, չլինի, այլ կոնկրետ լինի կանխարգելիչ և մասամբ, իհարկե, նաև բուժող լուրջ բուժհաստատություն։

Մենք շատ լավ հասկանում ենք, որ հիվանդությունների մի ահռելի զանգված ամբուլատոր ծառայությունում բուժվող են, և ճիշտ հետազոտելու, դիագնոստիկայի ավարտից հետո ճիշտ բուժման դեպքում 70-80 տոկոսը հիվանդանոցային բուժման կարիք չի ունենա։ Եվ այս ամբողջը կարելի է կազմակերպել պոլիկլինիկայում։

Մենք ուզում ենք կանխարգելիչ բուժզննումների ծավալը ավելացնել, ինչպես նաև ընդհանուր հետազոտությունների ծավալը, որ պոլիկլինիկա-ուղեգիր-հետազոտություն-պոլիկլինիկա վազքը չլինի, որ պոլիկլինիկայի բժիշկը արդեն որոշի, թե ինքն է բուժելու, տեղամասային թերապևտը, մանկաբույժը, թե նեղ մասնագետը։

Ցավոք, մարզերում ունենք մասնագետների խնդիր՝ քանակի մասով, և ցավոք սրտի պետք է նշենք, որ տարիքային շեմը շատ բարձր է։ Այդ կողմով էլ է աշխատանք տարվում։ Ունեցել ենք բազմակի հանդիպումներ կրթական հաստատություններում։ Վերջերս մարդկային ներուժի ճիշտ կառավարման մեխանիզմներ մշակելու հետ կապված քննարկում ունեցանք։ Ունենք նպատակային օրդինատուրաներ, որոնք անվճար սովորելու, ավարտելու և մարզերում աշխատանքի անցնելու հնարավորություն են տալիս։

Մարդկային ռեսուրսի ճիշտ կառավարումը պիտի լինի մեր կողմից։ Մենք ենք լինելու այն պատվիրատուն, որ կորոշի, թե համալսարանը որ մասնագետից ինչքան կրթի։ Եվ այդ կոնկրետ մասնագետի հետ էլ ուզում ենք աշխատել հետագայում, որ նա էլ գնա կոնկրետ տեղ, որտեղ մենք խնդիր ունենք։

Պոլիկլինիկաներում հերթերի վերացման մասին

Հերթերի մասով ունենք ծրագիր, որն արդեն շատ տեղերում աշխատում է։ Շատ տեղերում ունենք էլեկտրոնային առողջապահության պիլոտային ծրագրեր։ Կան պոլիկլինիկաներ, որ վաղուց են հերթագրումներն այդպես անում, և կան պոլիկլինիկաներ, որտեղ Armed համակարգի միջոցով է հերթագրումը կատարվում։

Թվայնացման ու Armed-ի մասին

Մենք՝ որպես քաղաքականություն մշակող մարմին և Armed ծրագիրը հնարավորություն տվել ենք առաջնային օղակում առնվազն թերապևտի կամ մանկաբույժի մոտ հերթագրում անել։ Կարող եմ բերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի օրինակը։ Այնտեղ մենք էլեկտրոնային հերթագրումներ կատարել ենք 2019-ի մայիսի 3-ից։ Երևանում շատ պոլիկլինիկաներ կան, որ ունեն այդ համակարգը։ Հնարավորությունը տվել ենք, բայց արդեն դա ներքին կառավարման խնդիր է։ Տնօրենը պիտի շահագրգռված լինի բարելավելու իր հաստատությունում հերթերի կառավարումը և այլ ծառայությունները։

Շատ տեղերում ունենք քայլ առ քայլ, իդեալական գրված, թե դա ինչպես պետք է արվի, բայց ցավոք սրտի, ստանում ենք ահազանգեր կուտակումների մասին։ Օրինակ, երբ պոլիկլինիկաներում պատվաստվողների մեծ հոսք կար, մենք Armed-ի միջոցով բացառեցինք թղթային գործողությունները, լիցենզավորեցինք պոլիկլինիկաներին՝ ունենալու պատավստման մի քանի կետեր, բայց շրջայցերի ժամանակ տեսանք, որ մի պոլիկլինիկայում, որտեղ օրական 400-600 պատվաստում է կատարվում, հերթեր չկան, իսկ մյուսում, որտեղ 100-150 պատվաստում էր իրականացվում, կային կուտակումներ։ Այսինքն՝ դրանք նաև ներքին կառավարման հարցեր են։

2022-ին ունենք անաշխատունակության թերթիկի, դեղատոմսերի և հաշմադամության կարգի հետ կապված հարցերը էլեկտրոնային տարբերակով կարգավորելու խնդիր։ Դա կլինի պոլիկլինիկայի շարժի 60-70 տոկոսը։ Պիլոտային ծրագրից հետո կտանք ընդհանուր հրաման, որպեսզի բոլորն անցնեն այդ եղանակին, և զուգահեռ պիտի անցնենք հիվանդությունների պատմությունների թվայնացմանը, որպեսզի դրանք էլ արտացոլվեն Armed համակարգում։ 2022-ի առաջին եռամսյակում սրանք պիլոտային կլինեն, կտեսնենք, թե ինչպես է ընթանում, ինչ հարցեր ու խնդիրներ ունենք։ Չմոռանանք, որ միայն տեխնիկական մասը չէ, կան նաև կադրային հարցեր, որ բժիշկներն ու բուժքույրերը ճիշտ կարողանան օգտվել։

Ի՞նչ է ուզում ստանալ առողջապահության նախարարությունը

Առողջության առաջնային օղակում ամենակարևորը չափորոշիչների վերանայումն է, կադրային ներուժի՝ քանակի և որակի բարձրացումը, հետազոտությունների և բուժումների ծավալի ավելացումը։ Եվ իհարկե այդ ամենը մենք չենք պատկերացնում առանց էլեկտրոնային առողջապահության, և մաքսիմալ ներդրում ենք ունենալու այս մասով։

Զրուցեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել