Հանրապետության 46․ համարակալված քարերը խոստանում են չքանդել

Հովհաննես Նազարեթյան

Դեկտեմբերի սկզբին Ֆիրդուս թաղամասի կառուցապատման գոտում՝ Հանրապետության 46 հասցեում, հուշարձան-շենքի ճակատային քարերը համարակալել են՝ մի բան, որը սովորաբար արվում է շինությունը ապամոնտաժելու և նույն կամ այլ վայրում վերակառուցելու նպատակով։ Մտավախություն կար, որ շենքը քանդվելու է, սակայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) պնդում են, որ այն ընդամենը ամրացվում է։

Հանրապետության 46-ի մասին

Երկհարկանի սև տուֆե շենքը կառուցվել է ցարական շրջանում՝ 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկիզբին, և եղել է բնակելի տուն։ Այն ներառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես տեղական նշանակության հուշարձան։

Հանրապետության 46-ը գտնվում է Ֆիրդուս թաղամասում, որտեղ նախատեսվում է կառուցել նոր՝ 33-րդ թաղամաս։ Կառուցապատող «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն շենքի հատվածում նախատեսում է կառուցել 9-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։ ԿԳՄՍՆ 2021-ի հուլիսին «Հետք»-ին տրամադրել էր հուշարձան-շենքի էսքիզային նախագիծը։ Այն վերականգնելուց հետո ունենալու է հետևյալ տեսքը։

Հանրապետության 46 շենքի վերականգնման էսքիզային նախագիծը

Հանրապետության 46-ի ճակատագիրը

Այս տարվա հուլիսի 12-ին շենքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում էին պահպանել ամբողջ շենքը և հրաժարվել միայն շենքի ֆասադային հատվածը պահպանելու նախագծից։

Այն ժամանակ «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արման Մկրտչյանը ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանն արդեն տրամադրել է ճարտարապետաշինարարականառաջադրանքը, որի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տվյալ տարածքի քանդման աշխատանքները։

Դեկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետարանից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ Հանրապետության 46 հասցեի՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ներառված շենքի քանդման թույլտվություն չի տրվել։

ՍիվիլՆեթը նաև փորձեց հասկանալ, թե ինչ է ի վերջո նախատսված անել հուշարձան-շենքի հետ։ ԿԳՄՍՆ հայտնեց, որ նախարարության հետ համաձայնեցված նախագծի համաձայն՝ իրականացվում են հուշարձան-շենքի վերականգնման աշխատանքներ։

«Շինարարական աշխատանքների ընթացքում ճակատային պատի կայունության ապահովման համար նախատեսված է մետաղական կոնստրուկցիաներով վերջինիս ամրացում։ Հայտնում ենք նաև, որ քարերի համարակալման նպատակը նշված շինարարական աշխատանքների ընթացքում որևէ քարի հնարավոր վնասման պարագայում դրա վերականգնումն ու վերատեղադրումն է»,- ասվում է նախարարության պատասխանի մեջ։

Ո՞վ է կառուցապատողը

33-րդ թաղամասն ունի մի քանի կառուցապատող։ Թաղամասի այն հատվածը, որտեղ գտնվում է Հանրապետության 46 շենքը, կառուցապատելու է «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Այն հիմնադրվել է 2018-ին, ընկերության միանձնյա բաժնետերը Ռուբեն Կարախանյանն է, որը նախկինում ներգրավված է եղել 82,5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես բաժնետեր և տնօրեն։ Կարախանյանը նաև տնօրինում է մի քանի այլ ընկերություններ, այդ թվում՝ «Մոբիլայն» ՍՊԸ, որ հիմնադրվել է 2001-ին և հանդիսանում է «Սվարովսկի» (Swarovski) խանութ-սրահների սեփականատերը։

Կարախանյանին պատկանող «Գաստրո» ՍՊԸ-ն շահագործում է Կոմիտաս 15 հասցեում գործող «Դեգուսթեյշն» (Degustation) ռեստորանը։ Կարախանյանը 1/3 բաժնեմաս ունի «Սաֆարի-առմս» ՍՊԸ-ում, որին է պատկանում որսորդական և ձկնորսական պարագաների համանուն խանութը Բաբայան փողոցում։

Նա նաև հանդիսանում է այս տարվա ապրիլին հիմնադրված «Հայլեվել» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը։ Այս ընկերությունը նախատեսում է Կոմիտաս 29 հասցեում բնակելի շենքի կառուցել։

Այսպիսով, պետական մարմինները հավաստիացնում են, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի համարակալված ճակատային հատվածը չի նախատեսվում քանդել, այլ միայն ամրացնել։

Մեկնաբանել