«Հեղափոխությունից շեղված» քաղաքապետն ու «սաբոտաժ» կազմակերպող ավագանին․ «Շաբաթվա ֆեյքերը»

հայկ մարության - hayk marutyan

Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց այն մասին, որ քաղաքի բյուջեով գնված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը երթուղի է դուրս եկել։ Սրանով իսկ երկար սպասված առաջընթաց նշմարվեց քաղաքի խայտառակ վիճակում գտնվող տրանսպորտային համակարգի բարեփոխումներում։ Շատերը ուրախությամբ ընդունեցին այս տեղեկությունը՝ լայքեցին, սրտիկեցին․․․, բայց քաղաքապետի հայտարարությունից մի քանի ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մի հոդված հրապարակեց, որը թելադրեց անցած շաբաթվա թե՛ տեղեկատվական, թե՛ ապատեղեկատվական օրակարգերը։

Այս հոդվածով իշխանական լրատվամիջոցը տրանսպորտային բարեփոխումների ազդարարմամբ քաղաքացիների հավանությանն առաջացած քաղաքապետին մեղադրում է «հեղափոխությունից շեղվելու» մեջ, ընդ որում, մեղադրանքների հիմքում «շրջանառվող տեղեկություններն» են, կամ այլ կերպ ասած՝ պարզ բամբասանքը, որը որպես աղբյուր հոդվածում փայլատակում է առնվազն երեք անգամ։

Այսպես, «շրջանառվող տեղեկությունների համաձայն»՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով սերտ հարաբերություններ է հաստատել Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, «տեղեկություններ են շրջանառվում» նաև այն մասին, որ Մարությանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հոդվածով հրապարակ նետված հիմնական թեզը հետևյալն է՝ «նախկին իշխանությունները ուզում են Հայկ Մարությանին օգտատործել որպես իրենց համար հարմար թեկնածու Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում»։

Լուրերի մեդիագրագետ սպառողը նախևառաջ հարց կբարձրացնի՝ ի՞նչ ապացույցներ կան, որ «շրջանառվող լուրերը» համապատասխանում են իրականությանը։ Սակայն ցավոք, Հայաստանում առավել հաճախ գործում է խորհրդային հանրահայտ ասացվածքը՝ «գնա ապացուցիր, որ ուղտ չես»։

Ու չնայած օրեր անց քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չի հանդիպել, որևէ կուսակցության հետ էլ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի, ամենազոր «շրջանառվող լուրերի» դեմ նման հայտարարությունը գրեթե անզոր էր։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը արձանագրել է, թե ինչպես է Մարությանի դեմ տեղեկատվական արշավը տարածվել իշխանական լրատվամիջոցներով, ինչպես նաև փաստել՝ Երևանի քաղաքապետի դեմ տեղեկատվական արշավը սկսեց, երբ հայտնի դարձավ, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարությանը հրաժարվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում։

Անցած շաբաթ նոր թափով վերսկսված տեղեկատվական արշավին հաջորդեց լուրը, թե Երևանի ավագանին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

ՍիվիլՆեթը հետևել է այս գործընթացն ուղեկցած տեղեկատվական արշավին և արձանագրել՝ օգտագործելով Armenianews[.]net և Medianews[.]site սունկ կայքերը, իշխանությունները դասական քարոզչական հնարքներ են կիրառում՝ օգտագործելով, օրինակ, խիստ էմոցիոնալ ձևակերպումներ այն մասին, թե Մարությանը «ուրանում է այն թիմին, որն իրեն իշխանության է բերել» և քաղաքապետին ներկայացնելով որպես «բերանը ծռող դերասան»։

Ի դեպ, տեղեկատվական գրոհը միակողմանի չէ, ինչպես կարող է թվալ։ Մասնավորապես, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «դեղին մամուլի բամբասանք» էր անվանել «Հայկական ժամանակի» վերոհիշյալ հոդվածը, իսկ Հայկ Մարությանին աջակցություն հայտնած ավագանու անդամներ Վահե Գևորգյանը և Գրիգոր Երիցյանը առաջ էին քաշել այն թեզը, թե այս տարվա փետրվար ամսին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները փորձել են սաբոտաժ անել 211 ավտոբուսների գնման գործընթացը՝ նախագծի հաստատման նիստին չմասնակցելով։

Հակադարձելով «ավտոբուսների գնման ավագանու նիստի բոյկոտի մասին տեղեկություններին»՝ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը գրառում էր տարածել՝ պնդելով, թե «չնայած այն բանին, որ կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները»։

Գնալով այս հայտարարությունների հետքերով՝ Media.am-ը պարզել է, որ ավագանու այդ նիստին «Իմ քայլը» չի կարողացել ապահովել ավտոբուսներ ձեռք բերելու համար անհրաժեշտ նվազագույն ձայները, և նիստն ու քվեարկությունը կայացել են շնորհիվ ավագանու երկու ԲՀԿ-ական և երկու անկախ անդամների: Այուհանդերձ, հանուն արդարության արձանագրենք, որ որոշումն ընդունվել է հիմնականում իմքայլականների ձայների շնորհիվ։

Այս օրերին թե՛ քաղաքապետի դեմ, թե՛ իշխանությունների դեմ այլ թեմաներ ևս շրջանառվեցին, որոնք ստուգելու կամ թվարկելու համար ուղղակի ժամանակը չի հերիքի։ Ընդ որում, ակնհայտ է, որ այս տեղեկատվական ճակատամարտը շարունակվելու է նաև այս շաբաթ և դեռևս պարզ չէ, թե ի վերջո ո՞վ է շահելու այս ամենից՝ Հայկ Մարությանը, իշխանությունները, թե ընդդիմիությունը, որին ընդամենը մնում է հետևել, թե ինչպես են իմքայլական քաղաքապետն ու իմքայլական ավագանին հրապարակավ սևացնում միմյանց։