Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների, Ռուբինյանի և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի ընդունել Թուրքիայի նախապայմանները, ինչպես նաև նախապայմաններ չի ներկայացրել։

Մեկնաբանություններ են հնչում, որ հարաբերության կարգավորման համար Թուրքիայի նախապայմանն է եղել «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ինչին հայկական կողմը համաձայնել է։ Փաշինյանը, սակայն, վերահաստատեց, որ հայկական կողմը միջանցքային տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկելու։

«Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու օրակարգը։ Եթե պարզվի, որ այս հնարավոր բացվող կոմունիկացիաներն ավելի մեծ և ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է, օրինակ, սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը և այդպես շարունակ»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ այժմ խոսվում է օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը նա դրական գնահատեց։

«Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է։ Ես չեմ ուզում Թուրքիայի հետ մեր բանակցություններում չհիմնավորված լավատեսություն արտահայտենք, որովհետև այդ լավատեսության հիմքը չկա, բայց կողմերն արտահայտում են ցանկություն՝ քննարկելու, խոսելու, փորձ անելու լավատեսության համար հիմք ստեղծել»,- ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից Ռուբեն Ռուբինյանին բանագնաց նշանակելուն, Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ։

Նրա խոսքով՝ բանագնացները միայնակ չեն հանդիպելու, լինելու են աջակցող թիմեր․ «Մեզ մոտ հստակեցված չէ, աշխատում են, մեր ԱԳՆ-ն իհարկե կձևավորի աջակցող խումբ, որը մեր բանագնացին աջակցություն կցուցաբերի»։

Հարցին, թե հնարավոր է հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից, Փաշինյանը պատասխանեց․ «Հայկական կողմը Ցեղասպանության ճանաչումը երբեք որպես նախապայման չի ներկայացրել։ Բոլոր իշխանություններն էլ ասել են այս մասին, ինչը նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման չի եղել, չի եղել այդպիսի բան երբևէ»։

Մեկնաբանել