Լոնդոն 2012. Իսպանիայի դրոշը Նադալի փոխարեն կկրի նրա մտերիմ ընկերը

Իսպանիայի Օլիմպիական կոմիտեն այսօր որոշել է, որ վնասվածք ստացած թենիսիստ Ռաֆայել Նադալի փոխարեն այդ երկրի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կրելու է «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային թիմի անվանի հարձակվող Պո Գազոլը։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Գազոլի հետ մեկտեղ այդ պատվավոր առաքելության հնարավոր իրականացնողների թվում էին նաև նավասպորտի վարպետներ Իկեր Մարտինեսը և Խաբի Ֆերնանդեսը։

Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով երեկ Ռաֆայել Նադալը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադա 2012-ին և զրկվել դրոշը կրելու իրավունքից։

Տեղեկացնենք նաև, որ Պո Գազոլն ու Նադալը շատ մտերիմ հարաբերություններ ունեն։ Բասկետբոլիստն անցած ամիս «Ռոլան Գարոսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ մարզադաշտում աջակցում էր Նադալին․ այդ օրը Ռաֆայելը հերթական անգամ հռչակվեց Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող։

Մեկնաբանել