Փաշինյանը՝ ջրի սակագինը մինչև 2024թ․ անփոփոխ թողնելու իր խոստումից հետո այն բարձրացնելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու ջրի սակագինը մինչև 2024թ․ անփոփոխ թողնելու իր խոստումից հետո հունվարի 1-ից բարձրացվեց ջրի սակագինը։

«Նախ՝ սոցիալապես անապահով և խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի։ Երկրորդ՝ մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող պայմանագրային համակարգում։ Այո, մենք կարող ենք մինչև 2024-ը ջրի գինը չբարձրացնել, բայց 2024-ին էնքան կբարձրանա, որ համաչափության խնդիր լինի»,- ասաց Փաշինյանը։

Երկու տարի առաջ՝ 2018-ի աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, թե մինչև 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 30-ին հայտնեց, որ սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Ըստ դրանց՝ 2022-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնում է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գինը բարձրանալու է՝ կազմելով 200 դրամ: