Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը

nikol pashinyan generic

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկած հարցերին: Այս ասուլիսի ընթացքում ևս Ղարաբաղյան հակամարտության թեման առանցքայիններից էր: Փաշինյանը այս համատեքստում հերթական անգամ կատարեց մի շարք պնդումներ, որոնք խիստ խնդրահարույց են և մեծ հաշվով ամբողջովին համապատասխանում են ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին տասնամյակներին մշակած թեզերին:

Փաշինյանն ու նրա թիմակիցները հետպատերազմյան փուլում 44-օրյա պատերազմում հայկական կողմի աղետալի պարտության մեջ պատասխանատվության սեփական բաժինը նվազեցնելու համար փորձում են հանրության շրջանում տարածել այն թեզը, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված էր, և հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը ի զորու չէր ոչինչ փոխել հօգուտ հայկական կողմի: Այս գործընթացում իշխող թիմը պարբերաբար օգտագործում է բանակցային փաստաթղթերի տարբեր կետերի շուրջ ադրբեջանական հայտնի շահարկումներն ու մեկնաբանությունները:

Այսպես, դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, մեկնաբանելով ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտնի բանակցային դրույթը, նշեց․

«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»:

Սա ակնհայտ մանիպուլյացիա էր ՀՀ վարչապետի կողմից, քանի որ թե՛ մադրիդյան, թե՛ կազանյան փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ բնակչության պլեբիսցիտի (ազատ կամարտահայտության) միջոցով: Իսկ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»:

Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում այս շատ հստակ ձևակերպումները, որոնք նունիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է այլ կերպ ընկալել, որակեց որպես հայկական մեկնաբանություն և նշեց, թե հայկական այս մեկնաբանությամբ հանրաքվեն տեղի չէր ունենա երբեք:

Ընդհանրապես, ասուլիսի այդ հատվածում Փաշինյանի հնչեցրած մտքերը կրկին ի ցույց դրեցին մի պարզ իրողություն, որը մինչ այդ էլ էր ակնհայտ՝ ՀՀ ներկայիս իշխող թիմի կազմում չկան գործիչներ, որոնք ի վիճակի են ընկալել բանակցային փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանակցային գործընթացի հետ առնչություն ունեցող կարևոր հանգամանքները:

Առանցքային հարցերի շուրջ բազային գիտելիքների բացակայության ու սեփական նեղ խմբակային շահի պաշտպանության համար բոլոր հարցերում մանիպուլյացիաներ անելու պատրաստակամության արդյունքում Փաշինյանը պարբերաբար կատարում է պնդումներ, որոնք աստիճանաբար թուլացնում կամ նույնիսկ անէացնում են ՀՀ տարբեր դիրքորոշումներ Արցախյան հիմնահարցում:

ՀՀ վարչապետի մոտ անտեղյակության ու մանիպուլյացիաների նկատմամբ հակվածության այս հետաքրքիր սիմբիոզը ասուլիսի ընթացքում առանձնապես ցցուն էր, երբ նա պատասխանում էր ՍիվիլՆեթի հարցին: Հարցը հետևյալն էր․ «1992-ից ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլանները ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմում այդ սահմանները էապես խախտվել են։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանը արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի և հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը»։

Նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերաբերյալ այս շատ ընկալելի հարցին Փաշինյանն իր պատասխանը հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու կամ չլինելու շուրջ տեսական, անբովանդակ ու բավականին երկարատև մտատանջանքների տեսքով: Նա մասնավորապես նշեց, որ ԼՂԻՄ-ը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ ու միայն հայկական միավորում, որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային օրակարգի մեջ: Շարունակելով միտքը՝ նա կատարեց բոլորի համար ակնհայտ ու հայտնի փաստի «բացահայտում»՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին: Այս հանրածանոթ փաստի արձանագրումից հետո պարադոքսալ եզրահանգում արեց՝ «եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»: Սա Փաշինյանի մտավոր աճպարարության հերթական վառ օրինակն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ: Վերջին երեսուն տարվա ընթացքում որևէ բանակցային փաստաթղթում նման դրույթ չի եղել:

Ասուլիսի ընթացքում այս համատեքստում Փաշինյանի մեկ այլ «բացահայտումը» այն էր, որ բանակցային փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ: ՀՀ վարչապետի այս միտքը բացատրում է նրա կողմից նախկինում արված մի շարք հայտարարություններ ու ընդունված որոշումներ: Փաշինյանը, փաստորեն, տարբերություն չի տեսնում որևէ բնակավայր ադրբեջանական բնակչության վերադարձի ու այդ բնակավայրի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատվելու միջև: Դա է պատճառը, որ Փաշինյանը հայտարարում էր՝ մինչ պատերազմը բանակցային փաստաթղթերով նախատեսվում էր Շուշիի հանձնումը Ադրբեջանին: Դա է նաև պատճառը, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նա հրաժարվեց ստորագրել զինադադարի վերաբերյալ հայտարարությունը:

Փաշինյանի պնդումը 2016-ին ներկայացված կարգավորման պլանի մասին

Փաշինյանն իր ասուլիսի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հատվածում մեկ այլ պնդում կատարեց, որը ևս արժանի է ուշադրության: Նշեց, որ 2016-ին բանակցային սեղանին դրվել է առաջարկությունների երեք փաթեթ, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին նախադասություն ներառված չի եղել: Փոխարենը, ըստ Փաշինյանի, այդ փաստաթղթով ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ էլ որոշում պիտի կայացվեր այդ ժամանակավոր կարգավիճակի իրավական և գործնական կիրառման նրբությունների վերաբերյալ: Նա եզրահանգում է, որ ՄԱԿ-ի Անվտանգութան խորհուրդը ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցով կանխատեսելի լուծում կկայացներ, քանի որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերից երկուսում Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի մաս:

Փաշինյանի այս պնդումը ևս խիստ տեսական բնույթ ունի: Ավելին, հաշվի առնելով Ղարաբաղյան կարգավորմանն առնչվող այլ հարցերում իր այլ ոչ ճշտգրիտ ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները, չի կարելի բացառել, որ այս կետը ևս ներկայացվել է իշխող թիմի համար հարմար շեշտադրումներով:

Միջանկյալ կարգավիճակի որոշ մանրամասների վերաբերյալ մոտ մեկ տարի առաջ խոսել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովը՝ արձագանքելով Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին: Պոպովը մասնավորապես նշել էր․

«Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների՝ Փաշինյանի մեկնաբանությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության շուրջ ավելի հստակ պատկերացնելու համար նպատակահարմար է հիշել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ում հայտնված 5-րդ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2008-ի մարտի 14-ին ընդունված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերտառությամբ 62/243 բանաձևը: Այս բանաձևը չափազանց օգտակար է Փաշինյանի պնդումը ստուգելու համար: Այն ամբողջությամբ հակահայկական բանաձև էր, որի մեջ ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս բանաձևի մեջ ևս տեղ էր գտել «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան» ձևակերպումը: Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը ու Ֆրանսիան, դեմ էին քվեարկել բանաձևին: Չինաստանն ու Մեծ Բրիտանիան ձեռնպահ էին մնացել:

Քվեարկությունից առաջ տեղի ունեցած քննարկման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչը հնչեցրել էր Մինսկի խմբի ընդհանուր դիրքորոշումը այս բանաձևի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ բանաձևի նախագծի մեջ տեղ են գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հիմնարար սկզբունքներից միայն որոշները՝ առանց հաշվի առնելու համանախագահների առաջարկությունը՝ դրա հավասարակշռված ամբողջության մեջ: Նա հավելել էր, որ այդ ընտրողական մոտեցման պատճառով համանախագահները պետք է դեմ քվեարկեն բանաձևի նախագծին:

Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը վերջին ամիսներին Ղարաբաղյան համատեքստում խիստ անպատասխանատու գործելաոճ են որդեգրել: Էժան ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար համազգային նշանակության հարցերում մանիպուլյատիվ հայտարարություններ անելը կարող է վտանգել Հայաստանի պետական շահերը ու զրոյացնել հայկական կողմի վերջին խաղաքարտերն ու փաստարկները Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում:

Մեկնաբանել