Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն և անհիմն պնդումներ անում

nikol pashinyan

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներին՝ Փաշինյանը հանդես եկավ իրարամերժ և անհիմն հայտարություններով։

Ապրիլյան քառօրյա պատերազմը կանգնեցվե՞լ է

Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանդիպել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, որն իր հետ զրույցում Քառօրյա պատերազմը բնութագրել է որպես «разведка боем», այսինքն՝ «հետախուզություն՝ կռվով»։ Սա Փաշինյանը մեկնաբանեց որպես պատերազմին նախորդող հետախուզական գործողություն։

«Разведка боем էդ մասը ինչո՞ւ եմ նշում։ Դա նշանակում է չորս օրով էլ պլանավորած էր, որ տեսնեին ինչ ա կատարվում հետագա գործողությունները պլանավորելու համար»,- հավելում է Փաշինյանը։

Այս հայտարարությունը, սակայն, հակասում է վարչապետի նախկինում արած պնդումներին։

2020-ի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փաշինյանn Ապրիլյան պատերազմի մասին խոսելով` հայտարարել էր, որ այդ պատերազմը կանգնեցվեց ԼՂԻՄ-ին հարակցին շրջանների Ադրբեջանին վերադարձնելու պայմանով։ «2016 թվի պատերազմը ինչի՞ մասին էր։ Էդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց ի՞նչ պայմանով։ Հենց այդ պայմանով»,- հայտարարել էր Փաշինյանը (23:40-24:00

Օրեր անց՝ նոյեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմը բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ էր կանգեցվել։ «2016 թվականի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության՝ այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը։

Իսկ այս տարվա փետրվարին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց, որ «ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով»։

Այսինքն, առնվազն մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է հայկական կողմից Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու պարտավորությամբ կամ պայմանով, իսկ այժմ այն համարում է հետախուզական գործողություն, որն Ադրբեջանը ծրագրել էր իրականացնել չորս օրվա ընթացքում։

ԼՂԻՄ-ի ադրբեջանցիների ինքնորոշո՞ւմ

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը չպատասխանեց Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին ՍիվիլՆեթի հարցին, փոխարենը խոսեց այն մասին, որ բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես «զուտ և միայն հայկական միավորում»։ Մանրամասնելով ադրբեջանցիների՝ ԼՂԻՄ-ի տարածք նախատեսվող վերադարձի և կարգավիճակի համար նախատեսվող հանրաքվեի մասին հարցերը՝ Փաշինյանը նշեց, որ հանրաքվեին պետք է մասնակցեին նաև ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիները։

«Հիմա, երբ որ ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում․․․ հարց՝ իսկ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Եվ էս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պիտի առաջանային»,- հայտարարեց Փաշինյանը։

Բանակցային գործընթացի վերջին 15 տարվա հիմնական՝ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Այդ փաստաթղթերում չկա որևէ խոսք Փաշինյանի ակնարկած ԼՂԻՄ-ի ադրբեջանցիների ինքնորոշման հնարավորության մասին։ Երկու փաստաթղթերն էլ խոսում են ամբողջ Լեռնային Ղարաբաղի (այս դեպքում ԼՂԻՄ-ի տարածքի) վերջնական իրավական կարգավիճակի մասին, այլ ոչ թե դրա առանձին մասերի։

Իսկ մինչ հակամարտությունը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 76-77 տոկոս։ ԼՂԻՄ-ի բնակչության ազգային համամասնության տվյալներ մինչ հակամարտությունը հասանելի են Խորհրդային Միության 1979 թվականին անցակցված մարդահամարի տվյալներից։ Այսպես, ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ և 37 264 ադրբեջանցի։ Այսինքն, մինչ հակամարտությունը հայերի տեսակարար կշիռը եղել է 76 տոկոս, իսկ ադրբեջանցիներինը՝ 23 տոկոս։

Արդեն հակամարտության ժամանակ՝ 1989-ին անցկացված Խորհրդային Միության վերջին մարդահամարի արդյունքներով ԼՂԻՄ-ի բնակչությունը եղել է 189 085, այդ թվում 145 450 հայ (77%) և 40 688 ադրբեջանցի (21,5%)։

Այպիսով, դեկտեմբերի 24-ի ասուլիսում Փաշինյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իր նախկինում հնչեցրած հայտարություններին հակասող պնդում է արել և հանրությանը հասանելի բանակցային փաստաթղթերում չամրագրված ենթադրություն։

Մեկնաբանել