Համաշխարհային պատերազմ՝ տեղական նշանակության․ Գեորգի Դերլուգյան

georgi derluguian derlugyan (2)

Պատմական սոցիոլոգ, Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը 2021-ին Մոսկվայում հրատարակված «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքի հոդվածագիրներից է։ Նրա «Համաշխարհային պատերազմ՝ տեղական նշանակության» հոդվածը հայերեն թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հեռավոր Ղարաբաղի համար պատերազմի վերսկսումը հազիվ թե զարմացրեց Արևմուտքի լուրջ վերլուծաբաններին. դա Փրինսթոնի և Հարվարդի՝ Grand Strategy-ի նախնական դասընթացի բախում էր, ինչը Ռուսաստանում ընդունված է բնութագրել գերմանական «աշխարհաքաղաքականություն» եզրույթով։ Պատերազմին վաղուց էին սպասում, հարց էր միայն՝ երբ և ինչ հաշվով։ Այդ իսկ պատճառով զարմանք հարուցեց Ռուսաստանի վերջին արբանյակներից մեկի՝ Հայաստանի ջախջախումը և հարձակման համար միջազգային պահի հաջող ընտրության հարցում Թուրքիայի հանդուգն հնարամտությունը։ 2020-ի աշնանը Կովիդը, Բրեքզիթը, Թրամփը կլանեցին Արևմուտքի լիբերալ ինտերնացիոնալիստների ուշադրությունը, ինչպես որ Ուկրաինան, Բելառուսը, Նավալնին և նույն Կովիդը ակնհայտորեն շեղում էին Մոսկվային։ Ադրբեջան գերճշգրիտ սպառազինությունների իսրայելական մատակարարները, հասկանալի է, գործողության մեջ գովազդեցին իրենց արտադրանքն ու յուրացրին Իրանի դեմ հատուկ գործողությունների ցատկահրապարակը։ Առավել խնդրահարույց էր Ադրբեջանի կողմում Պակիստանի հանդես գալը՝ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի երկերեսանի գործընկերոջ, որը պատմական հավակնություններ ունի Հնդկաստանի, Իրանի նկատմամբ և հաշիվներ՝ Ռուսաստանի հետ։ Մեր օրերում զանգվածային կանոնավոր բանակների միջև պատերազմի հազվադեպ օրինակը, 21-րդ դարի գերճշգրիտ զենքերի կիրառումը 20-րդ դարի խորհրդային տիպի պաշտպանության դեմ, վերջապես՝ արմատապես փոխված արտաքին համատեքստը Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը տեղականից վերածեցին համաշխարհայինի։ Այս ամենը կանխատեսելի էր։

Ռուսաստանի կտրուկ, եթե չասենք վիրտուոզ միջամտությունը պատերազմի վերջին փուլում՝ 2020-ի նոյեմբերին, կանխեց ադրբեջանա-թուրքական դաշինքի լիակատար հաղթանակը։ Բաքվի համաձայնությունը Ղարաբաղ ռուս խաղաղապահների մուտքին խառնեց դասավորությունը։ Խառնաշփոթն ուժգնացրեց նաև Թուրքիայի ցասկոտ նախագահ Էրդողանը, որն իր սադրիչ հայտարարություններով ու ռազմաքաղաքական գամբիտներով իր համար հակառակորդների ապշեցուցիչ շրջանակ է վաստակել՝ Չինաստանից մինչև Ֆրանսիա և Էմիրություններից մինչև ԱՄՆ-ի իսրայելական լոբբի։ Չենք խոսում իր իսկ սեփական՝ թուրքական բուրժուազիայի մասին, որը տառապում է պետական ֆինանսների ոլորտում վոլյունտարիզմից և Էրդողանի աջակցությունը վայելող կիսագյուղական զանգվածի իսլամիստական ամբոխահաճությունից։ Ինչևէ, ուկրաինական փակուղուց հետո Ռուսաստանին զսպելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից անգամ կիսատ արդյունքը թվում էր երկրորդ խոշոր հաջողություն։

Ելնելով ստրատեգիայի նույն դասընթացից՝ անդրկովկասյան թևում Ռուսաստանի փոքր դաշնակցի անգամ մասնակի պարտությունը հեռանկարային ճեղք է առաջացրել։ Անմիջականորեն ներգրավված կողմերի ընթացիկ դասավորություններն ու շահերն այնքան էլ կարևոր չեն։ Այսօր Թուրքիան Էրդողանի տակ է, վաղը կլինի առանց նրա, սակայն, կարելի է կարծել, նախկինի պես՝ ՆԱՏՕ-ում։ Ո՞ւմ են մտահոգում նավթի ոչ ամենախոշոր արտահանող Ադրբեջանը ու առավել ևս՝ Հայաստանը։ Շատ ավելի կարևոր են հնարավոր այն քայլերը, որոնք բացվում են աշխարհի շախմատային տախտակի վրա նոր վանդակների զբաղեցմամբ: Ադրբեջանի նախկին խորհրդային ռազմակայաններում իսրայելցի հրթիռավարների, սիրիացի ջիհադիստների և հատկապես թուրքական բանակի ու ավիացիայի հայտնվելը գլխապտույտ հեռանկարներ է ստեղծել: Ռուսաստանի հաջողությունները Սիրիայում, հնարավոր է, զրոյանան։ Հարավում՝ անմիջական հարևանությամբ, էքսցենտրիկ և համառ Իրանն է։ Կասպից ծովից այն կողմ Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետություններն են, որոնք, առերեսվելով Չինաստանին, պայթյունավտանգ Աֆղանստանին, իրենց համար երաշխիքներ են որոնում, ինչպես նաև՝ սերնդափոխություն կառավարող խմբերի ներսում: Վերջապես, Էրդողանի պանթյուրքիստական հռետորաբանության մեջ՝ չնայած ամբոխահաճության բոլոր դրսևորումներին, միանգամայն իրական ուրվագծվում է հյուսիսային ուղղությամբ ռևանշիզմը, և դա բոլորովին էլ միայն մոլդովական Գագաուզիայով, Չեչնիայով կամ Դաղստանով չի սահմանափակվում։ Ժամանակակից Թուրքիայի հիմնադիրների շարքում 20-րդ դարի սկզբին առաջատար դեր էին խաղում Ռուսական կայսրությունից արտագաղթածները, հատկապես Ղրիմի և Վոլգայի թաթարները: Պատմական ու երբեմն նաև ընտանեկան այս հիշողությունը ոչ պակաս արդիականություն ունի, քան 1915-ի երիտթուրքական ցեղասպանության մասին հայերի հիշողությունը: Այս ամենի մեջ Փրինսթոնի ու առավել ևս Օքսֆորդի բարեխիղճ շրջանավարտը չի կարող չնկատել, թե որքան են այսօրվա բախումները mutatis mutandis (բոլոր փոփոխություններով) արտացոլում 19-րդ դարի հսկայական պայքարը Ղրիմից ու Բալկաններից մինչև Կովկաս ու Տյան Շան, ինչը բրիտանացիներն անվանում էին Մեծ խաղ (Great Game), իսկ ռուսները պարզապես՝ Արևելյան հարց։

2020-ի ղարաբաղյան պատերազմը դուրս է եկել հետխորհրդային հակամարտության շրջանակից։ Այստեղ օգտակար է իմանալ մի քանի հարյուրամյակների մակրո-պատմական պատկերը, որտեղ տեղաշարժվում էին աշխարհաքաղաքական մայրցամաքային սալեր՝ պարբերաբար կայունանալով տասնամյակներով և հանկարծակի հարուցելով ռազմական երկրաշարժեր ու հեղափոխական ժայթքումներ։ Մենք կտեսնենք, թե ինչպես են զուտ տեղական թվացող պատմական գործոնները վերադառնում անցյալի աշխարհակարգային տեղաշարժերին: Հենց ընդհանրական քարտեզի վրա է, որ տեղական գործոնները նվազ բարդ ու նվազ յուրահատուկ տեսք ունեն, քան պնդում են տեղացի հայրենասերները: Ամեն ինչ միանգամայն ենթակա է վերլուծության, եթե հայացք նետենք Մոդեռնի համաշխարհային համակարգի լայն հորիզոնին։ Էլիտար համալսարանների դասախոսները կատակում են, որ եթե երկրորդ կուրսի ուսանողին ինչ-որ տեսություն բացատրել հնարավոր չէ, ուրեմն խնդիրը հենց տեսությունն է։

Մոդեռնի երկու մեծ դարաշրջանները՝ 1500-1945 և 1945-2000

Մոդեռնը եկել է մոտ 1500 թվականին՝ հրազենի տարածմամբ։ Թնդանոթները վերջ դրեցին միջնադարին բնորոշ ֆեոդալական մասնատվածության խնդրին: Տեղական տիրակալներն այլևս չէին կարող պատսպարված մնալ իրենց ամրոցների պատերից ներս: Հրացանները, որոնք հնձում էին քոչվորների հեծելազորը, վերջ դրեցին տափաստաններում իշխանություն հաստատելու նրանց ասպատակային ռազմավարությանը։ Այս երկու փոփոխությունները հանգեցրին նոր սերնդի կայսրությունների ստեղծման՝ Չինաստանից մինչև Իսպանիա ընկած տարածությունում․ առաջինը թոթափեց մոնղոլական լուծը, իսկ երկրորդը արաբներին հետ մղեց Մարոկկո: Չինաստանի ու Իսպանիայի արանքում գրեթե միաժամանակ՝ մոտ 1500 թվականին, միանգամից իսլամական երեք կայսրություն խոյացավ՝ Մեծ մողուլներինը Հնդկաստանում, շիա Սեֆյաններինն Իրանում և օսմանյան թուրքերինը, որոնք գրավել էին Եգիպտոսից մինչև Դանուբ բյուզանդական հողերը:

Մոսկվայի թագավորության բախտը բերեց նրանով, որ այն հեռու էր դարաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական տրոհումներից: Սուննի թուրքերը տևական՝ շուրջ 150 տարի պատերազմներ էին մղում շիա Իրանի դեմ (որտեղ իշխող վերնախավը խոսում էր, ի դեպ, ադրբեջաներեն)։ Իսլամական ծանրքաշայինների հենց այս բախումներում էլ բառացիորեն ոտնահարվեց ու այրվեց Հայաստանի հնագույն տարածքը։ Իսպանացիները Հարավային Ամերիկայում գտան ացտեկների և ինկերի գանձերը, ապա խրվեցին Եվրոպայի բողոքականների հետ իրենց կրոնական պատերազմների մեջ: Մոսկվան էլ հայտնվեց ոչ միայն Հիտլերի ու Նապոլեոնի բանակների լոգիստիկ հնարավորությունների սահմանագծին, այլև` լեհերի ու շվեդների 1600-ականների սկզբի խռովությունների փուլում: Նոր դարաշրջանի սկզբում Ռուսաստանին հակադրվում էին միայն Վոլգայի թաթարական խանությունները, որոնցից այն կողմ բացվում էին Ուրալի և Սիբիրի անծայրածիր տարածքները (և բնական ռեսուրսները): Ռուս կազակներն ու հրաձիգները հետևեցին նույն տափաստանային երթուղիներին հակառակ ուղղությամբ՝ ընդամենը մեկ դարում հասնելով Մոնղոլիայի և բուն Չինաստանի սահմաններին:

Հիմա եկեք գնանք 1900 թվական: Ի՞նչ պատահեց Հնդկաստանին, Պարսկաստանին, Չինաստանին, նույնիսկ Իսպանիային, էլ չեմ խոսում Լեհաստանի մասին: Օսմանցիները դեռ մանևրում են միջազգային հակասությունների բոհում, բայց անընդհատ պարտություններ են կրում և կորցնում տարածքներ։ Երբեմն օգտակար է քարտեզին նայել ժամանակակից թուրք ազգայնականի աչքով: Ի՞նչն էր փոխել աշխարհը, որտեղ արդեն ոչ թե Ասիան ու իսլամական կայսրություններն էին գերիշխում, այլ արևմտյան բողոքականները: Կապիտալիզմը, իհարկե։ Հոլանդացիներն ու անգլիացիները (ամերիկացիները նրանց անմիջական ճյուղն են) ստեղծեցին բանկեր և բորսաներ՝ ֆինանսավորելու իրենց պատերազմական գործողությունները: Նրանք թնդանոթներ էին դնում իրենց՝ արդյունաբերական մասշտաբներով արտադրվող անդրօվկիանոսյան նավերի վրա։ Արևմուտքը Նոր դարաշրջանում վիկինգների նման նավարկեց դեպի աշխարհի մնացյալ մասերը՝ առևտուր անելու, հափշտակելու ու բնակություն հաստատելու։ Միակ խոշոր պետությունը, ուր հնարավոր չէր նավարկել, Ռուսաստանն էր։

Ռուսական կայսրությունը 1900 թվականի դրությամբ արդեն երկար ժամանակ տիրացել էր Անդրկովկասին, թեև Հյուսիսային Կովկասն անսպասելի թանկ էր արժեցել նրան։ Տասնիներորդ դարի Չեչնիայի և ապագա Ադրբեջանի իրադրությունների միջև, որտեղ շատ ավելի մուսուլման էր ապրում, կոնտրաստ հազվադեպ էր նկատվում։ Ռուսական կայսրությունը դարեր շարունակ իրեն միացվող ժողովուրդների նկատմամբ հաջողությամբ կիրառում էր միևնույն ռազմավարությունը՝ իր դասակարգային հիերարխիայում ներառում էր տեղական էլիտաների որոշ մասին, որը պատրաստ էր փոխզիջումների հանուն սեփական արտոնությունների ամրապնդման։ Դա աշխատում էր ինչպես Ֆինլանդիայի և Կուռլանդիայի շվեդ և օստզեյան ազնվականների, այնպես էլ ուկրաինական կազակների ավագների, թաթար մուրզաների և ադրբեջանցի խաների դեպքում։ Բարդություններ ծագում էին այնտեղ, որտեղ իրենց ազնվական արժանապատվությանն ապավինողները չափից ավելի էին լինում (լեհական շլյախտան և մասամբ՝ վրաց իշխանները) կամ ընդհանրապես չէին լինում, ինչպես Լեռնային Դաղստանի և Չեչնիայի ազատ հասարակություններում:

Արդեն 20-րդ դարում ցարական Ռուսաստանի վերնախավերի ներքին համաձայնությունը դադարեց գործել։ Այլևս ոչ թե հողատերերն ու կավալերգարդերը, այլ արդյունաբերողները, ինժեներներն ու գիտնականներն էին պահանջված։ Սակայն համալսարանները նաև հեղափոխական ուսանողների ու ազատական ​​դասախոսների օջախ էին: Ֆինանսների նախարար կոմս Վիտեն բացում էր համալսարաններ, իսկ ոստիկանությունը՝ փակում դրանք․ բարեփոխումներին բնորոշ հակասություններ։ Արդիականացումը, սակայն, աշխարհաքաղաքական հրամայական է, այլ ոչ թե արժեքների և հանգրվանների փիլիսոփայական փոփոխություն: Հարկավոր էին ժամանակակից գործարաններ, գիտնականներ ու դպրոցներ։ Այլապես առանց հարցնելու կգան նրանք, ովքեր ունեն այդ ամենը, ու ձեզ կդարձնեն հումքի գաղութ, ինչպես որ 1900-ից հետո Ճապոնիան եկավ հարևան Կորեա։ Ճապոնիայի արդիականացումը Ռուսաստանի համար միանգամայն նոր աշխարհաքաղաքական մարտահրավեր ստեղծեց արևելքից, ինչը հանգեցրեց պատերազմում պարտության և 1905-ի հեղափոխության։ Արևմուտքից ավելի մեծ մարտահրավեր էր ներկայացնում Բիսմարկի միավորած Գերմանիան։ Այս բախումն էլ հանգեցրեց 1917-ի հեղափոխությանը։

Ռուսաստանն իր տեսակի մեջ եզակի պետություն է։ 1918-ից հետո, երբ ամենուր փլուզվում էին մրցակից բոլոր կայսրությունները, բոլշևիկների հեղափոխական հակաէլիտային հաջողվեց վերստեղծել ամենամեծ կենտրոնացված պետությունը և ցատկով այն վերածել ռազմարդյունաբերական գերտերության: Պարտադիր չէ, որ այդ պետության գլխին վրացի հայտնվեր։ Սակայն խորհրդային վերնախավի բազմազգ կազմը կանխորոշված ​​էր ոչ այնքան կայսրության ավանդույթներով, որքան կոմունիստական ​​գաղափարախոսության ինտերնացիոնալիզմով և մոդեռնիզմով։ Լենինն ու Ստալինը հետևում էին ոչ միայն Մարքսի, այլև բոլորովին այլ գերմանացիների՝ Բիսմարկի, գեներալ Լյուդենդորֆի, արդյունաբերական հանճար Ռատենաուի գաղափարներին։ 1945-ին Ճապոնիայի ու Գերմանիայի դեմ ձեռք բերվեց մոդեռնիզացիոն ու աշխարհաքաղաքական հաջողություն, որի մասին Վիտեն և Ստոլիպինը՝ շղթայված ցարիզմի դասակարգային նախապաշարումներով, կարող էին միայն երազել։

Պատմության հերթական պարադոքսը՝ խորհրդային զորության ստեղծման գործում արտասովոր դեր են ունեցել ղարաբաղցիները՝ մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խուդյակովը (Խանփերյանց), խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի հիմնադիրներ Իվան Թևոսյանն ու Համո Ելյանը (կիսամոռացված, բայց, հավանաբար, Երկրորդ աշխարհամարտի ամենակարևոր հայը)։ Նրանք բոլորը և շատ ուրիշներ իրենց վերելքի համար պարտական ​​են խորհրդային մոդեռնիզացիային, իսկ մինչ այդ՝ Բաքվի քաղաքային եռուզեռին, որն այդ տարիներին Ռուսական կայսրության ու աշխարհի նավթային մայրաքաղաքն էր։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք ստորև՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառները վերլուծելիս։

1945-ը դարձավ նոր դարաշրջանի սահմանագիծ, ինչպես 1500-ը։ Այն ժամանակ վառոդն օգնեց վերջ դնելու ֆեոդալական կռիվների ու քոչվորների արշավանքների սարսափներին: Հիմա արդեն վերացվել էր ոչ միայն ֆաշիզմը, այլև գաղութատիրական պատերազմների բուն հեռանկարը։ Սառը պատերազմը մնաց սառը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ միջուկային զսպման շնորհիվ։ Աշխարհաքաղաքական երկու բլոկ ստեղծվեց՝ գումարած Արևմուտքի նախկին գաղութների գունեղ ու ակտիվ երրորդ աշխարհը, որտեղ, ժամանակակից պատմության բրիտանացի դասական Էրիկ Հոբսբաումի խոսքով, «ռուս գյուղացի Կալաշնիկովի որդու» գյուտը արագ գնահատեցին: Հենց աշխարհի ծայրամասում էլ մրցակցություն ծավալվեց այնպիսի, սթափ ասած, խորհրդանշական մրցանակների համար, ինչպիսիք էին Վիետնամն ու Կուբան, Անգոլան ու Աֆղանստանը:

Երկու գերտերությունների հետպատերազմյան հետագծերը, չնայած կապիտալիզմի և սոցիալիզմի մասին նրանց հռետորաբանությանը, պարզվեց, որ զարմանալիորեն նման են իրար: 1950-ականներին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հասան տնտեսական աճի և համաշխարհային ազդեցության գագաթնակետին։ Երկուսի ղեկավարություններն էլ ֆաշիզմի նկատմամբ իրենց հաղթանակը ներկայացնում էին որպես հանուն ազատության կամ խաղաղության և սոցիալիզմի իդեալների։ Երկու երկրներն էլ թեթևացած մոռացան 1930-ականների իրենց մղձավանջները՝ Մեծ դեպրեսիան և մեծ ռեպրեսիաները։ Մոսկվան և Վաշինգտոնն իրենց քաղաքականությունը համարում էին գիտականորեն հիմնավորված ու հեռանկարային: Մնում էր մոդեռնիզացիայի խորհրդային կամ ամերիկյան տարբերակը տարածել երրորդ աշխարհի վրա, և այստեղ երկու գերտերությունները սայթաքեցին համապատասխանաբար Վիետնամում ու Աֆղանստանում:

Պատերազմները, որոնք ծայրամասային էին թվում՝ սպառազինությունների մրցավազքի և հետպատերազմյան դաշնակիցների անխուսափելիորեն աճող անկախության ֆոնին (էքսցենտրիկ Լեհաստան ու Ռումինիա կամ Ճապոնիա ու Գերմանիա, որոնց տնտեսությունները սրընթաց վերականգնվել էին), հանկարծ խնդիրների ալիք բարձրացրին: Երկու գերտերություններում էլ էլիտաները բաժանվում են բարեփոխիչների ու «պնդաճակատների», իսկ մտավորականությունը սկսում է ձգտել ժողովրդավարացման, այսինքն՝ քաղաքականություն մուտք գործելուն: Բռնկվում են մինչ այժմ մխացող էթնիկ հակամարտությունները, որոնք ԱՄՆ-ում վերաճում են ռասայական անկարգությունների, իսկ ԽՍՀՄ-ում՝ ազգային հանրապետությունների անջատողականության (սկսած Ղարաբաղից)։ Ամերիկյան ճգնաժամը գագաթնակետին հասավ 1968-ին, իսկ խորհրդայինը` 1989-ին: Սակայն ճգնաժամի ելքն այլ էր, քանի որ տարբերություն կար՝ դաշնակիցդ Գերմանիան ու Ճապոնիա՞ն են, թե՞ Լեհաստանն ու Մոնղոլիան:

Սխալ է կարծել, որ այն ժամանակ Մոսկվայում ոչ ոք չէր տեսնում այս տարբերությունը։ ԽՍՀՄ-ը համառորեն հարթում էր իր ճանապարհը դեպի Եվրոպա։ Գերմանացիները ռուսների համար ավանդական հակառակորդներ են, բայց նաև առևտրային գործընկերներ և գաղափարների, կադրերի ու տեխնոլոգիաների մատակարարներ։ 1970-ականներին ուրվագծվում է նոր մերձեցում՝ լարվածության լիցքաթափման, տնտեսական համագործակցության և արևմտագերմանական Ostpolitik-ի անվան տակ, որն ուղղված էր Մոսկվայի հետ դաշինքի միջոցով Գերմանիայի միասնության և Եվրոպայում ու աշխարհում նրա դերի զգուշավոր վերականգնմանը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը դրանում աջակցեց Ֆրանսիան՝ մեկ այլ ավանդական հարևան և գերմանացիների մրցակից, իսկ Մեծ Բրիտանիան ահազանգ հնչեցրեց առաջինը։ Բոլորն էլ յուրովի ճիշտ էին։ Հսկայական խաղադրույքներ էին երևան գալիս:

Հետպատերազմյան աշխարհը գնում էր նոր գլոբալիզացիայի, բայց այժմ ոչ թե գաղութատիրական կայսրությունների տիրապետության ներքո, ինչպես 19-րդ դարում, այլ տնտեսական գործընկերության շրջանակներում՝ անխուսափելի ռազմաքաղաքական բաղադրիչով։ 1945-ից հետո Արևմտյան Եվրոպայի մայրցամաքային հատվածը վերածվեց աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը կորցրած կայսրությունների նախկին կենտրոնների կուտակումի՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իտալիա և այլն: Պատմությանը ծանոթ նրանց քաղաքական գործիչները չցանկացան կրկնել Վերածննդի ժամանակների՝ երբեմնի փառահեղ Վենետիկի ու Ֆլորենցիայի ճակատագիրը, որոնք ի վերջո դարձան թանգարաններ: Եվրոպայի տնտեսական միավորումը նոր ճանապարհ էր ենթադրում դեպի սուբյեկտայնության թարմացում։ Հենց տնտեսության ասպարեզում էր դրսևորվում հետպատերազմյան Արևմտյան Գերմանիայի, Ֆրանսիայի և հատկապես Ճապոնիայի առավելությունը, որոնց տեխնոլոգիական ներուժը 1950-1960-ականներին գործնականում նորովի վերականգնվեց` ի տարբերություն 1920-1940-ականների ԱՄՆ արդյունաբերական պարկի ու առավել ևս Մեծ Բրիտանիայի՝ 19-րդ դարի նրա գործարաններով։ Սակայն գաղութները կորցրած Եվրոպան ռեսուրսների, վաճառքի շուկաների և ոչ պակաս չափով՝ ռազմաքաղաքական ներուժի խիստ կարիք ուներ, որը ոչ վաղ անցյալի պատմության հանգամանքներով՝ չէր կարող գերմանական լինել։

Այս խնդիրներն ավելի քան լուծվում էին խորհրդային բլոկի ինտեգրմամբ։ Մոսկվան 1970-ականներին վերջապես կորցրեց հետաքրքրությունը հեղափոխական գաղափարախոսության նկատմամբ և սկսեց մտածել համակեցության ու շուկայական բարեփոխումների մասին։ Բուն Եվրոպայում սկսեցին խոսել սոցիալիզմի ու կապիտալիզմի կոնվերգենցիայի, լարվածության թուլացման ջանքերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության մասին։ Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքի և Լա Մանշից մինչև Սիբիր հսկայական առևտրային, արդյունաբերական ու գիտական ​​բլոկի ստեղծման հեռանկարն ապշեցուցիչ էր: Դա բոլորովին այլ գլոբալիզացիա կլիներ։

Բայց ի՞նչի հետ է մնում ԱՄՆ-ը։ Մեքսիկայի ու բրիտանական դոմինիոնների՞: Եվրոպան անշեղորեն գնում էր դեպի անկախություն։ Ինքը՝ Ամերիկան, ցնցված էր ուսանողական և ռասայական անկարգություններից, դոլարի արժեզրկումից, վաշինգտոնյան սկանդալներից ու Վիետնամում ձախողման այլ հետևանքներից։ Ձիով քայլն առաջարկեց Հենրի Քիսինջերը՝ 1972-ին բանակցություններ սկսելով մեկ այլ կոմունիստական ​​գերտերության՝ մաոիստական ​​Չինաստանի հետ, որն այդ տարիներին թույլ և քաղաքականապես խելագար տեսք ուներ: 1979-ից հետո ԱՄՆ-ը ջանում էր նաև հաղթահարել իսլամական հեղափոխության արդյունքում իր համար Իրանի անսպասելի կորուստն ու Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում ջիհադիստների վտանգավոր դիվերսիաների հետևանքները` իսլամիստներին ուղղորդելով Աֆղանստան՝ պայքարելու խորհրդային ներխուժման դեմ, ինչպես նաև Թուրքիայում ուժեղացնելով կրոնական պահպանողականներին: Սա ամերիկյան ռազմավարության արդեն մյուս հանճարն էր՝ Զբիգնև Բժեզինսկին․ նա, ինչպես Քիսինջերը, փախստական ​​էր Կենտրոնական Եվրոպայից՝ լի Գերմանիայի հանդեպ վախով, Ֆրանսիայի հանդեպ արհամարհանքով և Ռուսաստանի հանդեպ ատելությամբ։

Խորամանկ այս մանևրների արդյունքը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ժարգոնով կոչվում է blowback՝ կրակելու չափազանց մեծ հետհարվածը, իսկ ռուսերենում՝ наступить на грабли (տրորել փոցխը): Չինաստանը, մատչում ստանալով ամերիկյան տեխնոլոգիաներին և շուկաներին, սկսեց անխուսափելիորեն վերածվել աշխարհի արհեստանոցի ու վիշապի, ինչպիսին է՛ր ավելի քան մեկ հազարամյակ՝ մինչև 1839-1860 թվականների «Ափիոնային պատերազմներն» ընդդեմ բրիտանացիների: Այնուամենայնիվ, պատմությունը պետք է իմանալ: Իսլամիստները վերսկսեցին իրենց բազմաթիվ «սրբազան պատերազմները», որոնք մոլեգնում էին 18-19-րդ դարերում Ալժիրից ու Սոմալիից մինչև Աֆղանստան և Չեչնիա ընկած տարածությունում: Իսկ Թուրքիայում «իսլամական նեոլիբերալիզմի» արդյունքում ծնվեց աննկուն Էրդողանը, որն իր բանակում և պետական ապարատում եթե ոչ Ստալինի, ապա գոնե սուլթանի թափով զտում իրականացրեց։

Բայց Վաշինգտոնը որոշեց մինչև վերջ սեղմել՝ Եվրոպային ցույց տալով նրա աշխարհաքաղաքական ոչնչությունը նախկին Հարավսլավիայում, աշխարհաքաղաքական թզուկների անդամակցությամբ մինչև անհեթեթության աստիճան ընդլայնելով ՆԱՏՕ-ն և, ամենանշանակալին, ներխուժելով Իրաք։ Հարկ է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում անհամաչափ կերպով արտացոլվում են այդ երկրի ներքին շահերը՝ քաղաքական գործիչների, բյուրոկրատիաների ու կորպորացիաների բախումը։ 2003-ին մի երիտասարդ փորձագետ ինձ հուսահատ ասում էր. «Եթե Բուշը կարողանա Իրաքի միջոցով վերահսկողություն հաստատել ՕՊԵԿ-ի վրա, բազաներով շրջապատել Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, ապա Դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթանակի երես չի տեսնի առաջիկա երեսուն տարում: Դա ինձ համար հավերժ է»: Ի դեպ, նա կարևոր պաշտոն զբաղեցրեց Օբամայի վարչակազմում։

ԽՍՀՄ-ի փլուզումը ճակատագրի նվեր էր ԱՄՆ-ի համար, որը դրա հետ ուղղակիորեն կապ չուներ։ Դրան գումարած՝ Ճապոնիան, ներքին պատճառներով պայմանավորված, ընկավ զրոյական աճի ծուղակը։ «Ճապոնական ռոբոտի» մրցակցության և մեգա-Եվրոպայի ստեղծման մասին հարցերն անհետացան։ Եվրամիությունից դուրս, որի հավակնություններն այլևս մարել են, կա երկու նախկին կայսրություն՝ և՛ կարևոր, և՛ պատմականորեն եվրոպական, թեև ոչ արևմտյան մշակույթով՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Նրանց առաջնորդներն անխուսափելիորեն պետք է կասկածեին, որ իրենց գլուխն արդուկում են ժողովրդավարացմամբ ու ինտեգրացիայով: Երկուսն էլ շուտով պետք է սկսեին իրենց սեփական խաղը՝ մեծ ուժերի բացակայության պատճառով երբեմն հասնելով անկման եզրին: Սակայն անգամ Միացյալ Նահանգները բավականաչափ ուժ չուներ, ավելին, նա, ինչպես միշտ, սայթաքեց Իրաքի և Աֆղանստանի ծայրամասային պատերազմներում: 1990-ականների և 2000-ականների վերջի Վաշինգտոնի ինքնավստահ ճնշումը պետք է որ ևս մեկ դարով ամրագրեր այն առավելությունները, որ սասանվել էին 1970-ականներին։ Համաշխարհային կայսրության ծրագրի ձախողումը վերածվեց համաշխարհային կառավարման (governance) աղետի։

Աշխարհն այսօր չի կառավարվում քաղաքական գործիչների իմաստնությամբ կամ ստրատեգների գաղտնի պլանով։ Ոչ ոք ընդհանրապես չի ղեկավարում աշխարհը։ Աշխարհաքաղաքականության մեջ սա կոչվում է հեգեմոնիայի փլուզում կամ, մեղմ ասած, անցումային փուլ աշխարհակարգի դասավորումների միջև։ Արևմուտքի անվիճելի գերակայության մի քանի դարերն անցյալում են։ Բայց ի՞նչ կլինի հետո: Մենք բոլորս լողում ենք մի շարք նավաբեկությունների բեկորների արանքում:

Ղարաբաղը և ԽՍՀՄ փլուզումը

1987-ի աշնանը Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիևը թոշակի ուղարկվեց․ դա արտառոց հրաժարական էր անգամ Պերեստրոյկայի ժամանակների համար։ Ալիևը պարզապես հատուկ ծառայությունների վետերան չէր, ուժեղ առաջնորդ և Անդրոպովի հովանավորյալը։ Անձնական որակներով ու քաղաքական պոտենցիալով նա գրեթե հակաԳորբաչով էր։ Վայելչակազմ, պերճախոս, եռանդուն, սթափ մտածող և, անհրաժեշտության դեպքում, վախ ներշնչող Ալիևը կատարելապես համապատասխանում էր խորհրդային համակարգին: 1969-ին նրան նշանակեցին հանրապետության առաջին քարտուղար՝ չնայած բավական երիտասարդ էր ու ծագումով «օրգանից», ընդ որում՝ դեռ Բերիայի ժամանակների Անդրկովկասի հովանավորչական մեքենայից։ Նման կադրը պետք է պայքարեր ահագնացած կոռուպցիայի դեմ, սակայն Ալիևը չափազանց լավ էր հասկանում իշխանության կառուցվածքը և իր հասարակությունը։ Բրեժնևյան լճացման պայմաններում նա կոռուպցիան բերեց իր ենթակայության ու Ադրբեջանը կառավարելու խնդիրների տիրույթ։ Միաժամանակ, նա հոգ էր տանում հանրապետության հեղինակության մասին և հովանավորում ստեղծագործ մտավորականությանը։ Մրցակցությունը Վրաստանի և Հայաստանի հետ, որոնք սեփական հեղինակություն ու ազգային հակում ունեցող մտավորականություն ունեին, նրբին խնդիր էր։

1987-ի վերջին Ալիևի հեռացումը հայ մտավորականության համար ազդանշան եղավ վերսկսելու Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում գտնվող հայկական ինքնավար մարզը, Խորհրդային Հայաստանին փոխանցելու վաղեմի գործը․ թվացյալ տրամաբանական վարչական փոխանցում: Սակայն անմիջապես հրդեհ բռնկվեց։ Սկսվեց Հայաստանից հազարավոր էթնիկ ադրբեջանցիների գաղթը։ Ակնհայտորեն աշխատում էին ինքնաբուխ գործոններ, քանի որ նման մասշտաբի ահաբեկման գործողությունը վեր էր հայ «ոչ ֆորմալների» փոքր խմբերի հնարավորություններից։ 1988-ի փետրվարին Սումգայիթում՝ Բաքվի արդյունաբերական արբանյակ քաղաքում, որ հայտնի էր իր հրեշավոր էկոլոգիայով ու կենցաղային հանցագործություններով, տեղի ունեցան հայերի ջարդեր՝ խորհրդային շրջանում չլսված բռնության մասշտաբով և իշխանությունների անզորությամբ։ Հայաստանում Սումգայիթի ջարդն ընկալվեց որպես թուրքական նոր ցեղասպանություն, իսկ Մոսկվայում առաջադեմ լրագրողներն ակնարկեցին «Պերեստրոյկայի թշնամիների» մասին։ Սակայն դժվար է պատկերացնել, թե Բաքվի կամ Կենտրոնի բյուրոկրատիաների ներսում ով կարող էր քաջություն և գաղտնի ռեսուրսներ գտնել նման քաղաքական Չեռնոբիլ կազմակերպելու համար։ Ջարդերի, լինչի դատաստանների, վհուկների որսի և զանգվածային անմեղսունակության այլ դեպքերի հետազոտողները նշում են, որ բավարար է երեք գործոն՝ հիստերիկ ասեկոսեներ, զոհերի առկայություն և շփոթ վերևներում: Բայց եթե Պերեստրոյկայի ժամանակների առաջին ջարդը գրեթե անկասկած տարերային էր, ապա քիչ անց Միխայիլ Գորբաչովի անհասկանալի արձագանքը ամբոխի բռնությունը դարձնում է քաղաքական գործիքակազմի մաս: 1989-ի «Սև ապրիլը» Թբիլիսիում, թուրք-մեսխեթցիների պոգրոմներն Ուզբեկստանում, ջարդերը ղրղզական Օշում, ամբոխի կողմից տանկերի շրջափակումը Վիլնյուսի փողոցներում, 1991-ի աշնանը Գրոզնիում պետական ​​կառույցների գրավումը,- այս ամենը որոշակի հաշվարկով էր ընթանում։ Սումգայիթից մինչև գերտերության փլուզում ընդամենը երեք տարի էր։

Այստեղ մենք նորից պետք է խորամուխ լինենք պատմության մեջ, թեև ոչ այնքան բարդ, որքան սովորաբար պատկերվում է: Որտեղի՞ց են Հայաստանն ու Ադրբեջանը գալիս իրենց ժամանակակից սահմաններով, ինչո՞ւ գոյություն ունի ազգամիջյան նման ատելություն և ինչպե՞ս է հիմնականում հայաբնակ Ղարաբաղը հայտնվել Բաքվի ենթակայության տակ։

Հայաստանը ձևավորվել է անտիկ դարաշրջանում՝ որպես բուֆերային պետություն պարսիկների (Աքեմենյաններ, պարթևներ, Սասանյաններ) և հույների կամ հռոմեացիների կայսրությունների միջև։ Նույն Մարկոս ​​Լիկինիոս Կրասոսը, որը խաչել էր Սպարտակին, շուտով բառացիորեն զրկվեց իր սեփական գլխից, որը բերեցին Արտաշատ՝ հայոց Արտավազդ թագավորի պալատ։ Հայերն այն ժամանակ հայտնի էին որպես ռազմատենչ վարձկաններ կայսրությունների բանակներում՝ անգութ ու անքմահաճ, ինչպես լեռնաշխարհի շատ բնակիչներ՝ փուշթուններից մինչև ալբանացիներ, բասկեր ու շոտլանդացիներ: Ահա թե ինչու Բյուզանդիայում այդքան շատ հայ զորավարներ կային, և ինչու է Սերվատիոս եպիսկոպոսն այսօր նիդեռլանդական Մաաստրիխտի հովանավորը։ Ճիշտ է նաև, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Դա և՛ գաղափարական, և՛ (կզարմանա՞նք) աշխարհաքաղաքական ընտրություն էր։ Հայ քրիստոնեությունը տարբերվում էր բյուզանդական ուղղափառությունից, առավել ևս՝ իրանական զրադաշտականությունից (որի հնագույն ատրուշանները մինչ օրս զարդարում են Բաքուն)։ Այսպիսով, Հայաստանը հավասարակշռություն էր պահում իր դարաշրջանի ուժային կենտրոնների միջև։

Սակայն հետո հայերը արժանացան նույն ճակատագրին, ինչ Հռոմեական կայսրության ուղեծրի քրիստոնյա մյուս ազգերը՝ հույները, Եգիպտոսի ղպտիները, կելտերը։ (Հայկական ազգայնականությունը զարմանալիորեն նման է իռլանդական հանրապետականների պարտիզանությանը. սա պատահականություն չէ, այլ հեռավոր նմանություն)։ Հին Հայաստանն արդեն միջնադարում ողողվեց նվաճումների ալիքներով և ժողովուրդների գաղթով: Ֆեոդալական ռազմական ազնվականությունը ասպարեզից դուրս մղվեց՝ փոքր բացառությամբ Ղարաբաղում։ Հայերը դարձան գյուղացիների և նրանց հոգևոր հովիվների, վանականների ու քահանաների ազգ, որոնց ի վերջո փոխարինելու էր աշխարհիկ մտավորականությունը։ Լեռներում հողերի սակավության պատճառով ձեռներեց հայերը գնում էին աշխատելու որպես արհեստավորներ և վաճառականներ, որոնք և ստեղծեցին համաշխարհային սփյուռք՝ Մադրասից և Սինգապուրից մինչև Վենետիկ ու Լվով:

1500 թվականին Հայկական լեռնաշխարհի մեծ մասը հայտնվեց Թուրքիայի կազմում, իսկ հյուսիսարևելյան փոքր հատվածը, ներառյալ Ղարաբաղը, անցավ Պարսկաստանին։ Այս տարածքը, ինչպեսև ապագա Ադրբեջանը, 1828-ին գրավեցին ռուսները։ Այդ ժամանակից ի վեր բանաստեղծ-դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովին հարգում են Հայաստանում, շատ ավելի քիչ՝ Վրաստանում ու հազիվ թե նա հայտնի է Ադրբեջանում։

19-րդ դարի սկզբին Արևմուտքում սկսում է ձևավորվել ազգային գիտակցությունը՝ Մոդեռնի ամենազանգվածային քաղաքական գաղափարախոսությունը։ Եվ ահա կրթված հույները, բուլղարները, հայերը կամ իռլանդացիները հասկանում են, որ իրենց ժողովուրդների պատմությունն ավելի խորն է, քան շատերինը։ Ուրեմն ինչո՞ւ են իրենք օտար լծի տակ: Ազգային այս մտավորականների՝ «ժողովրդի մոտ գնալը» ազատագրական ընդվզումներ էր առաջացնելու։ Նրանց հաջողությունը կախված էր աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրից: Հույները, ռումինացիները, հարավային սլավոնները, ինչպես նաև պարսկական գոտում գտնվող վրացիներն ու հայերի մի մասի բախտն ավելի լավ դասավորվեց։ Նրանք կտրվեցին Արևելքի քայքայվող բռնակալ կայսրություններից: Իռլանդացիների պայքարը բրիտանական տիրապետության դեմ ձգվեց մինչև 20-րդ դարը։ Ամենավատ վիճակում Արևելյան Անատոլիայի քրիստոնյաներն էին։

«Ասիայի զարթոնքի» ալիքի վրա, որը Ռուսաստանում հայտնի է որպես 1905-1907 թվականների հեղափոխություն, Օսմանյան կայսրությունում իշխանության են գալիս արդիականացման մտադրություններով լի երիտթուրքերը, որոնք շուտով ծանր պարտություններ են կրում Լիբիայում, Եգեյանի կղզիներում և Բալկանյան պատերազմներում։ Անատոլիայի կենտրոնական շրջանները, այսինքն՝ ապագա Թուրքիայի Հանրապետությունը, հեղեղում են կորսված տարածքներից եկած մուսուլման փախստական-մուհաջիրները։ Առաջին աշխարհամարտը դատավճիռ էր Օսմանյան կայսրության մնացորդների համար։ Լիակատար փլուզման վտանգի պայմաններում երիտթուրքերը բուրժուադեմոկրատական ​​կուսակցությունից վերածվում են նախաֆաշիստական բռնապետության, որը, պարզվեց, ընդունակ է մինչ այժմ աննախադեպ մասշտաբների և դաժանության միջոցների։ Գերմանական զենքով Գալիպոլիում պայքարելով բրիտանական դեսանտի ու Անդրկովկասից ռուսական հարձակման դեմ՝ 1915-ի օսմանյան վերջին կառավարությունը թիկունքում ձեռնարկում է Անատոլիայի քրիստոնյա բնակչության՝ հույների, ասորիների, հայերի, ինչպես նաև եզդի-քրդերի ու անգամ արաբ բեդվինների մի մասի ծրագրված ոչնչացումը (հենց ծրագրված և ոչ թե կոտորածների ինչ-որ դեպքեր)։ Սրանով և ակնկալում էին Անտանտի առաջխաղացող տերություններին զրկել աջակցությունից և, կարևորը, թուրքերի պետության ստեղծման համար էթնիկապես զտել տարածքը։ Ահա թե ինչու է Անկարան հրաժարվում ճանաչել 1915-ի ցեղասպանությունը։ Դա ռումբ է Թուրքիայի Հանրապետության հիմքերի տակ։

Հանգամանքների բերումով Ռուսական կայսրությունը Օսմանյան կայսրությունից մեկուկես տարի շուտ փլուզվեց։ 1918-ի գարնանը երիտթուրքերը հայտնաբերեցին, որ Բրեստ-Լիտովսկի «ճղճիմ» պայմանագիրը կիսաշունչ Օսմանյան կայսրությանն է տալիս ամբողջ ռուսական Կովկասը։ Այդ օրերի քաոսի մեջ վրացի մենշևիկները հենց Կառլ Կաուցկիի միջնորդությամբ պայմանավորվեցին, որ Վրաստանը ոչ թե թուրքերը, այլ գերմանացիներն օկուպացնեն։ Բայց Անդրկովկասյան սեյմի (վաղանցիկ կազմավորում տապալված ժամանակավոր կառավարության հովանու ներքո) հայկական և ադրբեջանական խմբակցությունները պետք է ինչ-որ կերպ փրկություն որոնեին։ Ճակատագրի հեգնանքով Հայաստանի և Ադրբեջանի անկախությունը հռչակվեց Թիֆլիսում գրեթե նույն օրը՝ 1918-ի մայիսի 27-28-ին։ Հայկական նորագոյացության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը, բնիկ թիֆլիսեցի և 1910-1917 թվականներին՝ քաղաքապետ, արցունքներն աչքերին գնաց լքյալ Երևան իր անորոշ ճակատագրի հետևից: Ադրբեջանական «Մուսավաթն» էլ ստիպված էր մեկնել ոչ պակաս գավառական Գյանջա։ Բաքվում այդ ժամանակ իշխանության ղեկին էին բոլշևիկները, որոնք հեղափոխական կասկածանքով էին նայում «հետադիմական ասիացիներին», մանավանդ, որ Բաքվի կոմունայի ջոկատներում գերակշռում էին տեղի հայերը։ Պատմության հերթական պարադոքսն օրինաչափ էր։ Ճորտատիրության վերացումից հետո Թիֆլիսը՝ Կովկասի փոխարքայության կենտրոնը, և Բաքուն՝ նավթի վաղ արդյունահանման կենտրոնը, որը Ռոքֆելերի հետ մրցում էր լուսավորության կերոսինի համաշխարհային շուկայի համար, գրավել էին գաղթական գյուղացիների զանգվածների ու հասարակ մտավորականների, որոնք եկել էին փող աշխատելու: Շատերը ցնցող հաջողությունների ու կարողության էին հասել: Շատ ավելի շատերն էլ վերածվել էին ապստամբ պրոլետարիատի։ Երկու դասակարգերում էլ կային Կովկասի և Ռուսաստանի բոլոր ազգությունների ներկայացուցիչներ։ Ստալինի հայրը, օրինակ, գնացել էր Գորի՝ կոշկակար աշխատելու, հետո Թիֆլիս՝ հայ վաճառականի գործարան։

Հասկանալի է, թե ինչու են աճի կենտրոններում հայերն այդքան շատ։ Սրանք հողատարածք չունեցող և արտագնա աշխատանքի վաղեմի հմտություններով աղքատ գյուղացիներն են, որոնք տառապում էին տեղական խաների բռնակալությունից, ընդ որում՝ ավանդաբար հարգելով իրենց հոգևորականների ու մտավորականների կրթվածությունը։

Լեռնային Ղարաբաղը, պարզվեց, նման գաղթականների ամբարներից մեկն էր։ Նկատի ունեցեք նաև Անդրկովկասի ռուսական նվաճմանը հաջորդած տասնամյակների ընթացքում բնակչության ահռելի աճը, երբ վերջ էր տրվել ասպատակություններին և ստրկավաճառությանը: Ցարական վարչակազմը, որ սովորաբար բարեհաճ էր քրիստոնյաների նկատմամբ, ու առավել ևս՝ կապիտալիզմի աճն արմատապես փոխեցին Կովկասի միջնադարյան հիերարխիան: Երբեմնի գավառական Բաքուն հրեշավոր աճեց, իսկ այդ ընթացքում խամրեց առևտուրը քարավանային առևտրի վաղեմի խաչմերուկ Շուշիում, որին նոր ժամանակներում շրջանցում էր երկաթուղին։ (Թեև կլիմայական պայմանների և սերունդների հիշողության շնորհիվ Շուշին մինչև 1917-ը դեռ պիտի մնար որպես ամառանոց ու մշակութային կենտրոն մեծահարուստ բաքվեցիների համար՝ թե՛ հայերի, թե՛ մուսուլմանների):

1918-1921 թվականների քաղաքացիական պատերազմը չշրջանցեց Անդրկովկասը, որտեղ պայքարի մեջ մտան տեղական ազգային կուսակցությունները։ Տեսականորեն իրենց սոցիալիստ էին համարում թե՛ հայ դաշնակցականները, թե՛ ադրբեջանցի մուսավաթականները, թե՛ վրացի մենշևիկները։ Նրանց բոլորին վիճակված էր պետականություն կերտել ոչ միայն կայսրության ավերակներից՝ օտար ներխուժումների պայմաններում, այլև ամենաբարդ էթնիկ շերտավորումներում։ 1918-ի վերջերին Գերմանիան և նրա դաշնակից թուրքերը հանձնվեցին։ Սակայն Անտանտի հաղթանակած տերությունները թերահավատորեն էին վերաբերվում այդ ընթացքում առաջացած անդրկովկասյան պետություններին։ Ռուսաստանում սպիտակգվարդիականների հաղթանակի սպասումով՝ Անգլիան ու Ֆրանսիան մեկ տարի ժամանակ տվեցին Վրաստանին, Ադրբեջանին ու Հայաստանին, որպեսզի նրանք իրենց միջազգային ճանաչման համար կատարեն երեք միանգամայն լիբերալ ​​պայման։ Նախ՝ փաստաթղթերով ապացուցեն իրենց պատմական իրավունքները։ Իհարկե, բոլորն անմիջապես հայտնաբերեցին կամ հորինեցին այն կարգի փաստաթղթեր, որոնք այդ ժամանակվանից ի վեր շարունակում են ջրի երես դուրս գալ ամեն տեսակի հավակնությունների համար: Երկրորդ և երրորդ պայմաններն էին ազգային դրոշների բարձրացումը և կայազորների առկայությունը՝ ապացուցելու «արդյունավետ օկուպացիայի իրավունքը», ինչպես ընդունված էր ասել գաղութատիրության ժամանակաշրջանում, և տարածքային վեճերի լուծումը պլեբիսցիտի միջոցով։ Հասկանալի է, որ հակամարտությունների բոլոր կողմերը (իրականում դրանք երեքից ավելի էին, նաև՝ քրդերը, լեզգիները, աբխազները, օսերը և այլն), ավելի ճիշտ՝ հաճախ ինքնակամ հրամանատարները հապճեպ սկսում էին կամավորական կորպուսներ և տեղական աշխարհազոր ստեղծել։ Առանց բացառության բոլոր կողմերն իրականացնում էին էթնիկ զտում՝ հակառակորդի գյուղերի համախմբումից և պլեբիսցիտներին մասնակցելուց խուսափելու համար։

Հայերի բախտը հերթական անգամ ամենաքիչը բերեց։ Նրանք, իհարկե, ունեին հնագույն պատմություն, հալածյալի ներքին համերաշխություն, քաղաքաբնակների հմտություններ ու գրեթե ուրիշ ոչինչ: Եվ, հակառակը, ադրբեջանական ազգի նախագիծը՝ չնայած թուրքերի հետաքրքրությանը Բաքվի նավթով, որոնց հաջորդեցին անգլիացիները, չուներ պատմական նախադեպ, օտարներին դիմադրության ազգային էպոս, նույնիսկ լեզու (թուրքերենին շատ նման), կրոնական գիտակցություն (չափազանց իրանական շիա իսլամ) և մշակութային-կենցաղային հանրույթ: Անդրկովկասի մուսուլմանները, որոնք ցարական ժամանակներում ընդհանրական կոչվում էին թաթարներ, այն ժամանակ թյուրքական, պարսկական, քրդական և դաղստանյան ծագում ունեցող ցեղերի ու գյուղական համայնքների համախումբ էին: Զարմանալի չէ, որ սկզբնական փուլում ադրբեջանական ազգայնականությունն ուներ ինտելեկտուալ և պրոգրեսիվ արևմտական ​​բնույթ: 1905-ից լույս էր տեսնում «Մոլլա Նասրեդին» երգիծական հանդեսը, որն իրեն թույլ էր տալիս իսլամական սովորույթների և հոգևորականների համարձակ ծաղրանկարներ։ 1912-ին բեմադրվեց «Արշին մալ Ալան» օպերետը, որը մինչ օրս արդիական է իսլամական աշխարհում։ 1918-ին Բաքվում հիմնվեց ժամանակակից հանրապետություն, բացվեց համալսարան և անգամ գիրը փոխվեց արևմտյան լատինականի։ (Այս ամենն ավելի վաղ էր, քան Աթաթուրքի բարեփոխումները Թուրքիայում): Իհարկե, էական էր ռուս մտավորականության երկարամյա ազդեցությունը, բայց նաև մրցակցությունը հայ և վրաց էլիտաների հետ։ Սա կկրկնվի գորբաչովյան Պերեստրոյկայի տարիներին, որին (և հարևան ժողովուրդների համախմբմանն) ի պատասխան ուժգնությամբ երևան կգա Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որպեսզի շուտով փլուզվի, ինչպես 1920-ի Առաջին Հանրապետությունը։ Երկու դեպքում էլ հնարավոր չեղավ զսպել ամբոխի՝ մեծամասամբ հակահայկական բնազդները։

Հիմա պատկերացրե՛ք, թե ինչպես է ազգամիջյան այս մոլեգնած կռվին դիմակայել Ստալինը, որն իր պատանեկությունն անցկացրել է ընդհատակում՝ Թիֆլիսում և Բաքվում, իսկ հետո բացակայել՝ աքսորի ու հեղափոխության տարիներին: 1921-ին Ստալինը բուժման նպատակով ժամանում է Կիսլովոդսկ, որտեղ Կիրովը և Օրջոնիկիձեն համոզում են նրան գալ Թիֆլիս՝ Ռուսաստանի կոմունիստական բանվորական կուսակցության անդրկովկասյան բյուրոյի առանցքային նիստին մասնակցելու։ Այն ժամանակ առաջնորդին սուլում էին իր իսկ վրացիները, այդ թվում՝ հեղափոխական երիտասարդության տարիների շատ ընկերներ, որոնք այդ ժամանակից ի վեր շատ էին փոխվել: Առաջին մղումը «բուրժուական» հանրապետությունների վերացումն ու Անդրկովկասը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելն էր՝ ինքնավարության նվազագույն իրավունքներով։ Դրանում վրացի Ստալինին լիովին աջակցում էր լեհ Ձերժինսկին, որն առաջարկում էր Կովկասում ցրել Չեկայի օրգանները՝ որպես կոռուպցիայով ու ծխականությամբ «փտած»։

Լենինը դեմ էր․ նա երբեք չէր ապրել կայսրության ազգային ծայրամասերում, բայց համաշխարհային հեղափոխության հաղթանակի դեպքում հույս ուներ ամբողջ Ասիան և, հնարավոր է, Եվրոպան ընդգրկել ապագա Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միության մեջ: Որպես հավատարիմ լենինիստ՝ Ստալինը փոխեց իր քաղաքական կուրսը և, ընդգծենք, ձևով մինչև վերջ հավատարիմ մնաց այդ որոշմանը։ Այնուամենայնիվ, Ստալինը կենտրոնացված կուսակցական ապարատի և պետական ​​անվտանգության մարմինների հիմքում Լենինի առաջարկած համադաշնությունը լարեց Միությունից դուրս գալու իրավունքով: Պերեստրոյկայի տարիներին կարծր միջուկի հեռացմամբ ԽՍՀՄ-ը փլուզվեց։

Ի՞նչ արեցին Ղարաբաղի և վիճելի այլ էթնիկ անկլավների հետ 1921-ին։ Նրանք գրեթե բոլորը ստացան ինքնավարություն, բայց ոչ ամբողջական անջատում՝ Աբխազիան, Հարավային Օսիան և հատկապես թուրքամետ Աջարիան, որի նավթային նավահանգիստը՝ Բաթումին, ռազմավարական նշանակություն ուներ։ Ստալինը գիտեր, որ Ղարաբաղում մեծամասնությունը հայեր են։ Բայց նա մարքսիստ էր և մատերիալիստ, որը ազգային երկպառակությունը համարում էր հետամնացության արդյունք։ Ո՞վ կարող էր Ղարաբաղն ավելի արագ դուրս բերել միջնադարյան վիճակից՝ 1921-ի դժբախտ Երևա՞նը, թե՞ արդյունաբերական Բաքուն։ Այն ժամանակ Բաքվում հայերն ավելի շատ էին, քան Երևանում։ Դա է այդ տարիների ողջ տրամաբանությունը։ 1980-ականների վերջին արդեն Պերեստրոյկայի լրագրությունն իր տրամաբանությամբ դրանում կտեսնի Ստալինի չարագուշակ ծրագիրը, որն իբր կանխատեսում էր ապագա ժողովրդավարացումը։

Հետդարձ դեպի աշխարհի ծայրամաս, 1991-2021

Անդրկովկասում խորհրդային իշխանության բոլոր 70 տարիների ընթացքում տեղի էր ունենում բնակչության փոխանակում և հանրապետությունների ազգային դիմագծի ամրապնդում։ Շատ առումներով գործընթացը զուտ ժողովրդագրական բնույթ ուներ: Էթնիկ գյուղերի բնակիչները գալիս էին քաղաք կրթության ու նոր կյանքի համար, իսկ ոչ տիտղոսակիր ազգությունների հին քաղաքաբնակները տեղափոխվում էին իրենց ազգային մայրաքաղաքներ կամ մեկնում Մոսկվա ու Լենինգրադ: Այսպիսով, Թբիլիսին աստիճանաբար դարձավ վրացական, Բաքուն՝ ավելի ադրբեջանական, իսկ Երևանը ճարտարապետական ​​տեսքով ու մշակութային առումով վերածվեց ԽՍՀՄ ազգային մայրաքաղաքներից մեկի։ Հայերը գավառական Ղարաբաղից հեռանում ու երջանկություն էին որոնում միգրացիոն շղթաներով. համագյուղացու հաջողությունը գրավում էր շատերին: Ահա թե որտեղից են գալիս գեներալներ ու մարշալներ, գիտնականներ ու գործարանների տնօրեններ տված գյուղերի անհավանական օրինակները։ Գյուղաբնակ ադրբեջանցիները, որոնք մուսուլմաններին բնորոշ ծնելիության բարձր մակարդակ ունեին՝ համեմատաբար ցածր կրթությամբ, բնակություն էին հաստատում առավելապես հորիզոնական՝ դառնալով հովիվներ, կոլխոզնիկներ ու բանվորներ հայ հարևանների լքած ու աստիճանաբար դատարկվող գյուղերում: Հետ նայելով՝ շատ հայեր հանկարծ ամենավատ կասկածներով հասկացան, որ իրենց նախնիների գյուղերում փոխվել է էթնիկ կազմը։ Սակայն ճիշտը խոսենք՝ Բաքվի ու Մոսկվայի լավ հայ ընտանիքներից քանի՞ համալսարանավարտ կտեղափոխվեր Ղարաբաղի գյուղ։ Ստալինյան ժամանակաշրջանում զանգվածային վերաբնակեցումներ իրականացնում էին նաև պետական ​​անվտանգության մարմինները իրենց սեփական, ոչ միշտ հասկանալի պատճառներով։ Անգամ գաղտնի արխիվների բացմամբ մենք հազիվ թե պարզենք, թե արդյոք դեր խաղացել է այն փաստը, որ այդ գործողությունները ղեկավարել են վրացիներ Ստալինը, Բերիան և ՆԿՎԴ/ՄԳԲ-ի գեներալ Միխայիլ Գվիշիանին։ 1945-ից հետո Ստալինը, ըստ երևույթին, մտադիր էր Անդրկովկասում ընդլայնել խորհրդային սահմանները։ Թուրքիայից կարող էին խլել սևծովյան Տրապիզոնի շրջանը՝ փոխանցելով այն Վրաստանին, իսկ Արարատից այն կողմ գտնվող բնիկ հայկական հողերը կարող էին բնակեցվել սփյուռքահայ հայրենադարձներով ամբողջ աշխարհից։ Չափազանց կասկածամիտ Ստալինի պարագայում անհավանական է հնչում, սակայն սկսվեց արտասահմանցի հայերի հայրենադարձությունը, իսկ ադրբեջանցիներին Հայաստանից սկսեցին վերաբնակեցնել Նախիջևանում: Ընդ որում, Ադրբեջանը կարող էր կրկնակի մեծանալ իրանական Թավրիզի շրջակայքի ազգակից գավառների հետ վերամիավորմամբ: Հավանաբար դա կանխեց հին իմպերիալիստ Չերչիլի համառությունն ու միջուկային զենքի՝ այդ տարիների ամերիկյան մենաշնորհը։

Թուրքիան և շահական Իրանը շուտով դարձան հակախորհրդային ու ամերիկամետ: Թեհրանի և Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ ընդմիշտ լարված կմնան պատմության և աշխարհաքաղաքականության պատճառով: Երկու հարավային հարևանները հիշում են ինչպես 16-րդ դարի իրենց կայսերական վեհությունը, այնպես էլ Ռուսաստանի հետ պատերազմներում կրած կորուստները: Պարադոքսը երևի թե միայն այն է, որ Իսլամական Հանրապետությունը բարեհաճ է քրիստոնյա Հայաստանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը պատմական ու մշակութային առումով իրենն է Իրանի համար, բայցևայնպես դարձել է թուրքամետ։ Թուրքիան շիաների վաղեմի թշնամին է։

Հայերն ու ադրբեջանցիները չեն ուզում նկատել իրենց երբեմն զարմանալի նմանությունները։ Սակայն սա նույնպես բնական է։ Երկու հանրապետություններում էլ Պերեստրոյկայի մտավորականության առաջնորդները դարձան պատմաբաններ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Աբուլֆազ Էլչիբեյը։ Երկուսն էլ զբաղվել էին իրենց ժողովուրդների միջնադարյան բանասիրությամբ։ Երկուսն էլ միջին դիրքեր էին զբաղեցնում գիտության մեջ, որ ափսոս չէր կորցնել հանուն հանրահավաքներում ակնթարթային ժողովրդականության։ Ֆիզիկոսներ Վազգեն Մանուկյանը և Ռահիմ Ղազիևը դարձան հետխորհրդային պաշտպանության առաջին նախարարները։ Վերջինիս դատեցին 1990-ականների սկզբին Շուշիի կորստի համար։ Այսօր տրիբունալ է սպառնում մի շարք հա՛յ զինվորականների՝ նույն վայրերը կորցնելու համար։ Տարբերությունն այն է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում հայ մարտիկներին առաջ էր մղում իրենց ժողովրդի դարավոր հալածանքների վրեժի ծարավը, ինչպես նաև խորհրդային հայրերի սխրանքի նմանակումը. 1992-ի մայիսի 9-ին Շուշիի գրավումը հայերը հռչակեցին Հաղթանակի օր։ Հազարավոր կամավորներին ղեկավարում էին նախկին խորհրդային կանոնավոր բանակի հարյուրավոր հայ սպաներ։ 2020-ին կողմերը փոխվեցին տեղերով, երբ հայերն արդեն հասկացան իրենց ղեկավարության քաղաքական ու կազմակերպչական անզորության ու հրամանատարական կազմի կոռումպացվածության մասին, որ անհամատեղելի էին արիության հետ։ Ադրբեջանցիներին էլ առաջ էին մղում վրեժի ծարավն ու թուրք հրամանատարները. 1994-ի գարնանը առաջին պատերազմն ավարտվեց Հայաստանին Ղարաբաղի դե ֆակտո միացմամբ՝ նախկինում ադրբեջանական յոթ շրջաններից բաղկացած բուֆերային գոտով հանդերձ։ Հայկական կողմի հնչեցրած կոչերը, թե գոնե քրդերը կարող են մնալ, որևէ ազդեցություն չունեցան։ Նվաճված հողերը դատարկվեցին, որոնց յուրացման համար հայերը առանձնապես ո՛չ ցանկություն ունեին, ո՛չ էլ միջոցներ։ Կասկածելի է, որ այժմ Ադրբեջանը հեշտությամբ կարող է գտնել պահանջվող հսկայական գումարներն ու առնվազն կես միլիոն վերաբնակ։ Ղարաբաղի հարակից շրջանները վաղուց դարձել են և կարող են երկար ժամանակ մնալ ռազմական պոլիգոն։ Ցանկացած զուգադրություն միայն մասնակի է: Հայաստանում Պերեստրոյկայի մտավորականների վարչակարգը (որոնք արագ վերափոխվեցին, ինչպես Ռուսաստանում իրենց ելցինյան նմանակները) պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ սովորականից երկար գոյատևեց։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի հրամանատարներից դուրս եկած ուժայինները 1998-ին մտավորականությանը անխուսափելիորեն պաշտոնանկ արեցին։ Քանի որ այն տարիների հայ զինվորականությունը հիմնականում պարտիզանական էր, Հայաստանի նոր վերնախավը, պարզվեց, նման էր տեղական օլիգարխ դարձած «պապաներին» ու խորամանկ մատակարարներին։ Արյունալի միջադեպերի ժամանակ վեր բարձրացան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ ոչ միայն ղարաբաղցի էին, այլև, ամենակարևորը, կոմսոմոլի նախկին աշխատակիցներ, որոնք ավելի ունակ էին կաբինետային ղեկավարմանը, քան մայրաքաղաքի գիտնականները կամ առավել ևս՝ թաղային հեղինակությունները։

Հայաստանում նավթ չկար, բայց կային գունավոր մետաղներ ու մետաղի ջարդոնի արտահանում մեռած գործարաններից ու Ղարաբաղյան պատերազմի գոտուց։ Գումարած Սփյուռքից ստացված նվիրատվություններն ու հարազատների դրամական փոխանցումները, ինչից կարելի է շահույթ ստանալ փոխանակման բանկերի և մենաշնորհային առևտրային ցանցերի միջոցով: Ահա այստեղից է հարստության կենտրոնացումը Հայաստանի՝ մինչև վերջերս գիտաարդյունաբերական բնակչության դասակարգազերծ զանգվածի մոտ։ Գործերի այս ընթացքը հարուցում էր օտարացում ու հուսահատություն՝ դրդելով հեռանալ երկրից։ Խրոնիկ ցածր լեգիտիմության և ցանկացած կայծի պատճառով բողոքի ցույցերի սպառնալիքի իրավիճակում Հայաստանի ղեկավարները գերադասեցին հետին պլան մղել Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Իրենց անկայուն դիրքում ռիսկերից խուսափելը խելամիտ էր թվում․․․ առայժմ:

Գրեթե նույնը եղավ ադրբեջանական կողմում։ 1993-ին Հեյդար Ալիևը վերադարձավ որպես փլուզված երկրի փրկիչ, որտեղից վտարվել էր մինչև 400,000 բազմահմուտ հայ։ Դրան հետևել էր բազմաթիվ ռուսների, հրեաների, էթնիկ գերմանացիների վտարումը։ Բաքվում և Կիրովաբադում (Գյանջա) դատարկված բնակարանները, ամենայն հավանականությամբ, հասնում էին ոչ թե Հայաստանից ու Ղարաբաղից եկած փախստականներին, այլ նրանց, ովքեր ունեին իրենց ուժային ռեսուրսները (այսինքն՝ հանցագործներին) կամ կապեր (հովանավորչություն) Ալիևի հարաճուն ռեստավրացվող վարչակարգում։ Ինչպես դառնորեն կատակում էին բաքվեցիները՝ «ոսկե ձեռքերը գնացին, ոսկե ատամները եկան»։ Ի դեպ, սա ևս իր ուրույն, թեկուզ ոչ այնքան աղետալի զուգադրություններն ուներ հետխորհրդային Հայաստանում, որտեղից հեռացավ բնակչության մինչև մեկ երրորդը, հաճախ՝ ամենաորակյալները։

Հեյդար Ալիևը պատերազմը կանգնեցրեց 1994-ի մայիսին, բայց ավելի վաղ, քան թույլ կտար, որ իր զինյալներն ու դաշտային հրամանատարները մեռնեն կամ խայտառակվեն։ Իսկ առավել ցասկոտներին բանտարկում էին դավաճանության համար: Սակայն Ադրբեջանն ամայացած էր, իսկ նավթի գները, հիշեցնեմ, մնում էին ամենացածր մակարդակի վրա։ Հեղինակավոր նախագծերը, Դուբայում ու Լոնդոնում առանձնատները, զենքի շռայլ գնումները տեղի կունենան արդեն հայր Ալիևի մահից՝ 2003-ից հետո: Սթափ դատողության պարագայում՝ կասպյան նավթի, գազի և Վրաստանով խողովակաշարերի շուրջ աղմուկը պայմանավորված էր ոչ այնքան իրական շահույթով, որքան արևմտյան ֆինանսական խաղացողների, հենց Բաքվի, ինչպես նաև Վաշինգտոնի քաղաքական օպերատորների շահերի համընկնումով, որոնք կարիերա էին անում Իրանը, Ռուսաստանը և ՕՊԵԿ-ի արաբական երկրները միաժամանակ շրջանցող բարդ սխեմաներ նախագծելով՝ Եվրոպան (և Իսրայելը) ԱՄՆ-ի հովանու ներքո կապելով էներգիայի նոր աղբյուրների հետ։

Հայր Ալիևը շրջահայաց էր և աղմուկին չէր ենթարկվում։ (Նա բացարձակապես նման չէր Սաակաշվիլիին): Նա ամրապնդեց իշխանությունը՝ աստիճանաբար արտագաղթի մղելով մրցակիցներին և այլախոհներին կամ էլ գնելով նրանց կոմպրոմատների ու ձեռնտու պաշտոնների համադրությամբ: Ադրբեջանում «գունավոր հեղափոխության» վտանգը վերացավ նրա որդու գահակալության հենց առաջին տարիներին՝ ժառանգած ընտանեկան կապերի և պալատական ​​խորհրդականների շնորհիվ։ Իշխանության ժառանգական փոխանցումը չափազանց վտանգավոր պահ է անգամ օրինական միապետերի համար, էլ չասած՝ անձնական իշխանության վարչակարգերի, առավել ևս՝ նավթային ակտիվներով:

Նայեք արաբական արևելքին: Այս ֆոնին հետխորհրդային Ադրբեջանը աներկբա հաջողություն է, որը բխում է նրա հիմնադրի խորհրդային կենսագրությունից: Հայր Ալիևի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը հիացմունքի է արժանի։ Ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի, Իրանի կամ Թուրքիայի հետ կապակցում, այլ դրանց հետ հավասարահեռ գործընկերություն։ Ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի, Իրանի կամ Թուրքիայի հետ կապ, այլ հավասարահեռ գործընկերություն, ոչ թե բացահայտ աջակցություն չեչեն անջատողականներին, այլ շարժման գաղտնի ալիք, որը թույլ էր տալիս հետևել նրանց: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններում՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ։

Ղարաբաղյան հակամարտությունը երկար՝ 26 տարով սառեցնելու բանալին Բաքվի հաշվարկներում էր։ Հաղթանակած Հայաստանի հետ հաշտությունը կնշանակեր զիջումներ, որ առաջարկում էին բոլոր միջնորդ տերությունները։ Բայց նրանցից ո՞վ կպաշտպաներ Ալիևի վարչակարգը, եթե Բաքվի հրապարակները կրկին լցվեին խռովարարներով։ Իսկ պատերազմը է՛լ ավելի մեծ ռիսկեր էր պարունակում։ Հայերից նոր պարտությունը կառաջացներ գորշ ամբոխի խռովությունն ու պալատականների փախուստը։ Նույնիսկ հաղթանակն իր մեջ կրում էր ազգային հերոսների ու փառատենչ զորավարների ի հայտ գալու վտանգը, ինչն անընդունելի է ընտանեկան իշխանության վարչակարգերի համար։ Նկատենք, թե ինչպես է այսօր դրանից խուսափում Իլհամ Ալիևը, որի քարոզչությունը հաղթանակը վերագրում է անձամբ նախագահին և գրեթե ոչինչ չի ասում ադրբեջանցի զինվորների, առավել ևս՝ գեներալների սխրանքների մասին, որոնց շարունակում են ավելի շատ պաշտոնանկ անել, քան պարգևատրել։

Գործունեության իմիտացիա ստեղծելը տրամաբանական էր՝ բանակցությունների անվերջ շրջափուլեր, միջազգային դիվանագետների ու փորձագետների համատարած կաշառք՝ հանուն իմիջի բարելավման, ոչ պակաս անվերջ սադրանքներ հայկական զորքերի հետ շփման գծում, որոնք իրենց ստատիկ դիրքերում վերածվել էին թիրախների։ Եվ, իհարկե, շքեղ շքերթներ Բաքվում։ Սակայն լիցքավորված զենքը, ի վերջո, կրակում է:

Եզրակացություն՝ միջանկյալ թերհաղթանակ

2020-ի պատերազմը շատ առեղծվածներ թողեց իր հետևում։ Բաքվում գիտեն լռել: Երևանում, ընդհակառակը, բացահայտումները թռչում են բոլոր ուղղություններով: Բայց ինչպե՞ս դրանք տարբերել ինքնարդարացնող ապատեղեկատվության աղմուկից։

Ի՞նչ էր նշանակում 2016-ի ապրիլյան քառօրյա բռնկումը՝ ադրբեջանական կողմից գոլորշու բացթողո՞ւմ, նոր ուժերի փորձարկո՞ւմ, թե՞ դիրքային փակուղին հաղթահարելու անհաջող փորձ։ Արդյունքում ամենամեծ զոհը յուրովի դարձավ ամենահանգիստ Սերժ Սարգսյանը, որին փոխարինեց ընդդիմության հիպերակտիվ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա՞ է արդյոք Իլհամ Ալիևին հասցրել ծայրահեղության, թե՞ 2020-ի սեպտեմբերի 27-ի հարձակումը հրահրվել էր դրանից մի քանի ամիս առաջ Տավուշում տեղի ունեցած սահմանային մարտերով, որ անհաջող էին Բաքվի համար։

Ստացվում է, որ Իլհամ Ալիևը մեքենայի բանալին պարզապես տվեց ավագ եղբո՞րը՝ Էրդողանին։ Դրա բացատրությունը ադրբեջանական հարձակման անսպասելի համառությունն է, որը չդադարեց անգամ այն ժամանակ, երբ հայերը, չնայած էական կորուստներին, կարողացան կանխել բլից-կրիգը և հակառակորդին ստիպել զգալի կորուստներ կրել։ Եթե ​​հայերը նահանջելու տեղ ունենային, Հադրութն ու Շուշին կարող էին դառնալ այն, ինչ Վերմախտի համար դարձան Սմոլենսկն ու Ստալինգրադը։ Կարելի է հիշել նաև Ստալինի երկու բազմաբովանդակ արտահայտությունները՝ «քաքմեջ արին» («просрали»), որ ասել է 1941-ին, և «խաղակոխ եղավ» («доигрался»), որ ասել է 1945-ին Հիտլերի ինքնասպանության լուրի հաղորդմանն ի պատասխան։ Ղարաբաղյան ճակատում, սակայն, հայերը չձգեցին մինչև իրենց 1943-ը և 1945-ը։ Հավե՞րժ է արդյոք դա:

Որտեղի՞ց է Մոսկվայի դիվանագիտական ​​ջանքերը խափանելու նման կամքը՝ զգուշավոր Բաքվի՞ց, թե՞ Անկարայից, որը համարձակ խաղադրույքներ է կատարում միաժամանակ աշխարհի իր տարածքում գտնվող բոլոր խաղատախտակների վրա: Ինչո՞ւ, ուրեմն, Պուտինի առաջարկներն ընդունվեցին այն ժամանակ, երբ Ղարաբաղը կարծես թե վերածվում էր հայերի մահվան կաթսայի։ Ինչպե՞ս է այժմ Բաքուն պատրաստվում իր տարածքում միավորել չորս բանակ՝ իր սեփականը, թուրք ռազմական փորձագետներին, ռուս խաղաղապահներին ու հայկական կազմավորումների մնացորդներին: Առանձին հարց է, թե Իրանը ինչ կարող է ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանում իսրայելցիների ներկայության (որոնց համեմատ սիրիացի ջիհադիստները անհասկանալի, բայցև կուրյոզ են):

Վերջապես, ադրբեջանական էքսկլավ Նախիջևանի տարածքից հրթիռով Հայաստանի օդում խոցվեց ռուսական ռազմական ուղղաթիռը՝ մարտական ​​գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ժամ առաջ, ինչի համար Ալիևն անմիջապես ներողություն խնդրեց։ Այնուամենայնիվ, իրական սխալանքը շատ ավելի հեշտ է հերքել, և ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող էր նման վրիպում լինել նշանառության ժամանակակից միջոցների պարագայում։ Միգուցե տաքարյուն ինչ-որ մե՞կը վերջին պահին հարվածեց։ Ինչպե՞ս Մոսկվան համոզեց ադրբեջանա-թուրքական գործընկերներին կանգ առնել հաղթանակի շեմին։ Ինչո՞ւ նրանք ընդունեցին այս շատ երկիմաստ ավարտը։ Ինչո՞ւ տարածաշրջանում ճանապարհային հաղորդակցությունների վերաբացման՝ առաջին հայացքից կապիտուլյացիայի հետ չկապվող կետը հայտնվեց։ Մոսկվան պնդում է, Երևանը տատանվում է, Բաքուն համառում է, Թբիլիսին լարված սպասում է, և հանկարծ Անկարան կարծես ողջունում է։ Այս մասին պետք է լուրջ խորհեն անգամ Վաշինգտոնում, Փարիզում, Լոնդոնում և Բեռլինում ու հատկապես՝ Թեհրանում, Թել Ավիվում և Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքներում։ Այս հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում պարզ կդառնան ղարաբաղյան բախման՝ այսուհետ բազմաթիվ կողմերի հետագա գործողությունների դիտարկումից։ Այժմ պարզ է միայն, որ Անդրկովկասում բռնկվել էր կանխատեսելի ու միաժամանակ անսպասելի հրդեհ, որն այրել է հետխորհրդային կոնստրուկցիայի մի առանձին, բայց ռազմավարական նշանակության հատված։ Անկասկած, շուտով մեզ սպասվում են իշխանության փոփոխությունների մշտապես հանկարծակի նորություններ, հնարավոր է՝ Մոսկվայում կամ Բաքվում, հավանաբար նաև Անկարայում։ Դրանց սպասում են նաև արտաքին խաղացողները՝ Պեկինից մինչև Վաշինգտոն։

Ամենականխատեսելին այստեղ Հայաստանն է թվում, որտեղ ցանկացած ռեժիմ կախված կլինի Ռուսաստանից և որը կփորձի վերականգնել բանակն ու արդյունավետ պետական կառավարումը։ Դրանում հայկական գլոբալ սփյուռքը կլինի այնքան ռուսամետ, որքան որ դա ընդունելի կլինի իրենց երկրների քաղաքականության համար։

Ընդհանուր առմամբ, անկասկած է այն, որ Եվրասիայի տարածքներում վերսկսվել է Մեծ խաղը կամ Արևելյան հարցը։ Ղարաբաղյան հակամարտությունը վերջին հարյուրամյակի ընթացքում Անդրկովկասում էթնիկ բնակչության փոխանակման վերջին փուլն էր։ Այսուհետ դա արդեն համաշխարհային դիմակայության նոր փուլ է։

Աբու Դաբի, հունիս, 2021

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

«Փոթորիկ Կովկասում» գրքից այլ հրապարակումներ

«Օդն ընդդեմ օդի» Ղարաբաղյան պատերազմում․ վերլուծություն

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Թուրքիայի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում. հայացք Անկարայից

2020-ի պատերազմը շատ առեղծվածներ է թողել․ Գեորգի Դերլուգյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը․ Անտոն Լավրովի վերլուծությունը

Ադրբեջանական ԱԹՍ-ները և հայկական ՀՕՊ-ը 44-օրյա պատերազմում․ վերլուծություն

Ղարաբաղյան պատերազմների մտավոր աշխարհագրությունը․ Ալեքսանդր Իսկանդարյան

Մեկնաբանել