«Ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է տարածել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «առնվազն տարակուսելի են» դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ։ Այդ մասին նա նշել է ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանում ներկայացնելով։ Գործադիրի ղեկավարը մասնավորապես գրել է․

«Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետևյալ պատճառներով.

1. Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության մասին, հետևաբար՝ դրանց գոյանալու վրա որևէ ազդեցություն ունենալ չէի կարող։

2. Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետև բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետևաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում և հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։

3. Ինչ վերաբերվում է մինչև կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական և պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետև ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձևերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։

4. Այս և մի քանի այլ կարևոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։

5. Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը։

6. Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։

7. Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետևանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»,- նշված է վարչապետի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել