Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ «Ապրելու երկիր»-ի հայտարարությունը

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով դեկտեմբերի 24-ին վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին հնչեցրած հայտարարություններին։


««Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` Արցախի
հարցով մեր նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991
թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի
ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի
լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը
ստորադասել։
Այս համատեքստում կուսակցությունը սատարում է Արցախի Հանրապետության
նախագահ Արայիկ Հարությունյանի 26.12.2021թ․ հայտարարությունը և հայտնում է
իր անվերապահ աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ արցախահայության
ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։
Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցում ենք 1992թ․ հուլիսի 8-ին
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ
գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին»
որոշման մասին, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության
համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ,
որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Մեկնաբանել