Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի գործիչների ու գիտնականների հանդիպում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի գործիչների և գիտնականների հանդիպում։

Հայաստանի պատվիրակության կազմում է եղել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ է ներկայացրել հանդիպումից։

«Յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում: Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ Զինվորի տան մասին,որը ստեղծել է հայ ժողովուրդը։ Պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի տանը հենց ադրբեջանցու պատճառով։ Ասեմ`խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու։ Մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին, հստակ ասեցինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում…»»,- գրել է Մուրադյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պատվիրակության օրակարգում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի և նրանց առողջական վիճակի հարցերն են եղել։

«Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղակատվություն, այդ իսկ նպատակով առաջարկել ենք բժիշկների խմբի գործուղում գերիների մոտ։ Հավելեմ՝ Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո, խոսեցինք մեր պատմամշակութային վտանգված հարստության մասին։ Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում»,- ասված է Արմեն Մուրադյանի գրառման մեջ։

ԵՊԲՀ ռեկտորը հիշեցնում է, որ հայ և ադրբեջանցի մշակույթի գործիչների և գիտնականների մասնակցությամբ հանդիպումներ նախաձեռնվել են նաև 2004-ին, 2006-ին և 2008-ին:

«Շուրջ մեկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ես՝ որպես բժիշկ արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե հանդիպման ժամանակ և թե հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին: Այս հանդիպումը, հնարավորություն էր, այդ նպատակին հասնելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք»,- գրել է նա։