Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նշանակվել են Հայաստանի հետ կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիա ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթները կվերաբացվեն առաջիկա օրերին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Հունանյանը։
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան է, իսկ Թուրքիան ներկայացնելու է թուրք փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը։