Փաշինյանը մեկ օրվա մեջ հակասում է ինքն իրեն

nikol pashinyan

Անի Գրիգորյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ օրվա ընթացքում ֆեյսբուքյան երկու գրառում արեց՝ անդրադառնալով դեկտեմբերի 24-ի առցանց իր հարցազրույցի արձագանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային բովանդակությանը։

ՍիվիլՆեթն արդեն անդրադարձել է Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհապատասխանող և մանիպուլացնող հայտարարություններին։

Սակայն հատկանշական է, որ Փաշինյանը ֆեյսբուքյան վերջին երկու գրառումներում հակասում է ինքն իրեն՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մասին խոսելով։

Այսպես, դեկտեմբերի 26-ին հրապարակած գրառման մեջ Փաշինյանը նշում է, որ բանակցային բովանդակությամբ ամրագրված էր ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, և նրանք պետք է բնակվեին ԼՂ-ում։

«Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում»,- գրել է Փաշինյանը։

Սակայն, Փաշինյանը չի նշում մի կարևոր փաստ՝ բանակցային գործընթացի վերջին 15 տարվա հիմնական՝ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերում հստակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Երկրորդ գրառման մեջ Փաշինյանն այնուամենայնիվ նշում է, որ հանրաքվեին պետք է մասնակցեին այնքան ադրբեջանցիներ, որքան ապրել են մինչև հակամարտության սկիզբը, սակայն այս անգամ էլ պնդում է անում, թե այդ կետը երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է պնդել՝ 2016-ին։

«Ի դեպ, այդ նույն ժամանակ [2016 – խմբ.] Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին ԼՂԻՄ-ում: Ինչու՞ է սա արել, որովհետեւ հասկացել է, որ բանակցային բովանդակության տրամաբանությամբ այդ ենթադրվող հանրաքվեի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ադրբեջանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնություն լինել»,- գրել է Փաշինյանը։

Սակայն ինչպես արդեն վերևում նշեցինք, դեռ 2007-ի նոյեմբերին կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետով սահմանվում էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: «Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»,- նշվում էր փաստաթղթում։

Որքան հայ և ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում 1988-ին

Մինչև հակամարտությունը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 76-77 տոկոս։ ԼՂԻՄ-ի բնակչության ազգային համամասնության տվյալներ մինչ հակամարտությունը հասանելի են Խորհրդային Միության 1979-ին անցակցված մարդահամարի տվյալներից։ Այսպես, ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ և 37 264 ադրբեջանցի։ Այսինքն, մինչ հակամարտությունը հայերի տեսակարար կշիռը եղել է 76 տոկոս, իսկ ադրբեջանցիներինը՝ 23 տոկոս։

Արդեն հակամարտության ժամանակ՝ 1989-ին անցկացված Խորհրդային Միության վերջին մարդահամարի արդյունքներով՝ ԼՂԻՄ-ի բնակչությունը եղել է 189 085, այդ թվում 145 450 հայ (77%) և 40 688 ադրբեջանցի (21,5%)։

Փաստացի, Փաշինյանը բանակցային գործընթացը, ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է ոչ ամբողջական, ինչպես նաև հակասում է ինքն իրեն։