«Արի հետս»․ ինչպես ճամփորդել տանը նստած

Ես գնում եմ որևէ տեղ, բայց մարդկանց տանում եմ հետս․ այս գաղափարն է կրում 2020-ին կորոնավիրուսային համավարակի ընթացքում կարանտինի ժամանակ «ճամփորդելու» հնարավորություն տալու նպատակով ստեղծված «Արի հետս» հաղորդաշարը։ Ծրագրի համակարգող Սոնա Մարգարյանը պատմում է, որ փորձել են մշակել ձևաչափ, որի փորձը աշխարհում ընդհանրապես չի եղել։ Մեդիայի և վավերագրական ֆիլմերի ոլորտից Սոնան նախկինում ճամփորդական հաղորդումներ պատրաստելու փորձ չի ունեցել։

«Արի հետս»-ի հաղորդումների ժամանակ հաղորդավարը որևէ վայրից ուղիղ եթեր է մտնում և հնարավորություն է տալիս դիտողներին ուղղակի ազդեցություն ունենալ հաղորդման ընթացքի վրա։ Դիտողները կարող են առաջադրանքներ տալ հաղորդավարին, որը պետք է կատարի դրանք։

«Եթե հաղորդավարը, օրինակ, Գյումրիում է, ես էլ տանը նստած նայում եմ՝ ինչպես է ինքը Գյումրիում շրջում, կարող եմ իրեն ասել՝ «գիտես՝ ամբողջ կյանքս երազել եմ, որ օրինակ էն ֆանտանը տեսնեմ, որ խնդրեմ կգնա՞ս տեսնես»»,- բացատրում է Սոնան և ավելացնում, որ այդպես ապահովում են ինտերակտիվությունը։

Հաղորդաշարին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել GIZ-ի կողմից իրականացվող ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ Պատերազմի սկիզբը հաղորդման եթերը տեղափոխել է 2021-ի օգոստոս։

Սոնան նաև պատմում է, որ մինչև հաղորդման եթեր գնալը մեծ նախապատրաստական և հետազոտական աշխատանք է իրականացվում, մանրամասն աշխատում են տեխնիկական բոլոր դետալների վրա, հասկանում կապի հասանելիության խնդիրները։ Արդեն հասանելի են երեք մասերը՝ Գյումրիից, Հաղարծինից և Դսեղից։

Առաջին մասը նկարահանվել է Գյումրիում։ Հաղորդավարը՝ Ծովինարը Հակոբյանը, ուներ ցանկ՝ քաղաքում «Հայֆիլմի» ֆիլմերի տեղանքներով, որոնք նա պետք է գտներ՝ ընթացքում շփվելով նաև դիտողների հետ՝ կատարելով նրանց խնդրանք-առաջադրանքները։ Ծովինարի համար սա հաղորդավար լինելու առաջին փորձն էր։

«Ինչքան էլ շատերը մտածում են, որ գերակտիվ մարդ եմ, բայց ես հարմարավետության գոտի մտնող ու էնտեղ ապրող տեսակ եմ։ Ուզում էի դա հաղաթահարել, իսկ ամենալավ ձևը դրա մեջ մտնելն է։ Ու էդ շրջանում որոշել էի ամեն ինչին «հա» ասել»,- հիշում է Ծովինարը։

Ծովինարի համար բարդ էր նաև այն, որ նմանատիպ հաղորդումներ չէին գտել և չուներ նախատիպ, որից կարող էր օրինակ վերցնել։ Նա նշում է, որ հանդիսատեսի ներգրավվածությունը հեշտացնում էր աշխատանքը, քանի որ ամեն ինչ ավելի բնական էր դարձնում։

Սոնան և Ծովինարը հիշում են նկարահանումների ընթացքում զվարճալի դեպքեր, օրինակ՝ ուղիղ եթերի ընթացքում անձրևի սկսվելը կամ դիտողներից մեկի առաջադրանքը Ծովինարին՝ Գյումրիում անծանոթի հետ տանգո պարելը։

Մասնագիտությամբ UI/UX դիզայներ Ծովինարին «Արի հետս»-ում ներգրավվածությունը դուր է գալիս նաև այն պատճառով, որ սիրում է ճամփորդել, արշավների գնալ։ Ասում է, որ սերը մանկուց է եղել։

«Հավես ա էն, որ դու քեզ փորձության մեջ ես դնում, ու հաստատ 30 կմ քայլելուց հետո քեզ ավելի շատ ես սիրում։ Արշավից հետո ինքնդ քեզ գնահատում ես՝ ուժերդ, քեզնից քո սպասումները»,- բացատրում է նա։

Ուղիղ եթերները տեղի են ունենում Facebook և Zoom հարթակներում, հետագայում տեղադրվում են նաև Instagram-ում և Youtube-ում։ Սոնան նշում է, որ փորձում են հաղորդաշարը ներկայացնել մասնավոր սեկտորին և հեռուստաընկերություններին։

«Ունենալով էս հաղորդումները որպես հիմք՝ փորձում ենք հաղորդաշարը զարգացնել էն աստիճանի, որ ինքնուրույն մարմին դառնա ու զարգանա»,- ասում է Սոնան։

Սոնան կարծում է, որ Հայաստանը զբոսաշրջության մեծ ներուժ ունի՝ բնաշխարհի և եղանակի բազմազանություն, մշակութային հուշարձաններ և այլն, սակայն պետությունն ու մասնավոր հատվածը դեռ մեծ աշխատանք պետք է կատարեն։

——–

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ) և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, ինչը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով:

Նախագծի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շահառու ներգրավվել է տարաբնույթ դասընթացներում։

https://eu4business-tourism-tech.am/am

Մեկնաբանել