Ընտրությունների առթիվ շնորհավորանքներ Հայաստանից

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Բակո Սահակյանին շնորհավորելով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում` Բակո Սահակյանը «կշարունակի ԼՂՀ-ի պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը»:

Գարեգին Բ-ն իր ուղերձում նշում է. «Վստահ ենք, որ հայրենասեր ու ազգասեր նույն ոգով և պետական գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր գովարժան գործունեությունը` հանուն մեր ժողովրդի նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտման, Արցախի միջազգային ճանաչման ու անշրջելի առաջընթացի: Մեր աղոթքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ` Ձեր հայրենանվեր առաքելության մեջ, պարգևի քաջառողջություն և նորանոր հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարհի և հավատավոր արցախահայության»:

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը և ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարևոր հանգրվանի կապակցությամբ` նշելով. «Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել և չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին եւ արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ և ժողովրդավար մրցակցության վերածած և ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին»:

Մեկնաբանել