Հայաստանը 2022-ին դուրս է գալիս ԵՄ արտոնյալ առևտրի ռեժիմից՝ եկամուտների դասակարգման պատճառով

Մարկ Դովիչ

Հայաստանը 2022-ի հունվարի 1-ից դուրս կգա Եվրոպական միության արտոնյալ առևտրի ռեժիմից, քանի որ Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր։

ԵՄ-ի «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (Generalized Scheme of Preferences Plus) ծրագրի շրջանակում Հայաստանն ամբողջությամբ ազատված էր ավելի քան 6000 անուն ապրանքների մաքսատուրքերից: Հայաստանը «GSP+»-ին միացել է 2009-ին։

2020-ին Հայաստանը 128 միլիոն եվրոյի ապրանք է արտահանել ԵՄ՝ «GSP+»-ի շրջանակում։ Յոթ տարի առաջ, երբ Հայաստանը միացել էր այս բարեփոխված ծրագրին, նրա արտահանումը ԵՄ կազմել էր 42 միլիոն եվրո կամ ավելի քան եռակի պակաս վերջին ցուցանիշներից։ (2019-ին՝ մինչև COVID-19-ի համաճարակը, որը ցնցեց համաշխարհային տնտեսությունը, Հայաստանը ԵՄ արտահանման ռեկորդ էր գրանցել՝ 197 միլիոն եվրո՝ «GSP+»-ի շրջանակում):

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ «GSP+»-ի շրջանակում Հայաստանից ԵՄ արտահանման ավելի քան 96%-ը բաժին է ընկել հիմնական մետաղներին։ ԵՄ-ն հիմնական մետաղների շարքում դասակարգում է ալյումինը, պղինձը, կապարը, անագը և ցինկը: Հանքարդյունաբերությունը առաջատար դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ․ հանրապետությունն ունի պղնձի, ոսկու և մոլիբդենի զգալի պաշարներ։

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ անցյալ տարի Հայաստանի ընդհանուր առևտրի մոտ 18%-ը բաժին է ընկել ԵՄ-ին։ Արդյունքում ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկաներից է։

Ի՞նչ է «GSP+»-ը

ԵՄ-ի «նախապատվությունների ընդհանրացված սխեման», ըստ Եվրոպական հանձնաժողովի, միակողմանիորեն նվազեցնում է մաքսատուրքերը ԵՄ արտահանող զարգացող երկրների համար՝ «աղքատությունը մեղմելու և միջազգային արժեքների և սկզբունքների վրա հիմնված աշխատատեղեր ստեղծելու նպատակով»:

ԵՄ-ի «GSP» ռեժիմը սկիզբ է առնում Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններից, որոնք հիմնված են 1971-ին UNCTAD-ի («Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանս» կազմակերպություն) առևտրային նախաձեռնության վրա, համաձայն որի՝ զարգացած երկրներն ու բլոկները, ինչպես ԵՄ-ն, կարող են զարգացող երկրներին առաջարկել ոչ փոխադարձ առևտրային արտոնյալ վերաբերմունք: ԵՄ-ի «GSP»-ն, ըստ Եվրոպական հանձնաժողովի, «լայնորեն ճանաչված է որպես ամենաառաջադեմը իր տարածման և առավելությունների առումով»:

Հայաստանն օգտվում է ԵՄ-ի հետ «GSP+»-ի կարգավորումներից ութ այլ երկրների հետ միասին՝ Բոլիվիա, Կապո Վերդե, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ֆիլիպիններ, Շրի Լանկա և Ուզբեկստան:

Ինչո՞ւ է Հայաստանը դուրս գալիս «GSP+»-ից

«GSP+»-ին համապատասխանելու համար երկիրը պետք է վավերացնի 27 միջազգային կոնվենցիա մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության և լավ կառավարման վերաբերյալ: «GSP+»-ից օգտվելու համար երկիրը նաև պետք է համապատասխանի խոցելիության մի շարք չափանիշների, մասնավորապես, Համաշխարհային բանկի կողմից պետք է դասակարգվի որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր և չունենա դիվերսիֆիկացված տնտեսություն, որի արտահանումը ԵՄ ցածր մակարդակի վրա է:

Ծրագրից Հայաստանի դուրս գալը բխում է Համաշխարհային բանկի կողմից եկամուտների դասակարգման մակարդակից․ 2017-ից ի վեր Հայաստանը երեք տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր․ (ավելի վաղ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի մակարդակով Հայաստանը Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր)։ ԵՄ-ի կանոնների համաձայն՝ «GSP+»-ի ցանկացած շահառու երկիր, որը Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ դասակարգվում է որպես այդպիսին, դուրս է գալիս ծրագրից:

2020-ի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը հասել է բարձր միջին եկամուտ ունեցող երկրի կարգավիճակին և, համաձայն ԵՄ կանոնակարգի, Հայաստանին շնորհեց մեկ տարի անցումային շրջան, որն ավարտվում է հաջորդ ամիս։

«GSP+»-ն ավարտած վերջին երկիրը Պարագվայն էր, որը դուրս է եկել ծրագրից 2019-ին՝ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվելով որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր՝ 2015, 2016 և 2017 թվականներին:

Ի՞նչ կլինի հետո

Հունվարից Հայաստանը կսկսի առևտուրը ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիման վրա։ Հայաստանի հետ ԵՄ-ի այս համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտին և ընդգրկում է «ոլորտերի լայն շրջանակ», ներառյալ քաղաքական և տնտեսական հարցեր:

«GSP+»-ից դուրս գալուց հետո Հայաստանը էապես ավելի բարձր մաքսատուրքեր կունենա ԵՄ արտահանման համար, և Հայաստանի արտահանողների համար նոր ապրանքատեսակներով ԵՄ շուկա մտնելը ավելի բարդ կլինի, ասվում է գերմանական Berlin Economics հետազոտական ընկերության 2020-ի զեկույցում։

Ըստ հետազոտության՝ «GSP+»-ի ավարտից հետո Հայաստանի համար ԵՄ ներմուծման պարզ միջին մաքսատուրքը 0,8%-ից կբարձրանա մինչև 5,1%-ի, ինչը հետազոտության հեղինակներն անվանում են «զգալի աճ»։ Զեկույցում կանխատեսվում է տարեկան կտրվածքով դեպի ԵՄ Հայաստանի արտահանման 20% կրճատում, ընդ որում ակնկալվում է, որ հատկապես ծանր հարված կհասցվի տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտին:

Զեկույցը ցույց է տալիս, որ հայաստանյան տուժած ձեռնարկությունները կարող են վերակողմնորոշել իրենց արտահանումը դեպի այլ շուկաներ՝ մեղմելու «GSP+»-ից երկրի դուրս գալու բացասական ազդեցությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի պատասխանատու Կարեն Ազարյանը պնդում է, որ տուժած ձեռնարկությունները կարող են հաղթահարել խնդիրը՝ նաև բարելավելով իրենց արտադրողականությունն ու արդյունավետությունը:

«Տուժող ձեռնարկությունները կարող են արձագանքել՝ աշխատելով բարելավել իրենց արտադրողականությունը և արդյունավետությունը: Արտադրության ծախսերի կրճատումը թույլ կտա արտադրողներին մրցունակ մնալ ԵՄ շուկայում, նույնիսկ եթե ավելացվեն տուրքերը»,- ասում է նա: «Մասնավորապես, տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացումը, ինչպես նաև կադրերի վերապատրաստումը կարող են բարձրացնել արտադրության արդյունավետությունը և հանգեցնել ծախսերի կրճատման»,- կարծում է նա։

ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը նույնպես վստահություն է հայտնում, որ հայկական բիզնեսը կկարողանա դիմակայել «GSP+»-ից դուրս գալու հետևանքները։ ««GSP+»-ի դադարեցումը, իհարկե, կարճաժամկետ ազդեցություն կունենա։ Արտադրողներ, որոնք չեն հասցնի վերադասավորվել, խնդիրներ կունենան։ Այդ դեպքում նրանք [կարող են] դիմել էկոնոմիկայի նախարարությանը»,- ասել է նա։ «Մենք կաջակցենք, ուղղություններ ցույց կտանք և կբանակցենք կառավարությունների հետ»,- նշել է փոխնախարարը։