2007-ի ցույցերի բռնաճնշումները՝ Սաակաշվիլիի ամենամեծ սխա՞լը

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին (2004–2013) մեղադրվում է հակակառավարական ցույցերը ճնշելու և «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակում գործելու մեջ:

2007-ի նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 07:00-ից րոպեներ անց, վրացական ոստիկանության ստորաբաժանումները խորհրդարանի շենքի մոտից ցրեցին մոտ 200 ցուցարարների՝ առաջացնելով իրադարձությունների շղթա, որը 18 օր անց կավարտվեր նախագահ Սաակաշվիլիի հրաժարականով:

Բացի Թբիլիսիում նույն օրն ավելի ուշ փողոցային համեմատաբար խոշոր ցույցերը ցրելուց՝ կառավարությունը ներխուժեց և փակեց ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաալիքը՝ հետագայում վերցնելով դրա սեփականությունը:

Բռնությունը, ըստ Սաակաշվիլիի, արձագանք էր արտառոց հանգամանքների՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող հեղաշրջման, որը գլխավորում էր հանգուցյալ վրացի մագնատ և ընդդիմության առաջնորդ Բադրի Պատարկացիշվիլին: Սաակաշվիլին, այնուամենայնիվ, դեռևս հերքում է, որ անձամբ է այդ օրը հնչեցրել հրամաններ։

Նոյեմբերի 29-ին, ավելի քան 14 տարի անց, Վրաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ պետության նախկին ղեկավարը դատարանի առջև կանգնեց:

Սաակաշվիլին մեղադրվում է իր լիազորությունները չարաշահելու, այդ թվում՝ զինված ուժերին հակակառավարական ցույցերի դեմ օգտագործելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» համար, որը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ:

2007-ի բռնաճնշումները հարուցեցին տեղական և միջազգային դատապարտումների ալիք, այդ թվում՝ միջազգային դիտորդական Human Rights Watch խմբի և այն ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Լուիզ Արբորի կողմից: Դա արժեցավ Սաակաշվիլիին իր ժողովրդավարական բարեփոխիչի համբավը, և նա ստիպված եղավ նաև նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել:

2008-ի հունվարին Վարդերի հեղափոխության հանրաճանաչ առաջնորդը, որը չորս տարի առաջ ընտրվել էր ձայների 97%-ով, կարողացավ հավաքել քվեների 56%-ը և խուսափել երկրորդ փուլից։

Ցույցի ցրումը

Նոյեմբերի 7-ին կառավարությունը բախվել էր շաբաթներ շարունակ տևող փողոցային բողոքի ցույցերի՝ Սաակաշվիլիի հրաժարականի և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով: Օրը սկսվեց նրանով, որ ոստիկանությունը սկսեց բիրտ ուժ կիրառել խորհրդարանի մոտ փոքրաթիվ հավաքվածների վրա, այդ թվում՝ 16 հացադուլավոր ընդդիմադիր ակտիվիստների, որոնք այնտեղ գիշերել էին:

Կարճ ժամանակ անց ոստիկանությունը կիրառեց ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, հեռահար ակուստիկ սարքեր, ջրցան մեքենաներ և, ըստ լուրերի, նույնիսկ մարտական զինամթերք՝ ցուցարարների ավելի բազմանդամ խմբի դեմ, որը հայտնվել էր Ռուսթավելիի պողոտայում և Ռիկե զբոսայգում՝ Մտկվարի գետի ափին մոտ գտնվող տարածքում:

Ցրումը հանգեցրեց նրան, որ առնվազն 500 մարդ բժշկական օգնության կարիք ունեցավ, այդ թվում՝ երեք տղամարդ, որոնք ծանր՝ հրազենային վնասվածքներ ստացան, իսկ մեկը հայտնվեց կիսամեռ վիճակում՝ ոստիկանների ծեծից ստացած գլխի վնասվածքի հետևանքով:

Ի տարբերություն վաղ առավոտյան ուժի կիրառման, ոստիկանությունը զգուշացրել էր, որ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարների ավելի մեծ բազմության դեմ պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Դա չօգնեց Գոդերձի Շարաշիային, որը դեպքի վայրից ուղիղ եթերում հաղորդում էր «Մզե» հեռուստաալիքի համար։ Շարաշիայի խոսքով՝ նա ի վերջո կարողացել էր փախչել կոտորածից, բայց սայթաքել էր մեկ այլ հեռուստաալիքի մալուխի վրա և ընկել:

«Հիշում եմ, որ մի փոքրիկ կապույտ գնդակ կամ ինչ-որ բան պայթեց և գազ արձակեց հենց իմ քթի առջև։ Ես ոտքի կանգնեցի, նորից սկսեցի վազել, բայց հետո ոչինչ չեմ հիշում»,- ասել է նա OC Media-ին:

Մի շարք լրագրողներ հաստատել են, որ ոստիկանները հարձակվել են իրենց վրա և վնասել կամ առգրավել նրանց սարքավորումները, մի քանիսը վերադարձնելով նույն օրը։ Ցուցարարներից ոմանք քարեր են նետել հանդիպակաց ոստիկանների ուղղությամբ, ջարդել ոստիկանական մեքենաները և ծեծի ենթարկել առանձին ծառայողների։

Ռիկե զբոսայգու մոտակայքում իշխանությունները կարմիր ջրի շիթով նշաներկում էին ցուցարարներին՝ նրանց ավելի ուշ ձերբակալելու համար: Գիորգի Թևդորաշվիլին, որն այն ժամանակ 18 տարեկան էր, ամենալուրջ վնասվածքներ ստացած երեք մարդկանցից էր: Թևդորաշվիլին դեկտեմբերի 13-ին OC Media-ին ասել է, որ իր ոտքին կրակել են մարտական փամփուշտով, երբ նա օգնում էր Ռիկեի մոտ ցույցի ցրման ժամանակ վայր ընկած մի երիտասարդ տղայի:

Ըստ Գիորգի Թևդորաշվիլիի, որը վեց տարի առաջ իշխանությունների կողմից պաշտոնապես տուժող է ճանաչվել, թեև կառավարությունը հոգացել է իր վիրահատության ծախսը, նրա ընտանիքը ստիպված է եղել հանգանակություն կազմակերպել իր վերականգողական ծախսերի համար:

Թևդորաշվիլին, որը մինչև վնասվածքը «խելագարվում էր ֆուտբոլի համար», այլևս երբեք չի կարողացել խաղել: «Ես դեռ խնդիրներ եմ ունենում [ոտքիս հետ], երբ երկար տարածություններ եմ ացնում», -ասաց նա:

Նիկա Դիդիշվիլին, որը նույնպես ծանր վիրավորվել էր ոտքից՝ նոյեմբերի 7-ին փախչելով Ռիկեի մերձակայքը, ասաց, որ պատահաբար է հայտնվել ցեւցարարների այն խմբում, որի վրա «կրակել» և «բոլոր կողմերից պաշարել են» ոստիկանները:

Ըստ Դիդիշվիլիի՝ գնդակը «ամբողջությամբ կոտրել է» իր սրունքը և պատռել ու այրել փափուկ հյուսվածքը: Ե՛վ Թևդորաշվիլին, և՛ Դիդիշվիլին պնդում էին, որ մինչև իրենց վերջնական վնասվածքները երկուսի վրա էլ կրակել են ռետինե փամփուշտներով։

Հաջորդ օրը ոստիկանները Վրաստանի սևծովյան ափամերձ Բաթումի քաղաքում բռնությամբ ցրեցին մի խումբ ուսանողների, որոնք բողոքում էին Թբիլիսիում ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի դեմ: Չորս ուսանող հոսպիտալացվել էր, մեկ կին՝ վիժել։

«Ոստիկանությունը նման էր ծայրահեղականների»

Նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցները բազմիցս հետապնդել են մոտակա փողոցներում և այգիներում ապաստանած ցուցարարներին, ու բռնի ուժով մտել մասնավոր տներ, հյուրանոցներ և դեղատներ՝ ցուցարարներին հրամայելով դուրս գալ, ապա նորից հարձակվել են նրանց վրա։

Իրավապահները հիմնականում փայտեր ու մահակներ են օգտագործել։ Նրանցից շատերը համազգեստով չէին։ Ոմանք վանկարկում էին Միխեիլ Սաակաշվիլիի անունը, իսկ մյուսները բղավում էին «ուրիայի պոռնիկներ»՝ հակասեմական արտահայտություն, որը վերաբերում էր ընդդիմության առաջնորդ, ծագումով հրեա Բադրի Պատարկացիշվիլիին:

«Տպավորություն է ստեղծվում, որ այդ կադրերում հայտնված անձինք ներքին գործերի նախարարության աշխատակիցների չեն, այլ ծայրահեղական քաղաքական խմբի անդամներ»,- նշում է Վրաստանի հանրային պաշտպանը 2008-ի իր զեկույցում։

Նոյեմբերի 7-ին Վրաստանի եկամուտների ծառայության հետաքննության բաժնի հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումը ծեծի է ենթարկել և առևանգել ընդդիմության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլիին, երբ վերջինս տեխնիկա էր գնում Թբիլիսիում՝ ավելի շատ փողոցային ցույցեր կազմակերպելու համար:

Ներխուժում «Իմեդի»հեռուստաընկերություն, եթերի խափանում

Նոյեմբերի 7-ի երեկոյան կառավարական ուժերը գրոհում են «Իմեդի» հեռուստաալիքի գրասենյակը, որը շուրջօրյա լուսաբանում էր բողոքի ցույցերը։

Լևան Ջավախիշվիլին, որը եթերում էր հաղորդավար Սոպո Մոսիձեի հետ, ուղիղ եթերում հայտնեց, որ կառավարական ստորաբաժանումները ներխուժել են իրենց տարածք: Ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ վարչությունը րոպեներ անց դադարեցրեց հեռարձակումը։

Իրավապահները ոչնչացրել են սարքավորումներ՝ թույլ չտալով ալիքի աշխատանքների վերսկսումը շաբաթներ շարունակ։ Նրանք լրագրողների և ընկերության աշխատակիցների մեծ մասին զենքի սպառնալիքով պահել են հատակին, մահակներով հարվածել նրանց և մի քանիսի վրա ռետինե փամփուշտներ կրակել՝ գրասենյակից դուրս հանելուց հետո:

«Ես անձամբ կարծում եմ, որ դա պատժիչ գործողություն էր անկախ լրատվամիջոցների դեմ, ինչպես նաև պատժիչ գործողություն սեփական ժողովրդի դեմ»,- դեկտեմբերի 13-ին OC Media-ին ասել է Լևան Ջավախիշվիլին:

«Հաշվի առնելով նրա հոգեբանական նկարագիրը, դա եղել է, և ես դրանում համոզված եմ, անձամբ Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը»:

«Ես միանշանակ զգացողություն ունեմ, որ ճիշտ մարդուն են հիմա դատում, և նա պետք է կրի իր արժանի պատիժը»,- ասել է Ջավախիշվիլին՝ անդրադառնալով նախկին նախագահի ընթացող դատավարությանը։

2014-ին խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն ցուցմունք է տվել, որ ականատես է եղել՝ ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին այլ պաշտոնյաների հետ քննարկում «Իմեդի»-ի փակման հարցը։ Այդ օրը երեկոյան իշխանությունները փակեցին նաև «Կավկասիա» հեռուստաալիքը, որը գտնվում էր նույն շենքում, ինչ «Իմեդի»-ն, իսկ հաջորդ օրը՝ նաև Աջարիայում գտնվող անկախ TV 25 հեռուստաալիքը։

«Իմեդի»-ի փակումից հետո իշխանությունները 8-օրյա համազգային արտակարգ դրություն մտցրին՝ արգելելով մասնավոր հեռուստաընկերություններին հեռարձակել լրատվական հաղորդումներ։ «Իմեդի»-ին, սակայն, թույլ տրվեց վերսկսել հեռարձակումը միայն մեկ ամիս անց, որին հաջորդեցին ամիսներ տևած ֆինանսական և սեփականության հետ կապված անորոշությունները:

2008-ին սրտի կաթվածից Բադրի Պատարկացիշիլիի մահից կարճ ժամանակ անց նրա խորթ զարմիկը՝ Ջոզեֆ Քեյը, տնօրինեց նրա որոշ ակտիվներին՝ փաստացի արգելափակելով Պատարկացիշվիիի ընտանիքին՝ նրա ունեցվածքը, ներառյալ «Իմեդին» և Թբիլիսիի շահութաբեր Մթածմինդա այգին, վերահսկելուց:

Մինչ գույքի շուրջ իրավական պայքարը ձգում էր տարիներ, «Իմեդի»-ի խմբագրական քաղաքականությունը արագ փոխվեց Սաակաշվիլիի կառավարության օրոք նախկին էկոնոմիկայի նախարար Գիորգի Արվելաձեի օրոք: «Հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի դժբախտ մահից հետո պարզ էր, թե ինչպես է վարվելու «Իմեդի»-ի գործը»,- ասել է Լևան Ջավախիշվիլին։

Ջավախիշվիլին լքեց ընկերությունը գրասենյակի վրա հարձակումից հետո շատ չանցած, վերադառնալով 2012-ին, երբ սեփականությունը «վերադարձվեց իր իսկական սեփականատիրոջը»:

«Իմեդին» վերադարձվեց Պատարկացիշվիլիների ընտանիքին այն բանից հետո, երբ 2012-ին Միխեիլ Սաակաշվիլին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հեռացվեցին իշխանությունից:

2007-ի նոյեմբեր՝ բեկումնային պահ

«Իմեդի»-ի դեմ Սաակաշվիլիի կառավարությանը վերջնական հարձակման ստիպեց գնալ, համենայն դեպս, ըստ վրաց դատախազների, Սաակաշվիլիի ամենահին դաշնակիցներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի հետ հարցազրույցը:

2007-ի սեպտեմբերին տված հարցազրույցում Օկրուաշվիլին մեղադրել էր նախագահ Սաակաշվիլիին՝ Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը պատվիրելու մեջ։ Պատարկացիշվիլին միլիարդատեր էր, որն իր հարստությունը վաստակել էր Ռուսաստանում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու երկարամյա համախոհ Պատարկացիշվիլիի հայրենադարձվել էր Վրաստան 2001-ին ՌԴ իշխանությունների կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո՝ ոստիկանական կալանքից իր գործընկերոջ փախուստի փորձ կազմակերպելու համար:

Պատարկացիշվիլին հակասության մեջ մտավ Սաակաշվիլիի հետ, որն ինքն էլ իշխանության եկավ 2005-ից հետո փողոցային բողոքի ցույցերի շնորհիվ՝ լուսաբանվող հիմնականում ընդդիմադիրամետ լրատվամիջոցների կողմից: Երկուսի միջև հակամարտությունն ավելի թեժացավ 2007-ին, երբ Պատարկացիշվիլին սկսեց բացահայտորեն ֆինանսավորել Վրաստանի հիմնական ընդդիմադիր խմբերին:

Հետաքննության տվյալներով՝ փողոցային բողոքի ցույցերի ցրման և «Իմեդի»-ի վրա գրոհի նախօրեին Սաակաշվիլին անհաջող կերպով փորձել է համոզել գործարարին՝ հրաժարվել հեռուստաալիքից։ Շուտով Պատարկացիշվիլիին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել, և նա հեռացվել է Վրաստանի բիզնեսի ֆեդերացիայի և Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոններից:

Նոյեմբերի 7-ի ցույցերի ցրումներից հետո ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը հետամուտ են լինում Պատարկացիշվիլիի դեմ հեղաշրջման փորձի և ահաբեկչության մեղադրանքներին։ «Իմեդին» կատարում է իշխանության չարաշահումների վերաբերյալ մի քանի խոշոր բացահայտումներ՝ նախքան Օկրուաշվիլիի սկանդալային հարցազրույցի հեռարձակումը:

Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Սանդրո Գիրգվլիանիի սպանության մասին 2006-ի փետրվարին հրապարակված զեկույցը ամենամեծ սկանդալներից մեկն էր: Այն սկիզբ դրեց Գիրգվլիանիի համար արդարադատության ժողովրդական արշավին, որը գլխավորում էր նրա վշտահար մայր Իրինա Էնուկիձեն, և որը մահացավ հաջորդ տարի:

2011-ի ապրիլին, «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից Սաակաշվիլիի Միացյալ Ազգային Շարժմանը իշխանությունից հեռացնելուց մի քանի ամիս անց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց դատապարտող վճիռ, որը մեղադրում էր Սաակաշվիլիին՝ «այս սարսափելի սպանության գործով արդարադատության իրականացումը կանխելու մեջ»:

2018-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու և Գիրգվլիանիի մարդասպաններին նախագահական ներում շնորհելու մեջ։

«Ես երբեք չեմ մոռանա Իրինա Էնուկիձեի կամ այն մյուսների աչքերը, որոնք սպասում էին արդարադատության իրականացմանը և այդպես էլ չտեսան այն իրենց կյանքի ընթացքում», – ասել է 2007-ին ընդդիմության առաջնորդներից մեկը, այժմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Սաակաշվիլիի այս տարվա հոկտեմբերին ձերբակալությունից անմիջապես հետո։

Մինչև 2007-ի նոյեմբեր, «Իմեդին», բացի Գիրգվլիանիի սպանությունից, լուսաբանել էր նաև ոստիկանների կողմից երկու չհետաքննված սպանությունները՝ մեկ տարի առաջ Զուրաբ Վազագաշվիլիի և Ալեքսանդր Խուբուլովիի և 2004-ին ոստիկանների կողմից 19-ամյա Բութա Ռոբակիձեի կանխամտածված սպանությունը:

«Վրաստանը չի՛ ունեցել հանցագործ նախագահ»

Ութ տարի փախուստի մեջ գտնվելուց հետո 2021-ի հոկտեմբերի 1-ին՝ մաքսանենգ ճանապարհով երկիր մտնելուց հետո Սաակաշվիլին ձերբակալվեց վրաց իրավապահների կողմից: Այդ ժամանակից նա կրում է իր 6 տարվա ազատազրկման ժամկետը այն գործերով, որոնցում հեռակա էր դատապարտվել։

2018-ի հունվարին վրացական դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել իր նախագահական լիազորությունները չարաշահելու մեջ՝ օգնելով Վրաստանի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դատա Ախալայային խուսափել հետապնդումից և անօրինական կերպով խոստանալով ներում շնորհել Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված չորս իրավապահներին։

Այդ տարվա հունիսին նա նաև մեղավոր ճանաչվեց 2005-ին ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում գործելու հրամանի մեջ:

Բացի 2007-ի նոյեմբերի իրադարձություններից՝ Սաակաշվիլիին սպառնում են նաև այլ մեղադրանքներ՝ իր կառավարման վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան 9 միլիոն լարի (2,9 միլիոն դոլար) հափշտակելու և այս սեպտեմբերին Վրաստան պետական սահմանն ապօրինաբար հատելու համար:

OC Media-ի հետ զրույցում Սաակաշվիլիի փաստաբան Շոթա Թութբերիձեն պնդել է, որ 2007-ի իրադարձությունների առնչությամբ նախկին նախագահին առաջադրված մեղադրանքները «հիմնված են անուղղակի ցուցմունքների» և «ասեկոսեների վրա»։

Թութբերիձեն ասել է, որ դատախազությունը իշխանության չարաշահման մասին իրենց պնդումները հիմնավորել է ցուցարարների ամբոխը ցրելում զինվորականների ենթադրյալ մասնակցության վրա: Թութբերիձեն պնդել է, որ նման բան չի եղել։

«Կային որոշ [զինվորական] ստորաբաժանումներ, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով արգելափակել էին Ռուսթավելիի պողոտան, բայց նրանցից ոչ մեկը չի մասնակցել [բողոքի ցույցերը] ցրելուն։ Դատախազությունը հիմնականում հիմնվում է հեռուստատեսային տեսագրությունների վրա, որոնք դժվար է դիտել, բայց գործում չկա որևէ ապացույց, որը ենթադրում է Սաակաշվիլիի անձնական պատասխանատվությունը»։

Նոյեմբերի 7-ին Թբիլիսիի կենտրոնում ողջ օրվա ընթացքում նկատվել են ռազմական մեքենաներ։ Ռուսթավելիի պողոտայում նկատել են նաև Զազա Գոգավային, որն այն ժամանակ զինված ուժերի շտաբի պետն էր։ Զինվորները, սակայն, ուղղակիորեն չեն մասնակցել ցույցերը ցրելուն, այլ օգնել իրավապահ մարմիններին պահել տարածքները, այդ թվում՝ Ազատության հրապարակը:

Թութբերիձեն դատարանում կրկնեց Սաակաշվիլիի այն պնդումը, որ ինքը հեռուստատեսությամբ հետևում էր միայն նոյեմբերի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ նրա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին «ղեկավարում էր»: Նա հավելեց, որ մյուս գործերը, որոնցում նա արդեն դատապարտվել է, ունեցել են նմանատիպ խնդիր՝ իր դեմ ցուցմունք տվող «անուղղակի վկաներ»։

Դատարանի առջև մի քանի անգամ ելույթ ունենալիս Սաակաշվիլին իր դեմ հարուցված քրեական գործերն անվանել է քաղաքական դրդապատճառներ ունեցող՝ պնդելով, որ նա «Պուտինի անձնական գերին է»: Նա նաև երկար ժամանակ պնդում էր, որ 2007-ի ընդդիմության ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը:

Նոյեմբերի 29-ին Սաակաշվիլին դատարանում մեղադրեց հանգուցյալ Պատարկացիշվիլիին Ռուսաստանի հրահանգով գործելու մեջ։ Նա նաև պնդեց, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն զգուշացրել է Վրաստանի իշխանություններին, որ վրացի «օրենքով գողերը»՝ կազմակերպված հանցագործները, մոբիլիզացվել էին հակակառավարական ցույցերի նախօրեին։

«Շատ սխալներ կան, որոնց համար ես խորապես, խորապես զղջում եմ։ Նորից ներողություն եմ խնդրում, բայց սխալվելը մի բան է, իսկ հանցանք կատարելը մեկ այլ բան։ Ես Միխեիլ Սաակաշվիլին եմ, և Վրաստանը չի՛ ունեցել հանցագործ նախագահ»։

Սակայն Նիկա Դիդիշվիլիի համար, որը վիրավորվել էր ոստիկանության կողմից 2007թ. նոյեմբերին, կասկած չկա, որ դատարանի առջև ճիշտ մարդն է կանգնած։ «Մենք պարզապես ցանկանում ենք օրենքի գերակայություն և արդարություն բոլորի համար. սա է մեր ամենամեծ նպատակն ու հույսը»,- ասաց նա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել