Վարչապետի նոր խորհրդական Արտաշես Թումանյանի ունեցվածքն ու բիզնեսները

արտաշես թումանյանի ունեցվածքը

Հովհաննես Նազարեթյան

Մկրտիչ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն ու նրա ընտանիքի անդամներն աչքի են ընկնում տպավորիչ հարստությամբ ու ունեցվածքով։ Նրանց գույքային վիճակի բարելավումն ու բիզնես գործունեությունը սկսվել է այն ժամանակ, երբ Թումանյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու կարիերայի բարձրակետին էր։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե ինչպես է Թումանյանի ընտանիքը ձեռք բերել մի շարք բիզնեսներ, ինչպես է դարձել մի շարք խոշոր շենք-շինությունների սեփականատեր։

Նոյեմբերի 24-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Թումանյանին նշանակեց իր խորհրդական։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, Թումանյանը ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նա դեսպան էր նշանակվել 2015-ին Սերժ Սարգսյանի կողմից։

Թումանյանն անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր չորս ղեկավարների օրոք զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ։ Նա և նրա ընտանիքի անդամները ունեն մեծ թվով անշարժ գույք և բաժնեմասեր մի շարք ընկերություններում։

Թումանյանի քաղաքական հետագիծը

72-ամյա Արտաշես Թումանյանի քաղաքական կարիերան սկսել է խորհրդային տարիներին․ 1988-90 թթ. նա եղել է Կոմկուսի Կիրովականի քաղաքային կոմիտեի կազմակերպական բաժնի վարիչ։ 1990-1999 թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր, իսկ 1992-95 թթ․՝ Գերագույն խորհրդի փոխնախագահ։ 1997-ին վարչապետ Արմեն Սարգսյանի հրամանով նշանակվել է հարկային տեսչության պետ։ Թումանյանի քաղաքական կարիերայի «ոսկե շրջանը» եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ. 1998-99 թթ. եղել է Քոչարյանի խորհրդականը, մեկ տարի փոխարտգործնախարար աշխատելուց հետո վերադարձել է նախագահական և վեց տարի՝ 2000-2006 թթ., եղել նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Թումանյանը նախագահի աշխատակազմի պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն՝ 2006-ին։

Հատկանշական է, որ նախագահականում աշխատելու վեց տարիների ընթացքում Թումանյանը համատեղել է հայ-իրանական կառավարական հանձնաժողովի նախագահի և «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահի պաշտոնները։ Ամերիկահայ միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի «Լինսի» հիմնադրամի՝ ընդհանուր առմամբ 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերը Հայաստանում այդ տարիներին համակարգել է Թումանյանը։ Ծրագրերն ունեին չորս բաղադրիչ՝ ճանապարհաշինություն (73 մլն դոլար), աղետի գոտու բնակարանաշինություն (45 մլն դոլար), մշակութային օբյեկտներ (18 մլն դոլար) և Երևանի փողոցներ (14 մլն դոլար)։

2003-ին Թումանյանը մասնակցել է ԱԺ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակով, որում երրորդ համարն էր։ 2006-ի փետրվարին՝ որպես Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, Թումանյանը հայտարարեց «Նոր երկիր» անունով կուսակցություն հիմնելու մասին, սակայն պաշտոնից ազատվելուց հետո հրաժարվեց այդ մտքից։ 2006-ին Թումանյանը փաստացի դուրս եկավ քաղաքականությունից՝ զբաղեցնելով իրավաբանական ծառայություններ մատուցող «Լիսամ» ՍՊԸ խորհրդի նախագահի պաշտոնը։ 2015-ին արդեն նշանակվեց դեսպան Իրանում։

Թումանյանները՝ խոշոր «կալվածատերեր»

2020-ի տարեկան հայտարարագրում Արտաշես Թումանյանը հայտարարագրել է հինգ միավոր անշարժ գույք, նրա դրամական միջոցները կազմել են 20,7 միլիոն դրամ և շուրջ 74 000 դոլար։ Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնում նա արտաքին գործերի նախարարությունից ստացել է 38 400 դոլար աշխատավարձ։ Նրա կինը՝ Անահիտ Շահվերդյանը, 2020-ին հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք, 10 900 դոլար և 4,2 մլն դրամ։

Ըստ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության՝ Թումանյանը կնոջ՝ Անահիտ Շահվերդյանի հետ Երևանի Զաքյան 5 հասցեում համատեղ սեփականության իրավունք ունեն՝ մեկ բնակարանի, մեկ գրասենյակի և մեկ ավտոտնակի նկատմամբ։ Նրանք գրանցված են հենց այս հասցեում։ Արտաշես Թումանյանի անվամբ գրանցված է նաև երկու տուն, մեկը՝ Նոր Նորքում՝ Բագրևանդի փողոցում, մյուսը՝ Վանաձորում՝ Մաշտոցի փողոցում։

Անահիտ Շահվերդյանի անունով են գրանցված Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ նրբանցքում գտնվող բնակելի տուն, Արաբկիրում մեկ տարածք և հողամասեր՝ Աջափնյակում ու Նորագավիթում։ Նրա անունով է նաև գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամաս Պռոշյան գյուղում։

Շահվերդյանին պատկանող անշարժ գույքի ցանկում է նաև Աջափնյակում Շիրազի փողոց 43/1 շինությունը, որտեղ տեղակայված է անվադողերի վաճառքով զբաղվող «Մեծ Անիվ» ընկերության մասնաճյուղը։ Ի դեպ, «Մեծ անիվ» ընկերությունը 2000-ականներին մամուլը կապում էր հենց Արտաշես Թումանյանի հետ։ Ընկերությունը հիմնվել է 1999-ին Անդրանիկ Գրիգորյանի կողմից, որը մահացել է 2009-ին։ Նա նաև Թումանյանի նախաձեռնած, բայց այդպես էլ չստեղծված «Նոր երկիր» կուսակցության անդամ էր։

Արտաշես Թումանյանի որդուն՝ Սամվել Թումանյանին է պատկանում մեկ բնակարան Երևանի Պուշկինի փողոցում, որտեղ էլ նա գրանցված է, և Լոռու մարզում գտնվող «Թեժ լեռ» հանգստյան տունը։

Արտաշես Թումանյանի դստեր՝ Լիլիթ Թումանյանի անունով է գրանցված բնակելի տուն Ջրվեժում և գյուղատնտեսական նշանակության հողամաս Աշտարակում։ Լիլիթ Թումանյանի ամուսինը՝ Կարեն Լևոնի Գրիգորյանը, Երևանում ունի բնակելի տներ Արաբկիրի Ավետիսյան փողոցում և Վերին Անտառայինում, երկու բնակարան և մեկ կիսանկուղ՝ Հրաչյա Քոչարի փողոցում և բնակարան Վարդանանց փողոցում։ Գրիգորյանն ունի երկու հասարակական օբյեկտ և երկու գյուղատնտեսական նշանակության հողամասեր Աղվերանում՝ Արզական գյուղի տարածքում։

Թումանյանների բիզնեսները՝ Վրաստանից մինչև Չեխիա

Այսպես, Արտաշես Թումանյանը 100 տոկոս բաժնեմաս ունի «Լիսամ» ՍՊԸ-ում։ Ընկերությունը հիմնվել է 2006-ին։ Ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերության գործունեությունն այժմ ժամանակավոր դադարեցված է։ «Լիսամ»-ը զբաղվել է իրավաբանական ծառայությունների մատուցմամբ։ Կադաստրից ստացված տվյալների համաձայն՝ ընկերությունը վարձակալում է տարածք Երևանի Բաղրամյան պողոտա 17 հասցեում։

Թումանյաննները տնօրինում են մի շարք ընկերություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։

Արտաշես Թումանյանի կինը՝ Անահիտ Շահվերդյանը, 91 տոկոս բաժնեմաս ունի «Գալս» ընկերությունում, որը զբաղվում է կորիզավոր պտուղների աճեցմամբ ու գործունություն է ծավալում Նոր Խարբերդում։ Մնացած բաժնեմասը պատկանում է նրա եղբորը՝ Միքայել Շահվերդյանին։ Շահվերդյանը նախկինում՝ 2008-11 թթ․, բաժնեմաս է ունեցել նաև «Գալիոտ» ՍՊԸ-ում, որի գործունեությունը այժմ ժամանակավոր դադարեցված է։ Ընկերությունը հաշվապահական դասընթացներ էր տրամադրում։

«Հիտեքս պլաստիկ»

Ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում նաև Արտաշես Թումանյանի 45-ամյա որդին՝ Սամվել Թումանյանը։ Վերջինս 35 տոկոս բաժնեմաս է ունեցել 2001-ին հիմնված «Հիտեքս պլաստիկ» ՍՊԸ-ում և եղել ընկերության տնօրենը։ «Հիտեքս պլաստիկ»-ը, ըստ էության, Թումանյանների ամենախոշոր բիզնեսն է․ ընկերությունը զբաղվում է պլաստմասե իրերի՝ տարաների, շշերի արտադրությամբ ու վաճառքով։ 2006-ին «Հիտեքս պլաստիկ»-ը դարձել է փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), իսկ տնօրեն շարունակել է մնալ Թումանյանը։

«Հիտեքս պլաստիկ»-ը գրեթե մշտապես եղել է 1 000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Օրինակ՝ 2020-ի տարեկան արդյունքներով «Հիտեքս պլաստիկ»-ը վճարել է 403 միլիոն դրամ հարկ, 2019-ին՝ 352 միլիոն, 2018-ին՝ 375 միլիոն դրամ հարկ։
«Հիտեքս պլաստիկ»-ին սեփականությամբ պատկանում են Արաբկիրի Հակոբ Հակոբյան 3/6, 3/7, 3/8 հասցեների անշարժ գույքերը։ Այս տարածքները՝ ընդհանուր 782 քմ մակերեսով (այդ թվում՝ առկա սարքավորումներով), «Հիտեքս պլաստիկ»-ին անցել են 8,5 միլիոն դրամով 2002-ի հունվարի կառավարության որոշմամբ։ Այն ժամանակվա փոխարժեքով դա կազմում էր մոտ 15 000 դոլար։ Այդ գույքը պատկանել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին («Մերգելյան ինստիտուտ»)։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2002-ի հունվարի դրությամբ Արաբկիրում քառակուսի մետրի շուկայական արժեքը բազմաբնակարանում արժեցել է 148 դոլար։ Ըստ այս հաշվարկի, Հակոբյան փողոցում 782 քմ տարածքը պիտի արժենար ավելի քան 115 000 դոլար, այնինչ կառավարությունն այն նախագահի աշխատակազմի ղեկավարի որդու ընկերությանն օտարել է շուրջ ութ անգամ էժան գնով։

«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է նաև Թումանյան փողոցի 34/1 հասցեում գտնվող եռահարկ շենքը՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչման հատվածում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ։

«Հիտեքս պլաստիկ»-ին այս հողը նախ անցել է վարձակալության պայմանագրերի հիման վրա. առաջին փուլով ընկերությունը վարձակալել է 300 քառակուսի մետր տարածք, իսկ հետագայում վարձակալել է ևս 270-ը՝ ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու նպատակով։ Երևանի քաղաքապետարանը 2003-ի փետրվարին հողը վաճառում է «Հիտեքս պլաստիկ»-ին ընդամենը 1 473 142 դրամով, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր 2 513 դոլար։ Այս գինը հաշվարկվել էր հողատարածքի կադաստրային արժեքով։ Այսինքն, մեկ քառակուսի մետրի համար Թումանյանի որդուն պատկանող ընկերությունը համայնքապատկան հողատարածքի համար վճարել է ընդամենը 1 473 դրամ կամ 4,4 դոլար։

Այդ ժամանակ Արտաշես Թումանյանը նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, իսկ Երևանի քաղաքապետն էր Ռոբերտ Նազարյանը։

Այդ երկու տարածքները «Հիտեքս պլաստիկ»-ին էին տրվել վարձակալությամբ՝ առքուվաճառքի գործարքից մեկ տարի առաջ։

ՍիվիլՆեթի այցի ժամանակ այս շինությունում մեզ ընդունեց մի տղամարդ։ Նա ասաց, որ կառույցը առանձնատուն է, թեև կադաստրային թղթերում այն նշվում է որպես վարչական շենք։

Ներկայում Թումանյան-Տերյան խաչմերուկում գտնվող այս առանձնատունը գրավադրված է HSBC բանկում՝ մինչև 7 միլիոն դոլար վարկային գծի դիմաց։ Վարկի մյուս կողմը «Հիտեքս պլաստիկ»-ն ու Վրաստանում գործող «Ալֆա պետ»-ն են։ Վարկային պայմանագիը կնքվել է 2020-ի մարտին։ Այս գործարքի շրջանակում առանձնատան գնահատված արժեքը կազմել է 675 մլն դրամ։

Ինչպես «Հիտեքս պլաստիկ»-ի ներկայացուցիչն է ասում, քանի որ ընկերությունը փակում է հայկական շուկայի 90 տոկոսը, «Հիտեքս պլաստիկ»-ը մուտք է գործել վրացական շուկա։ Պլաստիկե իրերի արտադրությամբ զբաղվող Թումանյանի վրացական ընկերությունը կոչվում է «Ալֆա պետ»։ Այն հիմնվել է 2007-ին՝ Սամվել Թումանյանի, Լևոն Մելիքսեթյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից և սկսել է արտադրությունը 2008-ի հունիսին։

Այժմ «Ալֆա պետ»-ի բաժնետերերն են Սամվել Թումանյանը՝ 30 տոկոսով, Լևոն Մելիքսեթյանը՝ 30 տոկոսով և «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն՝ 40 տոկոսով։ Մելիքսեթյանը Թումանյանների գործընկերն է, նրա անունը գտնում ենք նաև «Հիտեքս պլաստիկ»-ի փաստաթղթերում։ Մելիքսեթյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վարդան Մակարյանի աներն է, իսկ Մելիքսեթյանի դուստրը բիզնես գործընկեր է Թումանյանի դստեր հետ մեկ այլ ընկերությունում, որին կանդրադառնանք ներքևում։
«Ալֆա պետ»-ի գործարանն այժմ տեղակայված է Թբիլիսիից 45 կմ հեռու գտնվող Մցխեթայի շրջանի Միսակցիելի գյուղում։

«Ալֆա պետ»-ի գործարանը Վրաստանի Մցխեթայի շրջանում
(աղբյուրը՝ ընկերության գովազդային տեսանյութից)

Ընկերության կայքում որպես հիմնադիրներ նշվում են ՎԶԵԲ-ը և Մեծ Բրիտանիայում գրանցված «Gear Holding» ընկերությունը, որը հիմնվել է 2018-ի հուլիսին և լուծարվել 2021-ի ապրիլին։ Բրիտանական ընկերություներրի ռեգիստրում տեսնում ենք, որ Թումանյանը և Մելիքսեթյանը 2019-ի նոյեմբերին նշանակվել են «GEAR HOLDING LIMITED»-ի տնօրեն։ Ընկերության տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ 2019-ի տարեվերջին «Ալֆա պետ»-ի բաժնետերերն են եղել «GEAR HOLDING LIMITED»-ը՝ 52 տոկոս, և «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն՝ 48 տոկոս։

Ընկերության մասին կարճ տեղեկատվություն Մեծ Բրիտանիայի ռեգիստրում առկա «Ալֆա պետ»-ի 2019-ի տարեկան հաշվետվությունից

Ըստ ընկերության տնօրեն Նինա Ավալիանիի՝ «Ալֆա պետ»-ն ունի 60 աշխատակից և իր արտադրանքի 80 տոկոսը իրացնում է Վրաստանում։ «Ալֆա պետ»-ի հիմնական հաճախորդները զովացուցիչ, հանքային և ալկոհոլային ըմպելիքներ արտադրող խոշոր ընկերություններ են՝ «Կոկա-Կոլա», «Բորժոմի», «Նատախտարի», «Զեդազենի»։ «GEAR HOLDING LIMITED»-ը, որը 2019-ի վերջին տնօրինում էր «Ալֆա պեպ»-ի բաժնեմասերի 52 տոկոսը, այդ տարում ունեցել է 10 մլն ֆունտ ստեռլինգի շրջանառություն և 1,1 մլն ֆունտ ստեռլինգի մաքուր եկամուտ։

«Ալֆա պետ»-ը նաև գրավով ապահովված 10 վարկային գծեր ունի հայաստանյան HSBC բանկում և Bank of Georgia-ում։ «Ալֆա պետ»-ում և «Հիտեքս պլաստիկ»-ում ներդրումներ են իրականացվել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից։

Այսքանով Արտաշես Թումանյանի որդու բիզնես գործունեությունը չի սահմանափակվում։ Սամվել Թումանյանը նաև 37,5 տոկոս բաժնեմաս ունի «Սալէներգո» ՍՊԸ-ում։ Ընկերությունը Լոռու մարզում՝ Դեբեդ գետի վրա, շահագործում է Այրումի փոքր հիդրոէլեկտրակայանը։ ՓՀԷԿ-ում բաժնեմաս ունեն նաև Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը և նրա որդին։ «Սալէներգո»-ին սեփականությամբ պատկանում է շինություն Տավուշի մարզի Արճիս գյուղի 24-րդ փողոցում։ Սամվել Թումանյանի կինը՝ Լաուրա Բադալյանը, 88 տոկոս բաժնեմաս ունի «Մավր» ՍՊԸ-ում, որը շահագործում է մեկ այլ փոքր հիդրոէլեկտրակայան Լոռիում՝ «Չանախչի»-ն՝ համանուն վտակի վրա։ Համապատասխան թույլտվությունները «Մավր» ՍՊԸ-ն ստացել է 2008-2009 թթ., իսկ անցյալ տարի ընկերությունը ջրօգտագործման նոր թույլտվություն է ստացել։

Սամվել Թումանյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Նեվա» ՍՊԸ-ում, որը ստեղծվել է 2014-ին։ «Նեվա»-ն իր գործունեությունն իրականացնում է Վանաձորում և զբաղվում է սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրությամբ։ Թումանյանը «Նեվա»-ում իր բաժնեմասը ձեռք է բերել այս տարվա օգոստոսին:

Արտաշես Թումանյանի որդին «Լասառ» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Այս ընկերությունը գրանցված է Երևանի Օրբելի փողոցում ու զբաղվում է անշարժ գույքի վարձակալության տրամադրմամբ։

Սամվել Թումանյանը 2020-ից միանձյա բաժնետեր է «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ-ում, որը շահագործում է գազալցակայան Աջափնյակի Շիրազ փողոցում։ Այս գազալցակայանի շահագործումը 2018-ին արտակարգ իրավիճակների նախարարության որոշումով ժամանակավոր դադարեցվել էր՝ հայտանբերված խախտումները չվերացնելու հիմքով։

Սամվել Թումանյանի կինը՝ Լաուրա Բադալյանը 16,5 տոկոս մասնակցություն ունի նաև «Սոֆադ» ՍՊԸ-ում։ «Սոֆադ»-ը սանիտարահիգիենիկ պարագաների խոշոր մատակարար ընկերություն է։ Բացի տարբեր մասնավոր ընկերություններից՝ «Սոֆադ»-ը մատակարար է նաև պետական գերատեսչությունների համար։ Ընկերությունը մի շարք հայտնի բրենդների ապրանքներ է ներմուծում Հայաստան։ «Սոֆադ»-ի բաժնետերերից է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի կինը՝ Զարուհի Մելիքսեթյանը։

Թումանյանի դուստրը և փեսան

Արտաշես Թումանյանի դուստրն ու փեսան՝ Լիլիթ Թումանյանն ու Կարեն Գրիգորյանը, «Ավանտա» նորարարական բժշկական կենտրոնի հիմնադիրներն են։ «Ավանտա»-ի իրավաբանական անձը «Ամիդա» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը Կարեն Գրիգորյանն է։ «Ավանտա»-ի կայքում Լիլիթ Թումանյանը նշվում է որպես կենտրոնի համահիմնադիր։ «Ավանտա»-ն հիմնվել է 2002-ին, մասնագիտացած է ատամնաբուժության ու էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեջ։ 2019-ին «Ավանտա»-ում բացվել է նաև պլաստիկ վիրաբուժության կենտրոն։ «Ավանտա»-ն ունի ութ մասնաճյուղ՝ վեցը Երևանում, մեկական՝ Գյումրիում ու Վանաձորում։

«Ամիդա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում են «Ավանտա»-ի ութ մասնաճյուղերից երկուսը՝ Կոմիտաս 15 հասցեում գտնվող նորկառույցի թիվ 223/4 տարածքը և Կենտրոնում՝ Հերացի 1/1 հասցեն, իսկ Զաքյան 5 հասցեում օֆիսի նկատմամբ գրանցված է անհատույց օգտագործման իրավունք։ Վերջին հասցեում են գրանցված Արտաշես Թումանյանը և նրա կինը։ «Ավանտա»-ի մյուս հինգ մասնաճյուղերի տարածքները վարձակալվում են։

2018-ի մայիսին «Հետք»-ը գրել էր, որ 2008-ի նոյեմբերին Արտաշես Թումանյանը կնոջ՝ Անահիտ Շահվերդյանի, աղջկա՝ Լիլիթ Թումանյանի և փեսայի՝ Կարեն Գրիգորյանի հետ Չեխիայում հիմնադրել է «Unitezza Group»-ը, որը զբաղվում էր առևտրի և ծառայությունների ոլորտում միջնորդական գործունեությամբ, բնակելի ու ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ։ Սամվել Թումանյանը կնոջ հետ Չեխիայում ժամանակին հիմնել է նաև «Tumanyan Group» ընկերությունը, որը փաստացի չի գործել։ Հրապարակումից հետո Թումանյանի ընտանիքն իրեն պատկանող երկու ընկերությունները օտարել էր։

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել Թումանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Արտաշես Թումանյանի ընտանիքին են պատկանում մեծաթիվ անշարժ գույք և բիզնեսներ։ Հատկապես տարակուսելի է նրա որդուն պատկանող «Հիտեքս պլաստիկ» ընկերությանն անցած պետական և համայնքապատկան անշարժ գույքերի էժան գները՝ նրա հոր՝ նախագահի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ։