Համահայկական հիմնադրամը հերքում է Արցախում գործունեությունը դադարեցնելու մասին լուրը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերքում է Արցախում գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկությունը։

«Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է»,- ասված է հայտարարությունում։

Հիմնադրամն այս պահին Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։

«Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։ Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին»,- նշված է Հիմնարդամի հայտարարությունում։