Փաշինյանի ասուլիսից՝ մինչև Եվրատեսիլում Մալենայի հաղթանակ․ «Շաբաթվա ֆեյքերը»

Դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսում, անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման գործընթացին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք վտանգավոր գնահատվեցին Արցախի ու Հայաստանի օմբուդսմենների կողմից, իսկ նախկինում Փաշինյանի նկատմամբ առավելապես լոյալ դիրքորոշում զբաղեցրած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ստիպեցին հակադարձել Փաշինյանին։

***

Ասուլիսում Փաշինյանի մի շարք պնդումներին է անդրադարձել նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը, դրանցից ուշագրավ է, մասնավորապես, Փաշինյանի պնդումն այն մասին, որ բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես «զուտ և միայն հայկական միավորում»։

«Հիմա, երբ որ ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում․․․ հարց՝ իսկ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը», – իր խոսքում նկատել էր Փաշինյանը։

Այս կապակցությամբ CivilNetCheck թիմից Հովհաննես Նազարեթյանը հիշեցնում է՝ բանակցային գործընթացի վերջին 15 տարվա հիմնական՝ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերում «որևէ խոսք չկա Փաշինյանի ակնարկած ԼՂԻՄ-ի ադրբեջանցիների ինքնորոշման հնարավորության մասին»։ Երկու փաստաթղթերն էլ խոսում են ամբողջ Լեռնային Ղարաբաղի (այս դեպքում ԼՂԻՄ-ի տարածքի) վերջնական իրավական կարգավիճակի մասին, այլ ոչ թե դրա առանձին մասերի։

***

Անցած շաբաթասկզբին էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հանդես եկել Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբերյալ մի շարք մոլորեցնող պնդումներով, որոնք բացահայտել է ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը։

***

Եվ վերջում՝ Մանկական եվրատեսիլում Հայաստանի հաղթանակի մասին։ Թվում էր՝ այստեղ շահարկումների թեմա չպետք է լիներ, սակայն այս օրերին սոցցանցերում բազմաթիվ մեկնաբանություններ ու գրառումներ հրապարակվեցին, որոց հիմնական թեզն այն էր, թե Եվատեսիլում Մալենայի հաղթանակը «սարքված էր» և դրանով, ուղղակի, եվրոպացիները «պարգևատրում են» Հայաստանի իշխանություններին՝ նախորդ տարվա պատերազմում հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու համար։

Ավելորդ է ասել, որ սա դավադրությունների տեսության ու մանիպուլյացիաների մի այնպիսի համակցություն է, որի դեմ փաստերի ստուգման ոչ մի գործիք չի կարող օգնել։

Մեկնաբանել