2021-ին զինծառայողների մահվան 105 դեպք է արձանագրվել

զինվորը սահմանին

Հետպատերազմական շրջանում՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից մինչ օրս հայկական բանակում շարունակում են գրանցվել զինծառայողների մահվան բազմաթիվ դեպքեր։

Համաձայն դատախազությունից ստացված տվյալների՝ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև օրս Հայաստանի և Արցախի զինված ուժերում արձանագրվել է զինծառայողի մահվան 105 դեպք, որից միայն 33-ն են եղել մարտական գործողությունների ժամանակ՝ հակառակորդի կրակոցից։

ՍիվիլՆեթը հարցումներ էր ուղարկել Դատախազություն և պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել հրադադարի հայտարարությունից հետո Հայաստանի և Արցախի զինված ուժերում արձանագրված զինծառայողների մահերի վերաբերյալ տվյալներ։

Ամփոփ տվյալներ

Արձանագրված 105 մահերի մեջ ներառված են նաև 2020-ի դեկտեմբերին Խծաբերդում և Հին Թաղերում զոհված 9 զինծառայողների դեպքերը, ինչպես նաև 7 զինծառայողներ, որոնք վիրավորում էին ստացել դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Դատախազությունից հավելյալ պարզաբանում են, որ մարտական գործողությունների ժամանակ ինքնասպանության եղանակով զոհված [նռնակով իրեն պայթեցրած՝ խմբ․] զինծառայողները ներառված չեն «հակառակորդի կողմից կատարված սպանություններ»-ի ցուցանիշում։

Ընդհանուր արձանագրված մահվան դեպքերից 33-ը եղել են նախորդ տարվա նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, իսկ 72-ը՝ 2021-ի տարեսկզբից սկսած։

Այնուամենայնիվ, ընդհանուր մահվան դեպքերի գերակշիռ մասը՝ 69%-ը (72 դեպք), տեղի են ունեցել ոչ մարտական գործողությունների ժամանակ` ծառայության հետ կապված կամ չկապված պայմաններում։ Դրանց հիմնական պատճառ են հանդիսանում հիվանդությունները (32%), ավտովթարները (26%) և ինքնասպանությունները (20%)։

Դժբախտ պատահարները, ներքին սպանության դեպքերը, զենքի օգտագործան և մարտական ծառայության կրման կանոնների խախտման դեպքերը կազմում են խաղաղ ժամանակ արձանագրված մահերի 22%-ը։

Արձանագրված 4 դժբախտ պատահարների պատճառ են հանդիսացել ձնահյուսը, կայծակնահարումը, ծառի տապալումը, ինչպես նաև ավտոմեքենայի դետալով գլխի շրջանում ստացած հարվածը։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո մարտական գործողությունների արդյունքում զոհված 33 զինծառայողներից 6-ը զոհվել են Սյունիքում՝ Իշխանասարի ուղղությամբ մարտական գործողությունների արդյունքում, 5-ը՝ Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժայի, և 2-ը՝ Կութի հատվածներում։ Եվս 3-ը՝ Երասխի ուղղությամբ, և 1-ն Արցախում՝ Շուշիի մոտակայքում։ (Տես՝ Զոհված զինծառայողների անվանական ցանկը)

Բացի այս՝ 7 զինծառայողներ մահացել են դեռևս 44-օրյա պատերազմից ստացած վիրավորումներից, 9-ը՝ Խծաբերդի և Հին Թաղերի դեպքերի ժամանակ։

Պաշտպանության նախարարությունը կրկին անհիմն մերժում է

Հատկանշական է, որ ՊՆ-ն դեռևս դեկտեմբերի 14-ին ուղարկված մեր հարցմանը պատասխանել է մեկ շաբաթ անց և հայտնել, որ զինծառայողների գրանցված մահերի մասին տեղեկատվությունը պետական գաղտնիք է, այն դեպքում, երբ դատախազությունն այդ տվյալները տրամադրել է։

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի՝ 2010-2020 թթ․ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում գրանցվել է զինծառայողի առնվազն 743 մահվան դեպք։ Դեպքերի թվում ներառված չեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը։

Ըստ Քննչական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 44-օրյա պատերազմում Արցախում և Հայաստանի Հանրապետությունում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։

Մեկնաբանել