Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան 4,7 դրամով կթանկանա

Փետրվարի 1-ից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը 4,7 դրամով կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր ընդունել է համապատասխան որոշումը։

Դեկտեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» առաջարկում է փետրվարի 1-ից էլեկտրական էներգիայի սակագինն ավելացնել 4,7 դրամով:

Սոցիալապես անապահովների համար, որոնք բնակիչ-բաժանորդների 11%-ն են, սակագները կմնան անփոփոխ։ Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1,5 դրամով։ Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3,5 դրամով, մնացած սպառողների համար՝ 5,5 դրամով։

Ավելի վաղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր «Վեոլիա Ջուր» ընկերության՝ ջրի սակագները բարձրացնելու հայտը։ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ՝ ներկայիս 180 դրամի փոխարեն։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ։

Մեկնաբանել