Հայաստանը դուրս է գալիս ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրի ծրագրից. ինչ է սպասվում

Մարկ Դովիչ

Հայաստանը 2022-ի հունվարի 1-ից դուրս է գալիս Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմից, քանի որ Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր։

Տե՛ս՝ Հայաստանը 2022-ին դուրս է գալիս ԵՄ արտոնյալ առևտրի ռեժիմից՝ եկամուտների դասակարգման պատճառով

2009-ից ի վեր Հայաստանն օգտվում է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» («GSP+»), որի շրջանակում ԵՄ-ն Հայաստանի համար ավելի քան 6000 անուն ապրանքատեսակների մասով հանել էր մաքսատուրքերը։

2020-ին Հայաստանը 128 միլիոն եվրոյի ապրանք է արտահանել ԵՄ՝ «GSP+»-ի շրջանակում, ինչը երեք անգամ ավելի է, քան արտահանել էր յոթ տարի առաջ բարեփոխված ծրագրին միանալու ժամանակ։ Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ անցյալ տարի Հայաստանի ընդհանուր առևտրի մոտ 18%-ը բաժին է ընկել ԵՄ-ին, ինչի արդյունքում ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկաներից մեկն է։

«GSP+»-ի շրջանակում Հայաստանից ԵՄ արտահանման ավելի քան 96%-ը հիմնական մետաղներ են, որոնք ըստ ԵՄ սահմանման՝ ներառում են ալյումինը, պղինձը, կապարը, անագը և ցինկը։ Հանքարդյունաբերությունը առաջատար դեր ունի Հայաստանի տնտեսությունում․ հանրապետությունն ունի պղնձի, ոսկու և մոլիբդենի զգալի պաշարներ։

Հունվարից Հայաստանը ԵՄ-ի հետ առևտուրը կսկսի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա, որը չի նախատեսում արտոնյալ առևտուր։

«GSP+»-ից դուրս գալու արդյունքում Հայաստանի համար ԵՄ արտահանման մաքսատուրքերն էականորեն կբարձրանան՝ 0,8%-ից հասնելով 5,1%-ի, նշվում է գերմանական Berlin Economics հետազոտական խմբի 2020-ի զեկույցում։

Զեկույցը կանխատեսում է տարեկան կտրվածքով դեպի ԵՄ Հայաստանի արտահանման 20% կրճատում, ընդ որում՝ ակնկալվում է, որ հատկապես ծանր հարված կհասցվի տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտին: Դա, ըստ հետազոտության, կլինի 114 միլիոն դոլարի առևտրի անկում, թեև այդ ցուցանիշը կարող է նվազել արտահանման վերակողմնորոշման ջանքերով:

ՍիվիլՆեթը զեկույցի առանձին հատվածներ ներկայացնում է ըստ ոլորտների՝ կապված Հայաստան-Եվրամիություն առևտրի հետ:

Հագուստ

Հայաստանում տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտը վերջին տարիներին գրանցել է բարձր աճ՝ 2015-2019 թթ․ եռապատկելով արտադրությունը։

Արտադրությունը հավելյալ թափ առավ 2020-ի դեկտեմբերին, երբ Հայաստանի կառավարությունն արգելեց թուրքական ապրանքների ներկրումն ի պատասխան 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության։ Մինչ արգելքը, Հայաստանը Թուրքիայից ամենաշատը ներկրում էր հագուստ։

2019-ին Հայաստանը ԵՄ է արտահանել 1800 տոննա հագուստ՝ ընդհանուր 78 մլն դոլար արժողությամբ։ Հայաստանը փաստացի կշռով ավելի շատ հագուստ է արտահանել Ռուսաստան, բայց կեսից պակաս արժեքով՝ ընդհանուր 84 մլն դոլարով։ (Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Հայաստանից հագուստի տարեկան արտահանման միայն կեսն է եղել ենթակա «GSP+»-ի արտոնություններին):

Ըստ Berlin Economics-ի, «GSP+»-ից Հայաստանի դուրս գալը հագուստի արդյունաբերության համար կհանգեցնի $39 մլն վնասի։ Հետազոտության մեջ նշվում է, որ դեպի Ռուսաստան արտահանման վերակողմնորոշումը «հավանական չէ»՝ ռուսական շուկայի առանձնահատկությունների պատճառով:

Ֆեռոմոլիբդեն

Ֆեռոմոլիբդենը երկաթի և մոլիբդենի համաձուլվածքն է։ Այն հիմնականում օգտագործվում է պողպատ ստանալու համար: Հայաստանը ֆեռոմոլիբդենի համաշխարհային խոշոր արտադրող և արտահանող է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրի խոշորագույն ֆեռոմոլիբդեն արտադրողն է և Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը։

Հոկտեմբերին ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը գնեց հանքավայրի 60 տոկոս բաժնեմասը և ոչ լիարժեք թափանցիկ ձևով Հայաստանի կառավարությանը նվիրաբերեց այդ բաժնեմասի 15%-ը:

Հայաստանի ֆեռոմոլիբդենի արտահանման 99%-ը գնում է ԵՄ, որը 2019-ին գնել է մոտ 8 700 տոննա համաձուլվածք՝ ընդհանուր 141 մլն դոլարով։ Այն բանից հետո, երբ «GSP+»-ը դադարի Հայաստանի համար, ֆեռոմոլիբդենի արտահանման մաքսատուրքը դեպի ԵՄ կբարձրանա մինչև 2,7%՝ 0%-ից:

Դա կհանգեցնի Հայաստանից արտահանման 3,8 միլիոն դոլարի կորստի, ըստ Berlin Economics-ի հետազոտության, որը ֆեռոմոլիբդենի արտահանման վերակողմնորոշումը համարում է շատ քիչ հավանական, քանի որ ԵՄ-ն մետաղի «գերիշխող համաշխարհային գնորդն է», և քանի որ Ռուսաստանը՝ արտահանման երկրորդ ուղղությունը, առաջարկում է շատ ավելի ցածր գին։

Ալյումինե փայլաթիթեղ

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը՝ ԱրմենԱլ գործարանը, ռուսական ալյումինե հսկայի՝ Ռուսալի դուստր ձեռնարկությունն է, որն ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից է:

Երկար տարիներ Ռուսալը պատկանում էր Օլեգ Դերիպասկային՝ հայտնի ռուս օլիգարխ և ժամանակին երկրի ամենահարուստ մարդը: ԱՄՆ կառավարությունը Դերիպասկայի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2018-ից:

Հայաստանի ալյումինե փայլաթիթեղի արտահանման հիմնական ուղղությունները ԵՄ-ն և ԱՄՆ-ն են։ 2019-ին Հայաստանը ԵՄ է արտահանել 67 մլն դոլարի ալյումինե փայլաթիթեղ, որը կազմում է երկրի ալյումինե փայլաթիթեղի արտահանման ընդհանուր ծավալի 71%-ը։ Մնացած 29%-ը վաճառվել է ԱՄՆ-ին՝ ընդհանուր 28 մլն դոլարի։

Երբ Հայաստանը դուրս գա «GSP+»-ից, ԵՄ արտահանվող ալյումինե փայլաթիթեղի մաքսատուրքը 0%-ից կբարձրանա 7,5%-ի, ինչը Berlin Economics-ի զեկույցը որակում է որպես «լուրջ ցնցում»: Դա կհանգեցնի դեպի ԵՄ Հայաստանի արտահանման 67 մլն դոլարի վնասի։

Թեև զեկույցը կանխատեսում է, որ այդ կորուստները կարող են մեղմվել դեպի Միացյալ Նահանգներ արտահանման վերակողմնորոշմամբ, այդ հեռանկարն այժմ վտանգված է՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի ալյումինե փայլաթիթեղի վրա վերջերս դրված հակադեմպինգային մաքսատուրքերի պատճառով:

ՍիվիլՆեթին վերջերս տված հարցազրույցում էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանն ընդունում է, որ «GSP+»-ի ավարտով առաջին հերթին կտուժի ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը, սակայն նա նշում է, որ ալյումինի «արտադրությունը, անկախ «GSP+» համակարգից, պարբերաբար ցնցումների է ենթարկվում, քանի որ տարբեր պատժամիջոցներ են կիրառվում և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում»։

Արշակ Ասլանյանի խոսքով՝ «GSP+»-ի ավարտով խնդիրներ ունենալու են այն արտադրողները, որոնք չեն հասցնում վերադասավորվել, և այդ դեպքում նրանք պետք է դիմեն էկոնոմիկայի նախարարությանը, ներկայացնեն խնդիրը։ «Մենք աջակցում ենք, տալիս ենք ուղղություններ, բանակցում ենք կառավարությունների հետ, որ տան աշխատելու հանարավորություններ, տալիս ենք ցուցահանդեսներին մասնակցության փոխհատուցում, արտահանման ապահովագրություն»,- ՍիվիլՆեթին ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English.

Մեկնաբանել