Մոլորված և Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված Արցախի բնակիչը վերադարձվել է

Այսօր առավոտյան մոլորված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Արցախի բնակիչը վերադարձվել է։ Նա գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,- գրել է Ստեփանյանը։

Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։

Մեկնաբանել