Ադրբեջանը վերադարձրել է 5 հայ ռազմագերիների, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նրա խոսքով՝ ռազմագերիները հայրենիք են վերադարձել Հունգարիայի կառավարության միջնորդությամբ։
Վահան Հունանյանը նաև հրապարակել է վերադարձած գերիների անունները․
Սարգիս Աբրահամյան Արթուրի
Արման Խաչատրյան Վաչագանի
Վահե Աղաջանյան Սասունի
Սուրեն Խաչատրյան Լյովայի
Արամ Ավետյան Արտյոմի
Ըստ ադրբեջանական կողմի՝ վերադարձածները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում։
***
Մինչ նոյեմբերի 16-ի Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերն Ադրբեջանում հայ գերիների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 խաղաղ բնակիչ: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նոյեմբերի 16-ից հետո գերիների մասին պաշտոնական տվյալները չեն թարմացվել, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ նրանց թիվը հասել է 70-ի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջում նոյեմբերի 23-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ, չճշտված տվյալներով, նոյեմբերի 16–ից հետո գերեվարվել է 32 հայ զինծառայող:
Ադրբեջանը հայկական կողմին 10-ական գերի էր փոխանցել նաև դեկտեմբերի 4-ին և դեկտեմբերի 19-ին, որոնք կրկին գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։
Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը, դեկտեմբերի 29-ի դրությամբ՝ հասավ 139-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։