Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․ թվեր, փաստեր և հարմարեցված մեկնաբանումներ

ռոբերտ քոչարյան

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 27-ին հանդես եկավ մամուլի ասուլիսով, որում հնչեցրեց մի քանի վիճահարույց և համատեքստից կտրված ցուցանիշներ։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նախկին նախագահի ելույթը և հայտնաբերել մի շարք ոչ ճիշտ և մոլորեցնող պնդումներ։

Արտագաղթ

Քոչարյանը, խոսելով արտագաղթի ցուցանիշների մասին, պնդեց. «Այս իշխանությունը հայտարարել է, որ ժողովուրդը բարձրագույն արժեք է […]։ Այդ բարձրագույն արժեքը փախնում է քո երկրից։ […] Եթե չեմ սխալվում, ինն ամսվա արդյունքներով՝ 103 հազար մարդ լքել է երկիրը։ Բալանսը այսպես բացասական է»։

Ներկայում սահմանահատումների վերաբերյալ առկա են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը։ Քոչարյանի նշած թիվը վերաբերում է ՀՀ փաստաթղթերով (անձնագրերով և այլն) սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի տարբերությանը, որը կազմել է մինուս 103 571։ Սակայն ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը կազմել է մինուս 67 504 մարդ։ Այսինքն, այսքան ավելի մարդ դուրս է եկել երկրից, քան եկել։

Քոչարյանը ներկայացնում է միայն ՀՀ փաստաթղթերով սահմանը հատած անձանց տարբերությունը, որն ամբողջությամբ չի արտացոլում արտագաղթի միտումները, քանի որ Հայաստանում բնակվող մարդկանց մեջ կան նաև բազմաթիվ երկքաղաքացիներ և անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն։

Այնուամենայնիվ, արտագաղթի միտումները համեմատած անցած տարիների հետ, իրոք, աճել են։ Վերջին հինգ տարիների առաջին ինն ամսիներին՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանում եղել է մուտք-ելքերի հետևյալ պատկերը․

Ավելին՝ առհասարակ տարվա առաջին ինն ամիսների տվյալները հիմնականում էականորեն տարբերվում են ամբողջ տարվա տվյալներից։ Այսպես, օրինակ 2016-ի հունվար-սեպտեմբերին հաշվեկշիռը կազմել էր մինուս 86 694 մարդ (ՀՀ փաստաթղթերով՝ մինուս 98 902), սակայն ամբողջ տարվա կտրվածքով հաշվեկշիռը կազմել էր էականորեն ավելի քիչ՝ միուս 48 170 (ՀՀ փաստաթղթերով՝ մինուս 54 031)։ Նկատենք, որ 2016-ին գրանցված ցուցանիշը բավական մոտ է այս տարվա նույն ժամանակահատվածի տվյալներին։

Այսինքն, Քոչարյանը վերցրել է արտագաղթին վերաբերող ամենախոշոր թվերը, որոնք չնայած արտացոլում են արտագաղթի միտումները, բայցև կարող են էականորեն տարբերվել ամբողջ տարվա ցուցանիշից, և արտագաղթի պատկերը կարող է փոխվել։

Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերում

Ռոբերտ Քոչարյանը նաև պնդեց, որ աննախադեպ թվով ՀՀ քաղաքացի ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն։

«…մոտ 34 հազար, օրինակ, ընդունել են Ռուսաստանի քաղաքացիություն։ Դա Աբովյան քաղաքն է, մոտավորապես, փաստացի բնակության։ Այսինքն՝ մեկ քաղաք՝ Աբովյանի պես քաղաք, ուղղակի դադարել է կամ ընդունել է այլ երկրի քաղաքացիություն»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանի մատնանշած թիվը ճիշտ է։ Ըստ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության (Главное управление по вопросам миграции) հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել 34 145 ՀՀ քաղաքացի։

Ստորև ներկայացնում ենք ՌԴ ՆԳՆ հրապարակած Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերած հայաստանցիների թվաքանակը վերջին հինգ տարվա կտրվածքով։

Այս թվերը, սակայն, ևս չեն արտացոլում այս տարվա արտագաղթի միտումները և տեմպերը, քանի որ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած անձինք միանշանակ չէ, որ այս տարի են սկսել քաղաքացիություն ստանալու գործընթացը, որը շատ դեպքերում կարող է տարիներ ձգվել։ Այսինքն, տեսականորեն այս տարի ՌԴ քաղաքացի դարձած հայաստանցիների մի մասը, հնարավոր է, ավելի վաղ են դիմել դրա համար։ Բացի այդ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր չէ, որ քաղաքացիները մշտապես այնտեղ բնակվեն։

Ավելին, 34 000 թիվը չի համապատասխանում Աբովյան քաղաքի բնակչությանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Աբովյանն ունի 45 100 բնակիչ, այլ ոչ թե 34 000։ Այս թիվը սակայն քաղաքի մշտական բնակչությունն է, այլ ոչ թե փաստացի (առկա) բնակչությունը, որը վկայակոչում է Քոչարյանը։

Ոչ մի երկիր չդատապարտե՞ց Ադրբեջանին

Ասուլիսի ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմը սանձազերծելու համար։ «Պատերազմի ժամանակ, հիշում եք, ոչ մի երկիր հանդես չեկավ գոնե մեկ հայտարարությամբ դատապարտող այն պետությանը, որը սկսել է պատերազմը»,- պնդեց Քոչարյանը։

Սակայն 44-օրյա պատերազմը սկսելու համար Ադրբեջանին դատապարտել է առնվազն երկու երկիր։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, հայատարարությամբ հանդես եկավ՝ Ադրբեջանին դատապարտելով հրադադարի խախտման համար, նշելով, որ դա հանգեցրել է ինտենսիվ մարտերի և զոհերի պատճառ է դարձել նաև խաղաղ բնակչության շրջանում։

Օրեր անց, Ադրբեջանին նաև դատապարտեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա 2020-ի սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Քանի որ արդեն պարզվել է, որ հրետակոծությունն իրականացվել է Արբեջանի կողմից, ես պահանջեցի, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի, և հստակ դատապարտեցի այդ քայլը»։

Հայաստանը ՀԱՊԿ չդիմե՞ց

Նախկին նախագահը պնդեց, որ Հայաստանն այդպես էլ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և զինված բախումներ հրահրելու համար։ «Էնքան խոսացին, գոռգոռացին, ՀԱՊԿ դիմեք […] պարզվեց, որ չեն էլ դիմել»,- ասաց նա։

Այս հարցին ՍիվիլՆեթն արդեն իսկ անրադարձել է։ Հայաստանը ՀԱՊԿ դիմել է Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք լայնածավալ ներխուժումից հետո։

Մայիսի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992թ. մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Այն մասին հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ վարչապետը հղել էր նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների մյուս ղեկավարներին:

Հատկանշական է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմեց պայմանագրի 2-րդ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով, ըստ որի եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա բոլոր մասնակից պետությունների դեմ և ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնություն։

ՀԱՊԿ-ից և անդամ պետություններից երկար ժամանակ որևէ արձագանք Հայաստանի դիմումին չեղավ։ Դիմումից միայն շուրջ երկու ամիս անց՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է», և ՀԱՊԿ-ի «ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ-պետություններից մեկի վրա] հարձակման դեպքում»։

․․․

Այպիսով, Քոչարյանը վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրել է մի շարք ցուցանիշներ և արել հայտարարություններ, որոնք կա՛մ չեն ներկայացնում ամբողջ պատկերը, կա՛մ համատեքստից կտրված են։ Նախկին նախագահը նաև անհիմն պնդումներ է արել պատերազմի ժամանակ Ադրբեջանին դատապարտող երկրների և Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմել-չդիմելու մասին։

Մեկնաբանել