Մաքսայինը կրճատել է հավաքագրումները

Հայաստանի 2012թ. պետական բյուջեի եկամուտների եռամսյակային հավաքագրման գրաֆիկով առաջին կիսամյակում նախատեսված է 391,5 մլրդ դրամի հավաքագրում. Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 395,4 մլրդ դրամ։ Կառավարության կողմից ծրագրված կիսամյակային ցուցանիշը ՊԵԿ-ը գերակատարել է 4,1 մլրդ դրամով կամ 1%-ով։

Կառավարությունը ծրագրել է, որ առաջին կիսամյակում պետք է հավաքագրվի բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալի 44,8%-ը, այն դեպքում երբ անցած տարի ցուցանիշը 48,4% էր։ Թե ինչու է գործադիրն այս տարի հարկահավաքման բեռը տեղափոխել երկրորդ կիսամյակ, պարզ չէ։

Ընդհանուր առմամբ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 20,4 մլրդ դրամի հավելյալ հարկեր, ինչը տարվա կտրվածքով նախատեսված հավելյալ 101 մլրդ դրամ հարկային եկամուտների 20,1%-ն է միայն։

Թեև ՊԵԿ-ը գերակատարել է կիսամյակային ծրագիրը, բյուջեի եկամուտների ապահովման մասով ռիսկերը դեռ չեն մեղմվել։

Խնդիրն այն է, որ կառավարության կողմից այս տարվա բյուջեի հիմքում դրված հավելյալ 101 մլրդ դրամ հարկային միջոցներից 80,6 մլրդ-ն ըստ էության պետք է հավաքագրվի տարվա երկրորդ կեսին։ Սա նշանակում է, որ ամսական կտրվածքով պետք է հավաքագրվի միջինում 80 մլրդ դրամի (որից 13,4 մլրդ-ը՝ հավելյալ) հարկային եկամուտ, այն դեպքում, երբ տարվա առաջին կիսամյակում առավելագույն ծավալով հավաքագրումն արձանագրվել է մայիսին՝ 74,1 մլրդ դրամ, իսկ ամսական միջին ցուցանիշը կազմել է 65,9 մլրդ դրամ։

Մաքսայինը լավ չի աշխատել

Առանձին հարկատեսակների հավաքագրման ցուցանիշներից երևում է, որ ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի և ակցիզային հարկի գծով հավաքագրումների աճը (համապատասխանաբար 22,2%-ով և 12,5%-ով) ամբողջովին պայմանավորված է եղել ֆիսկալ բեռի ավելացմամբ։ Այս տարի բարձրացվել է ծխախոտի հաստատագրված վճարների չափը, իսկ մի շարք ապրանքատեսակներ, մասնավորապես՝ ավտոյուղերը տեղափոխվել են ակցիզային հարկի դաշտ։

Թեև ուղղակի հարկերի՝ եկամտահարկի և շահութահարկի գծով հավաքագրումներն աճել են համապատասխանաբար 22,2%-ով և 12,3%-ով, շահութահարկի գծով աճի տեմպը զիջում է 2011թ. նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշին (2011թ. առաջին կիսամյակում շահութահարկի գծով աճը կազմել է 30,2%)։ Եկամտահարկի գծով հավաքագրման աճը պայմանավորված է ոչ միայն աշխատավարձերի աճով (առաջին կիսամյակում միջին աշխատավարձն աճել է 6,2%-ով), այլև «շքեղության» հարկի ներդրմամբ։

Մտահոգիչ է, որ մաքսատուրքի գծով հավաքագրումները շարունակում են նվազել. առաջին կիսամյակում դրանք կրճատվել են 1,4%-ով։ Անկումը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ ներկրումն աճել է $123 մլն-ով, իսկ ազգային արժույթը արժեզրկվել մոտ 8%-ով։ Նման պայմաններում մաքսային մարմիններն ոչ միայն չեն կարողացել ապահովել հավաքագրման աճ, այլև չեն ապահովել անցած տարվա ցուցանիշը։

Մեկնաբանել