2021-ի ֆեյքերի թոփ տասնյակը

արթուր պապյան

Հայաստանյան հասարակության կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ ապատեղեկատվության և մանիպուլյատիվ թեզերի տարածման վրա այս տարի վճռորոշ ազդեցություն ունեցան 2020-ի Արցախյան պատերազմն ու դեռ 2019-ին մեկնարկած COVID-ի համաճարակը։

Տարվա ընթացքում ապատեղեկատվություն տարածելու հարցում աչքի ընկան թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ ներքին, թե՛ արտաքին աղբյուրները։ Ընդ որում, տարվա կեսը պայմանավորվեց սուր նախընտրական պայքարով, իսկ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեդիադաշտում տիրած հարաբերական ֆեյքադադարը կարճ տևեց։

Տարվա ընթացքում առավել շրջանառված կեղծիքներից առանձնացրել ենք հետևյալ 10 դրվագները․

1Ամբողջ տարին հասարակությանը պարբերաբար լարվածության մեջ պահեց Սյունիքում և Գեղարքունիքում սահմանային բախումների, Սև լճի ու Գորիս – Կապան ճանապարհահատվածի վիճարկելիության և պատկանելության, այս հարցում գրավոր կամ բանավոր պայմանավորվածության առկայության թեման։
2Տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված առավել ագրեսիվ ապատեղեկատվությունը «Զանգեզուրի միջանցքի» թեզն էր։ Ադրբեջանի նախագահը պարբերաբար պնդում էր, թե հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է ներառի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը և հավելում, թե «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն «արդեն մտել է միջազգային բառապաշար»:
3Դեռ 2021-ի հունվարին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել էր, թե այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ, իսկ այս տարվա օգոստոսից Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիսանում է Թուրքիայի գործակալ։ Շրջանառվող թեզերից մեկն այն է, թե որպես «նախկին գործակալ» Միրզոյանը Հայաստանի շահերին դեմ գնալով՝ լուծելու է Ղարաբաղի հարցը և չի կարող հակառակվել ոչ Թուրքիայի, ոչ էլ Ռուսաստանի ցանկություններին։
4Նաև այս համատեքստում ընդդիմությունը պարբերաբար խոսեց Հայաստանի թուրքացման վտանգի մասին, հատկապես անկախության տոնին ընդառաջ, երբ տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ թուրքական բեռնատարից տեխնիկա է իջեցվում և որ հրապարակում պտտվում են ինչ-որ օտարերկրացիներ, որոնցից մեկի տաբատի վրա երևում է Թուրքիայի դրոշը։
5Հայաստանում թուրք կամ ադրբեջանցի հետախույզ ձերբակալելու թեման մերթ ընդ մերթ շրջանառվում էր հայկական լրատվամիջոցներում։ Ինչ-ինչ դեպքերում այս տեղեկատվությունը հերքվում էր, որոշ դեպքերում պարզվում էր՝ դա հնացած տեղեկություն է․ հասարակությունն այդպես էլ չիմացավ՝ ի վերջո ո՞ւմ էին ձերբակալել իշխանությունները։
6Հայ – ադրբեջանական բանակցությունների ֆոնին պարբերաբար ապատեղեկատվություն էր շրջանառվում Տիգրանաշենի, Ոսկեպարի և այլ տարածքների հանձնման մասին։
7Հայ հանրությանը որոշ ժամանակ հուսադրեցին կեղծ լուրերը, թե Իրանը պատերազմ է սկսում Ադրբեջանի դեմ։ Այս լուրերը հատկապես լայն տարածում ստացան Իրան – Ադրբեջան լարվածության ֆոնին, սակայն Բաքուն պայթեցնելու և նմանատիպ այլ կեղծ լուրերով ոգեշնչված հայաստանցիների հույսերը չարդարացան իսկ Իրանն ու Ադրբեջանը հարթեցին տարաձայնությունները։
8Տարվա ընթացքում չէր դադարում պատվաստման հետևանքով մահանալու, պատվաստվելով չիպավորման և պատվաստման վտանգավորության վերաբերյալ ապատեղեկատվության շրջանառումը։ Ընդ որում, թեման հաճախ շահարկվում էր բժիշկների կողմից, ինչը մարդկանց աչքին առավել արժանահավատ էր դարձնում պնդումները, թե պատվաստվելու կարիք չկա։ Այս շարքից էր նաև ապատեղեկատվությունն այն մասին, թե COVID-19-ի դեմ պատվաստված կանանցից ծնվում են «գենետիկ փոփոխված երեխաներ»՝ մորթիով, երեք ձեռքով, չորս ոտքով ու նույնիսկ պոչով։
9Տարվա առավել կարևոր մանիպուլյացիաների ցուցակում առանձին տեղ է պետք հատկացնել, իհարկե, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որը փորձում էր արդարացնել այն փաստը, որ իր եղբոր ղեկավարած ընկերությունը տենդերներ է շահում։ Սիմոնյանը նաև փորձում էր արդարացնել պատգամավորներին հավելավճարներ վճարելու և կամ իր համար գերթանկարժեք ավտոմեքենա գնելու որոշումները։
10Տարվա ֆեյքերի տասնյակը եզրափակենք Դիանա Մարտիրոսյանի մասին սենսացիոն լուրով, որն իբր, ծեծի էր ենթարկել երեք հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Հասարակությունը այդպես էլ մինչև վերջ չիմացավ՝ ի վերջո ինչ էր եղել և արդյոք, առհասարակ, նման բան եղել էր, թե ոչ։

2021-ի այս ամփոփիչ հաղորդումն ուզում եմ եզրափակել՝ շնորհավորելով Ձեր ամանորյա տոներն ու Սուրբ ծնունդը, ինչպես նաև մաղթելով ֆեյքերից, կեղծիքներից, ապատեղեկատվությունից ու մանիպուլյացիաներից զերծ տարի։

Մեկնաբանել