Ըստ ՊԵԿ-ի՝ աշխատատեղերի ու աշխատողի միջին ամսական եկամուտի գծով ռեկորդային ցուցանիշներ են եղել

Հայաստանի 2021-ի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 146 միլիարդ դրամով։ Այդ մասին կառավարության տարեվերջյան նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա հիշեցրեց, որ 2021-ի պետական բյուջեի մասին օրենքով սահմանվել էր 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև հարկ վճարողներին վերադարձված գումարների ծավալը այս տարվա համար. «Վերադարձի ցուցանիշները ռեկորդային են, մենք վերադարձրել ենք 182 միլիարդ ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ և այսօր սպասվում է ևս 3 միլիարդ դրամի վերադարձ։ Տարվա ցուցանիը կլինի 185 միլիարդ վերադարձված գումար»,- նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ 2020-ի համեմատ վերադարձված գումարը աճել է ավելի քան 30,1 տոկոսով։

Այս հուլիսից կառավարությունը պետական տուրք էր սահմանել պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման համար, քանի որ միջազգային բորսաներում այս ապրանքների գինը աճում է։ Ինչպես տեղեկացրեց Բադասյանը, այս գծով հավաքագրվել է 24,6 միլիարդ դրամ։ Հուլիսին՝ օրենքի ընդունման ժամանակ Քերոբյանը հույս էր հայտնել, որ կես տարվա արդյունքներով կհավաքագրվեր 35 միլիարդ դրամ։ Խոսելով հանքարդյունաբերողների համար այս նոր տուրքի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Որոշումը կգործի այնքան ժամանակ, մինչև ռոյալթիի ճկուն համակարգ ներդնենք»։

2021-ին Հայաստանն ունեցել է 654 000 աշխատատեղ, 2020-ին այդ ցուցանիշը 609 000 էր, իսկ 2019-ին՝ 602 000։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ աշխատատեղերի ու աշխատողի հաշվով միջին ամսական եկամուտի ցուցանիշը եղել է ռեկորդային. «Միջին ամսական եկամուտը մեկ աշխատատեղի գծով կազմել է 214 000 դրամ, իսկ անցյալ տարի՝ 203 000 դրամ»,- ասաց Բադասյանը։

Մեկնաբանել