Թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը վերացվում է

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։

Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։ Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում։

Դեկտեմբերի սկզբին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնել էին, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին, ավելին, այն հայաստանյան տնտեսության որոշ ճյուղերի վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել:

Ի դեպ, թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքը երկարաձգելու կամ չեղարկելու վերաբերյալ բուռն քննարկումներ էին ընթանում իշխանության ներսում․ կարծիքները տրամագծորեն տարբեր էին։

Արգելքը չերկարաձգելու որոշման հիմքում թերևս քաղաքական դրդապատճառներ են․ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով երկուստեք բանագնացներ են նշանակել․ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիան ներկայացնում է դիվանագետ Սերդար Քըլըչը։

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը կիրառվում է 2021-ի սկզբից, պատճառը 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օգնությունն էր Ադրբեջանին։ Արգելքը երկարաձգվեց վեց ամսով այս տարվա հունիսին։

ՍիվիլՆեթը հետաքննությամբ պարզել է, որ այս ժամանակահատվածում թուրքական ապրանքները շարունակել են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով:

Մեկնաբանել