2021-ի գլխավոր միտումները ղարաբաղյան համատեքստում

nagorno_karabakh_nk_artsakh_tatik_papik

2021-ը Հայաստանի ու Արցախի համար չափազանց ծանր տարի էր: Հետպատերազմյան լրջագույն ճգնաժամի պայմաններում հայաստանյան ու արցախյան հասարակությունները ողջ տարվա ընթացքում ստիպված էին դիմակայել մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերների, որոնք ժամանակ առ ժամանակ ապակայունացնում էին իրավիճակը երկու հանրապետություններում: Այդ առումով կարևոր է առանձնացնել ղարաբաղյան համատեքստում 2021-ի ընթացքում արձանագրված գլխավոր միտումներն ու իրադարձությունները, որոնք նոր դրսևորումներ են ստանալու գալիք տարում:

Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումների մեղմացում և լղոզում

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում 2021-ի գլխավոր միտումը, որն ի հայտ է եկել հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, ՀՀ իշխանությունների կողմից Արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքորոշումների շարունակական մեղմացումն ու լղոզումն էր: Իշխող ուժը խորհրդարանական ընտրություններին Ղարաբաղյան հարցում մասնակցել էր բավական համարձակ օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մասնավորապես խոսվում էր նախկին ԼՂԻՄ֊ի տարածքի օկուպացված բնակավայրերի դեօկուպացիայի, ինչպես նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման մասին:

Այնուամենայնիվ, ընտրությունների ավարտից հետո իշխող թիմի օրակարգում լուրջ փոփոխություններ տեղից ունեցան: Վերոնշյալ երկու դրույթները տեղ չգտան Կառավարության ծրագրի մեջ: Ծրագրի՝ Արցախյան հիմնահարցին նվիրված հատվածը աչքի էր ընկնում լղոզված ձևակերպումներով ու կոնկրետ շեշտադրումների բացակայությամբ: Այս միտումը խորանում էր ողջ տարվա ընթացքում և իր գագաթնակետին հասավՆիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսներում, որոնց ընթացքում Հայաստանի վարչապետը հակամարտության կարգավորման վերաբերյալ արդեն ակնհայտ ադրբեջանական թեզեր էր հնչեցնում:

Փոփոխություններ ԵԱՀԿ միջնորդների բառապաշարում

Հայաստանի կողմից դիրքորոշումների լղոզմանը ու մեղմացմանը զուգընթաց լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների բովանդակության մեջ: Պատերազմի ավարտից հետո համանախագահները իրենց հայտարարությունների մեջ շեշտում էին հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը և նշում էին, թե ինչ մեխանիզմներով դա պետք է տեղի ունենա: Նրանք մասնավորապես ընդգծում էին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա: Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սակայն 2021-ի երկրորդ կեսից սկսած այս ձևակերպումը անհետացավ համանախագահների հայտարարություններից: Փոխարենը միջնորդ երկրները սկսեցին խոսել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին» համապարփակ լուծումներ տալու անհրաժեշտության մասին: Այս միտումը իր արտացոլումն է գտել նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդի դեկտեմբերի 2-3-ի ստոկհոլմյան վեհաժողովից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարության մեջ, որտեղ հակամարտության քաղաքական բաղադրիչը անտեսված է, իսկ շեշտը դրված է հումանիտար խնդիրների վրա:

Ղարաբաղյան հակամարտությունը գրեթե անհետացել էր հայ-ադրբեջանական օրակարգից

2021-ի մեկ այլ կարևոր միտում էր այն, որ ՀՀ իշխանությունների պասիվ քաղաքականության ու Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ պարբերական ոտնձգությունների իրականացման պատճառով Ղարաբաղյան հակամարտությունը գրեթե անհետացել էր հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից: Սա ևս Ադրբեջանի հետպատերազմյան կարևոր նպատակներից է, երբ Բաքուն պնդում է Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին: Այս միտումը ևս իր գագաթնակետին հասավ տարեվերջին, երբ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Ալիև֊Փաշինյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից տարածված հայտարարության մեջ չկար հիշատակում ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ Ղարաբաղյան հակամարտության մասին:

Արայիկ Հարությունյանի իշխանության ամրապնդումը

2021-ին Արցախի ներքաղաքական կյանքի գլխավոր միտումը ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից սեփական իշխանության ամրապնդման գործընթացն էր: 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հարությունյանը բարդագույն իրավիճակում էր հայտնվել: Քչերն էին հավատում, որ նա պատերազմի աղետալի արդյունքների ֆոնին կկարողա շարունակել իր պաշտոնավարումը: Հարությունյանը ևս ասուլիսներից մեկի ընթացքում հայտարարել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախում նախագահական արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն, և ինքը չի առաջադրվի այդ ընտրություններին որպես թեկնածու: Հարությունյանն այդ փուլում հայտարարում էր նաև, որ առանցքային հարցերի շուրջ որոշումները կոլեգիալ սկզբունքով կսկսվեն կայացվել: Նա նշում էր, որ անվտանգային ոլորտին առչնվող մի շարք կարևոր հարցերի շուրջ որոշումներում առանցքային դեր էր ստանալու Արցախի անվտանգության խորհուրդը: Այդ հայտարարությունից հետո երևանյան մամուլում ամիսներ շարունակ հրապարակումներ էին հայտնվում այն մասին, որ Արցախում դե ֆակտո իշխանությունը պատկանում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Այնուամենայնիվ, 2021-ի ընթացքում Արայիկ Հարությունյանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը: Նա կարողացել է բավականին կարճ ժամանակահատվածում կոոպտացնել մի շարք գործիչների, որոնք պատերազմի ավարտից հետո թշնամաբար էին տրամադրված նրա նկատմամբ: Ռուսական կողմի հետ աշխատանքային լավ հարաբերությունների հաստատումը ևս կարևոր գործոն էր այս գործընթացում: Հարությունյանի համար լուրջ մարտահրավեր էին Ստեփանակերտում հունիսի վերջին տեղի ունեցած բազմամարդ ցույցերը, որոնց հետևում ամենայն հավանականությամբ կանգնած էին նախկին ուժային էլիտայի որոշ ներկայացուցիչներ: Սակայն այս փուլում ևս իշխանական ռեսուրսների կիրառման միջոցով նրան հաջողվեց չեղոքացնել իր իշխանությանը սպառնացող այդ վտանգը և կայունացնել իրավիճակը: 2021-ի ավարտին Արայիկ Հարությունյանը շատ ավելի մեծ իշխանություն ունի Արցախում, քան ուներ 2020-ի ավարտին:

Մեկնաբանել