Ինքնության փոխակերպումներ՝ անկախության օրակարգ

syunik

Վահրամ Մարտիրոսյան

«Ինքնությունը բարդ ինքնակառավարման գործընթաց է, տեսակի, աշխարհը յուրացնելու և աշխարհին իրենը հաղորդելու մեխանիզմների ամբողջություն»:

Ալբերտ Ստեփանյան

————————————–

Հայաստանը մինչև 1988 թվականը ապրում էր կոմունիստական մետանարատիվի՝ անդրպատումի շուքի ներքո։ Բայց արնահեղությամբ սկսված, սարսափելի բռնություններով շարունակվող լաբորատոր փորձը տասնամյակների ընթացքում կորցրեց թափը։ Ինչպես հետզհետե զառամում էր ՍՄԿԿ Քաղբյուրոն՝ ՍՍՀՄ փաստացի ղեկավարությունը, որի միջին տարիքը Բրեժնևի օրոք գերազանցեց 70-ը, այդպես էլ կոմունիզմի գաղափարախոսությունը դառնում էր ձևական նույնիսկ պաշտոնական քարոզիչների համար։ Դա հանգեցնում էր ցինիզմի. «մեծ» առաջնորդները, «կոմունիստական լուսավոր ապագան» վերածվում էին անեկդոտների նյութի՝ հակառակ վախի ամենազոր КГБ-ի հանդեպ։

1988-ին Արցախյան շարժումով սկսված վերելքը հասարակությանը ուղղորդեց դեպի ազգային ինքնագիտակցություն, գրաքննված անցյալի, ինքնության ուղենիշների վերանայում։ Զուգահեռաբար տարածվում էին ազգային սնապարծությունից ազատվելու, օտար ուժերին չապավինող, իրատեսական քաղաքականության վարելու գաղափարները։ Բայց կարծրատիպային մտածելակերպի փոփոխության ընթացքը տևեց մինչև 1998-ի հեղաշրջումը, որից հետո դրանց փոխարինեցին ճոռոմախոս ցեղապաշտությունը, պատմության առասպելականացված ընկալումները, հանդիսանքային կրոնասիրությունն ու ավանդույթների… ավելի ճիշտ՝ «ադաթների» կարևորումը՝ շղարշ, որ «ԿԿԿ»-ը՝ կարիերիստները-կաշառակերները-կրիմինալը, օգտագործում էր քաղաքական հիմնովին իշխանությունը յուրացնելու, այդ միջոցով պետությունը անպատիժ թալանելու համար։

1988-ին Հայաստանի անկախությունը հեռավոր երազ էր թվում։ Այն էլ՝ ազատատենչ փոքրաթիվ այլախոհների, մտավորականների համար։ 1991-ին սեպտեմբերի 21-ին արդեն միակ ընտրությունն էր, բայց ինքնության նոր ուղենիշները բավականաչափ չարմատավորեցին Անկախության օրակարգը ամուր պահելու համար։ 27 տարի անց՝ 2018-ին նոր հեղափոխություն պետք եղավ «ԿԿԿ»-ին իշխանազրկելու, ժողովրդավարության բացահայտ կեղծումը իրական ժողովրդավարության հուն վերադարձնելու համար։ 1994-ի հաղթանակից 26 տարի անց շատ առումներով հակասական այդ ընթացքը ավարտվեց պատերազմով ու պարտությամբ։

«Երկնքում մեր մարտական ինքնաթիռների անընդհատ բացակայությունը և թշնամու ռմբակոծությունների ճնշող անպատժելիությունը մեր զինվորների ընկճվելու հիմնական պատճառներից էին։ […] Ցավոք, ձեռքովս անցած շատ զեկույցներից ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ պարկեշտ ու արժանավոր մարդիկ շատ հազվադեպ էին հանդիպում ղեկավար սպայական պաշտոններում։ […] Այսպիսով, տարբեր դարաշրջանների երկու հակառակորդներ բախվեցին ռազմի դաշտում: Մենք կարծես վերադարձել էինք գաղութային պատերազմների օրերին, երբ նետը հակադրվում էր ատրճանակին: Բայց այս անգամ պարզունակ վայրենիների դիրքում մենք էինք» (Bloch 1945, 83):

Մեջբերումները Մարկ Բլոկի «Տարօրինակ պարտություն» գրքից են։ Նա խոսում է Հիտլերի «Ֆրանսիական ռազմարշավի» մասին, որը տևեց… 44 օր՝ 1940-ի մայիսի 10-ից հունիսի 22-ը։ «Բայց ինչ ուշադիր ու սիրալիր էին միմյանց հանդեպ մեր զինվորները: Մի քանի ծանոթ զինվորների հետ հանդիպումը ջերմացրեց իմ սիրտը: Նորմանդիայում այս մի քանի օրվա հիշողություններն ինձ համոզում են, որ ֆրանսիացի ժողովրդի համար ամեն ինչ կորած չէ» (Bloch 1945, 123)։ […] «Ինչպես Պիեռ Ամպն է տեղին նկատել, իսկական քաջությունը «աշխատանքային պարտաճանաչության տեսակ է» (Bloch 1945, 122):

Բացի 44-օրյա տևողությունից՝ հավանաբար նկատելի է երկու ակնհայտ զուգահեռ «Ֆրանսիական ռազմարշավի» և Արցախյան 2-րդ պատերազմի միջև։ Առաջինը՝ շարքայինների բարձր մարդկային որակները։

Չնայած դառը պարտությանը, «տարածաշրջանի ամենաուժեղ բանակի» հասարակական համոզման հօդս ցնդելուն, պատերազմի ընթացքի մասին մեր ստացած իրական, ոչ քարոզչական տեղեկությունները (դիցուք, տես՝ Ռիմա Գրիգորյան, Հայկ Մակիյան, Սարո Բաղդասարյան, Հակատանկային մարտկոցը․ կապիտան Հրանտ Գալստյան, https://hetq.am/hy/article/136199) ցույց տվեցին հայ զինվորի արժանիքները՝ նվիրվածություն ծառայակից ընկերներին, տոկունություն, կարգապահություն, զսպություն։ 18-20-ամյա զինվո՛րի, ո՛չ ֆիդայու։ Նաև՝ ոչ սովետական բանակի զինվորի, որը կամ «ստրոյբատում» գլուխ էր պահում, կամ «խլեբառեզ» էր, կամ «կապտյորշչիկ», որը «լիքը լևի փող ուներ»՝ 1970-80-ներին իմ ամենաշատ լսած պատմությունների համաձայն։

Եվ երկրորդը՝ հակառակորդի կամ հակառակորդների տեխնոլոգիական գերազանցությունը։ «44-օրյա պատերազմը» մի կողմից հայ զինվորների «իսկական քաջությամբ»՝ «աշխատանքային պարտաճանաչությամբ» մեր ինքնությունը հարստացնելուն, մյուս կողմից հրամանատարների, զորահավաքային խմբերի՝ ժամանակակից մարտահրավերներին անհամապատասխանության բազմաթիվ դրսևորումներին զուգահեռ, փշրեց … հարևան երկրներից տեխնոլոգիապես մեր ավելի զարգացած լինելու առասպելը։

Ինչո՞ւ։ Գուցե պատճառներից մեկն այն է, որ մեր պատմության մեջ վերացական հատկանիշները՝ հերոսականությունը, անձնազոհությունը, վեր են դասվել քաղաքական, ռազմական, նյութական կարողություններից։ Մինչդեռ, ֆրանսիական «աննալների դպրոցից», սկսած պատմաբանները ավելի ու ավելի են անցյալը վերակերտում «եռաչափ»՝ ներառելով բազմաթիվ, այդ թվում՝ մարդաբանական գիտելիքներ։ Դրանք օգնում են թշնամուն տեսնել «եռաչափ», գնահատել նրա ուժեղ կողմերը։

Սովորել թշնամուց

Հռոմեական կայսրությունը երկար դարեր տիրել է հարևան բազմաթիվ երկրների։ Ի թիվս այլ գործոնների՝ մեծ դեր է ունեցել այն, որ օտար տարածքներում ստեղծված բանակային ճամբարները կատարելության էին հասցված։ Շարժական ամրոցներ, որոնց նյութական մատակարարումն ուղղակիորեն Հռոմից էր։ Ըստ Հրաչյա Աճառյանի. «Հռովմեական բանակի պատճառով էր, որ Սպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Հելվեդիայում, Բելգիայում տեղի են տվել ազգային լեզուները, և մտել է ամբողջապես լատիներենը, որի ժառանգներն են այսօր սպաներենը, պորտուգեղերենը, ֆրանսերենը և այլն» (Աճառյան, 1940, 325)։ Որտեղից՝ որտեղ։ Բարձրակարգ ռազմական մշակույթը պատճառ է դարձել, որ եվրոպական մի շարք ժողովուրդներ կորցնեն իրենց ազգային լեզուն։ Ի դեպ, հռոմեական լեգեոնները Հայաստանում ևս բանակել են, հիմնահատակ կործանել Արտաշատը, հիմնել Նորաքաղաքը կամ Արտեմիդ քաղաքը՝ այսօրվա Էջմիածինը, բայց 700-ամյա շփման ընթացքում լատիներենից հայերենին հատուկենտ բառեր են անցել, այն էլ բյուզանդական հունարենի միջնորդությամբ։ Մինչև Հռոմի անկումը հայկական պետականությունը գոյություն ուներ համարյա հազար տարի՝ հավանաբար այդ ավանդույթն է դիմադրությունը ապահովել։

Սելջուկ-թուրքերը, մոնղոլները ստեղծել են լայնածավալ կայսրություններ։ Ինչո՞վ էր պայմանավորված հաջողությունը։ Նաև՝ ռազմատեխնիկական նորամուծություններով։ Նրանք աղեղների լարերը ոլորում էին ուղտերի ջլերից, ոչ՝ ավանակների, և նետերը ավելի հեռու էին արձակում, քան հակառակորդները։ Նախընտրում էին զամբիկ ձիերին, որ ենթարկվող էին և թույլ էին տալիս արագ նահանջել՝ վաղաժամ մերձամարտից խուսափելու համար։ Գումակ համարյա չունեին։ (Նորից՝ ի դեպ, հակառակ ժողովրդի մեջ տարածված պատկերացումներին, սելջուկ-թուրքերը, մոնղոլները Հայաստանի պետությանը չեն հաղթել, այլ տվյալ ժամանակ մեր երկիրը նվաճած ուրիշ տերությունների)։

Մոնղոլները խմում էին ձիերի կաթը, հում միսը ապխտում ռազմարշավի ընթացքում, պատկերավոր ասած՝ ձիերի քրտինքով, ինչի շնորհիվ, ըստ ժամանակագիրների, հայտնվում էին հանկարծակի, կարծես օդից՝ «անսպասելի ժամի… ուժգին հարձակումով ելան Դերբենտի դռնից»։ (Գանձակեցի 1982, 148)։ Կիրակոս Գանձակեցին նշում է նաև «թաթարների» սոցիալական համերաշխությունը. «Ուտելիս համահավասար բաժանում էին տերերին ու ծառաներին»։ «Բնականից հակված էին օրինապահության… միմյանց նկատմամբ արդարամիտ էին, հավատարիմ ու հնազանդ իրենց առաջնորդին, իրավարար ու իրավադատ»,- պատմում է Ստեփանոս Օրբելյանը (Օրբելյան 1986, 322)։

Օսմանյան թուրքերը մեկ հաղթել, մեկ պարտվել են պատերազմներում, բայց հաճախ շահել են վերջնահաշվում։ Ընդունված է չափազանցնել դիվանագիտության դերը, մինչդեռ պայմանական Արևմուտքի և պայմանական Արևելքի հաճախ եղել է այնպիսի հակամարտություն, որ կայսրությունը մասնատումից, կործանումից փրկել է դրանցից մեկը։ Բայց, մյուս կողմից, Օսմանյան կայսրությունը 17-րդ դարում կազմակերպել է կանոնավոր բանակ, «մի բան, որ հետագա երկու դարերի ընթացքում Եվրոպայում ի վիճակի չեղան իրագործել» (Բայբուրդյան 2011, 61)։

Իսկ հայերս երբևէ ունեցե՞լ ենք տեխնոլոգիական առավելություններ, որպեսզի ոտք գցեինք հակառակորդների, հատկապես՝ կայսրությունների հետ։ Պատմական գիտությունը հետամո՞ւտ է, որ դրանք ի հայտ բերի ու մատուցի կրթությանը, հանրությանը։

Մաս 2. Գործնականորեն դասակարգել սեփական առավելությունները

6-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում կարդում ենք, որ, մեր ծագման մասին հնագույն ավանդազրույցի համաձայն, «հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են»։ 5-րդ դասարանի «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքում նաև «Լրացուցիչ նյութ» կա, «Նետաձիգ Հայկը» վերնագրով.

«- Քո հերթն է, Հայկ,- ասաց Բելը հաջողությունից ոգևորված,- քեզ տեսնենք։

Առաջ եկավ Հայկը՝ բարձրահասակ, թիկնեղ, կանգնեց դաշտի մեջ և լարեց լայնալիճ աղեղը։ Նորից սուրաց նետը։ Լսվեցին զարմանքի բացականչություններ։ Հայկի նետի սլաքը կպել էր Բելի նետին, մեջտեղից երկու կես արել ու մնացել նրա մեջ։ Այսպես Հայկ Նահապետը նետաձգությամբ հաղթեց Բելին և իր գերդաստանով հեռացավ Բաբելոնից» (Հայոց եկեղեցու պատմություն-5, 2014, 21)։

Ի՞նչ խորհուրդ ունի այս դրվագը կամ Հայկի բնութագրումը որպես դյուցազնի։ Որ Հայկը հաղթանդա՞մ էր։ Որ Բելից ավելի հմուտ նետաձի՞գ էր։ Խորենացու առասպելի խորհուրդը նախ և առաջ պայքարն է հանուն երկրի ազատության, անկախության։ Մի պայքար, որ բնորոշելու է մեր պատմության հետագա ընթացքը։

Իսկ եթե նույն առասպելը դիտարկվեր տեխնոլոգիաների տեսանկյունի՞ց։ Հայկը «մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա (Բելի) թիկունքի միջով, գետին է խրվում» (Խորենացի, Գիրք Ա, գլուխ Ժա)։ Բայց Բելը «կրում էր … թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ»։ Ուրեմն Հայկի նետի սլաքը ավելի ամուր համաձուլվածքից էր, եթե ծակել է Բելի զրահը։ Այսինքն, թշնամու մեծ զորաբանակին հաղթում է սլաքի մետաղը՝ նոր տեխնոլոգիան, որի մշակմանը «Հայոց պատմության» 6-րդ դասարանի դասագրքում առանձին ենթավերնագիր է նվիրված, բայց… առանց որևէ համատեքստի, առանց որոշակի իրադարձությունների հետ կապի։

Օրինական հարց է ծագում՝ իրավասո՞ւ ենք առասպելի հիման վրա համատեքստ կառուցել։ Միայն առասպելի վրա՝ ոչ։ Բայց հղում անելով աղբյուրներին, հատկապես օտար աղբյուրներին՝ այո։ Քսենոփոնը՝ աթենացի զորավարը, Սոկրատեսի աշակերտը գրում է «Անաբասիս»-ում, որը Հայաստանում շատերին է ծանոթ.

«Նրանց արձակած նետերը ծակում էին վահաններն ու լանջապանակները: Հելլենները երբ այդպիսի նետերը ձեռք էին բերում, կաշվե փոկեր հարմարեցնելով, օգտագործում էին տեգի փոխարեն» (Քսենոփոն, 1970, IV, 28, էջ 88):

Բայց «Անաբասիսը» ծանոթ է բոլորին ոչ այս նկարագրությամբ, այլ գարեջրի պատմությամբ։ Հույն պատմիչը գարու հատիկներ է տեսել մի ըմպելիքի երեսին։ Ըստ տարածված վարկածի՝ մենք առաջինը կամ շատերից վաղ ենք գարեջուր եփել։ Ես երբեք, օրինակ, գինու երեսին լողացող խաղողի հատիկներ չեմ տեսել, որ դրանով որոշեի, թե ինչ եմ խմելու։ Եթե նույնիսկ խմիչքը գարեջուր էր, արդյոք հպարտանալու մեծ առի՞թ է։ «Նետարձակման ժամանակ նրանք լարը ձգում էին, ձախ ոտքը դնելով աղեղի ներքևի ծայրին», գրում է մ.թ.ա. 5-4-րդ դարերի ականատես Քսենոփոնը հայ զինվորների մասին։ Սա է հպարտանալիք՝ մեծ էր աղեղի լիճը, նետերը հեռու էին թռչում։ Իսկ «Անաբասիսից» ես նախ կառանձնացնեի սոցիալական համերաշխության պատումը՝ հայ գյուղապետը այնքան երկար է հետևում հունական զորքին, մինչև որ ազատում է որպես ուղեկցորդ տարած երկու համագյուղացուն։

Գրենոբլ քաղաքի պատկերասրահում ցուցադրվում է 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Նոել Կոյպելի «Կյուրոսը հարցաքննում է Հայոց թագավորին» նկարը։

(Նկար 1)

Պարսից Կյուրոս թագավորի դիմաց Հայոց թագավորն է, ըստ ամենայնի՝ Երվանդ Սակավակյացը, և արքայազնը՝ Տիգրան Երվանդյանը։ Այս պատմությանը Քսենոփոնը… մի քանի տասնյակ էջ է հատկացրել «Կյուրոպեդիայում»։ Կյուրոսի դաշնակից հայերը հրաժարվել են պայմանագրով նախատեսված զորքը տրամադրել նրա մեկ ուրիշ դաշնակցի՝ մարերին։ Կյուրոսը, որի կայսրությունը տարածվում էր Մերձավոր Արևելքից մինչև Հնդկական ծով, ապստամբ հայերին կռվում չի հաղթում՝ զոհերի ու ծախսերի գնով։ Խաբում-կանչում է որսի և պատանդառում թագավորին ու իր պատանեկության որսընկերոջը՝ Տիգրանին, գեղեցկուհի կնոջ հետ։ Կյուրոսը հարցնում է Հայոց թագավորին անհնազանդության պատճառը։ «Ես ազատության էի ձգտում. քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ և որդիներիս ազատություն թողնեմ» (Քսենոփոն 2000, 97),- պատասխանում է Հայոց թագավորը։ Կյուրոսը մտադիր է սպանել նրան, բայց Տիգրանը փրկում է հորը սոկրատեսյան պերճախոսությամբ (հույն փիլիսփային նրա աշակերտելու մասին ակնարկում է Քսենոփոնը)։ Ահա Անկախության օրակարգին համահունչ մի դրվագ, որը անհայտ է հայ հանրությանը։ Իսկ Տիգրանին ևս մի փորձություն է սպասում.

«…Տիգրա՛ն, ասա՛ ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ հետ ստանալու համար» […]: «Ես, ո՛վ Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա»։ Կյուրոսը խնջույքով պատվում, ապա բաց է թողնում հայերին՝ զարդ նվիրելով Տիգրանի կնոջը, որը «արիաբար մասնակցել էր պատերազմին ամուսնու հետ միասին»։ Երբ մերոնք վերադառնում են հայրենիք, մեկը Կյուրոսի իմաստությունն է գովում, մյուսները՝ արիությունը, համեստությունը, գեղեցկությունը։ «Այնժամ Տիգրանը հարցրեց իր կնոջը. —Իսկ քեզ… Կյուրոսը նո՞ւյնպես գեղեցիկ թվաց»։ «Բայց,— պատասխանեց կինը,— Աստված վկա, ես նրան չէի նայում»։ «Հապա ո՞ւմ էիր նայում»,— հարցրեց Տիգրանը։ Արմենուհին պատասխանում է. «Վկա է Աստված, ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես ստրուկ չլինեմ» (Քսենոփոն 2000, 106)։ Սիրո, հավատարմության ի՜նչ հրաշալի ուղերձ։

Մենք քրիստոնեությունը առաջինն ենք պետականորեն ընդունել։ Բայց դա միայն ազգային սնապարծության առարկա է, երբ պատումը մնում է Տրդատ Մեծի ու Գրիգոր Լուսավորչի կիսահեքիաթային հարաբերությունների շրջանակում, ինչպես այսօրվա դպրոցական դասագրքերում է ներկայացված։ Մինչդեռ հարյուրավոր մարդիկ էին նահատակվել նոր՝ բազմաստվածության համեմատ առաջադիմական, ասկետության, հավասարության, եղբայրության… ու գրի, գրքի կրոնը տարածելու համար։ Արժեհամակարգային, քաղաքակրթական ընտրության զարմանալի օրինակ է սա։ Պատահական չէ, որ դարեր շարունակ առաջին հայ նահատակների վարքը ոգեշնչման աղբյուր է եղել եվրոպական մշակույթի համար։ Մալաթիացի (Մելիտենե) մարտիրոս Պողիկտոսին (3-րդ դար) բազմաթիվ պիեսներ, օպերաներ են նվիրվել։ Վերածննդի մեծագույն փորագրանկարիչ Ալբրեխտ Դյուրերը, 16-17-րդ դարերի իտալացի գեղանկարիչներ Միքելե Տոսինին, Ջակոպո Կարուչին, Վիտորե Կապրիչիոն, Դավիդ Գիրլանդիայոն և ուրիշներ կտավներ են ձոնել Արարատյան տասը հազար նահատակներին՝ զինվորներին, որոնց Հռոմն ուղարկել էր քրիստոնյա հայերին ճնշելու։ Նրանց հայերի խոր հավատի ազդեցությամբ դարձի եկան, որի պատճառով պատժվեցին խաչելությամբ…

(Նկար 2, Ալբրեխտ Դյուրեր, Տասը հազարի նահատակությունը)

Վաղ քրիստոնեության սիրված կերպարներից է Հեղինե թագուհին։ Սուրբ Աբգար թագավորի կինը։ Նա ամուսնու ողբերգական նահատակությունից հետո մեկնում է Երուսաղեմ, որտեղ սով էր 45-46 թթ.-ին։ Զարդերը վաճառելով՝ թագուհին Ալեքսանդրիայից հացահատիկ, Կիպրոսից թզի չիր է բերել տալիս քաղաք՝ փրկելով հազարավոր սովյալների կյանքը… Երուսաղեմում վշտակցում, ընկերակցում է Մարիամ Աստվածածնին, կառուցում Հիսուսի առաջին դամբարանը, մատուռներ՝ նրա խաչելության ուղու տարբեր հանգրվաններում… Հայ պատմաբանությունը, հակադրվելով Խորենացուն, Աբգար թագավորին՝ Քրիստոսին ուղղած հուզիչ նամակի հեղինակին, բերում է մինչև 2-րդ դարի վերջ (Ադոնց 2017, 560-561): Բայց նրան ու Հեղինե թագուհուն ոչ միայն Պատմահայրն է հիշատակում, այլև հրեա պատմագիր Հովսեփոս Փլավիոսը՝ Հեղինեի կրտսեր ժամանակակիցը։ Ճիշտ է, Հեղինեին առասպելական կերպար էին համարում եվրոպական որոշ գիտնականներ, բայց ֆրանսիացի հնագետ Լուի Ֆելիսիեն դը Սոլսին 19-րդ դարում հայտնաբերել է նրա սարկոֆագը՝ քարե դագաղը։

Այս ամենից հետո օրինական չէ հարցը, թե ինչո՞ւ է հայոց պատմության հետ սերտորեն կապված այս տառապյալը, վեհանձնության տիպարը անտեսված մեզանում։ Գոնե որպես առասպել։ Իսրայելում, հղում անելով Թալմուդի մանրամասն հիշատակությանը, որպես 1-ին դարի իրական գործիչ են ներկայացնում նրան։ Ճիշտ է, պնդելով, թե Երուսաղեմում թագուհին հուդայականություն է ընդունել։ Դա իրենց շահերից է բխում, և Սուրբ Հեղինեի անունով են կոչել Երուսաղեմի պողոտաներից մեկը։ Մինչդեռ Հեղինեի ամբողջ գործունեությունը, իրենց իսկ նկարագրությամբ, կապված է եղել քրիստոնեության հետ։

(Նկար 3, Հեղինե թագուհու քարե դագաղը, Երուսաղեմի պատմության թանգարան)

Մաս 3. Հանրային պատմություն

Աղբյուրներ նշելով, որոշակի հետազոտություններ կատարելով հանդերձ՝ ես չեմ հավակնում մտնել պատմագիտության ոլորտ։ Բայց կա մի նոր գիտակարգ, որը կոչվում է հանրային պատմություն։ ԱՄՆ-ում արդեն մի քանի տասնամյակ գործում է Հանրային պատմության ազգային խորհուրդը, դասագրքեր, ուսումնասիրություններ են հրատարակվել։ Դրանք չեն մերժում պատմաբանների դերը, այլ հանրային հետաքրքրությունն են գումարում դեպքերի ու տարեթվերի ցանկին։ Ժամանակակից, կենդանի մարդը կարծես ինքն է ներթափանցում պատմության մեջ։ Կարծում եմ, նույն բնույթի են իմ դիտարկումները, «մասնակցային»։ Բերեմ, ըստ իս, շատ խոսուն մի օրինակ։

7-րդ դասարանի «Հայոց պատմության» գիրքը «Հայկական մշակույթ» խորագրի ներքո ներկայացնում է Մաշտոցի պատմական առաքելությունը։

«Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը գրեթե ոչինչ չէր հասկանում» (Հայոց պատմություն, 7-րդ դասարան, 63)։ Համաձայն եմ, որ դա էլ է խնդիր։ Այդ դեպքում այսօրվա վիճակն ինչպե՞ս ենք գնահատում՝ ժողովուրդը հասկանո՞ւմ է գրաբար։ Ոչ։ Ուրեմն, պե՞տք է նորից մատչելի դարձնել ժամերգությունը։ Թարգմանելով ժամանակակից հայերենի՞… կամ գրաբարը նորից դարձնելով հասկանալի։ Ուրեմն, ինչո՞ւ չենք անում։ Սա ուրիշ քննարկման նյութ է, բայց արդյոք ճի՞շտ է Մաշտոցի վաստակը սահմանափակել մշակութային ոլորտով՝ այն չդիտարկելով ոչ պակաս կարևոր քաղաքակրթական, քաղաքական… նույնիսկ ֆինանսատնտեսական տեսանկյունների՞ց։

Դիցուք։

Քաղաքական տեսանկյուն։ Մեսրոպ Մաշտոցը երկար տարիներ թարգմանիչ է եղել եկեղեցում։ Ի՞նչ էր դա նշանակում։ Ժամերգության ընթացքում հույն կամ ասորի քարոզիչների կողքին կանգնած, այսօրվա լեզվով ասած՝ սինքրոն, համաժամանակյա, թարգմանություն էր կատարում… Եկեղեցին երկրի գլխավոր քարոզչական կենտրոնն էր։ Նաև՝ երկրորդ իշխանություն։ Պատկերացնենք մի պահ, որ Հայաստանում սփռվում են միայն հարևան երկրների՝ թուրքական, իրանական, ադրբեջանական, ռուսական ռադիո և հեռուստաալիքներ, իսկ մենք… միայն թարգմանում ենք։ «Մուրացածոյ բարբառ» են կոչում Ոսկեդարի պատմիչները (Փարպեցի 1982, 30) օտար լեզուները, որոնցով տարածվում էին… սրբազան տեքստերը։ Մաշտոցին (ի թիվս այլ արժանիքների, նաև հավանաբար՝ որպես լավագույն «սինքրոն» թարգմանիչներից մեկին) հանձնարարվել է նոր այբուբեն ստեղծել, որպեսզի հայ հոգևոր դասը դուրս գա ստորակարգ վիճակից։ Այն դարաշրջանում, երբ հավատը նույնական էր ազգության հետ (այդպես էր առնվազն մինչև աշխարհիկ պետության հաստատումը)։ Մաշտոցը ստեղծեց այբուբենը, Աստվածաշունչը թարգմանվեց, դրա և մայրենի լեզվով աստվածաբանական գրականության տարածման շնորհիվ սեփական գիրը ավելի քան մեկուկես հազարամյակ մեր ինքնության հիմնասյուներից մեկի՝ քրիստոնեական հավատի ամրապնդման, ինչպես նաև հայերենի պահպանման ու զարգացման գրավականն է եղել։ Պատմաբան Արտաշես Մարտիրոսյանի խոսքերով՝ եթե Լուսավորիչը քրիստոնեացրեց ազգը, Մաշտոցը ազգայնացրեց քրիստոնեությունը:

Ֆինանսա-տնտեսական չափում։ Առօրյա կյանքում բոլորը հաշվում են փողը, բայց երբ բանը հասնում է պատմությանը, պաթոսը հաղթում է սառը դատողությանը։ Իսկ այ Ղազար Փարպեցին նկարագրում է, թե ինչպես էր Մաշտոցը «հարաժամ տրտմում»՝ տեսնելով մեծ ջանքերն ու «էլ ավելի մեծ ծախսերը» (Փարպեցի 1982, 36) հայ պատանիների, որոնք պիտի երկար ճանապարհ կտրեին, որպեսզի վարձավճարով կրթվեին… ասորական դպրոցներում։ Զուտ ֆինանսապես հայ երեխաների կրթությունն ավելի թանկ էր, ցածր խավերին՝ բոլորովին անհասանելի։

Մաշտոցը նաև քաղաքակրթական սխրանք գործեց. աշխարհի յոթերորդ հնչյունական այբուբենը ստեղծելով՝ մենք դադարեցինք «բանավոր» ժողովուրդ լինել, միացանք գրին՝ որպես գիտելիքի տարածման առաջադեմ տեխնոլոգիային, տիրապետող երկրներին։

Ի դեպ, դպրոցականից ավելի վատ օրինակի հանդիպեցի «Հայոց լեզվի պատմություն» բուհական դասագրքում. «Աստվածային հզոր աջն ուղղորդում է Մաշտոցին, և նա հղանում է հայոց նշանագրերը, անուններ տալիս տառերին, դասավորում, վանկեր կազմում» (Ա. ԱԲԱՋՅԱՆ, Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ, Ա. ՅՈԻԶԲԱՇՅԱՆ 2017, 45-46)։ Հրատարակել է ԵՊՀ-ը։ Աշխարհիկ պետություն համարվող Հայաստանում հեղինակները Մաշտոցի ահռելի ստեղծագործական աշխատանքը վերագրում են գերբնական ուժերին։

1512-ին Վենետիկում հայերեն առաջին գիրքը տպագրելով՝ հայերը, չունենալով պետականություն, բազմապատկեցին գրագետ ազգակիցների քանակը. սա նշանակում էր մուտք գործել նոր սկզբավորվող արդիականության ժամանակաշրջան։ Բայց ո՞ր դասագրքերում է ներկայացված «Ուրբաթագրքի» տպագրության սխրանքը։ Դոժից հայերեն տպագրության բացառիկ արտոնագիր էր ստացել միայն մեկ հոգի՝ Դոմենիկո Տերաչինան, որը… տպարան չուներ, գրավաճառ էր։ Պետք էր լեզու գտնել ամենազոր Վատիկանի հետ, որը ոչ կաթոլիկներին համարում էր հերետիկոս։ Գիրքը շատ ավելի էժան էր ձեռագիր մատյաններից, բայց, միևնույն է, մեծ միջոցներ էր պահանջում։ Ո՞վ է հոգացել ծախսերը՝ Պարսկական ու Օսմանյան կայսրության կողմից ճնշված եկեղեցի՞ն։ Թե՞, միգուցե՝ 16-18-րդ դարերի հայկական համաշխարհային առևտրական ցանցը, որը նույնպես «նոր տեխնոլոգիա» էր, «ցատկ դեպի ապագա»։ Ի դեպ, այս ցանցի ներկայացուցիչները ուշ միջնադարի Եվրոպայում սրճարաններ բացեցին։ Ովքեր տեղյակ են, շատ են հպարտանում՝ դրանք առաջինն էին Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Չեխիայում։ Բայց։ Նշանակալի էին ոչ թե… կամ ոչ այնքան սուրճի մշակույթը տարածելու առումով, այլ որպես ժողովրդավարական նոր հաստատություններ՝ յուրատեսակ «ագորաներ», որոնք մտավորական կյանքը դուրս բերեցին եկեղեցիների, պալատների ու սալոնների պատերից։ Դեպի լայն խավեր։ Պատահական չէ, որ ֆրանսիական լուսավորիչները, նրանց թվում՝ Ժան-Ժակ Ռուսոն, որ մի քանի տարի շրջում էր հայկական հանդերձով, այդ սրճարաններում հղացան Հանրագիտարանի գաղափարը։

Բերված օրինակները կոչված են հաստատելու, որ մենք կարիք ունենք նոր դիցարանի։ Նաև՝ «հին աստվածների» նոր մեկնության, արժևորման… Ըստ Անկախության օրակարգի։ Դա պետք է արվի թե՛ հայտնի, թե՛ սակավածանոթ փաստերը գրավիչ պատումների վերածելու և պատմական գիտությունից կրթություն փոխանցելու միջոցով։ Որպեսզի Անկախության սերունդը լիարժեքորեն հենվի անցյալին: Հազիվ թե գյուտ արած լինեմ, եթե ասեմ, որ հաղթանակներն ու նվաճումները նախ ինքնության պատկերացումներում են սաղմնավորվում, ապա միայն իրագործվում։

1. Դավիթ Պետրոսյան, Սցենար. Ալբերտ Ստեփանյան-ինքնաերկխոսություն, http://www.arteria.am/hy/1530605013 (03.07.2018)

2. BLOCH 1945 – Bloch M., L’Étrange Défaite, Paris, Franc-Tireur, 1945.

3. ԱՃԱՌՅԱՆ 1940 – Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, I, Երևան, «Պետհամալսարանի հրատարակչություն», 1940, 325։

4. ԳԱՆՁԱԿԵՑԻ 1982 – Գանձակեցի Կ. Հայոց պատմություն, Երևան, «Սովետական գրող», 1982։

5. ՕՐԲԵԼՅԱՆ 1986 – Օրբելյան Ս., Սյունիքի պատմություն, Երևան, «Սովետական գրող», 1986։

6. ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ 2011 – Բայբուրդյան Վ., Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, ԵՊՀ, 2011։

7. ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 5-րդ դասարան, Երևան, «Տիգրան Մեծ», 2014։

8. ԽՈՐԵՆԱՑԻ – Խորենացի Մ., Հայոց Պատմություն, Գիրք Ա, գլուխ Ժա։

9. ՔՍԵՆՈՓՈՆ 1970 – Քսենոփոն, Անաբասիս, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հր., 1970, IV, 28, էջ 88:

10. ՔՍԵՆՈՓՈՆ 2000 – Կյուրոպեդիա, Երևան, «Նոր դար» հրատ., 2000, էջ 97:

11. ԱԴՈՆՑ 1987 – Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987, էջ 560-561.

12. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 7-րդ դասարան, «Զանգակ», Երևան, 2014։

13. ՓԱՐՊԵՑԻ 1982 – Հայոց Պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, ԵՊՀ, 1982:

14. Ա. ԱԲԱՋՅԱՆ, Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ, Ա. ՅՈԻԶԲԱՇՅԱՆ, Հայոց լեզվի պատմություն (դասագիրք բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար) Երևան, ԵՊՀ, 2017, էջ 45-46։

15. Ռիմա Գրիգորյան, Հայկ Մակիյան, Սարո Բաղդասարյան, Հակատանկային մարտկոցը․ կապիտան Հրանտ Գալստյան, Հետք, 11:41, 30 սպտ 2021 https://hetq.am/hy/article/136199

Վահրամ Մարտիրոսյան՝ [email protected]

Մեկնաբանել