Սևան Նիշանյանին Հունաստանում ձերբակալել են, հնարավոր է՝ արտաքսեն Թուրքիա

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, ահազանգում է, որ Հունաստանը պատրաստվում է ՀՀ քաղաքացի Նիշանյանին Թուրքիա արտաքսելու որոշում կայացնել։ Նիշանյանը թուրքական բանտից փախուստի է դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին և ապաստան ստացել Հունաստանում։ 2019թ․ մայիսին Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։

Ցուրուն գրել է, 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին ««քաղաքավարի» խարդախությամբ նրան ոստիկանական բաժանմունք է հրավիրել և մեկ ժամ սպասեցնելուց հետո կացության կարգավիճակի ժամկետի մի օր առաջ լրանալու պատրվակով նրան ձերբակալել է»։

«2022թ. հունվարի 3-ին Սիրոսի դատարանը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Դատարանի որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը որ երկիր է լինելու»,- տեղեկացրել է Հերա Ցուրուն։

ՍիվիլՆեթի հետ զրույցում նա հայտնել է, որ բանտային պայմանները շատ վատն են, իսկ ամուսինն ունի առողջական խնդիրներ։ Հերա Ցուրուի խոսքով՝ եթե հայկական կողմը չմիջամտի, Սևանին կարող են արտաքսել Թուրքիա։

Մեկնաբանել