Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սևան Նշանյանին

Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը հունվարի 3-ին այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը. այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:

Գրառման մեջ նշվում է, որ դեսպանության ներկայացուցիչը ծանոթացել է բաժանմունքի պայմաններին:

Ավելի վաղ պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, ահազանգել էր այն մասին, որ Հունաստանը պատրաստվում է ՀՀ քաղաքացի Նշանյանին Թուրքիա արտաքսելու որոշում կայացնել։ Նշանյանը թուրքական բանտից փախուստի է դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին և ապաստան ստացել Հունաստանում։ 2019թ․ մայիսին Սևան Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։