Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասել է Հարությունյանը:

Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Հայաստանի համար կարևոր է ստեղծել տարանցիկ ուղիներ։ Դեկտեմբերի 24-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին, ասել էր, որ «սա բարդ խնդիր է, որն ունի զգայունություններ, իսկ Հայաստանում դրա հանդեպ կա էմոցիոնալ մոտեցում»: Նա նկատել էր, որ լավատեսության հիմք չկա, բայց կա խոսելու հիմք։

Մեկնաբանել