Նվիրատվություն Ալեքսանյանից՝ ՊԵԿ-ին, արտոնություն Ալեքսանյանին՝ կառավարությունից

samvel alexanyan

Կառավարությունը 2022-ի իր անդրանիկ նիստում նախատեսում է մի ձեռքով խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված անձանցից մեկից անշարժ գույք նվիրատվություն ստանալ, իսկ մյուս ձեռքով ներմուծման մաքսատուրքից ազատել Ալեքսանյանի հետ կապվող մի ձեռնարկության, որը ստեղծվել է ուղիղ երկու ամիս առաջ։

Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ներառված է Պետեկամուտների կոմիտեին առնչվող մի հարց, որով քաղաքացի Էդգար Անտոնյանը դիմել է ՊԵԿ-ին՝ Լոռու մարզի Սարչապետ համայնքի Ձորամուտ գյուղում սեփականությամբ իրեն պատկանող 85 քառակուսի մետր բնակելի տունը, 20.7 քառակուսի մետր անասնաշենքը, 9.1 քառակուսի մետր մակերեսով մառանը, 20 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և 0.333 մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը. «Նշված գույքը սահմանամերձ է և եզրային հատվածով հարակից է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի մաքսային կետ-բաժնին: Նշված տարածքի հարակից հողամասերը ամրացված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին»,-նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Ըստ ՊԵԿ-ի՝ այդ հողամասի նվիրատվությունն ընդունելուց հետո սահմանային հսկողությունն ավելի արդյունավետ կդառնա։

Նվիրատվության հեղինակը Էդգար Անտոնյանն է, ով հանդիսանում է Ալեքսանյանի հետ փոխկապակցված մի քանի բիզնեսների ֆորմալ բաժնետերը. այսպես՝ Մալաթիա-Սեբաստիայում գրանցված Անտոնյանը 88 տոկոս բաժնեմաս ունի «Ալեքս տեքստիլ» ընկերությունում, իսկ մնացած 12 տոկոսը պատկանում է Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ 2015-ին հիմնադրված «Ալեքս տեքստիլ»-ը հագուստի արտադրությամբ զբաղվող խոշոր ձեռնարկություն է, այն բաղկացած է գուլպաների արտադրության գործարանից, կանացի, տղամարդկանց, երեխաների համար նախատեսված հագուստի կարի ֆաբրիկայից,բաճկոնների արտադրամասից, սրբիչների արտադրամասից, գործվածքեղենի արտադրամասից։ «Ալեքս տեքստիլ»-ը ունի 4 խանութներ Երևանում։ Ընկերությունը անցյալ տարվա 9 ամիսներով 615 միլիոն դրամի հարկեր է վճարել։

Էդգար Անտոնյանը նաև «Ալեքս Ալկո» և «Մակալեքս» ընկերությունների բաժնետերն է։ Այս ընկերությունները զբաղվում են ալկոհոլային խմիչքի արտադրությամբ ու վաճառքով և կապվում են Սամվել Ալեքսանյանի հետ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, որի հեղինակը էկոնոմիկայի նախարարությունն է, առաջարկվում է նոյեմբերի 5-ին հիմնված «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ին ավելի քան 937 միլիոն դրամի սարքավորումների ու հումքի ներմուծման մաքսատուրքերից ազատել. «Դրիմքոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար: Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: «Դրիմքոմփանի» ընկերության ռազմավարությունը միտված է սեփական արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելուն, որի նպատակով նախատեսվում է արտադրանքի 80%-ի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ»,-ներկայացնելով որոշման անհրաժեշտությունը հայտնել են էկոնամիկայի նախարարությունից։

«Դրիմքոմփանի»-ն նախատեսում է մոտ 12 միլիարդ դրամի ներդրումներ կատարել, որից 2 միլիարդը՝ նոր հոսքագծերի ձեռքբերման, իսկ 10 միլիարդը՝ շինարարական աշխատանքների, հումքի ու նյութերի ձեռքբերման ուղղությամբ։ Ծխախոտի արտադրութամբ զբաղվող այս ընկերությունը ևս կապվում է Սամվել Ալեքսանյանի հետ։ Վերջինս ծխախոտի շուկա մուտք է գործել անցյալ տարվանից մեկ այլ՝ «Լեքս տոբակո քոմփանի» ընկերության միջոցով։ Այս ընկերությունը ևս մաքսային արտանություն էր ստացել՝ 1.1 միլիարդ դրամի չափով։

Նորաստեղծ «Դրիմքոմփանի»-ի բաժնետերը փաստաթղթերով Արմեն Մկրտչյանն է, ով նաև ընկերության տնօրենն է։ Նա այդ դիրքում փոխարինել է Լևոն Խաչատրյանին։ Խաչատրյանը տնօրեն և բաժնետեր է եղել Սամվել Ալեքսանյանի մեկ այլ ձեռնարկությունում՝ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Ա և Գ» ՍՊԸ-ում։ «Դրիմքոմփանի»-ի՝ էլեկտրոնային ռեգիստրի հետ կապված փաստաթղթերում կարելի է գտնել նաև Ալեքսանյանի մյուս ձեռնարկության՝ «Ալեքս Գրիգ»-ի էլեկտրոնային հասցեն, ինչը ևս վկայում է, որ ծխախոտի այս արտադրությունը Ալեքսանյանինն է։ Փաստացի, նախկին պատգամավորը Լոռու մարզի Սարչապետ համայնքում անշարժ գույք է նվիրում պետությանը, իսկ մեկ այլ որոշմամբ պետությունից ստանում խոշոր մաքսատուրքից ազատվելու որոշում։

Մկրտիչ Կարապետյան