Ղազախստանում հեղուկ գազի թանկացման դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են կառավարության հրաժարականին

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրում զանգվածային ցույցերի պատճառով։ Նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության արձակման հրամանագիրը ստորագրել է չորեքշաբթի առավոտյան՝ գործադիրի վրա բարդելով «ցույցերի բռկման ու տարածման» մեղքը։ Այդ մասին հայտնում է BBC-ն

Բացի այդ, նախօրեին Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն էր սահմանել երկու շրջանների բոլոր այն խոշոր քաղաքներում, որտեղ ընթանում էին բողոքի ցույցերը։

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։

Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Ի դեպ, նշվում է նաև, որ ցույցերը սկսվել են Ժանաոզեն քաղաքից, որտեղ 2011-ին ոստիկանությունը կրակել էր ցուցարարների վրա։ Այդ ժամանակ սպանվել էր 16 մարդ, իսկ վիրավորվել՝ 100-ը։

Մեկնաբանել