Հանրային վայրեր այցելելիս պարտադիր կդառնա ՊՇՌ բացասական թեստը կամ պատվաստված լինելը

Հունվարի 10-ին կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը, որով հանրային վայրեր այցելելիս քաղաքացիները կամ պետք է ունենան կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կամ իրենց պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթ կամ հավելված հեռախոսում։ Կառավարության հունվարի 5-ի նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հրամանն ուժի մեջ է մտնելու ոչ թե հրապարակման օրը, այլ «առաջիկա 15 օրվա ընթացքում»։

«Երկուշաբթի հրամանը կհրապարակվի, հանրային սննդի վայրեր, թատրոններ, համերգներ այցելելիս քաղաքացիները պիտի ներկայացնեն կամ ՊՇՌ թեստի արդյունք 72 ժամվա ընթացքում, կամ ռապիդ թեստի արդյունք կամ պատվաստված լինելու սերտիֆիկատ։ Առաջիկա 15 օրվա ընթացքում հրամանը ուժի մեջ կմտնի, 15 օր ժամկետ կտանք, որ տնտեսվարողները պատրաստվեն, իսկ հանրությունն իրազեկվի փոփոխության մասին»,- հայտարարեց առողջապահության նախարար Ավանեսյանը։

Ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսի վիճակը՝ նախարարը տեղեկացրեց, որ «կայուն վիճակ է», անցյալ օրը գրանցվել է 129 դրական դեպք, մահացել 3 քաղաքացի։ Մինչ այս պահը կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափի պատվաստանյութ ստացել է 722 409 քաղաքացի, իսկ առաջին դեղաչափը՝ 946.984-ը։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում լարված է նաև սուր շնչառական վարակային վիճակը, նոյեմբերից կա գրիպի դեպքերի աճ։ «Այս պահին ունենք 595 քաղաքացի հոսպիտալացված գրիպի ու սուր շնչառակա վարակի արդյունքում, դրա 95 տոկոսը մինչև 15 տարեկան երեխաներ են»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ դպրոցներում ձմեռային արձակուրդը կնպաստի գրիպի դեպքերի նվազմանը։ Նախարարը նաև կոչ արեց պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։

Մեկնաբանել