Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»:

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։

Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Ի դեպ, նշվում է նաև, որ ցույցերը սկսվել են Ժանաոզեն քաղաքից, որտեղ 2011-ին ոստիկանությունը կրակել էր ցուցարարների վրա։ Այդ ժամանակ սպանվել էր 16 մարդ, իսկ վիրավորվել՝ 100-ը։

Օրվա ընթացքում իրավիճակը կտրուկ լարվել է Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմա-Աթայում։ Քիչ առաջ երկրի նախագահը անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, թե «ահաբեկչական խմբերը իրենց վերահսկողության տակ են վերցնում հրաձգային զենքեր պարունակող շինությունները»։ Նրա խոսքով՝ ներկայում մարտեր են ընթանում քաղաքի մերձակայքում։

Մեկնաբանել