Ղազախստան են ուղարկվելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր․ Նիկոլ Փաշինյան

նիկոլ փաշինյան - nikol pashinyan ասուլիս

Հայաստանի Հանրապետության վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե որոշում է կայացվել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։

Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Ի դեպ, նշվում է նաև, որ ցույցերը սկսվել են Ժանաոզեն քաղաքից, որտեղ 2011-ին ոստիկանությունը կրակել էր ցուցարարների վրա։ Այդ ժամանակ սպանվել էր 16 մարդ, իսկ վիրավորվել՝ 100-ը։

Օրվա ընթացքում իրավիճակը կտրուկ լարվել է Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմա-Աթայում։ Քիչ առաջ երկրի նախագահը անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, թե «ահաբեկչական խմբերը իրենց վերահսկողության տակ են վերցնում հրաձգային զենքեր պարունակող շինությունները»։ Նրա խոսքով՝ ներկայում մարտեր են ընթանում քաղաքի մերձակայքում։

Մեկնաբանել