Հայաստանի ԱԳՆ-ն անհանգստությամբ և մտահոգությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող բախումներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։

Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Ի դեպ, նշվում է նաև, որ ցույցերը սկսվել են Ժանաոզեն քաղաքից, որտեղ 2011-ին ոստիկանությունը կրակել էր ցուցարարների վրա։ Այդ ժամանակ սպանվել էր 16 մարդ, իսկ վիրավորվել՝ 100-ը։

Հունվարի 5-ին իրավիճակը կտրուկ լարվել էր Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմա-Աթայում։ Երկրի նախագահը անվտանգության խորհրդի նիստին հայտարարել էր, թե «ահաբեկչական խմբերը իրենց վերահսկողության տակ են վերցնում հրաձգային զենքեր պարունակող շինությունները»։ Ըստ նախագահի՝ քաղաքի մերձակայքում մարտեր են ընթացել։

Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով, հունվարի 6-ի առավոտյան ժամերի տվյալներով՝ ավելի քան հազար մարդ Է տուժել։

Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Մեկնաբանել