Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը․ ռուս ռազմական փորձագետի վերլուծությունը

Ստորև թարգմանաբար ներկայացված է ռուս ռազմական փորձագետ, «Իզվեստիա» թերթի ռազմական թղթակից Անտոն Լավրովի հոդվածը՝ վերնագրված «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը», որը տպագրվել է 2021-ին Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) հրատարակած «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքում։ Հեղինակը մանրամասն վերլուծում է 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքը։

«Երկաթե բռունցք»

2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը վեցի սահմաններում հնչեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին կրակոցները։ Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական վարկածի՝ կիրակի գիշերը հայկական զորքերը շփման գծի ողջ երկայնքով իբր կրակ են բացել, ինչի հետևանքով 14 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ադրբեջանական բանակն անմիջապես սկսել է հակաահաբեկչական գործողություն՝ դադարեցնելու գնդակոծությունը։

«Երկաթե բռունցք» անվանումը ստացած գործողությունն իրականացվում էր աշխարհագրորեն միաժամանակ մի քանի ցրված ուղղություններում։ Մեխանիզացված զորախմբերին աջակցում էին հրետանին և անօդաչու թռչող սարքերը։ Հարձակումը նման չէր երկրի ղեկավարության կողմից իմպրովիզացիայի կամ հանկարծակի զգացմունքային որոշման. 2020-ին Ադրբեջանը և Թուրքիան երեք համատեղ զորավարժություն էին անցկացրել (վերջինը՝ հուլիս-օգոստոսին), երկու անգամ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստուգել էր ադրբեջանական զորքերի մարտունակությունը, իսկ սեպտեմբերի 22-ին մասնավոր սեփականատերերից սկսել էին բացահայտ առգրավել ամենագնաց ավտոմեքենաները։ Արդյունքում որևէ ապացույց, որ հարձակումը նախաձեռնել է հայկական կողմը կամ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերը, այդպես էլ չներկայացվեց։

Հակամարտության առաջին իսկ ժամերին ադրբեջանական զինուժը հաջող գործողություն իրականացրեց խափանելու հակառակորդի առաջնագծի հակաօդային պաշտպանությունը։ Խիստ հնացած «Оса-АК» զենիթահրթիռային համալիրները և հակաօդային պաշտպանության այլ մարտական համակարգերը անօգնական էին նոր սպառնալիքի՝ հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառման դեմ, որոնք գործում էին անօդաչու կամիկաձեների և hամազարկային կրակի հեռահար հրթիռային համակարգերի հետ փոխկապված։

Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի խոսքով` հակամարտության առաջին իսկ րոպեներին ԼՂՀ Պաշտպանության բանակը կորցրել է իր հակաօդային պաշտպանության համակարգերի կեսը (ըստ Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի՝ 60%-ը) և հրետանու զինամթերքի 40%-ը։ Ինքը՝ Ադրբեջանը, հրապարակեց անօդաչուներից մի քանի «Оса» զենիթահրթիռային համակարգերի ոչնչացման կադրեր։ ԼՂՀ հակաօդային պաշտպանության՝ նախկինում հետախուզված դիրքերի և ռազմական այլ օբյեկտների մի մասը հրետանային պատրաստության ժամանակ խոցվեց հեռահար հրետանու և հրթիռային կայանների կողմից։

Չնայած Ղարաբաղի առաջնագծի հակաօդային պաշտպանությունը զգալիորեն թուլացել էր՝ Ադրբեջանն իր ուղղաթիռներն ու ինքնաթիռները զանգվածաբար մարտի դուրս չբերեց։ Դրանց գործողության մասին տեղեկությունները, ինչպես նաև մարտական գործածության կադրերը ծայրահեղ սուղ են։

Հենց առաջին օրը Ադրբեջանը կորցրեց «Ми-8» ուղղաթիռ, որը լեռնային տեղանքում մարտական դեսանտ իջեցնելու խնդիր էր իրականացնում։ Հայտնի է նաև, որ մարտերին մասնակցել են Ռուսաստանի կողմից մատակարարված «Ми-35М» հարվածային ուղղաթիռներ և արդիականացված ու լազերային կառավարվող ռումբերով հագեցած «Су-25» գրոհիչ ինքնաթիռներ։ Ընդհանուր առմամբ, հակամարտության 44 օրվա ընթացքում ադրբեջանական օդաչուները կատարել են ընդամենը մոտ 600 թռիչք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նման մասշտաբի մարտերի համար (հայկական կողմի տվյալներով՝ 1000 թռիչք, ԱԹՍ-ների՝ 3000 թռիչք, ուղղաթիռների՝ 700 թռիչք և ռազմաօդային ավիացիայի` 300 թռիչք):

Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան, մարտական ​​թռիչքի ժամանակ անհետացավ հայկական ռազմաօդային ուժերի «Су-25»-ը, զոհվեց օդաչուն՝ մայոր Վալերի Դանելինը (ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը բախվել է լեռան լանջին՝ չափազանց ցածր բարձրության վրա թռչելիս):

Ի տարբերություն օդաչուավոր ինքնաթիռների՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի իրական աստղերը իսրայելական «Harop» կամիկաձե ԱԹՍ-ներն էին և թուրքական հետախուզական ու հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ները։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն իր տրամադրության տակ ուներ մինչև 120 ԱԹՍ և ավելի քան 400 կամիկաձե ԱԹՍ։ ԼՂՀ ՀՕՊ-ում փոքր չափերի ցածր արագությամբ թիրախների դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայության պայմաններում անօդաչու թռչող սարքերը օդում գերիշխող ուժ էին և ամենակարևոր գործիքը ոչ միայն հետախուզության և կրակի ուղղորդման, այլև ուղղակիորեն հայկական զինտեխնիկայի ոչնչացման համար։ Դրանց գործողությունների արդյունքում խոցված ու հաստատված ավելի շատ թիրախներ կան, քան հրետանու կամ ցամաքային զորքերի անմիջական մարտերի կրակից:

Պատերազմի անակնկալներից էր հենց առաջին օրերից Ադրբեջանի կողմից «Ан-2» ինքնաթիռների օգտագործումը։ Ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ ՀՕՊ համակարգերը խոցեցին մինչև տասը նման հնացած բիպլան (երկթևանի ինքնաթիռ)՝ դրանց բնորոշ սպիտակ գույնի։ Որևէ անգամ դրանց բեկորների մեջ օդաչու չհայտնաբերվեց։ Դրանցից մեկում ավիառումբեր հայտնաբերվեցին։ Վարկածներից մեկի համաձայն՝ «Ан-2»-ներն օգտագործվել են հեռակառավարվող խոշոր կամիկաձե անօդաչուի դերում։ Այլ վարկածի համաձայն՝ դրանք օդ են բարձրացել օդաչուներով, որոնք ինքնաթիռի թռիչքը ուղղել են դեպի ԼՂՀ տարածք և իրենք պարաշյուտով ցած իջել։ Այդ ընթացքում ավելի արդիական ԱԹՍ-ները հետևել են դրանց խոցմանը, հայտնաբերել ԼՂՀ ՀՕՊ դիրքերը, ապա հարվածներ հասցրել դրանց։

Հարվածների ուղղությունները

Գործողության սկզբնական փուլում Ադրբեջանը գետնի վրա մարտի էր նետել գրեթե այն ամենը, ինչ ձեռքի տակ կար։ Ճակատի տարբեր հատվածներում առաջին իսկ օրերին նկատվել են ինչպես ժամանակակից «T-90» տանկեր՝ «БМП-3» հետևակի մարտական մեքենաների և «БТР-82» զրահափոխադրիչների ուղեկցությամբ, այնպես էլ ավելի հին «Т-72» տանկեր, այդ թվում՝ առանց ռեակտիվ զրահների՝ հնացած «БМП-1» հետևակի մարտական մեքենաների հետ:

Հենց սկզբից որոշակի էին ադրբեջանական բանակի հարձակման երկու հիմնական և երկու օժանդակ ուղղությունները։ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական, առավել ամրացված շրջաններին և մայրաքաղաք Ստեփանակերտին ճակատային հարվածներ չհասցվեցին (պատերազմից հետո Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների ստացումը հաստատում է նման որոշման ճշմարտացիությունը), թեև հայկական պաշտպանական դիրքերի ամրությունը փորձարկվում էր բավական ակտիվ։

Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում 1-ին բանակային կորպուսի գրոհը սկսվեց ձորի երկայնքով դեպի Թալիշ գյուղ և շրջկենտրոն Մարտակերտ։ Բայց լեռնային տեղանքում այն ​​լուրջ հաջողություններով չպսակվեց։ ԼՂՀ պաշտպանական գիծը ճեղքելու փորձի ժամանակ ադրբեջանական զորքերը կորցրին մի քանի միավոր հետևակի մարտական ​​մեքենաներ, զրահափոխադրիչներ և տանկեր։

Առանցքային և ամենահեռանկարային ուղղությունը հարավայինն է։ Այստեղ ադրբեջանական 2-րդ բանակային կորպուսը պետք է ճեղքեր պաշտպանական գիծը Հորադիզի միջանցքում՝ 4-5 կմ լայնությամբ պղտաբեր հովտի նեղ, գրեթե հարթ տարածքում, որ ընկած է Իրանի սահմանային Արաքս գետի և ԼՂՀ նախալեռների միջև։

ԼՂՀ-ի այս լավ ամրացված պաշտպանական շրջանի ճեղքումը հնարավորություն տվեց առաջ շարժվել գետի երկայնքով՝ Գեյանի տափաստանով։ Ճակատի միայն այս հատվածում հնարավոր եղավ արդյունավետ օգտագործել զրահատեխնիկան։ Ուստի այստեղ կուտակեցին 4-րդ բանակային կորպուսի (շտաբը՝ Բաքվում) լավագույն ծանր ստորաբաժանումները երկրի ներքին շրջաններից՝ հագեցած «T-90»-ներով, «БМП-3»-ներով, «БТР-82»-ներով և «MRAP» (Matador, Marauder ևն) դասի ժամանակակից անվավոր զրահամեքենաներով։

Զուգահեռաբար հարավում լրացուցիչ հարված հասցվեց Ֆիզուլի քաղաքին։ Դրա գրավումը կարող էր բացել ճանապարհը հարձակման համար դեպի ԼՂՀ կենտրոնական շրջանների լեռնային տարածքի խորքերը։

Հենց հարավի գործողություններում օգտագործվեցին սիրիացի վարձկանների հիմնական ուժերը, որոնց ադրբեջանական հրամանատարությունը հարձակման առաջին գծում օգտագործում էր որպես թնդանոթի միս։ Բացի անօդաչուներից՝ այստեղ ոչ մեծ քանակությամբ ուղղվեցին նաև ադրբեջանական հարվածային ինքնաթիռներ։ «Су-25» ինքնաթիռները լազերային և չկառավարվող ռումբերով գրոհում էին Ջեբրայիլ և Ֆիզուլի քաղաքների տարածքում գտնվող թիրախները։

Հոկտեմբերի 4-ին Ջեբրայիլի մոտ թռիչքի ժամանակ հայկական շարժական ՀՕՊ-ը խոցեց «Су-25» գրոհային ինքնաթիռներից մեկը, զոհվեց գնդապետ Զաուր Նուդիրալիևը։ Կորուստը Բաքվին ստիպեց երկու շաբաթով կրճատել օդաչուավոր ավիացիայի կիրառումը մարտերում, ինչը էլ ավելի մեծացրեց անօդաչուների դերը։

Մեկ այլ օժանդակ ուղղություն էր հյուսիսայինը։ Այնտեղ ադրբեջանական հրամանատարությունը հատուկ ջոկատայինների և 3-րդ կորպուսի ստորաբաժանումների օգնությամբ փորձեց գրավել Մռավի լեռնաշղթայի բարձրադիր դիրքերը։ Հաջողության դեպքում կկտրվեր Վարդենիս-Սոթք-Ստեփանակերտ ճանապարհը՝ Հայաստանը և ԼՂՀ-ն կապող երկու ավտոմայրուղիներից մեկը։ Լեռնաշղթայի և դրա լեռնանցքների համար մղվող մարտերը մնացին դանդաղ և մինչև պատերազմի ավարտը չպսակվեցին ադրբեջանական զորքերի առաջխաղացմամբ։ Այդուհանդերձ, գնդակոծության պատճառով քաղաքացիական երթևեկությունը մայրուղով մի քանի անգամ արգելափակվեց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այստեղ հարձակման փորձերն Ադրբեջանին արժեցել են մի քանի հարյուր վիրավոր ու զոհ՝ բուսածածկույթով լի սարերում հետևակի դարանակալման պատճառով։

Ռազմաճակատի ճեղքում

Մարտերի առաջին օրերին ԼՂՀ պաշտպանությունը հետ մղել հնարավոր եղավ միայն ռազմաճակատի հարավային հատվածում՝ Հորադիզի միջանցքի շրջանում։ Սական այնտեղ ևս Ադրբեջանն արագ հաջողության չկարողացավ հասնել՝ ականապատ դաշտերով անցումներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով։ Չնայած կային տանկերին ամրացված ականազերծող տրալներ և ականազերծման հեռահար համակարգեր, համընթաց հարձակում իրականացնել չհաջողվեց: Տեմպը կորցրած գրոհային խմբերը պաշտպանական գծի ամրություններից ենթարկվում էին հակատանկային հրթիռային համալիրների կրակին, իսկ թիկունքից՝ հայկական հրետանու հարվածներին։ Հարավում հայկական ուժերն անգամ կարողացան երկու «T-90» տանկ առգրավել։

Այլ ուղղություններում արդյունքներն ավելի վատ էին։ Այսպես, միայն Մատաղիս գյուղի շրջանում Ադրբեջանը կորցրեց մոտ 15 միավոր զրահատեխնիկա։ Ամբողջ ճակատի երկայնքով ընդհանուր կորուստներն ավելի մեծ էին։

Իրավիճակը սկսեց փոխվել մարտերի հինգերորդ կամ վեցերորդ օրը. ԼՂՀ ՀՕՊ-ին և հրետանուն ադրբեջանական հարվածների արդյունքներն սկսեցին ազդել, բայց ամենակարևորը` հետևակային ստորաբաժանումների կառավարման որակը միանգամից և համատարած ուժեղացավ: Դրանց գործողությունների արագությունը և կապը սկզբիցևեթ թուրք խորհրդատուների ու հրահանգիչների փաստացի հրամանատարության տակ գտնվող ադրբեջանական ավիացիայի հետ, հաստատում են, որ զորքերի ցամաքային ղեկավարումը ևս փոխանցվել էր թուրքերի անմիջական հրամանատարությանը։ Արդյունքն ուշանալ չտվեց։

Հոկտեմբերի 2-3-ին Ադրբեջանին հաջողվեց գրավել Թալիշն ու Մատաղիսը և մի քանի կիլոմետր առաջ շարժվել հյուսիսարևելյան ուղղությամբ (չնայած դրանից հետո ճակատն այնտեղ կայունացավ մինչև հակամարտության ավարտը)։

Ադրբեջանի ապագա հաղթանակների հիմնական նախանշաններն առաջին, սահմանափակ հաջողություններն էին տանկային գործողությունների համար հարմար հարավային հատվածում։ Հայկական ուժերին չհաջողվեց վերականգնել այնտեղ կորցրած դիրքերը, այդ թվում՝ օդում հակառակորդի կառավարվող և անօդաչու ավիացիայի գերակայության պատճառով, ինչը խոչընդոտում էր զորքերի տեղափոխումն ու կենտրոնացումը։

Հոկտեմբերի 3-4-ին Ադրբեջանին հաջողվեց ճնշել հակառակորդի պաշտպանությունը Հորադիզի միջանցքում և գրավել Բեյուկ Մարջանլի գյուղը։ Այժմ Արաքսի երկայնքով գրոհը դառնում էր անհամեմատ ավելի հեշտ գործ․ պաշտպանական դիրքեր զբաղեցրած զորքեր այլևս չկային։ Մի քանի կիլոմետր լայնությամբ ամրացված գծի փոխարեն ԼՂՀ բանակն այժմ արդեն ուներ տասնյակ կիլոմետր երկարությամբ մերկացած թև, որը շատ ավելի դժվար էր պահել։

ԼՂՀ ՊԲ-ն հարավային ուղղությամբ փորձեց հավաքել տանկերի և հետևակի մարտական ​​մեքենաների մեծ զրահախմբեր և հակահարձակման անցնել երկու բրիգադների ուժերով։ Նրանք պետք է Արաքսի հովտում Ադրբեջանի առաջխաղացող խմբին կտրեին թիկունքից։ Բայց հայկական կողմի վերջին լուրջ հակահարվածը խափանվեց՝ դեռ չսկսված՝ օդում հակառակորդի գերակայության և իրավիճակին շատ ավելի լավ տիրապետելու արդյունքում։ Հոկտեմբերի 8-ի ցերեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրեց մի քանի հրթիռային կայանների կիրառմամբ հայկական զորքերի զրահատեխնիկայի շարասյունի ստույգ ջախջախման տեսանյութը։ Հաջորդ օրը այդ շարասյանը անօդաչու թռչող սարքի հարվածների լրացուցիչ տեսագրություններ հայտնվեցին։

Պատերազմի առաջին իսկ օրերից հակամարտությունը չսահմանափակվեց միայն առաջին գծով. Ադրբեջանը օդային և հրետանային հարվածների էր ենթարկում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը, շրջկենտրոնները՝ Մարտունին, Մարտակերտը և Շուշին։ Հիմնական թիկունքի թիրախների ճշգիրտ նշանառության առաջին հարվածներից էր Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 2-ի առավոտյան Լաչինի միջանցքում ռազմավարական նշանակության կամրջի խոցումը։ Դրա ոչնչացումը կխափաներ շարժը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող երկու մայրուղիներից մեկով և կտրուկ կբարդացներ ռազմական և մարդասիրական իրավիճակը ԼՂՀ-ում։ Հարվածի համար օգտագործվեց իսրայելական արտադրության «LORA» բալիստիկ հրթիռ, որը գերազանց ճշգրտություն ցուցադրեց՝ ոչ մեծ թիրախը խոցելով առնվազն հարյուր կիլոմետր հեռավորությունից։ Բայց հրթիռը, ծակելով կամրջի մակերեսը, պայթեց դրա տակ, և երկու գոտիներից մեկը երթևեկության համար մնաց պիտանի։ «Смерч»՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով էլ հարվածներ էին հասցվում հյուսիսային Սոթք-Մարտակերտ մայրուղուն։ Դժվարացնելով զորակազմի համալրումներն ու մատակարարումները և էլ ավելի բարդացնելով չճանաչված հանրապետության պաշտպանությունը՝ Ադրբեջանը, սակայն, սկսած գործն ավարտին չհասցրեց և հետագա փորձեր չձեռնարկեց ԼՂՀ-ն ամբողջությամբ կտրելու Հայաստանից։ Հարկ է նաև նշել, որ ադրբեջանական կողմը քաջատեղյակ էր Հայաստանում և ԼՂՀ-ում տիրող իրավիճակին։ Թուրքական ռազմաօդային ուժերի ռադիոտեղորոշիչ հեռահար հայտնաբերման և կառավարման «E7-T» ինքնաթիռը իրական ժամանակում տալիս էր ընդհանուր պատկերը հայ-թուրքական սահմանի երկայնքով, իսկ արևելյան ուղղությամբ՝ մարտական գործողությունների անմիջական հատվածում, իրավիճակը վերահսկում էին հետախուզական տեխնիկայով համալրված թուրքական «F-16»-ները։

Հակառակորդի թիկունքին հարվածներ սկսեց հասնցել նաև հայկական կողմը։ Հոկտեմբերի 4-ի առավոտյան ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին Ադրբեջանի տարածքի խորքում գտնվող ռազմական օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին։ Նույն օրը նրանք հայտարարեցին ռազմաճակատից 60 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջա քաղաքի օդանավակայանի ոչնչացման մասին։ Իրականում, սակայն, հրթիռը հարվածել էր քաղաքի բնակելի թաղամասին։ Հետագա օրերին Գյանջայի վրա ևս երկու անգամ բալիստիկ հրթիռներ ընկան, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 30 բնակիչ։ Որևէ ապացույց չկա, որ ռազմական օբյեկտներին որևէ վնաս է հասցվել։ Օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներից և հեռահար՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակի փոխադարձ հրետակոծությունը սովորական էր դարձել։

Հայաստանի զինված ուժերը ԼՂՀ-ին ակտիվ աջակցում էին հեռահար հրետանու և բալիստիկ հրթիռների հարվածներով, սակայն դա փորձում էին անել ոչ սեփական տարածքից։ Այսպես, 300 մմ տրամաչափի hամազարկային կրակի հրթիռային «Смерч» համակարգերի կայանքները կրակ էին արձակում հենց Խաչեն գետի հովտի տարածքից՝ Ծմակահող գյուղից արևմուտք։ Դրանք այնտեղ էին մինչև պատերազմի վերջին օրերը, որտեղ և կայանքը ոչնչացվեց հակառակորդի ԱԹՍ-ների հարվածներից։

Չնայած Ադրբեջանի ակնհայտ վճռական մտադրություններին՝ Հայաստանը տատանվում էր ռազմական պատասխանի հարցում։ Պատերազմի առաջին օրը 18-ից 55 տարեկան տղամարդկանց արգելվեց լքել երկիրը։ Բայց համընդհանուր մոբիլիզացիա այդպես էլ չհայտարարվեց, ոչ էլ որոշում կայացվեց բացահայտ Լեռնային Ղարաբաղ մտցնել հայկական կանոնավոր բանակի մեծաքանակ ուժեր։ Ի սկզբանե Հայաստանի ղեկավարությունը փորձում էր կիսատ քայլերով դուրս գալ իրավիճակից՝ ըստ երևույթին հուսալով, որ ԼՂՀ ուժերը կհաղթահարեն մարտերի հիմնական ծանրությունը։

Ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, արագ մոբիլիզացրեց առաջին հերթի պահեստազորայյին անձնակազմի 8,000 հոգու 90%-ին։ Հայաստանը տրամադրեց ևս մինչև 7,000 հոգու՝ ոչ միշտ պատշաճ հանդերձանքով: Նման համեստ համալրումը էապես չփոխեց իրավիճակը և առանձնապես չբարձրացրեց ԼՂՀ պաշտպանական հնարավորությունները։

Դժվար է պարզել, թե հավելյալ քանի կամավոր է անկազմակերպ ժամանել հակամարտության գոտի՝ թե՛ Հայաստանից, թե՛ հայկական սփյուռքից։ Նրանք գալիս էին առանձին կամ փոքր խմբերով, ունեին շատ տարբեր մակարդակի պատրաստություն և վատ էին ընդգրկվում: Այս համալրումը ևս շատ արդյունավետ չէր։

Առայժմ չի բացահայտվել, թե պատերազմի ժամանակ ինչպես է իրականացվել կառավարումն ու ինչպես են ընդունվել որոշումներն ընդհանուր առմամբ ԼՂՀ-ի զորքերի և Հայաստանի մասով։ Ամեն դեպքում, գնահատումների մեծ մասի համաձայն՝ բարձրագույն ղեկավարության ընդունած որոշումների որակը և նրանց փոխգործակցությունը պատշաճ մակարդակով չեն կազմակերպվել, թերի է եղել նաև տարբեր մակարդակներում շտաբների փոխգործակցությունը:

Պատերազմը դադարեցնելու առաջին լուրջ փորձը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցություններն էին։ Դրանք տևեցին երեկոյան ժամը յոթից մինչև ուշ գիշեր։ Արդյունքում կողմերը համաձայնության եկան հոկտեմբերի 8-ի կեսօրից մարդասիրական զինադադարի մասին։ Ընդ որում, հարվածների փոխանակությունը չմարեց։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց երկու ժամ առաջ, ադրբեջանական անօդաչու կամիկաձեներն անմիջապես Հայաստանի տարածքում՝ Կաղնուտ գյուղի մոտակայքում, ոչնչացրին երկու «СТ-68» ռադիոտեղորոշիչ կայան և զենիթահրթիռային «С-300ПС» համալիրի «5П58С» կրակային սարքը։ Հասկանալի է, որ նման իրավիճակում իրական զինադադար չէր հաջողվի։ Կողմերը կեսօրին միմյանց մեղադրեցին դրա խափանումների համար, և ռազմական գործողությունները շարունակվեցին:

Այդ ընթացքում ամենակատաղի մարտերն ընթանում էին հարավային ճակատում՝ Հադրութ-Ջեբրայիլ ուղղությամբ։ Այստեղ ադրբեջանական խմբավորումը շարունակում էր առաջխաղացումը Արաքսի երկայնքով և սկսել էր ԼՂՀ հապճեպ կազմակերպված պաշտպանության ամրությունը փորձարկել նախալեռներում՝ դեպի այս բնակավայրեր տանող ճանապարհների երկայնքով։

Մարտեր նախալեռների համար

Ադրբեջանական հրամանատարությունն անսխալ որոշեց հետագա հարվածի առավել հեռանկարային ուղղությունը և սկսեց լրացուցիչ ուժեղացնել իր խմբավորումը հարավային ուղղությամբ: Բայց նախալեռներում, ապա լեռներում հաջողության հասնելու համար պահանջվում էր ոչ թե զրահապատ բռունցք, այլ թեթև հետևակ:

Հոկտեմբերի 10-ին Նախիջևանի առանձին համազորային բանակից օդանավով տեղափոխվեց հատուկ նշանակության բրիգադի մի մասը։ Առաջին օրը հարավում մարտական ​​գոտի ժամանեց երկու գումարտակ՝ ընդհանուր մոտ 300 հոգի, ապա՝ ևս երկուսը։ Հոկտեմբերի 12-ից ամբողջ բրիգադը գործի դրվեց այն ժամանակ արդեն գրավված Հադրութից, որ ճանապարհների կարևոր հանգույց էր։ Ընդհանրապես, հարավային ուղղությամբ արձանագրված ակնհայտ հաջողությունից հետո այնտեղ սկսեցին տեղափոխվել ինչպես հատուկ նշանակության ստորաբաժանումներ (ՆԳՆ ներքին զորքեր, Պետական ​​սահմանային ծառայության ուժեր և այլն), այնպես էլ համազորային ստորաբաժանումներ այլ՝ մարտական գործողությունների նվազ հեռանկարային տարածքներից։ Չափազանց արդյունավետ դուրս եկավ ստորաբաժանումները հերթափոխով մարտի նետելու թուրքական նորույթը․ մեկօրյա ռազմական գործողություններից հետո ստորաբաժանումը հետ էր քաշվում անմիջական թիկունք՝ երկօրյա հանգստի համար։ Սա շատ ավելի արդյունավետ էր, քան հայկական ուժերի՝ երկու շաբաթ մարտերից հետո երկու-երեք օր հանգստի պրակտիկան, երբ նրանք ժամանակ չունեին ամբողջությամբ վերականգնելու իրենց մարտունակությունը։

Ադրբեջանական հատուկ նշանակության տասներկու ջոկատ այնտեղից հարձակում սկսեց դեպի Շուշի, նույնքան էլ՝ դեպի Ֆիզուլիի շրջկենտրոն ճանապարհով։ Նրանք զբաղեցնում էին ռազմավարական բարձունքներ և բնակավայրեր, իսկ նրանց հետևից գալիս էր երկու մոտոհրաձգային բրիգադ, որոնք ապահովում էին հարձակման եզրերը և ամրապնդում տարածքի վերահսկողությունը։ Հենց այս երկու հարձակումների հաջողություններն էլ նախանշեցին իրադարձությունների հետագա ողջ ընթացքը։

Հոկտեմբերի 14-15-ին հիմնական ռազմական գործողությունները ծավալվում էին Ֆիզուլիի շուրջ։ Ավելի վաղ այս ուղղությամբ ճակատային հարձակումը ձախողվել էր։ Այժմ ադրբեջանական զորքերն այստեղ էին հասնում թիկունքից։ Ֆիզուլիի մատույցներում նրանց հաջողվեց կտրել քաղաքը պաշտպանողների մի խմբի։ Այդ ուղղությամբ նահանջող հայկական ստորաբաժանումների մնացորդներն ընկան հատուկ նշանակության ջոկատի կրակային դարանները, կրեցին կորուստներ և մասամբ գերի հանձնվեցին։ Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց այս բնակավայրի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին։ Գործողությունը խորհրդանշական կարևոր նշանակություն ուներ, քանի որ մինչև Ղարաբաղյան առաջին պատերազմը այն ադրբեջանական շրջկենտրոն էր։

Այս հաջողությունից անմիջապես հետո ծրագրվում էր ադրբեջանական հատուկ նշանակության խմբին ուղղել ռազմավարական նոր առաջադրանքի։ Այն պետք է Ջեբրայիլից 40 կմ ոտքով լեռներով անցներ մինչև Լաչին, գրավեր Լաչինի լեռնաշղթան և փակեր Հայաստանից ԼՂՀ տանող երկու ճանապարհներից մեկը՝ Լաչինի միջանցքը։ Բայց արկածախնդիր այս հարձակման հրամանը երբեք չի տրվել։

Ցամաքային մարտերից բացի՝ չէր մարում նաև ադրբեջանական անօդաչուների ակտիվությունը օդում։ Առաջնագծում հակառակորդի զրահատեխնիկայի քանակի նվազմամբ նրանք գործողությունների անցան հրետանային դիրքերի և հետևակի կուտակումների դեմ։ Նրանք նաև իրական որս սկսեցին լեռնային նեղ ճանապարհներով անցնող բեռնատարների վրա՝ կաթվածահար անելով մատակարարումներն ու զորակազմի համալրումը: Արդյունքում, ԼՂՀ-ի և Հայաստանի տրանսպորտային միջոցների ընդհանուր կորուստները գնահատվում են ավելի քան 600 միավոր։

Հոկտեմբերի 17-ի գիշերը կողմերը կրկին ծանր հրթիռային հարվածներ հասցրին քաղաքներին։ «Эльбрус» оպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առնվազն մեկ հրթիռ հարվածեց ադրբեջանական Գյանջային՝ զգալի ավերածություններ առաջացնելով ցածրահարկ շենքերում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց տասնչորս խաղաղ բնակիչների մահվան մասին։ Հաշված ժամեր անց ադրբեջանական անհայտ զինամթերքի հարվածից Ստեփանակերտում ավերվեց երկհարկանի բնակելի շենք։

Անհասկանալի է, թե որն էր այս հարձակումների նպատակը։ Հավաստի որևէ ապացույց չկա, որ հայկական բալիստիկ հրթիռներին հաջողվել է որևէ շոշափելի հաջողության հասնել հակառակորդի ռազմական կամ տնտեսական թիրախները խոցելու հարցում, սակայն այդ փորձերը միանշանակ եղել են։ Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը հայտարարեց երկրի մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք՝ Բաքու-Նովոռոսիյսկ ռազմավարական նշանակության նավթատարից 250 մետր հեռավորության վրա հրթիռների ընկնելու մասին։ Այնտեղ կարող էին հասնել միայն Հայաստանի հեռահար «Эльбрус»-ները։ Հոկտեմբերի 22-ին պաշտոնական Բաքուն հայտարարեց նաև Օղուզ-Գաբալա-Բաքու ջրատարին հարվածի փորձի մասին, որը խմելու ջուր է մատակարարում Ապշերոնի թերակղզուն։ Ներկայացվեցին մոտակայքում ընկած բեկորներ։

Հակահրթիռային պաշտպանության համար Ադրբեջանն ակտիվ օգտագործում էր ռուսական արտադրության իր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց «С-300 ПМУ-2» համակարգով հայկական մի քանի բալիստիկ հրթիռ հաջող որսալու մասին։ Կան նաև միանգամայն արդիական «Бук-М2» զենիթահրթիռային համակարգերի կիրառման տեսագրություններ։ Բայց այս հաջողությունների հավաստի հաստատում չկա։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան սկսված հերթական մարդասիրական զինադադարը կրկին ապարդյուն եղավ։ Կողմերը դրան հավատարիմ մնացին միայն խոսքով։ Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը շարունակվեց, ինչպեսև հակառակորդի տարածքի գնդակոծումը Հայաստանից։

Ադրբեջանական բանակն Արաքս գետի երկայնքով առաջանալով հարավային ուղղությամբ և անցնելով ԼՂՀ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներով՝ հոկտեմբերի 20-ին հասավ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Հարձակման շարունակումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող միջանցք ճեղքելու վտանգ էր ստեղծում։ Սակայն ադրբեջանական զորքերը չհատեցին սահմանը՝ սկսելով մաքրել ԼՂՀ նախալեռնային գոտին ու գետահովիտը։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 22-ին, նախագահ Ալիևը հայտարարեց Իրանի հետ սահմանի ամբողջական վերահսկողության մասին, ինչը «Երկաթե բռունցք» գործողության հերթական խոշոր և տեսանելի հաջողությունն էր։

Պատերազմի մասշտաբների ընդլայնման պայմաններում հակառակորդներին հաշտեցնելու ևս մեկ ջանք գործադրվեց, այս անգամ արդեն ԱՄՆ ղեկավարության ներքո: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սարգսյանին Ելիսեյան պալատում ընդունեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Երկու օր անց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ ունեցան ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ։ Արդյունքում Դոնալդ Թրամփը հայտարարություն արեց հրադադարի ուղղությամբ լավ առաջընթացի մասին։ Մարդասիրական նոր զինադադարի մեկնարկը նախատեսված էր հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 7-ին։

Նոր զինադադարի առաջին իսկ ժամերին կողմերը միմյանց սկսեցին մեղադրել այն խախտելու մեջ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը տեղեկություններ ստացվեցին, որ ԼՂՀ հարավ-արևելքում՝ ադրբեջանական բանակի հիմնական հարձակման գոտում, լուրջ մարտերը շարունակվում են։ Երեկոյան ամբողջ ճակատով սաստկացան մարտերը, և ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված հրադադարն ամբողջությամբ խափանվեց։

Անհաջող հրադադարից հետո արդեն առաջին օրերին կողմերը կրկին ակտիվացրին քաղաքների ուղղությամբ փոխադարձ հրթիռային հարվածները։ Հոկտեմբերի 29-ի կեսօրին մոտ Ադրբեջանի Բարդա քաղաքում 21 խաղաղ բնակիչ զոհվեց, ավելի քան 70-ը վիրավորվեց «Смерч»-երի կասետային արկերի պայթյունից: Սա խաղաղ բնակիչների ամենամեծ միանգամյա կորուստն էր ամբողջ պատերազմի ընթացքում: Շարունակվեցին նաև օպերատիվ-մարտավարական հրթիռների արձակումները։ Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի, պատերազմի սկզբից իր տարածքի վրա արձակվել է 13 «Эльбрус» և մեկ «Точка-У» հրթիռ:

Նախագահ Ալիևը խոստացավ վրեժ լուծել Բարդայի վրա հարձակման համար։ Նույն օրը և հաջորդ օրը ավիահարված հասցվեց Ստեփանակերտին, հրթիռային հարվածներ՝ Ստեփանակերտին, Շուշիին և Մարտակերտին։ Անօդաչուները վերսկսեցին Հայաստանում համազարկային կրակի հեռահար համակարգերի որսը։

Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական հրամանատարությունը «Bayraktar» անօդաչուներով կարճատև որսից հետո կարողացավ հայտնաբերել և խոցել առնվազն երկու «Смерч» Քելբաջարի շրջանում։

Դրանք Ծմակահող գյուղի մոտ գտնվող դիրքերից գործում էին առնվազն 20 օր։ Այս հաջողությունը հնարավորություն ընձեռեց կաթվածահար անել Երևանի տրամարդության տակ մնացած սակավաթիվ՝ հեռահար կրակային աջակցության գործիքներից մեկը, որն ունակ էր կրակ վարել մարտական գործողությունների ​​ամբողջ տարածքում:

Հոկտեմբերի 20-ին և հաջորդ օրերին մոտոհրաձգայինների ու հատուկջոկատայինների կողմից Արաքսի հովտում և հարավային ուղղության նախալեռներում հակառակորդի վնասազերծման ավարտը ադրբեջանցիներին թույլ տվեց հզոր գրոհ սկսել լեռնային շրջանների խորքերում՝ դեպի Լեռնային Ղարաբաղի կենտրոն՝ դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Գործողությունը ծավալվեց Հադրութից Ֆիզուլի, Լաչին և Շուշի տանող ճանապարհների երկայնքով։ Միևնույն ժամանակ հյուսիսային և հյուսիսարևելյան մյուս լեռնային շրջաններում առաջընթացը ծայրահեղ աննշան էր, թեև Հայաստանի ու ԼՂՀ-ի ուժերն այնտեղ ևս աստիճանաբար թուլանում էին ԱԹՍ-ների, ավիացիայի և հրետանու շարունակական հարձակումների պատճառով:

Մեքենայացված ստորաբաժանումների համար, որոնք մինչ այդ հաջողություն էին ապահովել Արաքսի հովտում, լեռնային ճանապարհներով հարձակումը ծանր փորձություն կլիներ։ Ուստի, նոր ուղղությամբ գլխավոր դերը կրկին ստանձնեցին թեթև հետևակայինները։ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հաջողությամբ կարողացան ներթափանցել լեռնային և անտառապատ տարածքներով՝ շրջանցելով ԼՂՀ պաշտպանական հանգույցները, թեև ավիացիան միշտ չէ, որ կարողանում էր օգնել նրանց, քանի որ եղանակն այդ օրերին վատացել էր։

Արդեն հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված էին խոստովանել, որ կատաղի մարտեր են ընթանում անմիջապես Շուշիի մոտակայքում՝ իրենցից 5 կմ հեռավորության վրա՝ Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի համար։ Շուշիի վրա հարձակումը ոչ միայն սպառնում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին, այլև պետք է կտրեր Հայաստանից չճանաչված հանրապետություն այն ժամանակվա մատակարարման հիմնական զարկերակը` Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այստեղ Ադրբեջանի հաջողությունը, պարզ է, կնշանակեր, որ Հայաստանը պատերազմը տանուլ է տվել։

Ռազմական պարտություն

Նոյեմբերի սկզբներին արդեն ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել էր Ադրբեջանին: Նոյեմբերի 1-ին նախագահ Ալիևը հայտարարեց, որ իր զորքերին արդեն հաջողվել է ազատագրել մոտ 200 բնակավայր, որոնք նախկինում պատկանել են իր երկրին։ Նա նաև նշեց, որ բուն Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու պլաններ չկան։ ԼՂՀ-ի և հայկական զորքերի պաշտպանությունը լեռներում բաժանվել էր մի քանի չկապակցված հատվածների, որոնց համալրումն ու մատակարարումները դժվար կամ նույնիսկ անհնար էր: Իրանի հետ ԼՂՀ ողջ սահմանը, հարավում՝ Արաքսի հովիտն ու նախալեռները կորսված էին։

Անգամ այս պայմաններում ռազմական գործողությունների սկզբից ի վեր հայերի դիրքերը կենտրոնական ուղղությամբ՝ Մարտակերտից ու Աղդամից հարավ, մնացին անփոփոխ։ Ռազմաճակատի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող լեռնային շրջաններում ևս հնարավոր չեղավ ճեղքել ԼՂՀ-ի և Հայաստանի պաշտպանությունը։ Չնայած Թալիշ և Մատաղիս գյուղերի գրավմանը՝ ադրբեջանական ուժերին չհաջողվեց առաջ շարժվել դեպի շրջկենտրոն Մարտակերտ։

Անգամ ադրբեջանական «Су-25»՝ լազերային կառավարվող ռումբերով հարվածային ինքնաթիռների մարտի դուրս գալը չփոխեց իրավիճակը։ Բայց նաև այս տարածքներում հայկական ուժերը հյուծվել էին անօդաչուների մշտական ​​հարվածներից՝ կրելով տեխնիկայի ու մարդուժի լուրջ կորուստներ։ Պաշտպանության նախարարությունն ամեն օր հաղորդում էր ավելի քան 50 զինծառայողի մահվան մասին։

Չնայած շրջկենտրոն Մարտունու մոտակայքում Ադրբեջանի ունեցած հաջողություններին՝ ուղիղ Ստեփանակերտ տանող ճանապարհի վրա լիարժեք վերահսկողություն հաստատել նույնպես չհաջողվեց։ Առաջխաղացումը կասեցվեց ԼՂՀ լեռնային պաշտպանական դիրքում։ Ադրբեջանական բանակի հիմնական հաջողությունը ձեռք բերվեց Արաքսի հովտի կողմում՝ Հադրութից Շուշի տանող 30-կիլոմետրանոց շատ ավելի թույլ ամրացված շրջանցիկ ճանապարհի ուղղությամբ հարվածներից։

Չնայած ակնհայտ ռազմական առավելությանը՝ Ադրբեջանի համար լեռնային կիրճերով առաջխաղացումը շարունակում էր մնալ դժվար։ Այսպես, նոյեմբերի 2-ին կամ 3-ին դարանակալվեց և ջախջախվեց Լաչինի միջանցքը կտրելու համար երկրորդական ուղղությամբ շարժվող մի զրահախումբ։ Լուսանկարներն ու տեսանյութերը հաստատեցին այստեղ մեկ «Т-72» տանկի, չորս «БМП-2»-ի և հինգ զրահամեքենայի ոչնչացումը։

Նոյեմբերի 5-ից կատաղի մարտեր ծավալվեցին Շուշիի համար։ Ադրբեջանը գործնականում ներգրավել էր ուժայինների բոլոր կառույցների հատուկ ջոկատներին և թեթև հետևակայինների։ Քանի որ հրետանին դեռ չէր հասցվել մարտերի վայր և չէր կարող նրանց կրակով արդյունավետ աջակցել, հարվածները հասցվում էին համազարկային կրակի հեռահար համակարգերով և անօդաչուներով: Հայերի վիճակն այդ ժամանակ այնպիսին էր, որ Ստեփանակերտի մերձակայքում նրանք արդեն ի վիճակի չէին թեթև ականանետներով և ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրներով դիմակայել անգամ հետևակին։

Հատկանշական է, որ ակնհայտ սպառնալիքի պայմաններում հայկական կողմը չփորձեց երկու-երեք գումարտակ բերել պաշտպանելու ԼՂՀ առանցքային բնակավայրը և կանխելու Շուշիի անկումը։ Փոխարենը պատասխան կրակ էին բացում Ստեփանակերտի մոտ հավաքված հրետանու մնացորդները, այդ թվում՝ 122 մմ-ոց «САУ 2С1 Гвоздика» ինքնագնաց հաուբիցները, որոնք փորձում էին փակել Դժոխքի կիրճը՝ Հադրութից Շուշի ընկած հատվածում։ Այդ հատվածով էին գալիս ադրբեջանական զրահամեքենաները, որոնք քաղաքը գրոհող հետևակի համար բերում էին զինամթերք և պաշարներ։

Շուշիի համար մղվող մարտերում հայերը Ստեփանակերտի շրջակայքից կիրառեցին անգամ ծանր հրանետային «ТОС-1А Буратино» համակարգ։ Ադրբեջանը հայտարարեց Շուշիի ծայրամասում կասետային մարտագլխիկներով առնվազն երկու բալիստիկ հրթիռ ընկնելու մասին։ Նրանց բեկորները հայտնաբերվեցին Շուշիի մատույցներում։ Հայտնի չէ՝ արդյոք այս հարվածները ռազմական որևէ արդյունք ունեցել են, թե ոչ։ Քիչ հավանական է, որ ռազմաճակատի փլուզման պայմաններում հայկական կողմին հաջողվել էր հավաստի հետախուզական տվյալներ հավաքել քաղաք ներխուժած ադրբեջանական հատուկ ջոկատայինների շարժական խմբի վրա այդ համալիրները նշանառելու համար։

Նոյեմբերի 7-ին Շուշին արդեն ամբողջությամբ անցել էր ադրբեջանական զորքերի վերահսկողությանը, հայկական միացյալ ջոկատների հակահարձակման փորձերը ձախողվել էին։ Ճակատամարտի վերջին ակորդը Շուշի-Լաչին ճանապարհին այս շարասյուներից մեկի պարտությունն էր։ Հետևակի և ոստիկանների շտապ հավաքված խումբը փորձեց թափանցել քաղաք և ապաշրջափակել նրա կայազորի մնացորդները՝ որպես փոխադրամիջոց օգտագործելով նույնիսկ մի քանի զրահամեքենա: Խումբը լեռնային ճանապարհի վրա դարանակալվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից և հեռահարության վրա ամբողջությամբ զոհվեց։ Հայկական համազգեստով տասնյակ զինվորների դիակներով տեսագրությունները հոգեբանական հզոր հարված և ռազմական պարտության խորհրդանիշ դարձան։ Ընդհանուր առմամբ, Շուշիի շրջակայքում մի քանի հարյուր հայ զինվոր սպանվեց։

Բլրի վրա գտնվող Շուշիի գրավումը անհնարին դարձրեց հարթավայրում գտնվող Ստեփանակերտի պաշտպանությունը։ Սրա համար ԼՂՀ-ն ո՛չ մարդուժ ուներ, ո՛չ զինամթերք։ Հրետանու, ԱԹՍ-ների և ավիացիայի հարձակումների ներքո հնարավոր չէր հաջողությամբ պաշտպանել մայրաքաղաքը։

Բացի այդ, Շուշիի մոտ գտնվող ճանապարհային հանգույցի գրավումը խափանել էր մատակարարումները լեռներում գտնվող ԼՂՀ-ի և Հայաստանի ուժերի մի քանի խոշոր խմբավորումներին, ինչպես նաև փակել էր նրանց փախուստի ուղիները։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, ընդհանուր առմամբ 25,000 զինվորական հայտնվել էր շրջափակման սպառնալիքի տակ։

Նոյեմբերի 9-ի օրվա վերջում ռուսական դիվանագիտության ջանքերով հնարավոր եղավ շտապ համաձայնեցնել կողմերի ղեկավարների համատեղ հայտարարության տեքստը՝ նոյեմբերի 10-ի ժամը 00:00-ից հրադադարի մասին՝ ԼՂՀ փաստացի կապիտուլյացիայի և ռուս խաղաղապահների՝ հակամարտության գոտի մուտքի մասին։ Միայն ա՛յս համաձայնությունն իսկապես վերջ դրեց մարտերին։

Արդյունքներ և եզրակացություններ

Նոյեմբերի 10-ին Մոսկվայում մեկնարկած՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների դեմ առ դեմ բանակցություններն ընթանում էին ճակատներում Հայաստանի և ԼՂՀ-ի համար ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի ֆոնին։ Դրանից մի քանի օր առաջ Շուշիիի մոտ տեղի ունեցած ռազմական պարտությունը վերածվել էր փլուզման։ Այնտեղ ռազմական խմբավորումների ղեկավարումն ամբողջությամբ կորել էր, նահանջը՝ վերածվել փախուստի։ Դրա վառ վկայություններն են ինչպես Ադրբեջանի առգրաված տեխնիկայի քանակը, որը գնահատվում է հարյուրավոր միավորներով, այնպես էլ մարտի դաշտում հայերի թողած շուրջ 1,600 դիակները։ Միայն Շուշիում, ըստ հայկական կողմի, մնացել էր ավելի քան 300 մարմին, որոնք դուրս բերվեցին միայն մեկ շաբաթ անց։

Ստեփանակերտի կորստի ու հազարավոր զինվորների նոր կորստի մոտալուտ վտանգը հզոր գործոն եղավ Հայաստանի՝ զինադադարի և դե ֆակտո տարածքային խոշոր զիջումներով հանձնվելու արագ համաձայնության համար։ Երևանը համաձայնեց իր հակառակորդին հանձնել յոթ շրջանները, այդ թվում նրանք, որ դեռ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ չէին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի հիմնական տարածքի և նրա էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ադրբեջանը չպահանջեց ամբողջական և վերջնական կապիտուլյացիա՝ ԼՂՀ ողջ տարածքի վրա իր վերահսկողության հաստատմամբ։ Դա, ըստ երևույթին, պայմանավորված էր ոչ միայն քաղաքական նկատառումներով, այլև հաղթանակի թանկ գնով։ Անօդաչու թռչող սարքերի պաշարներն ու զինամթերքի պաշարները մասամբ սպառվել էին։

Ադրբեջանցի զինծառայողների կորուստների մասին տվյալները հրապարակվեցին պատերազմի ավարտից ընդամենը մեկ ամիս անց և անսպասելիորեն լուրջ դուրս եկան։ 2021-ի հունիսի դրությամբ պաշտոնական ցուցակը ներառում էր 2,900 զոհված և 14 անհետ կորած, սակայն Ադրբեջանում գերեզմանոցների արբանյակային պատկերների համեմատական ​​ուսումնասիրությունը պատերազմի մեկնարկից առաջ և հետո վկայում է բազմաթիվ անգամ ավելի մեծ կորուստների մասին։ Ըստ ամենայնի, ամենաշատ զոհեր եղել են սկզբնական շրջանում և լեռնային շրջաններում նախապատրաստված պաշտպանական դիրքերը գրոհելու անհաջող փորձերի ժամանակ: Ադրբեջանի հայտարարած թիվը չի ներառում զոհված սիրիացի վարձկաններին։ Նրանց ստույգ թիվը հայտնի չէ, սակայն այն գնահատվում է 200-500 մարդ։

Հայաստանը հայտնել է իր 3,705 զինծառայողների զոհվելու, ավելի քան 260-ի անհետ կորելու ու ևս մի քանի տասնյակ հոգու գերի ընկնելու մասին։ Ամենայն հավանականությամբ, այս թվի մեջ չկան Սփյուռքից ինքնուրույն ժամանած զինյալները։ Բայց քիչ հավանական է, որ դրանց քանակն ընդհանուր արդյունքի վրա ազդեցություն թողնի։

Ռազմական տեխնիկայի կորուստների վերաբերյալ առկա բոլոր գնահատումները՝ հիմնված լուսանկարների և տեսանյութերի վրա, ցույց են տալիս, որ դրանք շատ ավելի ծանր են եղել ԼՂՀ-ի և Հայաստանի, քան Ադրբեջանի համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ նման գնահատականներն ակնհայտորեն թերի են։ Հայերը գործնականում միջոցներ չունեին փաստագրելու արդյունքները հակառակորդի թիկունքում, այդ թվում՝ հրետանային դիրքերում, օդանավակայաններում և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վայրերում, ինչպես նաև այն վայրերում, որտեղից ստիպված էին նահանջել։

Աղյուսակ. Կողմերի ռազմական տեխնիկայի հաստատված կորուստները (ոչնչացված և առգրավված)

[Տվյալները հաստատված են ֆոտո և վիդեո նյութերով։ Ադրբեջանական կողմից դրանք միտումնավոր ամբողջական չեն, քանի որ հակառակ կողմը չուներ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ և նկարահանող ԱԹՍ-ներ։ Զոհերի թիվը ներառում է ոչնչացված, առգրավված և խոցված մարտական ​​մեքենաներ]

ՀայաստանԱդրբեջան
Տանկ25055
Թեթև զրահատեխնիկա15590
Քարշակվող հրետանի231տվյալներ չկան
Ինքնագնաց հրետանի29տվյալներ չկան
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ782
Զենիթահրթիռային համալիր36տվյալներ չկան
ԱԹՍ537

Հաշվարկված է ըստ՝ The Fight For Nagorno-Karabakh: Documenting Losses On The Sides Of Armenia And Azerbaijan.

Մոսկվայում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվեցին հակամարտության գոտում հինգ տարով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման շուրջ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1,960 զինծառայողի, 90 զրահամեքենայի, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի՝ հետագայում հնգական տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մոսկվայում բանակցությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից դեռ առաջ՝ նոյեմբերի 9-ին, սկսվել էր ռուսական զորքերի տեղակայումը հակամարտության գոտում՝ կողմերին բաժանելու համար։ Առաջինը շարժվել էին Հայաստանի ռուսական 102-րդ ռազմաբազայի շարասյուները։ Նրանց ուղեկցման ժամանակ անհետացավ «Ми-24» ուղղաթիռը․ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ շփոթել է հայկականի հետ և զենիթային հրթիռով խոցել այն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից։ Զոհվեց անձնակազմի հրամանատար, մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը։ Ղեկապետը վիրավորվեց: Միջադեպը չխանգարեց խաղաղ համաձայնությունների իրականացմանը։

Արդեն նոյեմբերի 10-ին՝ խաղաղության համաձայնության ստորագրման օրը, Հայաստան սկսեցին ժամանել ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները՝ զինվորներով և 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) տեխնիկայով։ Նրանց մասնակցությամբ հնարավոր եղավ հաջողությամբ տարանջատել պատերազմող կողմերին և սառեցնել հակամարտությունը առնվազն մի քանի ամսով։

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը արմատապես մեծացրեց իր ռազմական գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։ Երկիրը ռազմավարական համազորային հարձակողական գործողության անգնահատելի գործնական փորձ ձեռք բերեց։ Հայաստանն ու ԼՂՀ-ն կորցրին հարյուրավոր միավոր ծանր տեխնիկա, ինչը այլևս չեն կարողանում համալրել։ Հայերը կորցրին նաև պաշտպանական գծերն ու ականապատ դաշտերը, որ ստեղծել էին տասնամյակներով, ինչպես նաև ադրբեջանական նախկինում օկուպացված շրջանները, այսպես կոչված՝ բուֆերային գոտին։

Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի կիսավարտ հարցը Ադրբեջանի ղեկավարությանը կարող է դրդել մոտակա տարիներին այն վերջնականապես լուծել ռազմական ճանապարհով։ Ներկա պայմաններում հնարավոր չէ երաշխավորել, որ երկկողմանի լավ կազմակերպված սահմանագծումը և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ստեղծումը, որոնք ամրագրված են խաղաղության համաձայնություններով, կկարողանան բացառել Ղարաբաղյան երրորդ պատերազմի հավանականությունը։ Չէ՞ որ զինադադարի այս կետերի իրականացումն էր, որ հետպատերազմյան ամիսներին մեծագույն դժվարություններ հարուցեց ու դեռ հարցականի տակ է։

Հեղինակի մասին

Անտոն Լավրովը ռուսական «Իզվեստիա» թերթի բանակի բաժնի թղթակիցն է (2019-ից)։ Ծնվել է 1978-ին, ավարտել Տվերի պետական ​​տեխնիկական համալսարանը։ 2008-ից մասնագիտացել է Ռուսաստանի զինված ուժերի, Ռուսաստանի մասնակցությամբ ժամանակակից զինված հակամարտությունների և հետխորհրդային տարածքում պատերազմների ուսումնասիրության մեջ։ Այս թեմայով 14 գրքի և ավելի քան 60 հրապարակումների հեղինակ և համահեղինակ է: 2018-ին այցելու հետազոտող է եղել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS)։

Պատրաստել է Կարեն Հարությունյանը

«Փոթորիկ Կովկասում» գրքից ՍիվիլՆեթի մյուս հրապարակումները

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Թուրքիայի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում. հայացք Անկարայից

2020-ի պատերազմը շատ առեղծվածներ է թողել․ Գեորգի Դերլուգյան

Չմիջամտելու և անգործության միջև. ինչպես Ռուսաստանը կարձագանքի Հայաստանի ճգնաժամին

Մեկնաբանել