ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ուղարկվել են Ղազախստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերն այսօր՝ հունվարի 6-ին, ուղարկվել են Ղազախստան, հաղորդում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։

Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունը, իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադառնալու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցության ցուցաբերումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Կազմակերպության՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով այժմ իրականացվում է խաղաղապահ զորակազմի ռուսական մասի տեղափոխումը Ղազախստանի տարածք: ՌԴ-ից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերը:

***

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։

Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Ի դեպ, նշվում է նաև, որ ցույցերը սկսվել են Ժանաոզեն քաղաքից, որտեղ 2011-ին ոստիկանությունը կրակել էր ցուցարարների վրա։ Այդ ժամանակ սպանվել էր 16 մարդ, իսկ վիրավորվել՝ 100-ը։

Հունվարի 5-ին իրավիճակը կտրուկ լարվել էր Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմա-Աթայում։ Երկրի նախագահը անվտանգության խորհրդի նիստին հայտարարել էր, թե «ահաբեկչական խմբերը իրենց վերահսկողության տակ են վերցնում հրաձգային զենքեր պարունակող շինությունները»։ Ըստ նախագահի՝ քաղաքի մերձակայքում մարտեր են ընթացել։

Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով, հունվարի 6-ի առավոտյան ժամերի տվյալներով՝ ավելի քան հազար մարդ Է տուժել։

Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Մեկնաբանել