Ադրբեջանական ԱԹՍ-ները և հայկական ՀՕՊ-ը 44-օրյա պատերազմում․ վերլուծություն

БУК «БУК-М2» միջին հեռահարության զենիթահրթիռային համալիր։

Հայ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը և բրիտանացի ռազմական փորձագետ Մարկ Քազալեթն իրենց հոդվածում վերլուծում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անօդաչու թռչող սարքերի դերն ու Հայաստանի հակաօդային պաշտպանության խնդիրները։ «Ելք ցամաքում՝ կանխորոշված օդում» հոդվածը տպագրվել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի 2021-ին հրատարակած «Փոթորիկ Կովկասում» («Буря на Кавказе») գրքում՝ ի շարս այլ հեղինակների հոդվածների։ Ներսիսյանի և Քազալեթի հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

2020-ի Ղարաբաղյան պատերազմը մի շարք դասեր տվեց, և եթե պետք է նշել դրանցից մեկը, ապա առավել կարևորն այն է, որ նույնիսկ ամենադիմացկուն պաշտպանական ուժերը հաջողության հույս չունեն այն պայմաններում, երբ հակառակորդի ձեռքերն օդում բաց են։

Այս դասը շատ առումներով պարզ է. թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի ռազմական միտքը Սառը պատերազմի և հետագա տարիների ընթացքում մեծամասամբ ուղղված է եղել օդային գերազանցության հաստատման կամ, ընդհակառակը, այն կանխելու ամենաարդյունավետ ուղիներ որոնելուն: Ղարաբաղյան հակամարտության պարագայում անհնար է ցամաքային մարտական ​​գործողությունների պատշաճ վերլուծություն կատարել՝ առանց օդում Ադրբեջանի գերակայության գործոնը հաշվի առնելու։ Այսպիսով, գետնի վրա պատերազմի դիտարկումը հիմնականում պայմանավորված է հակաօդային պաշտպանության խնդիրների շրջանակով։

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան բազմաթիվ ուսումնասիրություններում վերլուծաբանները կենտրոնացել են անօդաչու թռչող սարքերի և անօդաչու կամիկաձեների տեխնոլոգիաների վրա՝ որպես Ադրբեջանի հաղթանակի նարատիվի ամենակարևոր և որոշիչ բաղադրիչի: Դա հանգեցրել է անօդաչու թռչող սարքերի և անօդաչու կամիկաձեների գերպարզեցված պատկերացումների տարածմանը, ինչին փաստացի վերագրվում է ադրբեջանական կողմի հաղթանակը։ Թեև այս համակարգերը, անկասկած, որոշիչ դեր են խաղացել իրենց վերապահված խնդիրների կատարման գործում, նրանք հեղափոխական նոր վտանգ չէին ներկայացնում. նման արդյունքների կարելի էր հասնել նաև մեծ և ժամանակակից օդաչուավոր ավիացիայով, թեև ոչ այսքան ցածր գնով: Այս վերջին կետին է, որ պետք է առավելագույն ուշադրություն դարձնել ապագա հակամարտությունները ծրագրելիս, քանի որ ԱԹՍ-ների տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տարածման հսկայական ներուժ ունեն՝ ներուժ, որը նոր է սկսում դրսևորվել:

Նախկինում օդային գերակայության միջավայրի ստեղծման համար կպահանջվեին զգալի ներդրումներ և գործառնական ծախսեր կործանիչներ, գրոհիչ ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, հետախուզական ինքնաթիռներ (հաճախ ուղղաթիռներ) գնելու և սպասարկելու համար, որոնց համար անհրաժեշտ էին նաև լավ պատրաստված ու թանկարժեք օդաչուներ: Սակայն անօդաչուների զարգացմանը զուգահեռ՝ էապես իջել է օդային հետախուզական համակարգերի և բարձր ճշգրտության հարվածային համակարգերի նույն հնարավորություններն ունենալու տնտեսական շեմը։ Ադրբեջանը հստակ ցույց տվեց, որ ժամանակակից, ճշգրիտ, համեմատաբար էժան միանգամյա օգտագործման, բայց արդյունավետ և բարձր ճշգրտության հարվածային և հետախուզական համակարգերը ներկայում հասանելի են անգամ չափավոր զարգացած տնտեսություն ունեցող երկրներին և կարող են օգտագործվել չափազանց արդյունավետ, երբ հակառակորդը այդ մարտահրավերին չունի համարժեք պատասխան: Իրադարձությունների այս զարգացումը զինվորականներին այլևս թույլ չի տալիս անտեսել հակաօդային պաշտպանության ոլորտը։ Այս ասպարեզում Հայաստանի առաջընթացի բացակայությունը, երբ նրա ռազմական հակառակորդը տասնամյակի մեծ մասի ընթացքում ձեռք էր բերում ժամանակակից անօդաչու համակարգեր, չափազանց թանկ ռազմավարական սխալ էր:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո շատերը հարց էին տալիս, թե ինչու Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեղան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և անօդաչու կամիկաձեների սպառնալիքը հետ մղելու համար։ Կարճ՝ այս հարցի պատասխանը երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջինն այն է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի ճնշող մեծամասնությունը բավականաչափ արդիական չէր սպառնալիքին դիմակայելու համար։ Երկրորդ՝ հայկական ուժերի անփութությունը, պատրաստվածության պակասը և կոորդինացիայի բացակայությունը հակաօդային պաշտպանության համակարգերը համեմատաբար դյուրխոցելի դարձրին Ադրբեջանի կիրառած մարտավարական հնարքների նկատմամբ։ Արդյունքում, հայերը ձեռքի տակ մարտունակ շատ ավելի քիչ զենիթահրթիռային համալիրներ ունեին, քան պահանջվում էր պատերազմի մնացած ժամանակահատվածում դժվարին տեղանքը ծածկելու հակաօդային պաշտպանության կազմակերպման համար։ Այլ կերպ ասած, պատերազմի ընթացքում Ադրբեջանը կարողացավ պահպանել իր օդային առավելությունը, որպեսզի ազդի ցամաքային մարտերի վրա՝ ավիահարվածներով ոչնչացնելով հիմնական թիրախները, սրելով հայկական զորքերի բարոյահոգեբանական վիճակը և մատակարարման պակասի խնդիրները, ինչը հայկական կողմին զրկեց արդյունավետ հակաքայլեր կազմակերպելու հնարավորությունից:

Ժանգի թագավորություն

Վերը նշված երկու բաղադրիչներից ամենաակնառուն թերևս արդիականության գործոնն է. Հայաստանում հակաօդային պաշտպանության շատ համակարգեր, բացառությամբ «Тор-М2КМ»-ի, մշակվել են նախորդ դարաշրջանի համար, երբ անօդաչու թռչող սարքերը դեռ այդքան տարածված չէին։ ՀՕՊ այդ համակարգերը նախատեսված էին իրենց ժամանակի ավելի տարածված սպառնալիքների՝ կործանիչների, գրոհիչ ինքնաթիռների, ռմբակոծիչների և ուղղաթիռների դեմ պայքարելու համար: Այս ցանկում են «С-300ПТ-1А» և «С-300ПС» հեռահար զենիթահրթիռային համալիրները, միջին հեռահարության «С-125M1», «Круг», «Куб»/«Квадрат» և փոքր հեռահարության «Стрела-10М», «Оса-АК/АКМ» և «Тор-М2КМ» համալիրները, որոնց հավելում էին «Стрела-2М», «Игла» և «Верба» զենիթահրթիռային դյուրակիր համալիրները։ Թնդանոթային հրետանին ներկայացված էր «ЗУ-23-4 Шилка» զենիթային ինքնագնացով, քարշակվող «АЗП-57»-երով և «ЗУ-23-2»-ներով։

Չնայած ցուցակը բավական երկար է թվում, պետք է հիշել, որ այդ համակարգերի մեծ մասը 1960-ական կամ 1970-ական թվականների է, որոնք նախատեսված էին Սառը պատերազմի կեսերից մինչև ավարտն ընկած իրողությունների համար, և որպես կանոն օգտագործում են հին ռադարներ՝ հետևելու մեծ, գերարագ թիրախներին, այլ ոչ թե վերջին տասնամյակի ընթացքում մշակված ցածր արագությամբ թռչող ժամանակակից անօդաչուներին: Խնդիրը լրջորեն բարդանում է սառըպատերազմյան ժամանակաշրջանի ինքնաթիռների և ժամանակակից անօդաչու թռչող սարքերի միջև որակական զգալի տարբերություններով: Օրինակ, ժամանակակից անօդաչու թռչող սարքերը, որպես կանոն, շատ ավելի փոքր արդյունավետ մակերեսի վրա կարող են տարածվել, քան օդաչուավորները՝ ինչպես իրենց փոքր չափերի, այնպես էլ դրանց կառուցվածքում ռադիոթափանցիկ պլաստիկի, ապակեպլաստի կամ կոմպոզիտային նյութերի ավելի ինտենսիվ օգտագործման շնորհիվ, երբ մետաղական դետալների սակավությունը, ի տարբերություն օդաչուավոր ինքնաթիռների, կրճատում է ռադարներից եկող ազդանշանի անդրադարձը։ Սա նվազեցնում է անօդաչուները երաշխավորված հայտնաբերելու և դրանց հետևելու հեռավորությունը՝ դրանով իսկ նեղացնելով ՀՕՊ-ի կողմից նշանառության և խոցման արդյունավետ հեռահարությունը, ինչն իր հերթին նեղացնում է ՀՕՊ-ի ծածկույթը։ Սա մեծացնում է հավանականությունը, որ նախքան հայտնաբերվելը, անօդաչու թռչող սարքերն արդեն մտած կլինեն իրենց կցված զինատեսակները կիրառելու տիրույթ՝ դրանով իսկ ուղղակիորեն սպառնալով ՀՕՊ-ի հաշվարկներին։ Բացի այդ, ցածրարագ անօդաչուները դոպլերյան ավելի քիչ շարժ են առաջացնում, քան, օրինակ, ռեակտիվ կործանիչները։ Հավանական է, որ հին ռադարներից շատերը կա՛մ բավականաչափ զգայուն չեն եղել դանդաղաշարժ թիրախներ հայտնաբերելու, կա՛մ պարզապես երբեք չեն հարմարեցվել ռադիոտեղորոշիչ թույլ ազդանշաններով թիրախներ գտնելու համար: Պետք է հաշվի առնել նաև մաշվածության գործակիցը. հին համակարգերը (կախված օգտագործողի կողմից սպասարկման մակարդակից) կարող են պարունակել անսարք էլեկտրոնային կամ մեխանիկական բաղադրիչներ, ինչն ընդհանուր առմամբ նվազեցնում է դրանց հուսալիությունը:

Չնայած այս խնդիրներին, որոշ հին համակարգեր, ինչպիսիք են «Оса-АК/АКМ»-ը, պատերազմի ընթացքում որոշակի հաջողությունների հասան, բայց ընդհանուր առմամբ նման դեպքերը, ըստ երևույթին, համեմատաբար հազվադեպ էին, և առավել հաճախ ՀՕՊ այդ համակարգերը խոցվում էին ԱԹՍ-ների կողմից, որոնց հենց ՀՕՊ-ը պետք է խոցեր: Հաշվի առնելով առաջադրանքի բարդությունը՝ արդյունքն անսպասելի չէ, սակայն նման խնդիրները պետք է կանխատեսվեին ու լուծվեին ռազմական գործողությունները սկսվելուց շատ տարիներ առաջ։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի աղբյուրների համաձայն՝ պատերազմի 44 օրերի ընթացքում ոչնչացվել է ծառայության մեջ գտնվող «Оса» զենիթահրթիռային համալիրների մոտ 90%-ը։ Հաշվի առնելով Հայաստանից մատակարարումները՝ ռազմական գործողությունների դադարեցման պահի դրությամբ «Оса»-ների պարկը կրճատվել էր մոտ 50%-ով։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ զորքերում մի աղբյուրի համաձայն՝ որոշ իրավիճակներում հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները բավական արդյունավետ ճնշել են «Оса»-ներին, ընդ որում՝ հնարավոր չի եղել միանշանակ զատորոշել խլացումների (помехи) աղբյուրը։

Անօդաչու թռչող սարքերի պես փոքր չափի ցածրարագ թիրախների դեմ աշխատելու անկարողությունը սովորական խնդիր է հին ռադիոտեղորոշիչ շատ համակարգերի համար, որոնք արդիականացված չեն նման սպառնալիքների դեմ պայքարելու համար: Դա ակնհայտ երևաց ավելի վաղ՝ 2019-ի սեպտեմբերին Աբքայքում «Saudi Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանի և Խուրայս նավթային հանքավայրի վրա հարձակման ժամանակ, երբ հութի ապստամբների արձակած անօդաչու կամիկաձեները և թևավոր հրթիռները զգալի վնաս հասցրին երկու օբյեկտներին: Աբքայքի օբյեկտը ծածկում էին երեք-չորս մարտկոցով զուգակցված «Skyguard GDF-005» 35 մմ-ոց ավտոմատ հրանոթներ և առնվազն մեկ մարտկոց «Shahine» («Crotale» զենիթահրթիռային համալիրի սաուդյան տարբերակը), իսկ Խուրայս նավթային հանքավայրը պաշտպանում էին «Skyguard GDF-005»-ի երեք մարտկոց և «Shahine»-ի ու «Patriot»-ի մեկական մարտկոց: Հարձակման պահին «GDF-005»-ը և «Shahine»-ը հարաբերականորեն հնացած էին, իսկ «Patriot»-ը վատ էր հարմարեցված անօդաչու կամիկաձեների դեմ պայքարելու համար: Հայաստանի համար այս միջադեպը հակաօդային պաշտպանության սեփական համակարգերի խոցելիության լուրջ ահազանգ պետք է լիներ՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից զենքի երկարամյա գնումների ցուցակը, որ ներկայացնում էին բաց աղբյուրները:

Հայկական ՀՕՊ համակարգերից միայն «Верба» զենիթահրթիռային դյուրակիր համալիրները, «Бук-М1-2» և «Тор-М2КМ» զենիթահրթիռային համալիրներն են, որ մշակվել են 1990-ականների կեսերից հետո։ 2020-ի չափանիշներով անգամ «Бук-М1-2»-ը առանձնապես ժամանակակից համակարգ չէր, քանի որ այն սպառազինության մեջ մտավ 1998-ին որպես միջանկյալ համակարգ՝ «Бук»-երի ընտանիքի արդիականացման շարքում: Իր հնարավորություններով այդ համակարգը էապես զիջում էր 2008-ին և 2016-ին սպառազինության մեջ մտած համապատասխանաբար «Бук-М2» և «Бук-М3» համակարգերին, որոնք ունեին ավելի ժամանակակից ռադարներ և կատարելագործված հրթիռներ։ Բացի այդ, որոշակի կասկածներ կան Հայաստանի կողմից համակարգերի գնման ժամկետների հետ կապված։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ նախքան 2020-ի պատերազմը Հայաստանն ունեցել է «Бук-М1-2» համակարգեր՝ վկայակոչելով դրանց մասնակցությունը 2017-ի շքերթին։ Այնուամենայնիվ, սրա հավաստիությունը կարող է մի քիչ շփոթեցնող լինել. տեղական մի աղբյուրի հաղորդմամբ՝ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկիզբը Հայաստանը փաստացի չի ունեցել այդ համակարգերից։ Ցուցադրված զենիթահրթիռային համակարգերը վերցվել էին Գյումրիի ռուսական ռազմաբազայից և ներկվել Հայաստանի զինված ուժերի քողարկված գույներով, իսկ շքերթից հետո վերադարձվել։ Ըստ աղբյուրի՝ պատերազմի բռնկումից հետո Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է այդ համակարգերը, սակայն դրանք վերանորոգման կարիք են ունեցել և չեն կարողացել անմիջապես օգտագործվել։ 2020-ի դեկտեմբերի 13-ին տված հարցազրույցում ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարեց, որ պատերազմի սկզբում հայկական վեց «Бук-М1-2»համակարգերից միայն մեկն էր աշխատունակ, իսկ մյուս հինգը սպասում էին Ռուսաստանից վերանորոգող խմբի ժամանմանը։ Արդյունքում, հակաօդային պաշտպանության այս համակարգը պատերազմի սկզբնական կրիտիկական փուլում չկարողացավ իր ներդրումն ունենալ Ղարաբաղի պաշտպանությանը, և որոշակի կասկածներ կան, թե արդյոք դրանք ընդհանրապես օգտագործվել են պատերազմի ընթացքում։

Կասկածներ կան նաև Հայաստանի զինված ուժերի կողմից «Верба» զենիթահրթիռային դյուրակիր համալիրների օգտագործման վերաբերյալ։ Հաղորդվում էր, որ Ղարաբաղում 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը 2017-ին պատվիրել է այդ համալիրների մեծ խմբաքանակ, ինչպես նաև «Игла-С» զենիթահրթիռային դյուրակիր համալիրներ, սակայն տեղական աղբյուրը հաղորդում է, որ 2020-ի պատերազմի մեկնարկի դրությամբ «Верба» դեռ չէր մատակարարվել։ Այնուամենայնիվ, եթե անգամ Հայաստանն ունենար դրանցից, հազիվ թե դրանք բավարար լինեին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի դեմն առնելու համար։ «Верба»-ն ունի նման հնարավորություններ, բայց, ինչպես բոլոր զենիթահրթիռային դյուրակիր համալիրները, ի վիճակի է թիրախներ խոցել միայն շատ կարճ հեռավորությունների վրա. նրա «9M336» հրթիռի առավելագույն հեռահարությունը մոտ 6,5 կմ է, իսկ առավելագույն բարձրությունը՝ 4,5 կմ, ինչը զգալիորեն պակաս է փոքր լազերային կառավարվող զինամթերքի հեռահարությունից (8 կմ հեռահարություն ունի «MAM-C»-ը, մինչև 14 կմ՝ «MAM-L»-ը), որոնք պատերազմի ժամանակ ակտիվորեն օգտագործվում էին ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ների կողմից։ Կրկին՝ պաշտպանական որոշակի սցենարներում զենիթահրթիռային դյուրակիր համալիրների գործողության հեռահարությունը կարող էր բավարար լինել անօդաչուներ որսալու համար, բայց դրանք այս խնդրի իդեալական լուծումը չէին:

Հայաստանի զինված ուժերի տրամադրության տակ եղած բոլոր համակարգերից միայն «Тор-М2КМ»-ն է համեմատաբար պիտանի եղել ժամանակակից անօդաչուների դեմ պայքարելու համար․ ըստ երևույթին, Հայաստանում դա նաև մարտական ​​պատրաստության վիճակում միակ ժամանակակից համակարգն էր։ Սակայն հիմնական խնդիրն այստեղ ժամանակակից սպառազինության այս մի քանի հասանելի նմուշների չափազանց փոքր թիվն էր։ Տեղական աղբյուրը «Тор-М2КМ»-երի ընդհանուր թիվը նշում է վեց հրթիռային կայան (մեկուկես մարտկոց), որոնք բոլորը պատերազմի սկզբում տեղակայվել էին Լեռնային Ղարաբաղում։ Արդյունքում, պատերազմի սկզբում հայկական կողմն ուներ «Тор-М2КМ» վեց կայան՝ ծածկելու 280 կմ երկարությամբ առաջնագիծը, որն արագորեն ընդլայնվում էր և, հոկտեմբերի վերջին «Օհանյանի գծի» ճեղքումով, երկարեց մինչև 470 կմ-ի: Հաշվի առնելով, որ «Тор-М2КМ» հակաօդային պաշտպանության համակարգի «9M331» հրթիռներն ունեն 15 կմ առավելագույն հեռահարություն, այս թվակազմով կայաններն ի վիճակի չէին ամբողջ տարածքը ծածկել որևէ ժամանակահատվածում։

Չնայած առաքելության բարդությանը՝ հաղորդվում էր, որ «Тор-М2КМ» համակարգերը հարաբերական հաջողությամբ պայքարում էին անօդաչուների դեմ, և որոշ աղբյուրներ դրանց վերագրում են պատերազմի ընթացքում խոցված մինչև 60 օդային թիրախ, այդ թվում՝ առնվազն վեց «Bayraktar TB2»: Սակայն դրանց հաջողություններն անկորուստ չեն եղել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի աղբյուրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված վեց «Тор-М2КМ»-երից չորսը շարքից հանվել են մարտական ​​գործողությունների առաջին 15 օրերի ընթացքում։ Այս կորուստներից ոչ բոլորն են հաստատվել, քանի որ Ադրբեջանը հրապարակել է միայն անօդաչու թռչող սարքի արձանագրած կադրերը, որտեղ երևում է «Тор-М2КМ» կայանի ոչնչացումն այն բանից հետո, երբ «օդ-մակերևույթ» հրթիռով խոցվել էր քաղաքացիական այն շինությունը, որտեղ այն մտել էր։ Այս կորուստները փոխհատուցելու համար Հայաստանը ևս չորս կայան է ուղարկել, սակայն տեղական աղբյուրը հայտնում է, որ զենիթահրթիռային այս համալիրները «Тор-М1»-ի ավելի վաղ տարբերակներն են, որոնք պատերազմի մեկնարկից հետո հրատապ օպերատիվ կարիքների համար գնվել էին Ռուսաստանից: «Тор-М1» համակարգը մշակվել է 1990-ականներին և արդիականացվել 2000-ականներին։ Այն շատ ավելի հին է և հնարավորություններով սահմանափակ, քան «Тор-М2»-ը: Ինչպեսև կարելի էր ակնկալել, այն բավարար չէր ծածկելու իր պաշտպանության կարիքն ունեցող տարածքը, ուստի կայանները հազիվ թե կարողանային վիճարկել Ադրբեջանի փաստացի գերակայությունը օդում։

«Тор»-երից բացի՝ օդային թիրախների խոցմանը մասնակցում էին «С-300ПС» զենիթահրթիռային համալիրները, որոնք Հայաստանի սահմանային տարածքից կարողացան խոցել մի քանի «Bayraktar TB2» ԱԹՍ։ Բայց ՀՕՊ այս համակարգը ևս չկարողացավ փոխել իրավիճակը թե՛ քանակական, թե՛ որակական պատճառներով։ Ընդհանուր առմամբ, ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ զորքերի աղբյուրի, ԼՂՀ երկնքում մոտ 180 օդային թիրախ է խոցվել, որից յոթը՝ թուրքական հարվածային «Bayraktar TB2», որոնք բարձր արդյունավետությամբ գործում էին որպես փոքրաչափ կառավարվող զինամթերքի կրիչներ, ինչպես նաև որպես լուսանշմարող և թիրախաուղղորդող միջոցներ թուրքական նոր «TRLG-230» հրթիռների համար։

Արդիական սպառազինության փոքր քանակությունը հայկական կողմին թույլ չտվեց կորուստները փոխհատուցել նմանատիպ որակի տեխնիկայով։ Ժամանակակից որևէ հակամարտությունում պատերազմող կողմը պետք է ակնկալի որոշակի կորուստներ և պետք է կարողանա արագ վերականգնել դրանք: Սակայն, երբ ժամանակակից տեխնոլոգիաների մասնաբաժինը երկրի զինանոցում, օրինակ՝ ՀՕՊ համակարգում, չափազանց փոքր է, բոլոր զինված ուժերը, որպես ամբողջություն, չափից դուրս կախված են դառնում մեկ չափազանց փոքր բաղադրիչի ներուժից։ Բացի այդ, ժամանակակից սպառազինության յուրաքանչյուր միավորի կորստով մեծանում է զինված ուժերի խոցելիության կումուլյատիվ էֆեկտը, քանի որ կորցրած տեխնիկան փոխարինելու պատրաստ այլընտրանք չկա։ Հայաստանի ՀՕՊ-ի դեպքում դա նշանակում էր, որ յուրաքանչյուր «Тор-М2КМ» կայանի կորուստը մեծ վնաս է երկրի հակաօդային պաշտպանության ընդհանուր կարողությանը: Մյուս կողմից, Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի տորմիղը ավելի դիմացկուն դուրս եկավ կորուստների նկատմամբ, քանի որ պատերազմից առաջ բավականին քանակությամբ անօդաչու թռչող սարքեր էին ձեռք բերվել, որպեսզի անգամ կորուստների դեպքում հնարավոր լիներ պահպանել կարողությունները, և պատերազմի ժամանակ դրանց գնումը շարունակվում էր։

Եվ, որ ավելի վատ է, պատերազմի ժամանակ, ըստ երևույթին, հայկական ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի միջև կոորդինացիան թույլ է եղել։ Մոսկվայի Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տվյալներով՝ հայկական կողմի կրակից խոցվել է մինչև հինգ թռչող սարք՝ չորս «Су-25» գրոհիչ և մեկ «Ми-8» ուղղաթիռ (դրանցից երկու «Су-25»-ը խոցվել է «С-125» զենիթահրթիռային համալիրից Վարդենիսի տարածաշրջանի վրա՝ մարտական ​​առաջադրանքից վերադառնալիս, և մեկը՝ Ղարաբաղում՝ զենիթահրթիռային դյուրակիր համալիրից)։ Այդ կորուստները կազմում են հայկական ռազմաօդային ուժերի «Су-25»-երի ընդհանուր թվի մոտ 25%-ը և «Ми-8»-երի 10%-ը։ Խուսափելի այս կորուստները, թերևս, Հայաստանում ժամանակակից, ինտեգրված հրամանատարա-վերահսկման ցանցի բացակայության, սեփական ուժերը որոշելու հնարավորության և հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության անբավարար մակարդակի ամենաբացահայտ ցուցանիշն են։

Միակ լուսավոր կետը, ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի և Հայաստանի ռազմական արդյունաբերության աղբյուրների, օդային տարածքի հետախուզությունն էր։ Այն բավական լավ էր իրականացվում շնորհիվ սեփական արտադրության՝ մետրային դիապազոնի «MJ-25» ռադիոտեղորոշիչ երկկորդինատ կայանների լայն ցանցի կիրառման։ Այս ռադիոտեղորոշիչ կայանի ալեհավաքի սյունը ստատիկ է և շատ ցածր ինքնարժեք ունի, իսկ մնացած բոլոր սարքավորումները տեղադրված են ամենագնաց մեքենաների վրա, որոնք կարող են միանալ ալեհավաքներին՝ լինելով դրանցից բավական մեծ հեռավորության վրա: Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, ժամանակակից կրակային զենքի լուրջ պակաս կար:

Հայաստանի ՀՕՊ համակարգի թուլությունը եղել և մնում է խոր արմատացած, համակարգային վաղեմի խնդիր։ Դրա լուծումը պահանջում է երկար և կայուն ներդրումային գործընթաց ինչպես ժամանակակից բարդ ռադարների, օպտիկաէլեկտրոնային ինֆրակարմիր նշանառության և պելենգատորիների, այնպես էլ ժամանակակից հրամանատարության և կառավարման ցանցի, նոր սպառազինության և ուսուցման մեջ: Դժբախտաբար, եթե Ադրբեջանը կարողացավ գտնել ժամանակակից հետախուզական և գերճշգրիտ հարվածային զենքեր ստեղծելու բավական խնայողական ճանապարհ, Հայաստանը դեռ չունի ժամանակակից և արդյունավետ հակաօդային պաշտպանության ցանց ստեղծելու պարզ և էժան եղանակներ, հետևաբար՝ նման զինատեսակների մշակումը, հավանաբար, էապես ավելի թանկ կլինի, քան պարզապես անօդաչու թռչող սարք գնելը: Սակայն նման ծախսերը անհրաժեշտ են. ինչպես ցույց տվեց 2020-ի պատերազմը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի երկինքը պաշտպանելու համար անհրաժեշտ քանակությամբ ժամանակակից միջոցների լուրջ պակաս ուներ, և այդ խնդիրը բարդանում էր լեռնային տեղանքով, որտեղ գործարկվել էին արդեն նշանակալիորեն հնացած ՀՕՊ համակարգերը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության աշխատանքի գնահատմանը, ապա դա բավական դժվար է անել՝ հաշվի առնելով առկա տեղեկատվության փոքր ծավալը, ինչպես նաև հայկական ավիացիայի թռիչքների շատ ցածր ինտենսիվությունը։ Այսպիսով, հայտնի է ընդամենը հայկական հինգ խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Միևնույն ժամանակ հայկական ռազմարդյունաբերության աղբյուրները նշում են, որ ադրբեջանական տարածքում խլացումները շատ ազդու էին և չափազանց բարդացնում էին անօդաչու թռչող սարքը ռադիոալիքով կառավարելու և իրական ժամանակում հետախուզություն իրականացնելու հնարավորությունը։ Մյուս կողմից, հայկական օդաչուավոր ավիացիայի կորուստները եղել են սեփական կրակից, այլ ոչ թե ադրբեջանական ՀՕՊ-ի աշխատանքից, որը, հավանաբար, միշտ չէ, որ մարտերի ընթացքում գրավված տարածքներում արդյունավետ է եղել։

Չպատրաստված ուժը գնում է պատերազմի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պլանը կառուցվել է հիմնական պաշտպանական գծի շուրջ, որը հայտնի է որպես «Օհանյանի գիծ»՝ ամրաշինությունների շարք, որ ստեղծվել է 1990-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ Դրանք բաղկացած էին ականների և փշալարերի խոչընդոտներից, բետոնե կրակակետերից և մշտական այլ ​​ամրաշինություններից, որոնք 1990-ականներից ի վեր նկատելիորեն չեն բարելավվել։ Նմանապես, գրեթե անփոփոխ են մնացել Ստփանակերտի և Շուշիի մատույցներում՝ 1990-ականներին ստեղծումից ի վեր գտնվող հենակետերը, ինչպես նաև մի շարք այլ ամրություններ, հրամանատարական կետեր և այլն։ Ադրբեջանական հրամանատարության համար դա էապես հեշտացրեց հիմնական թիրախների սահմանումը և ճշգրիտ հարվածներով պաշտպանական առանցքային դիրքերի ոչնչացումը: Բացի այդ, հաղորդվում էր, որ ռազմական գործողությունների առաջին շաբաթներին հայերը լուրջ ջանքեր չեն գործադրել իրենց տեխնիկան օդային հարվածներից քողարկելու համար։

Ղարաբաղյան ուժերի այս ինքնահանգստությունը նրանց թանկ նստեց. որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին՝ ինտենսիվ գործողությունների առաջին օրը, Ադրբեջանին հաջողվել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՕՊ համակարգերի 60%-ը և հրետանու 40%-ը։ Կայծակնային այս հարվածը փաստացիորեն խաթարեց Հայաստանի պաշտպանական կարողությունների մեծ մասը պատերազմի ամենավաղ փուլում և ստեղծեց այն պայմանները, որոնցում ծավալվեցին մնացած մարտերը: Այս իրավիճակում ոչ պակաս դեր ունեցավ նաև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անհոգությունը. ինչպես բաց տվյալների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության վերլուծության համաձայն՝ զորքերը լիարժեք մարտական ​​պատրաստականության բերելու հրաման չի եղել։ Փաստորեն, ադրբեջանական առաջին հարվածը հասցվել է վաղուց հայտնի կոորդինատներով թիրախների ուղղությամբ։

Ադրբեջանը առաջնահերթություն էր տվել ՀՕՊ համակարգերի ոչնչացմանը, մասնավորապես՝ իր ավիացիայի համար երկինքը բացելու և օդային գերակայության հասնելու համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմը կիրառեց ինքնաթիռ-խայծեր՝ մոտ 60 հատ հին «Ан-2»՝ առանց օդաչուների, որոնց ուղղությամբ կրակը բացահայտեց ղարաբաղյան ՀՕՊ-ի դիրքերը անօդաչու թռչող սարքերի և հրետանային հարվածների համար։

«Օհանյանի գծի» հարավային հատվածի անկումից և հայկական ՀՕՊ-ի մեծ մասի կորստից հետո ադրբեջանական զորքերի համար ավելի հեշտ դարձավ դիպուկ հարվածներով շարքից հանել պաշտպաններին, ինչի պատճառով ավելի ու ավելի էր դժվարանում օդային սպառնալիքներից պաշտպանվելը։ Պաշտպանվողները ստիպված էին նահանջել ավելի խորք՝ լեռներ, ու, հետևաբար, փրկված ՀՕՊ համակարգերն այլևս չկարողացան գերիշխող բարձունքներից վերահսկել Ադրբեջանի հարթավայրերը և բոլոր կողմերից հայտնվեցին լեռներով շրջապատված։ Այդպիսի տեղանքում հակաօդային հաջող պաշտպանության հեռանկարները մի շարք պատճառներով ավելի էին խամրում: Սկսենք նրանից, որ զառիթափ անտառապատ լեռներում համեմատաբար քիչ բաց տարածքներ կան մեքենաների կամ ՀՕՊ համակարգերի շարասյուների մանևրելու համար, ինչը նրանց կապում էր կանխորոշված ​​դիրքերում կամ էլ ստիպում օգտագործել կանխատեսելի երթուղիներ, որոնք ադրբեջանական հետախուզական և հարվածային անօդաչուների նշանառության տակ էին։ Սա հայկական կողմին զրկում էր մանևրելու ազատությունից՝ սահմանափակելով մարտի դաշտում նրա ճկունությունը, ուժը ճիշտ ուղղորդելու կարողությունը և ստիպելով անցնել ավելի ստատիկ պաշտպանական մարտավարության: Թեև լեռնային տեղանքը դժվարացնում էր նաև ադրբեջանական ցամաքային զորքերի գործողությունը, բայց նրանք երկնքում պահպանում էին մանևրելու ազատությունը, ինչը մեծ առավելություն էր տալիս իրավիճակի տիրապետման և հայկական ուժերին հարվածելու հնարավորության առումով:

Ղարաբաղի տարածքի խորքերում ՀՕՊ-ի համար մեկ այլ խնդիր էր ռադարների ճառագայթները փակող լեռների ազդեցությունը, ինչն արհեստականորեն մեծացնում էր ռադիոտեղորոշիչ արդյունավետ հորիզոնը։ Արդյունքում, ցածր բարձրությունների վրա թիրախների հայտնաբերումը կարող էր իրականացվել միայն ազիմուտի բավական փոքր հատվածներում, որտեղ տեղանքը թույլ էր տալիս, ինչը և ռադիոտեղորոշման կույր գոտիները դարձնում էր շատ ավելի կանխատեսելի ու, հետևաբար, ադրբեջանական զորքերի օգտագործման համար ավելի հեշտ: Ցածր բարձրությունների վրա գտնվող հին ռադարների համար մարտահրավեր էին նաև լեռների առաջացրած խլացումները, ինչը դժվարացնում էր համեմատաբար դանդաղ թռչող անօդաչու թռչող սարքերի ճանաչումը: Այս գործոնները, բացի ռադարների ընդհանուր արդյունավետությունը թուլացնելուց, զգալիորեն նվազեցնում էին գործնական այն հեռահարությունը, երբ հայկական ռադիոտեղորոշիչ կայաններից կարելի էր ակնկալել թիրախների հայտնաբերման և դրանց հետևելու առաջադրանքների կատարում։ Լեռնային տեղանքում դա հեշտացնում էր անօդաչու թռչող սարքերի աշխատանքը, քանի որ ադրբեջանական անօդաչուների ճնշող մեծամասնությունն ուներ 9 կմ-ից ցածր առաստաղ: Տարածքի քողարկման գործոնի համադրությունը ադրբեջանական անօդաչուների վերը նշված ցրման արդյունավետ մակերեսի և հայկական տեխնիկայի հնացած լինելու հետ ԱԹՍ-ներին հնարավորություն էր տալիս առաջանցիկ հայտնաբերել և ոչնչացնել ՀՕՊ համակարգերը՝ մինչև դրանք իրենց կհայտնաբերեին:

Երբ հայկական զորքերը հեռացան լեռների խորքը, այդ ժամանակ արդեն դրա միագումար էֆեկտը գրեթե տանուլ տրված պատերազմն էր։ Այդ պահին նրանք չափազանց շատ ՀՕՊ միջոցներ էին կորցրել, ինչն անհնար էր դարձնում ցամաքային մյուս ուժերի համար օդը ծածկելը։ Լեռներում նրանք ստիպված էին ապավինել սահմանափակ թվով ճանապարհների, որոնք հայտնի էին հակառակորդին, ինչը և հեշտացնում էր նրանց հայտնաբերումը և ադրբեջանական անօդաչուներով խոցումը։ Ընդհանուր առմամբ, ըստ բաց աղբյուրների, հայկական կողմն ունի հաստատված առնվազն 1,495 միավոր ցամաքային մեքենայի կորուստ՝ առնվազն 249 տանկ, 110 զրահափոխադրիչ և հետևակի մարտական ​​մեքենա, 343 հրետանային համակարգ, ՀՕՊ-ի 112 բաղադրիչ, 178 ամենագնաց և 475 բեռնատար։ Այս ընդհանուր թվի մեջ ԱԹՍ-ներին ու անօդաչու կամիկաձեներին անհամաչափ մեծ բաժին է ընկնում տարբեր տեսակի տեխնիկայի հաստատված կորուստների առումով․ առնվազն 101 տանկ, 18 զրահափոխադրիչ և հետևակի մարտական ​​մեքենա, 212 հրետանային զինատեսակներ, 52 ՀՕՊ բաղադրիչ, 46 ամենագնաց ավտոմեքենա և 153 բեռնատար, ինչը հաստատված տրանսպորտային միջոցների կորուստների ավելի քան 39%-ն է։ Ըստ երևույթին՝ ավելի շատ տեխնիկա էլ լքվել է անսարք կամ վնասված վիճակում․ առնվազն 103 տանկ, 70 զրահափոխադրիչ և հետևակի մարտական ​​մեքենա, 110 հրետանային զինատեսակ, 49 ՀՕՊ բաղադրիչ, 93 ամենագնաց և 249 բեռնատար: Հակառակորդի առգրաված մեքենաները կազմում են բոլոր մեքենաների հաստատված կորուստների ավելի քան 46%-ը։ Այս թիվն ինչ-որ չափով ուռճացված է, քանի որ, հավանաբար, ուղիղ բախումներից կամ հրետանային կրակից կորսված բազմաթիվ մեքենաներ չեն ներառվել հաստատված կորուստների ցանկում (օրինակ՝ հեռահար հրետանին, մասնավորապես, հայկական կողմին մեծ թվով կորուստներ է պատճառել): Այնուամենայնիվ, նույնիսկ դա նկատի ունենալով՝ լքված կամ առգրավված մեքենաների թիվը բավական մեծ է։ Բացի այդ, ոչնչացված մեքենաների մի մասը մակետներ են եղել, ինչը հատկապես վերաբերում է ՀՕՊ համակարգերին։

Հիմնական գործոնները, որոնցով կարելի է բացատրել լքված տրանսպորտային միջոցների մեծ թիվը, բարոյահոգեբանական ցածր մակարդակն է, զորքերի կառավարման և վերահսկողության կորուստը և մատակարարումների պակասը: Բայց այս իրավիճակը դատարկ տեղից չէր առաջացել։ Պետք է ընդգծել ադրբեջանական զորքերի դերը, որ կարողացան մարտական ​​գործողությունների ընթացքում իրավիճակը շրջել իրենց օգտին։ Ինչպես նշվեց, նրանց անօդաչուները անձնակազմ, զինամթերք և տեխնիկա տեղափոխող բազմաթիվ տրանսպորտային միջոցներ են խոցել, ինչը, անկասկած, վատթարացրել էր հայկական զորքերի մատակարարումը և, իր հերթին, նպաստել նրանց բարոյահոգեբանական ոգին կոտրելուն։

Հայկական կողմին պետք է վերագրել ամբողջ մարտադաշտում թաքնված տեսախցիկներ տեղադրելու համեմատաբար էժան և գրագետ պաշտպանական մարտավարությունը։ Դիտարկման այս ցանցն օգտագործվում էր ադրբեջանական զորքերի առաջխաղացումը հայտնաբերելու և այնուհետև դրանց ուղղությամբ հրետանային հարվածներ հասցնելու համար։ Ստատիկ, անշարժ հետախուզության այս ձևը լավ է աշխատում, երբ ուժերը փորձում են որոշ ժամանակով փոխել իրենց տարածքը: Խնդիրը, սակայն, այն է, որ ցանկացած պահի, երբ հայերը կարող էին շահել այս մարտավարությունից, այդ հնարավորությունը զրոյանում էր բավարար մատակարարումների նրանց անկարողության պատճառով, ինչը սահմանափակում էր պատասխան գործողությունները և շահած ժամանակն օգտագործելու քիչ տարբերակներ թողնում:

Սակայն անգամ վերը նշված բոլոր պայմաններում հայկական կողմը կարող էր զգալիորեն բարդացնել Ադրբեջանի հաղթանակը։ Հայերը ռազմական գործողությունների ընթացքը հօգուտ իրենց փոխելու մի շարք հնարավորություններ բաց թողեցին։ Նախ, Հայաստանը փաստացի մսխեց իր օպերատիվ-մարտավարական հրթիռների հարվածները ռազմավարական առումով աննշան թիրախների վրա՝ Գյանջայի, ապա Շուշիի, երբ ադրբեջանական ուժերը գրավել էին այն։ Հայաստանի զինանոցում գտնվող «Искандер» համակարգի «9M723» հրթիռները բավականաչափ հեռահարություն ունեին Ադրբեջանի տարածքում որևէ կետ ոչնչացնելու համար և կարող էին օգտագործվել ռազմավարական առումով ավելի կարևոր թիրախների, օրինակ՝ ադրբեջանական անօդաչուների և հարձակողական ինքնաթիռների ավիաբազաների դեմ։ Նրանց դեմ հարվածները չէին լուծի փոքր հեռահարության անօդաչու թռչող սարքերի խնդիրը, բայց կարող էին վնասել կամ ոչնչացնել որոշ միջին/մեծ հեռահարության ԱԹՍ-ներ, իսկ նվազ լավատեսական սցենարով՝ առնվազն կհետաձգեին դրանց գործարկումը ենթակառուցվածքի վնասման պատճառով: Փոխարենը, պատերազմի ընթացքում «Искандер»-ը շատ ուշ օգտագործվեց:

Եզրափակելով՝ քիչ հավանական է թվում, որ հայերը կարող էին հաղթել պատերազմում՝ հաշվի առնելով նրանց դեմ ստեղծված հանգամանքները: Նրանք բախվեցին ավելի լավ զինված, տեխնոլոգիապես ավելի բարձրակարգ ուժերի՝ ավելի շատ ժամանակակից սարքավորումներով: Բաց աղբյուրների համաձայն՝ հայ զինծառայողների կորուստների ընդհանուր թիվը 3,705 է, իսկ ադրբեջանցիներինը՝ 2,904, ինչը վկայում է, որ հայկական զորքերին հաջողվել է Ադրբեջանի հաղթանակի համար որոշակի գին կորզել։ Սակայն պետք է խոստովանել, որ ավելի լավ կազմակերպման ու նախապատրաստման դեպքում հայկական կողմը, թերևս, կարող էր շատ ավելի բարձր գին ստանալ այս տարածքի համար։ Ինչպես ավելի վաղ նշվեց, այս ձախողման պատճառները, ըստ երևույթին, համակարգային են, և հավանական է, որ երկար տարիներ կպահանջվեն, մինչև դրանք վերացվեն և լուծվեն: Միևնույն ժամանակ հակամարտությունը դառը հիշեցում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրը ինքնագոհ է դառնում և պատշաճ չի պատրաստվում պատերազմի: Սա մեզ հիշեցնում է մի հին աֆորիզմ․ «Դուք կարող եք չհետաքրքրվել պատերազմով, բայց պատերազմն անպայման կհետաքրքրվի ձեզնով»:

Հեղինակների մասին

Մարկ Քազալեթը (Mark Cazalet) ավագ հետազոտող-վերլուծաբան է ռազմական և անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական «Janes» հետազոտական ընկերությունում, «Janes. Artillery and Air Defense» հանդեսի խմբագիրը: Նախկինում եղել է «Janes. Firepower, Survivability and Mobility» հանդեսի խմբագիրը: Մինչ այդ աշխատել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS, Լոնդոն) պաշտպանական և ռազմական վերլուծության ծրագրում: Մարկը տիրապետում է ռուսերենին։ Լոնդոնի «King’s College» համալսարանի մագիստրոս է՝ հակամարտությունների, անվտանգության և զարգացման մասնագիտացմամբ։

Լեոնիդ Ներսիսյանը ռազմական վերլուծաբան է, «Armenian Research & Development Institute»-ի տնօրենը, բրիտանական «Janes» և «Shephard Media» հրատարակությունների անկախ թղթակից։ Ռուսական և արտասահմանյան սպառազինությունների, ռազմատեխնիկական համագործակցության, զինված հակամարտությունների, Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերլուծական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել