Ադրբեջանցի գեներալի մայրը զինվորական պաշտոնյաներին մեղադրում է որդու սպանության մեջ

ադրբեջանցի գեներալի մայր

Իսմի Աղաև, OC Media

2020-ի հուլիսյան մարտերի ժամանակ սպանված ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը՝ Սամայա Հաշիմովան, կոչ է արել հետաքննել իր որդու մահը։

«Քարիմ Վալիևը սպանել է իմ որդուն, որպեսզի ինքը ստանա այդ պաշտոնը»,- հունվարի 1-ին լրագրողներին ասել է Սամայա Հաշիմովան։ Վալիևը Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետն է։

Հաշիմովան մեղադրել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Նա մեղադրանքների համար կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել։

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը սպանվել էր 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին [խմբ․ Տավուշ – Թովուզ հատվածում] հայկական և ադրբեջանական ուժերի միջև մարտերի ժամանակ: Այն ժամանակ Հաշիմովը 1994-ի Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից ի վեր երկու երկրների միջև բախումներում զոհված ամենաբարձրաստիճան զինվորականն էր:

Հաշիմովան ասել է, որ կասկածներ ունի հուլիսին կռիվներում իր որդու մահվան առնչությամբ, և որ այն պետք է հետաքննվի:

Նա նաև պնդում է, որ իր որդին հրաժարականի դիմում է ներկայացրել 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած բախումներից հետո։ Նրա խոսքով՝ հրաժարականը մերժվել է։ Հաշիմովան չի պարզաբանել, թե ինչու է իր որդին ձգտել հեռանալ բանակից։

Ըստ Հաշիմովայի՝ 2020-ի հուլիսի 11-ին՝ սահմանային բախումների սկսվելուց մեկ օր առաջ, Փոլադը զանգահարել է իրեն և ասել, որ առաջիկա օրերին իրեն պետք է նշանակեն պաշտպանության նախարարության «բարձր պաշտոնում»։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ Հաշիմովը սպանվել է գնդապետ Իլգար Միրզաևի հետ միասին։ Ադրբեջանը մարտերի ընթացքում կորցրել է ընդհանուր առմամբ տասներկու զինվորական սպա։

Բախումների հետևանքով պատերազմի կոչ անող ինքնաբուխ ցույցեր սկսվեցին Ադրբեջանով մեկ: Բաքվում, որտեղ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, մի խումբ ցուցարարներ ներխուժեցին խորհրդարան։

Ադրբեջանում ժողովրդավարության հարցերով զբաղվող՝ Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Անար Մամեդլին Ֆեյսբուքում գրել է, որ թեև Սամայա Հաշիմովան կարող է «սխալ վերլուծել» իր որդու հետ կատարվածը, Հաշիմովի մահվան հանգամանքները, ինչպես նաև նրա` 2016-ի ենթադրյալ հրաժարականի պատճառը դեռ պետք է հետաքննվեն:

Մեկնաբանել