Team Telecom-ի բաժնետոմսերը գրավադրվել են, ընկերությունը նոր վարկեր է ստանալու

team telecom armenia

Հայաստանում հեռահաղորդակցության օպերատոր «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գրավադրել է իր բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այդ մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 12-ի նիստի օրակարգից։

2020-ին «Տելեկոմ Արմենիա»-ն ձեռք բերեց «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ն։ «Տելեկոմ Արմենիա»-ի բաժնետերն է «Թիմ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերն իրենց հերթին Հայկ և Ալեքսանդր Եսայաններն են։ Եղբայրները մինչ նոր հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն հիմնելը հանդիսանում էին «Յուքոմ»-ի բաժնետերեր և տնօրեններ և ընկերությունը լքեցին մեծամասնական բաժնետերերի հետ ծագած հակասությունների պատճառով։ Թե ինչ գնով ձեռք բերվեց «Վեոն Արմենիա»-ն, այդպես էլ չհաղորդվեց, Հայկ Եսայանը այն համարել էր կոմերցիոն գաղտնիք։

Ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից, «Թիմ» ՍՊԸ-ն «Տելեկոմ Արմենիա»-ի հետ նախաձեռնել է կապիտալ ծախսերի ու վերաֆինանսավորման նպատակով նոր վարկեր ներգրավել։ Դրանք ներգրավվելու են Միջազգային ֆինանսական կորպորացիայից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ամերիաբանկից, և ընկերության բաժնեմասերը գրավադրվելու են հօգուտ այս երեք բանկերի։

Դեկտեմբերի 30-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գրությամբ հանձնաժողովին տեղեկացրել է, որ չի առարկում բաժնեմասերի գրավադրման այս գործարքին։ Թե որքան է նոր ներգրաված վարկը կազմելու, ՀԾԿՀ որոշումից պարզ չի դառնում։

Մկրտիչ Կարապետյան