Հայաստանի դեսպանը անհավատալի ջանքեր գործադրեց․ Սևան Նիշանյանն իր արձակման մասին

Sevan Nişanyan

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, որին այսօր բաց է թողել հունական դատարանը, գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ իր ազատ արձակման գործում Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան Տիգրան Մկրտչյանը անհավատալի ջանքեր գործադրեցին իրեն փրկելու համար։ «Նա օր ու գիշեր աշխատում էր, ոչ մի պահ մենակ չէր թողնում։ Կյանքումս առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում պետություն է կանգնած՝ անվերապահ և անվարան։ Շատ տարբեր զգացողություն։ Լավ էր։ Չգիտեի»,- գրել է նա։

Նիշանյանը նաև նշել է, որ հնարավոր է՝ ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ երկրից և «միգուցե ապրել Հայաստանում, միգուցե այլ տեղ»:

Այսօր ավելի վաղը Հունաստանի Սիրոսի վարչական դատարանը որոշում էր հրապարակել, որի Սևան Նիշանյանի ազատ արձակման մասին։ Ըստ որոշման՝ Նիշանյանը պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։

Դեսպանությունը նշել էր՝ քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան։

65-ամյա լեզվաբան և բլոգեր Սևան Նիշանյանը 2017-ին թուրքական բանտից փախչելուց հետո ապրում էր Հունաստանում ժամանակավոր թույլտվության ներքո: Նա կալանավորվել էր Հունաստանում 2021-ի դեկտեմբերի 30-ին այն բանից հետո, երբ Հունաստանի իշխանությունները հրաժարվել էին երկարաձգել նրա կացության թույլտվությունը։

Մեկնաբանել