«Օդն ընդդեմ օդի» Ղարաբաղյան պատերազմում․ վերլուծություն

«Су-30СМ» Армения

Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ, ավիացիայի ոլորտում մասնագիտացած Դուգլաս Բարրին վերլուծում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ավանդական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի դերը, համեմատում Հայաստանի ու Ադրբեջանի կարողությունները և մարտավարությունը։ Բարրիի «Օդն ընդդեմ օդի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում» հոդվածը տպագրվել է «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքում, որը հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի օդային արշավն արդեն դիտարկվել է զգալի թվով հոդվածներում ու հայտարարություններում, որոնցում երբեմն հնչում են հեռուն գնացող պնդումներ՝ մասնակի ապացույցների հիման վրա։ Այնուամենայնիվ, այս բեռը չափից ավելի հաճախ են դնում ավիացիայի վրա, քանի որ հաջողության կամ անհաջողության համար նշվում են միայն տեխնոլոգիաները։ Ղարաբաղյան վերջին պատերազմի դեպքում այս առասպելաբանությունը կենտրոնանում է անօդաչու թռչող սարքերի վրա՝ որպես Ադրբեջանին հաջողություն բերած միակ մեխանիզմի: Սակայն միակ պարզ պատճառի հանգեցնող նման պնդումները խաբուսիկ են և տանում են սխալ գնահատականի այս կարճատև, բայց արյունալի պատերազմի վերաբերյալ:

Ընդհանրապես, անօդաչուների նշանակության և հատկապես հարձակողական անօդաչու թռչող սարքերի մասին հանրային բանավեճերում մեծամասամբ նշվում է, որ դրանք միայնակ որոշիչ դեր են խաղացել (ինչն արտացոլում է օդուժի զորության մասին վաղեմի պատկերացումը, թե դրանք պատերազմում հաղթանակի անկախ ներուժ ունեն)։ Նմանապես, պարզունակ է այն եզրակացությունը, թե ղարաբաղյան պատերազմը նշանավորում է օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռների պատմության վերջակետը, թե ավիացիայի միակ ապագան անօդաչուներն են: Եթե անգամ դա ճիշտ է (և կան լուրջ հիմքեր պնդելու, որ այդպես չէ), ընդամենը վեցշաբաթյա մեկ ոչ մեծ պատերազմի հիման վրա հեռու գնացող նման պնդումները կարող են լավ վերնագիր լինել, բայց ոչ անպայմանորեն հավասարակշռված վերլուծություն: Սա չի հերքում հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների և թևածող զինամթերքի զգալի ազդեցությունը, սակայն իրենց դերը խաղացել են նաև ցամաքային ուժերը։ Նմանապես, մարտական ​​ավիացիայի զինանոցում նկատվում է օդաչուավոր և անօդաչու հարթակների հարաբերակցության փոփոխություն. անօդաչու համակարգերը գնալով ավելի շատ են կատարելու մարտական ​​գործառույթներ, ինչը հաճախ ուղեկցվելու է օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռների համամասնության համապատասխան կրճատմամբ, սակայն քիչ հավանական է, որ անօդաչուներն ամբողջությամբ փոխարինեն օդաչուավորներին, առնվազն՝ այս դարի մնացած տասնամյակների մեծ մասում։ Նշանավոր ռազմական պատմաբան Քոլին Գրեյը 2009-ի իր «Հասկանալով օդուժի զորությունը․ մոլորությունների խարույկ» («Understanding Airpower: Bonfire of the Fallacies») գրքում նշում է. «Նոր դարաշրջանն ակնհայտորեն բարենպաստ է լինելու անօդաչու թռչող սարքերի համար, սակայն դա չի նշանակում, որ օդաչուավոր ինքնաթիռներին սպասում է անցյալի տեխնոլոգիայի ճակատագիրը կամ նրանք արդեն կանգնած են նման փաստի առաջ։ Օդաչուավոր ինքնաթիռը պարզապես չափազանց օգտակար է, չափազանց հարմարվող և ճկուն՝ դրանից հրաժարվելու համար: Օդաչուավոր ավիացիայի ապագան լիովին հուսալի է՝ նույնիսկ չնայած այն բանին, որ քաղաքական և ռազմական առումներով դրանց որոշակի դերեր ավելի ու ավելի հաճախ վերապահվելու են ԱԹՍ-ներին»:

Ադրբեջանն արդեն առնվազն տասը տարի տարբեր անօդաչու թռչող սարքեր է շահագործում դիտարկման և հետախուզության համար, սակայն հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը տեղի է ունեցել համեմատաբար վերջերս։ Թեև Իսրայելը երկար ժամանակ է, ինչ շահագործում է դիտարկման և հետախուզական ԱԹՍ-ներ, հարվածային տարբեր ԱԹՍ-ներ, թևածող զինամթերք, սակայն, ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիան է Ադրբեջանին տրամադրել բոլոր հարվածային ԱԹՍ-ները: Իսրայելական հարձակողական ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ հասանելի տեղեկատվության բացակայությունը, հնարավոր է, արտացոլում է Իսրայելի զգուշավորությունը, որը հաշվի է առնում նրա ամենամոտ դաշնակցի՝ Միացյալ Նահանգների քաղաքականության սահմանափակումների աստիճանը։

Սա չի նշանակում, որ տարբեր դասերի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը տարբեր դերերում ուշադրության արժանի չէ։ Ընդհակառակը, դրա կարիքը կա։ Սակայն միայն ԱԹՍ-ները չէ, որ հանգեցրել են այն հաջող արդյունքին, ինչին Ադրբեջանը ձգտում էր։ Դա ավելի շուտ տեխնոլոգիաների մարտավարական ճիշտ օգտագործումն էր մի ռազմարշավի շրջանակում, որը Բաքվին հնարավորություն էր տալիս հասնելու իր որոշ նպատակների:

Պետք չէ նաև այս մեկ կարճ պատերազմը դիտարկել որպես ԱԹՍ-ների վերջնական գերակայության ազդանշան ցամաքային համակարգերի և, մասնավորապես, զրահատեխնիկայի նկատմամբ: Վեցշաբաթյա պատերազմը միջպետական առաջին ​​հակամարտությունն էր, որի ժամանակ հարձակողական ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվում էին ցամաքային համակարգերը ոչնչացնելու համար: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի հարվածային ԱԹՍ-ները ավելի լավ էին գործում, քան Հայաստանի ցամաքային զորքերը։ Սակայն ԱԹՍ-ների արշավի արդյունքները զրահատեխնիկան ավելորդություն չեն դարձնում։ Իրականում այն, ինչ ակնհայտ ընդգծվեց, օդային գրագետ արշավի դեմ հակառակորդի ցամաքային զորքերի և տեխնիկայի խոցելիությունն էր, որոնք չունեին համարժեք ՀՕՊ՝ հավելյալ տարակենտրոնացմամբ և ժամանակակից քողարկմամբ։ Սա թերևս բացահայտում չէ որևէ մեկի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր առանձնապես լուրջ չեն հետաքրքրվում օդուժի կիրառման հարցերով։ Անշարժ ցամաքային նշանակետը պարզապես հրավեր է բարձր ճշգրտության զենք ունեցող հակառակորդին՝ անկախ տեղ հասցնելու միջոցից, կիրառելու դրանք հավանական կործանարար արդյունքով: Որքան որ ԱԹՍ-ների արդյունավետ կիրառումն է նպաստել Ադրբեջանի հաջողությանը, այնքան էլ հայկական ուժերի համարժեք պաշտպանության բացակայությունն ու դիմադրելու անկարողությունը։ Եվ չնայած Ադրբեջանի ռազմարշավում ունեցած նշանակալի ներդրմանը՝ ԱԹՍ-ները, ինչպեսև օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռները, ի վիճակի չեն տարածք պահել։ Թեև ԱԹՍ-ները ավելի դիմացկուն են, նրանք չեն փոխարինում ցամաքային ներկայությանը, եթե նպատակը տարածքային կայուն նվաճումն է:

Oդային hամեմատական ​​հզորություն

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը չունեն զգալի քանակությամբ մարտական ​​ինքնաթիռներ, և որոշ առումներով նրանք հավասարապես կաշկանդված են, թեև Բաքուն ավելի շատ ունի։ Հայաստանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը պատերազմի դուրս եկան մոտ 35 ինքնաթիռներից բաղկացած տորմիղով, որոնցից առավել ակնառու են «Су-30СМ» բազմանպատակային կործանիչները և «Су-25» գրոհիչները։ Համեմատաբար վերջերս մատակարարվել էր ընդամենը չորս «Су-30СМ» ինքնաթիռ, որոնք չօգտագործվեցին ռազմական գործողությունների ընթացքում: «Су-25» ավելի շատ կար պատերազմի սկզբում՝ մոտ 12 միավոր։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ցանկն ավելի մեծ էր՝ մոտ 55 միավոր։ Ադրբեջանցիներն ունեին «Су-25» գրոհիչների և «МиГ-29» կործանիչների մեկական ավիագունդ։

Ադրբեջանը, սակայն, շատ ավելի հնարամիտ եղավ իր անձնակազմերով հարթակներն անօդաչու համակարգերով լրացնելու և դրանց հնարավորություն­ները համազորային արշավում ինտեգրելու գործում: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը խոհեմ գտնվեցին ոչ միայն տեխնիկայի ձեռքբերման, այլև մատակարար երկրներից՝ Իսրայելից, ապա Թուրքիայից ակնկալելու աջակցություն վերապատրաստման ու կառավարման հարցերում։ 2015-ից ի վեր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները ամեն տարի վերապատրաստվել են թուրքական ստորաբաժանումների հետ «TurAZ Kartalı» զորավարժությունների դրոշի ներքո։ 2020-ին «TurAZ Kartalı»-ն սկսվեց հուլիսի վերջին և տևեց երկու շաբաթ՝ մինչև օգոստոսի 10-ը։ Օդաչուավոր ավիացիայի համատեղ մարտական պատրաստության վարժանքների տարրերին հրապարակայնություն հաղորդելով հանդերձ՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նվազ չափով էին քողազերծում հնարավոր այլ տարրեր, ինչպիսիք են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների օգտագործումն ու ինտեգրումը ավելի լայն օդային արշավի շրջանակում: Ադրբեջանցի զինծառայողները հետևում էին նաև Թուրքիայի կազմակերպած «Anadolu Kartali – 2019» բազմազգ զորավարժություններին, իսկ «Anadolu Kartali – 2021» զորավարժություններին մասնակցում էին ադրբեջանական երկու «Су-25» և «МиГ-29»։

Խորհրդային Միության փլուզման արդյունքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը բազմաթիվ մարտական ​​ինքնաթիռներ ժառանգեցին։ Սկզբում ավիատորմիղը բաղկացած էր «МиГ-25» և «МиГ-21» կործանիչներից, «Су-25» գրոհիչ ինքնաթիռներից և «Су-24» ռազմաճակատային ռմբակոծիչներից։ «МиГ-21»-ն ու «МиГ-25»-ն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ ընդգրկվելու պահին արդեն հնացած մոդելներ էին, և Բաքվին անհրաժեշտ էր կա՛մ դրանց փոխարինող փնտրել, կա՛մ ընդունել, որ սպառազինությունից դրանց դուրսբերումով զրկվելու են իրենց օդանավակազմի կործանիչ բաղադրիչից։ Սակայն հաշվի առնելով Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունը՝ դա անընդունելի էր։ «МиГ-21»-ը և «МиГ-25»-ը փոխարինվել են «МиГ-29»-ով. օգտագործված ինքնաթիռները, ըստ տեղեկությունների, գնվել են Ուկրաինայից: Շահագործվող «МиГ-25»-երի թիվը, ըստ երևույթին, սկսել էր նվազել 2004-ից ոչ ուշ, երբ այդ տեսակի առնվազն 16 ինքնաթիռ դուրս գրվեց։ Վերջին անգամ նման ինքնաթիռների մի զույգ նկատվել էր 2010-ին՝ կայանատեղիում, ևս 27-ը՝ պահպանման հրապարակում: Հայաստանի հետ ռազմական վերջին գործողությունների սկզբում ծառայության մեջ եղել էր «МиГ-25»-ի առնվազն մեկ էսկադրիլիա։ Վերջին մարտերին մասնակցել էր «Су-25» գրոհիչների ավիագունդ, ընդ որում՝ Հայաստանը քանիցս ու առանց հաստատումների հայտարարել էր, որ դրանցից մի քանիսը գետնվել են։ «МиГ-29» կործանիչները նախատեսված էին հակաօդային պայքարի համար, սակայն դրանց կատարած մարտական թռիչքների թիվը հայտնի չէ։

Զսպման տարրը, առնվազն՝ հակաօդային պաշտպանությունը, հավանաբար ապահովել է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան, որն Ադրբեջանի համար նաև ռազմական տեխնիկայի մատակարարման ու վերապատրաստման հարաճուն աղբյուր է: Թուրքական «F-16»-ների փոքր ստորաբաժանումը տեղակայվել էր Գյանջայի օդանավակայանում՝ 2020-ի հուլիսին համատեղ զորավարժությունների համար, և կան պնդումներ, որ այդ ինքնաթիռների առնվազն մի մասը մնացել է այնտեղ: 2020-ի հոկտեմբերի 3-ի արբանյակային պատկերները ցույց են տալիս երկու «F-16» ինքնաթիռ Գյանջայի օդանավակայանում: Հայաստանը ևս թուրքական «F-16»-ին վերագրեց իր «Су-25»-ի խոցման պատասխանատվությունը, ինչը հերքեցին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։

Անվանականորեն երկու երկրների զինանոցների ամենահզոր մարտական ​​ինքնաթիռը Հայաստանի «Су-30СМ»-ն է։ 2019-ի դեկտեմբերից Հայաստանի ռազմաօդային ուժերը ստացել են ընդամենը չորս նման ինքնաթիռ: Փոքր մարտական ​​ինքնաթիռների տորմիղում հիմնական տեսակը մնում է «Су-25» գրոհիչը։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Հայաստանում են 1995-ից, երբ ստեղծվեց 426-րդ ավիացիոն խումբը, որը 2001-ին վերանվանվեց 3624-րդ ավիացիոն բազա։ 1998-ից Էրեբունիում տեղակայված է ռուսական 18 միավոր «МиГ-29» կործանիչ։ 2019-ին ռուսական աղբյուրները նշում էին, որ «МиГ-29»-ը կփոխարինվի «Су-30СМ»-ով։

«Су-30СМ»-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը կարելի է դիտարկել 2012-ից, երբ, ըստ լուրերի, Երևանը բանակցություններ էր սկսել Մոսկվայի հետ 12 ինքնաթիռ ձեռք բերելու համար։ Գործարքը, ըստ հաղորդումների, տապալվել էր Հայաստանի անվճարունակության պատճառով: «Су-30СМ»-ի նկատմամբ հետաքրքրությունը վերականգնվել է 2018-ից ոչ շուտ, և պայմանագիրը կնքվել է մոտավորապես այդ տարվա վերջին։ Այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ նպատակ ունեն հնարավորինս շուտ ձեռք բերել ինքնաթիռները։ 2020-ի օգոստոսին նա հայտարարեց, որ 2020-ի կեսերին առնվազն չորս «Су-30СМ»-ի հետագա պատվերը քննարկման փուլում է։ 2020-ի նոյեմբերին Հայաստանի պարտությունից հետո, սակայն, Տոնոյանը պաշտոնանկ եղավ։

Թեև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման պահին առաջին չորս «Су-30СМ»-ները անվանականորեն շահագործման մեջ էին, այնուամենայնիվ հարց է՝ ռազմաօդային ուժերն ունեին արդյոք բավարար թվով պատրաստություն անցած թռիչքային անձնակազմ: Եթե անգամ «Су-25»-երի օդաչուներից ոմանք վերապատրաստում անցնեին բոլորովին այլ դասի մարտական ​​ինքնաթիռ կառավարելու համար, իսկ մյուսները վերապատրաստվեին որպես սպառազինության այս համակարգերի օպերատորներ, թռիչքային ժամերի ու փորձի պակասը շոշափելի կլիներ: «Су-30СМ», ըստ երևույթին, մարտական ​​գործողությունների ընթացքում չի գործարկվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ այս ինքնաթիռի սպառազինության փաթեթը ժամանակին չի տեղադրվել։ Այնուամենայնիվ, 2020-ի հոկտեմբերին Գյումրիի օդանավակայանի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ «Су-30СМ»-ը կայանված էր (հնարավոր է՝ սպառազինված), մինչդեռ մյուս նկարներում երևում է, որ հայկական ինքնաթիռ է, որը կրում է «օդ-օդ» դասի «Р-73» և «Р-27Р» հրթիռներ։

«Р-73»-ը կարճ հեռահարության ինֆրակարմիր կառավարվող «օդ-օդ» հրթիռ է, իսկ «Р-27Р»-ը ռադիոտեղորոշիչ պասիվ մարտագլխիկով ինքնաուղղորդվող միջին հեռահարության հրթիռ է: Միասին վերցրած, չնայած իրենց մեծ տարիքին, երկուսն էլ դեռ իրական վտանգ են ներկայացնում, եթե հմտորեն օգտագործվեն: Նույն հրթիռները նաև ադրբեջանական «МиГ-29» կործանիչների հիմնական հակաօդային սպառազինությունն են։

Պատերազմ օդում

Պատերազմի ժամանակ ավանդական, օդաչուավոր ավիացիան, ըստ երևույթին, համեմատաբար սահմանափակ է օգտագործվել: Դա մասամբ կարող է պայմանավորված լինել հակառակորդի ռազմաօդային ուժերի փոքրաթիվությամբ, երբ կողմերից ոչ մեկը չէր ցանկանում ամբողջությամբ օգտագործել սուղ միջոցները: Հայկական «Су-30СМ»-ների դեպքում սահմանափակող գործոնը, հավանաբար, եղել է մարտական ​​պատրաստության մակարդակը՝ պայմանավորված դրանց՝ վերջերս սպառազինության մեջ ընդգրկվելու հանգամանքով, ինչպես նաև մեկ կամ մի քանի ինքնաթիռների հնարավոր կորստի քարոզչական նշանակությամբ։ Հայաստանում և Ադրբեջանում հովանավոր պետությունների ինքնաթիռների առկայությունը ևս կարող էր զսպիչ գործոն լինել։ «Էրեբունի» օդանավակայանում ռուսական ներկայությունն իր հայելային արտահայտությունը գտավ 2020-ի հուլիսին Ադրբեջանում համատեղ զորավարժություններին մասնակցելու ժամանած թուրքական «F-16» կործանիչների տեղակայմամբ։ Սկզբնապես այդ ինքնաթիռները Գյանջայում էին, իսկ հետո, հնարավոր է, տեղափոխվել են Գաբալա։ Հայկական կողմի երկու «Р-17» հրթիռներով խոցելու փորձից հետո հոկտեմբերի 22-ին դրանք Գաբալայից տեղափոխվել են Լենքորանի ավիաբազա։

Սակայն ադրբեջանական ռազմարշավը կենտրոնացած էր օդային հզորության անանցողիկ լինելու սկզբունքի, այսինքն՝ օդային տարածության վերահսկման վրա: Օդային մարտերում փորձարկումների չենթարկվելով՝ այն ենթադրում էր հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի ոչնչացում կամ կրճատում՝ ադրբեջանական ռազմաօդային ուժերին գործողությունների ավելի մեծ ազատություն ապահովելու համար։

Երկու կողմն էլ առավել լայն քարոզարշավի շրջանակում ավանդական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բողոքներ և հերքումներ էր ներկայացնում ինքնաթիռների կորուստների վերաբերյալ՝ հաճախ առանց հավաստի փաստերի: Ադրբեջանը, սակայն, ավելի հնարամիտ դուրս եկավ այն հարցում, որը երբեմն անվանում են «ճակատամարտ նարատիվի համար»:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանը կորցրեց «Су-25»։ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այն խոցվել է թուրքական «F-16»-ի կողմից։ Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես հերքեցին այս տեղեկությունը, իսկ ոմանք ենթադրեցին, որ մարտում օգտագործվել է ոչ թե թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, այլ ադրբեջանական «МиГ-29»։ Թուրքական ռազմական ինքնաթիռների անմիջական մասնակցությունը պատերազմին կարող էր հանգեցնել սրացման, ինչը կարող էր Ռուսաստանին ներքաշել հակամարտության մեջ՝ ի աջակցություն Հայաստանի։ Օդային առճակատումները նախկինում արդեն հանգեցրել են Անկարայի ու Մոսկվայի միջև լարվածության աճի: 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական «F-16» կործանիչը ռուսական «Су-24» էր խոցել, ընդ որում՝ կային պնդումներ, որ «Су-24»-ը հայտնվել էր Թուրքիայի օդային տարածքում։ 2020-ի պատերազմում Հայաստանն ու Ադրբեջանը կորցրել են առնվազն մեկական «Су-25». հոկտեմբերի 4-ին խոցվել էր ադրբեջանական «Су-25»։

Կողմերը «Су-25»-երը կիրառելու թերևս տարբեր մարտավարություններ էին որդեգրել։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «Су-25»-ն օգտագործում էին միջին և մեծ բարձրությունների վրա, մինչդեռ հայկական «Су-25»-երի մարտական թռիչքների որոշ քանակություն առնվազն իրականացվել է շատ ցածր բարձրության վրա, ինչի համար ի սկզբանե մշակված է այս ինքնաթիռը։ Հնարավոր է՝ դա մասամբ պայմանավորված էր երկու կողմի «Су-25»-երի՝ «օդ-մակերևույթ» տեսակի սպառազինության առկայությամբ և հակամարտող ուժերի կողմից բխող հակաօդային պաշտպանության սպառնալիքներով: Ադրբեջանցիները կարող էին օգտագործել և՛ չկառավարվող, և՛ կառավարվող ռումբեր, ու, ըստ երևույթին, օգտագործել են բետոն ծակող չկառավարվող «БЕТАБ-500»-ն ու դրա կառավարվող տարբերակը՝ «ОФАБ-250»-ը։ Երկուսն էլ ռուսական զինամթերք են, սակայն վերջինս համալրված էր Թուրքիայի մշակած կիսաակտիվ լազերային ուղղորդման համակարգով և պոչափետուրով, ինչը զգալիորեն բարելավում էր ճշգրտությունը և «Су-25»-ին հնարավորություն էր տալիս թռչել միջին բարձրությունների վրա։ Ըստ հաղորդումների՝ լազերային նշանացուցման համար կիրառվել են նաև «Bayraktar TB2» ԱԹՍ-ները: Հիմնավորվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական ռազմաօդային ուժերը «Су-25»-ի 600 թռիչք են իրականացրել։ Հայաստանի ռազմաօդային ուժերի «Су-25»-երը կաշկանդված են եղել կառավարվող զինամթերքի ակնհայտ բացակայությամբ՝ ունենալով միայն չկառավարվող ռումբեր և չկառավարվող հրթիռային արկերով (НУРС) լիցքավորված կախովի բեռնարկղեր։

Հավանաբար հայկական կողմի օդային գործողությունների վրա ազդել են նաև փոքր, միջին և մեծ հեռահարության ադրբեջանական ավելի հզոր ՀՕՊ համակարգերը։ Իսրայելը, ԱԹՍ-ներից և մերձակա շառավղով գործող բալիստիկ հրթիռներից բացի, Ադրբեջանին մատակարարել էր կարճ հեռահարության «ABISR» («Barak») զենիթահրթիռային համալիրներ։

Բաքուն «С-300»-ների ընտանիքից գործարկել էր նաև ռուսական արտադրության «С-300ПМ»/«С-300ПМУ-2» զենթիահրթիռային համալիրներ, որոնք ավելի կատարելագործված են, քան Հայաստանի սպառազինությունում գտնվողները։ «Су-25»-երի կիրառման ադրբեջանական կողմի մարտավարության վրա մասամբ կարող էր ազդել երկու կողմում էլ «Су-25»-երի շահագործման գործոնը, ինչպես նաև յուրային զորքերին կրակով խոցելու ռիսկը։ Լազերային կառավարվող զինամթերքով միջին բարձրություններից կետային ռմբակոծության հնարավորությունը վերացնում էր ցածր բարձրության վրա գործողությունների անհրաժեշտությունը: Հայերը նման հնարավորություններ չունեին, ինչը մեծացնում էր հայկական «Су-25»-երի՝ ցածր բարձրությունների վրա թռչելու հավանականությունը։ Այսպիսով, ցանկացած «Су-25», որը մարտադաշտում գործում էր գերցածր բարձրության վրա, ադրբեջանական ցամաքային ՀՕՊ-ի կողմից կարող էր միանգամայն համարվել հայկական: Մի քանի դերակատարների՝ միևնույն զինատեսակներն օգտագործելու ռիսկերն ի հայտ եկան նոյեմբերի 9-ին, երբ ադրբեջանական ՀՕՊ ստորաբաժանումը խոցեց ռուսական «Ми-24»։ Ադրբեջանը ռուսական ուղղաթիռը շփոթել էր հայկականի հետ. «Ми-24»-երը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության շարքում են։

Հակառակորդի ՀՕՊ-ը (SEAD/DEAD) ճնշելու և ոչնչացնելու առաջադրանքը ներառում էր նաև մեծատարիք «Ан-2»-ների մասնակցությունը, թեկուզև նոր դերում։ 2020-ի օգոստոսի դրությամբ արբանյակային պատկերները Եվլախի օդանավակայանում ցույց են տվել գրեթե 60 «Ан-2» պտուտակային բիպլան ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են Պետական ​​սահմանապահ ծառայության կողմից: 2020-ի հոկտեմբերի 11-ի դրությամբ դրանց կեսից քիչն էր մնացել այնտեղ։

Պատահաբար, թե ոչ, Ադրբեջանը, ըստ ամենայնի, «Ан-2»-ների մի մասը վերասարքավորել էր անօդաչու թռչող սարքերի՝ որպես խայծ հայկական ցամաքային ՀՕՊ-ի համար։ Պարզ չէ, թե որքանով է հաջողվել այս մարտավարությունը հայկական ՀՕՊ համակարգերի հայտնաբերման գործում, սակայն «Ан-2»-ները կարող էին կիրառվել հետախուզական կամ հարվածային ԱԹՍ-ների հետ համատեղ: Առաջին դեպքում տեղորոշվում էին զենիթահրթիռային կայանները դրանք խոցելու համար, երկրորդ դեպքում՝ հարվածային ԱԹՍ-ը կարող էր կիրառվել «Ан-2»-ի ուղղությամբ ցանկացած հրթիռ արձակելուց անմիջապես հետո՝ կայանները նշմարելու և հարված հասցնելու համար:

Չնայած հակամարտող կողմերի մարտական ​​ինքնաթիռների փոքր համակազմին՝ կորսված ինքնաթիռների քանակը քարոզարշավի մաս էր: Հայաստանն ու Ադրբեջանը «Су-25»-ի կորուստը հաստատել են համապատասխանաբար սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 17-ին ՀՕՊ ստորաբաժանումների կողմից հայկական «Су-25» ինքնաթիռի խոցման մասին պնդումը, ըստ հաղորդումների, հերքվեց Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Անօդաչու թռչող սարքերի կիրառումը

Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների օգտագործումը պատերազմում, հասկանալի պատճառներով, մեծ ուշադրություն է գրավել։ Դա արդարացված է, թեև այն մասամբ Բաքվի կողմից սոցցանցերի օգտագործման արդյունքն էր՝ պատերազմի մասին իր տեսակետը տարածելու ու հաճախ նաև հանրաճանաչ մեկնաբանների միջոցով շեշտադրված ներկայացնելու ԱԹՍ-ների տեխնոլոգիան, բայց ոչ իհարկե մարտավարությունը, մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք թույլ էին տալիս դրանք գործարկել ավելի լայն ռազմարշավում: Ակնհայտ է, որ ԱԹՍ-ներն ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային նպատակներով մեծապես օգտագործվել են Ադրբեջանի ցամաքային զորքերին աջակցելու և հայկական կողմին մեծ կորուստներ պատճառելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ նշեց անօդաչուների, մասնավորապես, թուրքական համակարգերի ներդրումը վերջին պատերազմում, այդ թվում՝ 2021-ի ապրիլին թուրքական «Baykar» (ԱԹՍ արտադրող) ընկերության բարձրագույն ղեկավարության այցի ժամանակ։

Իրենց տրամադրության տակ ունենալով ԱԹՍ-ներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի ժամանակ կիրառեցին դրանք, վերջինս՝ շատ ավելի մեծ հաջողությամբ։ Ադրբեջանական զինանոցը ներառում էր ԱԹՍ-ների ավելի լայն տեսականի, և դրանք բոլորն ունեին ավելի մեծ հնարավորություններ, քան Հայաստանի դեմ պատերազմում ցուցադրվածները։ Ձեռք բերելով միջին ծանրության «Aerostar» ԱԹՍ-ներ՝ 2008-2009 թվականներին Բաքուն իր սպառազինության մեջ սկսեց ներառել հետախուզական ԱԹՍ-ներ։ Հաջորդ տասնամյակի ընթացքում այդ դերի համար ձեռք բերվեցին «Hermes 450» միջին ԱԹՍ-ներ և «Hermes 900» ու «Heron» ծանր ԱԹՍ-ներ: Սարքերը շահագործվում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և սահմանապահ ծառայության կողմից, ընդ որում՝ առաջինները սպառազինության մեջ ունեն նաև «Harop» և «Sky Striker» թևածող զինամթերք: Հայկական ուժերը հետախուզության համար փոքր քանակությամբ օգտագործել են թեթև «X-55» ԱԹՍ-ներ, հաղորդվել է նաև ռուսական արտադրության «Орлан-10» ԱԹՍ-ների կիրառման մասին։ Հայաստանը ռազմի դաշտում հարվածային ԱԹՍ-ներ չի ցուցադրել, և նրա կողմից ԱԹՍ-ների օգտագործումը հետախուզական նպատակներով շատ ավելի նվազ արդյունավետ է եղել, քան ադրբեջանական զորքերինը։ Անցած տասնամյակի ընթացքում ակնհայտ դարձավ ցամաքային զորքերին հետախուզական ԱԹՍ-ների սպառնալիքը, որոնք օգտագործվում էին փողային ու հրթիռային հրետանու կամ օդաչուավոր մարտական ​​ինքնաթիռներին աջակցելու համար՝ լինի Լիբիայում, Սիրիայում, թե Ուկրաինայում: Հարկ է վերապահություն անել, որ այդ արդյունավետությունը շատ հաճախ պասիվ և ակտիվ հակաքայլերի բացակայության արդյունքն էր։ Դասերը, որոնք տրվել էին որոշ մասնակիցների (առնվազն հարձակվող կողմից), ըստ երևույթին, ազդել էին ադրբեջանական զորքերի կողմից հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների կիրառման վրա: Սակայն հայ զինվորականները թերևս առանձնահատուկ ուշադրություն չէին դարձնում սրան՝ չնայած այն հանգամանքին, որ Բաքուն ընդլայնում էր ԱԹՍ-ների և թևածող զինամթերքի իր զինանոցը: Թեև փոքր ու գերփոքր ԱԹՍ-ները նշմարելը գնալով դժվարանում է, և դրանց դեմ արդյունավետ հեռավորությունների վրա ակտիվ հակաքայլերը դառնում են բարդ, բայց ոչ անհնար գործ, պասիվ միջոցները հեշտությամբ հասանելի են։ Կամուֆլյաժն ու քողարկումը վաղեմի մոտեցում են՝ դժվարացնելու ցամաքային ուժերի հայտնաբերումը, իսկ տեխնիկայի ցրումը և ապատեղեկատվությունը կորուստների նվազեցման միջոցներ են: Կամուֆլյաժ և քողարկում՝ ահա վաղեմի մոտեցումները ցամաքային ուժերի հայտնաբերումը դժվարացնելու համար, իսկ տարակենտրոնացումն ու ապատեղեկատվությունը կորուստների նվազեցման միջոցներ են: Տեղադրությունը հայտնաբերելու և որոշելու ռիսկը նվազեցնելու նպատակով ռադիոհաճախականության ուղղորոշման օգնությամբ էլեկտրամագնիսական ճառագայթման վերահսկումը պասիվ պաշտպանության միջոցների ավելի ուշ լրացումներից է: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հրապարակած կադրերի մեծ մասում գնդակոծության ենթարկված հայկական ցամաքային համակարգերը եղել են տեղաբաշխված բաց տարածքում, ոչ խորը խրամատներում կամ՝ ցածր թմբերով պատված՝ առանց քողարկման:

Թեև Ադրբեջանը հետախուզական ԱԹՍ-ները և թևածող զինամթերքը ձեռք էր բերել Իսրայելից, թուրքական «Baykar» ընկերության արտադրության՝ այդքան ուշադրության արժանացած հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ը Բաքուն ստացել էր ռազմական գործողությունների մեկնարկից քիչ առաջ։ 2020-ի հունիսին հաղորդվում էր, որ «Bayraktar TB2»-ի ձեռքբերումը դեռ միայն քննարկման փուլում է։ Այս հարվածային ԱԹՍ-ը, ինչպես երևում է, օգտագործվել է պատերազմի հենց սկզբից, և հարց է առաջանում, թե ինչ տեսակի ու ծավալի աջակցություն են ստացել ադրբեջանցիները դա կիրառելիս։ Այն, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին կարճատև պատերազմի նախօրեին և ընթացքում, չի քննարկվում։ Պարզ չէ միայն այդ օգնության չափը։ Լիբիայում և Սիրիայում «Bayraktar TB2»-ի կիրառման թուրքական փորձը, ինչպես նաև ցամաքային կրակի համաձայնեցման մեթոդները գրեթե անկասկած ազդել են ադրբեջանցիների կողմից այս համակարգի կիրառման, մարտավարական գործողություններին դրա ինտեգրման և ռազմարշավի ընդհանուր պլանի վրա։

«Bayraktar TB2»-ը միջին ԱԹՍ է, և որպես թռչող սարք այն ոչնչով ուշագրավ չէ, ունի համեմատաբար համեստ բնութագրեր, ինչպեսև այդ դասի շատ ԱԹՍ-ներ: Դրա մշակումը սկսվել է 2007-ին, և այն Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է անցել 2014-ին։ Նրա սենսորային պտտասարքը ներառում է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր համակարգ լազերային ուղղորդմամբ և նշանացուցմամբ։ Սարքի կախոցը թևատակերի չորս կոշտ կետերն են։ 2020-ի դեկտեմբերի 10-ին Բաքվում հաղթանակի շքերթում «Bayraktar TB2»-ը ցուցադրվեց «Roketsan» ընկերության արտադրության «MAM-L»-ով: Դա 22 կգ քաշով լազերային ուղղորդումով կիսաակտիվ սավառնող ռումբ է, որի թռիչքի առավելագույն հեռավորությունը 8 կմ է մեծ բարձրությունից արձակվելու դեպքում: Այն կարող է օգտագործվել ինչպես անշարժ, այնպես էլ շարժվող նշանակետերի դեմ։ Ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված «Bayraktar TB2»-ների և «MAM-L» զինամթերքի քանակը անհայտ է, թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեսագրությունները վկայում են դրա լայն կիրառման մասին, ինչը նշանակում է, որ զգալի քանակությամբ զինամթերք է սպառվել։

Թեև ապացույցներ չկան, որ Իսրայելը Ադրբեջանին հարվածային ԱԹՍ-ներ է մատակարարել, բայց տրամադրել է մի քանի տեսակի թևածող զինամթերք, այդ թվում՝ «Harop», «Sky Striker» և «Orbiter 1K»: Դրանք տարբեր նշանակետերի դեմ շոշափելի արդյունավետությամբ օգտագործվել են պատերազմի ընթացքում։

Հետևանքնե՞ր

Անկասկած, հարվածային ԱԹՍ-ները և թևածող զինամթերքը առավել քան ապացուցեցին իրենց արժեքը ադրբեջանական զինուժի համար: Բայցևայնպես, այս փաստի ընդունումը նույնը չէ, ինչ հարվածային ԱԹՍ-ների գովաբանումը՝ որպես այդպիսի արդյունքի միակ հեղինակի, և պատերազմի որևէ դաս պատմության աղբանոց չի ուղարկում ծանր զրահատեխնիկան կամ օդաչուավոր մարտական ինքնաթիռները: Բոլոր պատերազմներն ունեն իրենց հատուկ հանգամանքները, և այս մեկը բացառություն չէ: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը էապես ավելի շատ միջոցներ ու ավելի խելամիտ է ծախսել, քան Հայաստանը։ Նա նաև արժեքավոր աջակցություն է ստացել իր ամենամոտ ռազմական դաշնակից Թուրքիայից, ընդ որում՝ այնպիսի ձևով, որը Հայաստանը չէր կարող կրկնել:

Հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների շարունակական տարածումը (ինչը միանշանակ է) իր հերթին ավելի է խթանելու դրանց դեմ ակտիվ միջոցներ մշակելու ջանքերը: Թեև «Bayraktar TB2»-ի նման համակարգերը իրենց լավ դրսևորեցին օդային տարածքում, որտեղ նրանք չունեին մրցակիցներ, և որը պատշաճ չէր պաշտպանվում, այս դասի ԱԹՍ-ները գնալով առաջնահերթ նշանակետ են դառնալու հավանական որևէ հակառակորդի մարտական ​​ավիացիայի և ցամաքային ՀՕՊ-ի համար: Հարվածների նշանակետ են դառնալու նաև ԱԹՍ-ների օժանդակ ենթակառուցվածքները և վերգետնյա կայանները՝ ֆիզիկական, էլեկտրամագնիսական կամ երկուսը՝ միաժամանակ։ Նույնը վերաբերում է թևածող զինամթերքին: Լիովին լիցքավորված և ինը թևածող զինամթերքով «Harop» փոխադրիչը հատկապես գրավիչ նշանակետ կդառնա, եթե այն հնարավոր լինի հայտնաբերել և խոցել մինչև արձակման իրականացումը, օրինակ՝ ապահովելով հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների մշտական դիտարկումը, ինչը հնարավորություն կտա մեկ հարձակումով ոչնչացնել այն։

Հեղինակի մասին

Դուգլաս Բարրին (Douglas Barrie) Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) ավագ գիտաշխատող է: Նախքան IISS-ին միանալը տասը տարի եղել է «Aviation Week & Space Technology» հանդեսի լոնդոնյան խմբագրության ղեկավարը: Ավելի վաղ աշխատել է որպես լրագրող՝ մասնագիտանալով պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտում։ Աշխատել է այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսիք են «Janes Defence Weekly»-ն, «Flight International»-ը, «Defense News»-ը:

«Փոթորիկ Կովկասում» գրքից այլ հրապարակումներ

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Թուրքիայի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում. հայացք Անկարայից

2020-ի պատերազմը շատ առեղծվածներ է թողել․ Գեորգի Դերլուգյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը․ Անտոն Լավրովի վերլուծությունը

Ադրբեջանական ԱԹՍ-ները և հայկական ՀՕՊ-ը 44-օրյա պատերազմում․ վերլուծություն

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել